2020-12-07 22:27
նոր դեմք, նոր աշխատաոճ սրտաբանության ոլորտում,
«վիրաբույժի ձեռքեր», որոնք հրաշքներ են գործում
«Դե Ֆակտո» N 05/156 (10/2020թ.)
Յուրաքանչյուր ոլորտում սերնդափոխությունը ժամանակի հրամայականն է, որն ապահովում է կայուն զարգացում և արժեքավոր նվաճումներ:
Սրտաբանության ոլորտում վիրաբույժի իր ձեռքերով զարմացնում և հրաշքներ է գործում Կարեն Համբարձումյանը, ով ներկայումս «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկն է: Նրա մասնագիտական բարձր պատրաստվածությունը մեկտեղվում է իր անսահման բարի հոգու, մարդասիրության, զգայուն սրտի և հավատի հետ առ Աստված` ստեղծելով յուրահատուկ, տարբերվող կերպար: Նա նոր խոսք, գործելաոճ է բերել սրտաբանության ոլորտ, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բժշկությունը բիզնես չէ, այն կոչված է փրկել մարդկային կյանքեր, ապահովել նրանց առողջությամբ, բարձրացնել նրանց կյանքի որակը: Բժշկությունը նրա կյանքն է, ամեն փրկված կյանքը` կյանքի իմաստը…
Ձեզ ենք ներկայացնում Կարեն Համբարձումյանի հետ մեր անկեղծ, հետաքրքիր ու բացահայտումներով լի հարցազրույցը:
-Բժի՛շկ Համբարձումյան, Դուք` որպես երիտասարդ մասնագետ, Ձեր յուրահատուկ մոտեցումներով, տաղանդով, «վիրաբույժի ձեռքերով» նոր ասելիք ու որակ եք բերել սրտաբանության ոլորտ: Հետաքրքիր է, մասնագիտական ինչպիսի՞ ճանապարհ եք անցել, ովքե՞ր են եղել Ձեր ուսուցիչները և ո՞ւմ եք համարում Ձեր ամենամեծ ուսուցիչը:
-Իմ ամենաառաջին ուսուցիչը մայրս է, ով մեծ ներդրում ունի իմ անձի կերտման, արժեքների և սկզբունքների ձևավորման գործում` թե՛ որպես ծնող և թե՛ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: Տանը նա իմ մայրն էր, դպրոցում` ուսուցչուհիս, ում պարտադիր ազգանունով էի դիմում, ինչպես բոլոր աշակերտները, չէի տարբերվում մյուս աշակերտներից նաև կարգապահությամբ և վարքով: Սովորում էի գերազանց, դպրոցն ավարտել եմ ոսկե մեդալով` շնորհիվ միմիայն իմ քրտնաջան աշխատանքի ու ձեռք բերած գիտելիքների. մորս գործոնը դեր չի խաղացել:
Դպրոցն ավարտելուց հետո` 1999թ., ընդունվել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: Համալսարանական տարիներին ևս ունեցել եմ սիրելի ուսուցիչներ, ովքեր իմ մեջ կրթել են մարդկային և մասնագիտական բարձր որակներ: Գուցե բոլորին այս պահին չհիշեմ, բայց նրանց թվում են անատոմիայի, ֆիզիոլոգիայի, դեղագիտության, կլինիկական թերապիայի դասախոսները: Իսկ եթե խոսենք բուն բժշկության մասին, ապա պետք է նշեմ, որ ինձ պատիվ է վերապահվել «Սրտաբանություն» առարկան անցնել «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ սրտաբանության հանդեպ իմ մեջ սեր են առաջացրել սրտաբաններ Ռուզաննա Ալբերտի Մայրապետյանը և ակադեմիկոս Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանը:
Օրդինատուրայում սովորելու տարիներին տարբեր դպրոցներ եմ անցել, որոնցից է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը` Հրայր Հովակիմյանի գլխավորությամբ: Իմ մասնագիտական հմտությունների հարստացման, զարգացման գործում ներդրում ունեն նաև ֆրանսիացի ինվազիվ սրտաբան Փոլ Բարագանը, ֆրանսիացի սրտաբան Ավետիս Մատիկյանը և այլք: Նրանցից յուրաքանչյուրից քաղել եմ օգտակարն ու կարևորը իմ հետագա աշխատանքի բարձր արդյունավետության ապահովման համար: Սակայն պետք է նշեմ, որ մասնագիտական գիտելիքների և հմտությունների հիմնական պաշարը ստացել եմ անվանի սրտաբան Շահեն Խաչատրյանից (Նորայրիչ), ով իմ մեջ սեր է ներարկել ինվազիվ սրտաբանության հանդեպ: Նա շատ որակներ է իմ մեջ կերտել, որոնք ընկած են իմ մասնագիտական հաջողությունների հիմքում: Այդ պաճառով սրտաբանության ոլորտում իմ ամենամեծ ուսուցիչը համարում եմ հենց նրան:
Իսկ կյանքի առումով ինձ համար մեծագույն ուսուցիչ է Հիսուս Քրիստոսը: Նրա խորհուրդները, պատվիրանները, փոխանցած արժեքները մեծ դպրոց են, որն իր արժեհամակարգով ավելի բարձր է, քան բժշկությունն ու մարդկային որակները:
-Դուք Ձեր պապիկի խորհրդով եք որոշել դառնալ բժիշկ, կպատմե՞ք այդ պատմությունը և ո՞րն էր այն ճակատագրական պահը, երբ հստակ որոշեցիք սրտային վիրաբույժ դառնալ:
-Ես այն եզակի բախտավորներից եմ, ում երրորդ սերուդներն անգամ ստացել են բարձրագույն կրթություն, թեև այդ ժամանակներում դա քչերին էր հաջողվում: Պապիկս ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, տատիկս` Խ. Աբովյան անվան մանկավարժական ինստիտուտը:
1980-ականների սկզբներին հայրական պապիկս սրտամկանի կաթված էր ստացել, պառկել էր Հայաստանի հիվանդանոցներից մեկում և ստացել դեղորայքային բուժում. այն ժամանակ չկար ստենտավորում կամ ժամանակակից այլ բուժումներ: Առաջին անգամ սերը բժշկության հանդեպ նա է փոխանցել ինձ: Ես նրան շատ էի սիրում և հիանում նրա` համարձակ, ինքավստահ, կամային կերպարով, ու նրա խոսքն ինձ համար կարևոր նշանակություն ուներ: Ի դեպ` մինչև
9-րդ դասարանը, ես որոշել էի մաթեմատիկոս դառնալ` շատ սիրելով մորս, իր դասավանդած առարկան և ունենալով լուրջ հաջողություններ այդ ուղղությամբ (Հանրապետական օլիմպիադաների հաղթող և այլն): Սակայն պապիկիս հորդորն ավելի ուժեղ գտնվեց, իմ ներսում ինչ-որ բան փոխվեց, և ես որոշեցի ընտրել բժշկությունը` որպես հետագա մասնագիտական ուղի: Ու թեև ասում են, որ բժիշկների երեխաներն են բժիշկ դառնում, բայց իմ դեպքում ճիշտ հակառակն է` մեր ընտանիքում բժիշկ չկար:
Պետք է նշեմ, որ դեպի բժշկություն տանող ուղին բավականին բարդ է եղել ինձ համար. Արմավիրի մարզից գալ Երևան` չունենալով որևէ ծանոթ, ինքնուրույն հարմարվել նոր իրականությանն ու միջավայրին, սովորել բարձր առաջադիմությամբ և ջանք ու եռանդ չխնայել լավ մասնագետ դառնալու համար: Իսկ սրտային վիրաբույժ դառնալու հարցում ինձ համար ճակատագրական նշանակություն է ունեցել հայտնի սրտաբան Շահեն Խաչատրյանի հետ հանդիպումը: Նա 2005թ. Զեյթունի սրտաբանական հիվանդանոցում բացել էր Զեյթունի «Սիրտ-անոթ» բժշկական կենտրոնը, իսկ դրանից առաջ աշխատել էր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, այնտեղ հիմնել և զարգացրել ինվազիվ սրտաբանությունը: Նրան դիմել ինձ խորհուրդ տվեց կուրսեցիներիցս մեկը` նշելով, որ նոր կենտրոն է բացել, որտեղ մասնագետներ են պետք: Շահեն Նորայրիչը փոքրիկ հարցազրույց անցկացրեց ինձ հետ և թույլ տվեց մասնակցել կենտրոնում իրականացվող բոլոր գործընթացներին` հիվանդների քննությունից մինչև վիրահատություն: Մի քանի ամիս հետո, կարելի է ասել, քննություն հանձնեցի` պատասխանելով բժիշկների` ինձ ուղղված հարցերին, և արժանացա նրանց բարձր գնահատականներին: Բայց ինձ համար ամենահիշարժան օրը 2005թ.-ի հունիսի 1-ն է (եղբորս ծննդյան օրը), երբ Շահեն Նորայրիչն ասաց, որ ցանկանում է վիրահատությունն իմ օգնությամբ կատարել: Դա ինձ համար մի ամբողջ աշխարհ էր: Դրանից հետո հարցեր տվեց և խորհուրդ տվեց ակտիվ լինել և մասնակցել բոլոր վիրահատություններին: Այդպես իմ մեջ սկիզբ առավ սերը ինվազիվ սրտաբանության հանդեպ:
-Ինչպե՞ս ընթացավ Ձեր հետագա մասնագիտական ուղին:
-Եթե թվականներով նշեմ, ապա 2009-2012թթ. աշխատել եմ Զեյթունի «Սիրտ-անոթ» սրտաբանական կենտրոնում` որպես ինվազիվ սրտաբան կամ ստենտավորող բժիշկ, 2012-2013թթ.` «Քանկոր» բժշկական կենտրոնի ստենտավորման բաժանմունքի վարիչ, 2013-2019թթ.` Գորիսի «Ֆրանս-հայկական» սիրտ-անոթային կենտրոնի գլխավոր բժիշկը: 2019 թվականից` «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ:
-Ո՞րն է եղել Ձեր առաջին ինքնուրույն վիրահատությունը, որ դարձել է ուղենիշ Ձեր մասնագիտական ճանապարհին: Ի՞նչ զգացողություններով, ապրումներով եք այն իրականացրել և ինչպիսի՞ն էր արդյունքը:
-Իմ կատարած առաջին վիրահատությունը ևս տպավորվել է իմ մեջ: Դա 2009թ. էր, երբ ընկերոջս հորեղբոր վիճակը վատացել էր, այդ ժամանակ արդեն Զեյթունի «Սիրտ-անոթ» սրտաբանական կենտրոնում էի աշխատում: Լուրը լսելուն պես շտապ մեքենայով, բժշկական համազգեստով ուղևորվեցինք Թալին: Նրան տեղում հետազոտեցինք և տեսանք, որ նրա մոտ նախաինֆարկտային վիճակ է, բերեցինք հիվանդանոց, կատարեցինք լրացուցիչ հետազոտություններ` էխոսրտագրություն, էլեկտրասրտագրություն, կորոնարոգրաֆիա, լաբորատոր հետազոտություններ ու պարզվեց, որ սրտի հետին պատի անոթի վրա առկա է 99 տոկոս նեղացում, և այն կարող է ամեն վայրկյան փակվել, հանգեցնել սրտամկանի ինֆարկտի, մահացության: Շփոթված զանգահարեցի Շահեն Նորայրիչին, պարզվեց նա քաղաքում չէ, 3-4 ժամից նոր կհասնի: Ընկերս ասաց` ես քեզ վստահում եմ, դու ստենտավորի հորեղբորս, արի չսպասենք: Դա իմ կատարած առաջին ստենտավորումն էր և, փառք Աստծո, շատ լավ ընթացավ: Շահեն Խաչատրյանն էլ հետո եկավ, նայեց, ասաց, որ իդեալական է արված ամեն բան:
Իսկ զգացողությունների և ապրումների առումով` պետք է նշեմ, որ կար լարվածություն, քանի որ մինչ այդ ես նման վիրահատություններ կատարել էի, բայց Շահեն Նորայրիչի հսկողության ներքո: Ու պատասխանատվության առումով բոլորովին տարբեր իրավիճակներ են, երբ շուրջդ մասնագետներ կան, ովքեր կարող են խորհուրդ տալ, օգնել, և երբ դու մենակ ես ու պետք է բոլոր որոշումներն ինքդ կայացնես` կրելով վիրահատության ելքի ողջ պատասխանատվությունը: Դա է ամենաբարդը, ոչ թե բուն գործողություն կատարելը, որովհետև մինչև վիրահատությունը պետք է որոշել` բաց, թե փակ վիրահատություն է պետք կատարել, որ գործիքներն են նպատակահարմար օգտագործել, քանի ստենտ պետք է տեղադրել, դրանց որ տեսակն է ավելի հարմար և այլ նմանատիպ հարցեր, որոնք որոշիչ նշանակություն ունեն վիրահատության դրական ելքի առումով:
Դրանից հետո նման ևս մեկ դեպք եղավ, երբ ես էլի մենակ էի ու ինձ մոտ բերեցին մի հայտնի մարդու հայրիկի, ում հրաժարվել էին վիրահատել Երևանի լավագույն կենտրոններից մեկում: Նա մի քանի անգամ ստենտավորված, բաց վիրահատություն տարած հիվանդ էր, ում վիճակը կտրուկ վատացել էր և, կարելի է ասել, սրտի կանգ էր արձանգրվել նրա մոտ: Բավականին պատասխանատու պահ էր, նրա համար ինձ զանգահարում էին Երևանից, Մոսկվայից տարբեր հեղինակավոր մարդիկ, ասում, որ վստահում են ինձ, խնդրում, որ ես վիրահատությունը կատարեմ: Փառք Տիրոջը, այդ վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց:
Ապրումների մասին խոսելիս պետք է ևս մեկ դեպք պատմեմ, որ տպավորվել է իմ մեջ: 2013թ. էր, ես Գորիսի «Ֆրանս-հայկական» կենտրոնում էի աշխատում, որտեղ ուրիշ բժիշկ չկար` բացի ինձանից: Մի օր հիվանդանոց այցելեց Սյունիքի մարզպետն իր ամենամոտ ընկերոջ հետ, ով սրտի խնդիր ուներ: Բոլոր անհրաժեշտ հետազոտություները կատարելուց հետո պարզվեց, որ շատ բարդ դեպք է, սրտի երկու անոթները փակված էին (կոչվում է խրոնիկ փակ անոթ), մի անոթի վրա առկա էր նեղացում: Ես նրանց ասացի, որ պետք է գնան Երևան, բաց վիրահատություն իրականացնեն, փակ եղանակով ստենտավորումը ռիսկային է: Ասացի` ես չեմ վիրահատի: Բայց նրանք պնդեցին, որ ես վիրահատեմ, որ վստահում են ինձ: Ես կատարեցի այդ վիրահատությունը, չորս ստենտ տեղադրեցի, մինչև այսօր նա շատ լավ է զգում իրեն, վերջերս է այցելել ինձ: Վիրահատությունից հետո նա կիսվեց իր զգացողություններով, ասում է` երբ նայում էի, թե ինչ հանգիստ, առանց լարվածության ու վարժ էիք անում Ձեր գործը, հանգստացա, փակեցի աչքերս, ասացի` ինչ ուզում է, թող անի: Ինձ համար հետաքրքիր էր, որ իմ զգացողությունների մասին հիվանդն էր ինձ պատմում, այնինչ միայն ես գիտեմ, թե ինչ էր կատարվում իմ ներսում: Ես իմ մտքում անընդհատ ասում էի` Աստվա՛ծ ջան, խնդրում եմ, թող ամեն ինչ հաջող ավարտվի: Ճիշտ է, ես գիտեի իմ անելիքը, բայց բժշկության մեջ միշտ ռիսկեր ու բարդություններ կան: Կարող է դու ամեն ինչ իդեալական անես, բայց ծագած բարդությունից հիվանդը մահանա: Դա բժշկի կամքից և աշխատանքից անկախ է լինում: Այդ պատճառով ես միշտ դիմում եմ Աստծուն, որ նման իրավիճակներ չառաջանան իմ վիրահատությունների ժամանակ ու, փառք Աստծո, նա լսում է իմ ձայնը:
Դրանից հետո ես բավականին մեծ ճանաչում ձեռք բերեցի Սյունիքի մարզում, Արցախում, տարբեր գեներալներ, պաշտոնյա ու ոչ պաշտոնյա մարդիկ գալիս էին «Ֆրանս-հայկական» կենտրոն, ասում էին` մի հատ տղա կա, նրա մոտ ենք եկել (հեղ.-ժպտում է):
-Ձեր կարիերայում կարևոր տեղ են զբաղեցնում Գորիսի «Ֆրանս-հայկական» սիրտ-անոթային կենտրոնում աշխատած տարիները: Կպատմե՞ք` ինչպես ստացվեց, որ երկար տարիներ աշխատեցիք այնտեղ:
-2012թ. դեկտեմբերին ես զորակոչվեցի բանակ` Արցախի Հանրապետություն: Մոտ ինը ամիս ծառայեցի այնտեղ, սակայն կայացած բժշկի համար այնտեղ չկային պայմաններ իր գիտելիքներն ու ներուժը կիրառելու համար: Ես չէի կարողանում որպես բժիշկ ծառայություններ մատուցել. հազիվ հաջողվեց նորոգել սոնոգրաֆիայի սարքը, և ես սկսեցի մի քիչ աշխատել: Բայց ամեն դեպքում նեղվում էի և ձգտում տեղափոխվել այլ քաղաք, որտեղ կկարողանայի ավելի շատ ծառայել ժողովրդին: Այդպես` տեղափոխվեցի Գորիս` որպես զորամասի բժիշկ և սկսեցի համատեղության կարգով աշխատել նաև նորաբաց «Ֆրանս-հայկական» ԲԿ-ում: Կենտրոնը բացվել էր 2013թ. ապրիլին` ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, մինչև իմ` այնտեղ աշխատանքի անցնելը, «Նորք-Մարաշ» ԲԿ-ից ամեն շաբաթ մեկ թիմ էր ուղևորվում այնտեղ աշխատելու: Մոտ երկու-երեք ամսվա ընթացքում նրանք կատարել էին 13 գործողություն` կորոնարոգրաֆիա, և հինգ ստենտավորում:
Հոկտեմբերի 6-ից ես անցել եմ աշխատանքի «Ֆրանս-հայկական» հիվանդանոցում և քսան օրվա ընթացքում կատարել եմ 50 ստենտավորում, 60-ից ավելի կորոնարոգրաֆիա-գործողություն: Թող անհամեստ չհնչի, բայց ֆրանսիացիները զարմացած էին, ցնցված, թե ինչպես եմ կարողացել միայնակ այդքան աշխատանք կատարել, երբ մի ամբողջ թիմ մի քանի ամսում անգամ այդքան մեծ թվով վիրահատություններ և գործողություն չէր կատարել: Նրանք ասում էին` մենք ադամանդ ենք գտել: Դա, իհարկե, ոչ միայն իմ մասնագիտական կարողությունների, գիտելիքների ու հմտությունների արդյունքն էր, այլ նաև իմ` աշխատանքին նվիրվածության, ներդրած մեծ սիրո և ի վերուստ տրված անասելի ուժի ու էներգիայի: Ես ամիսներ շարունակ հիվանդանոցից չեմ բացակայել, կարողացել եմ օրեր շարունակ չքնել` կատարելով վիրահատություններ, ստենտավորումներ: Աշխատել եմ մենակ` ընդունել եմ հիվանդներին, կատարել գործիքային հետազոտությունները, վիրահատել, վարել հետվիրահատական շրջանը, դուրս գրել հիվանդանոցից:
-Զինվորական ծառայության ավարտից հետո պետք է վերադառնայիք Երևան, բայց մնացիք Գորիսում, ինչո՞ւ:
-Կյանքում ամեն ինչ իր գինն ու ժամանակն ունի: Առանց զոհաբերության` ոչինչ չի լինում: Ինչպես մայրն է իրեն զրկում հանգստից, քնից հանուն առողջ ու դաստիարակված երեխա մեծացնելու, այնպես էլ բժիշկն է փոխում իր կյանքը հանուն մարդկային առողջության ու կյանքի փրկության: Ինչպես, օրինակ, կարող ես նշանդրեքիդ օրը Գորիսից հասնել Երևան, ընդամենը 15 րոպե մասնակցել կյանքումդ շատ կարևոր մի իրադարձության, հետո նորից շտապել Գորիս` վիրահատության: Նման դեպքեր իմ կյանքում շատ են եղել:
Երբ 2014թ. վերջին ավարտեցի ծառայությունս Գորիսի զորամասում, 2015թ. կարող էի հանգիստ վերադառնալ Երևան, բայց հիվանդանոցի հիմնադիրներն ինձ ասացին, որ եթե գնամ, ապա հիվանդանոցը պետք է փակվի, իրենք այլընտրանք չունեն: Այդ դեպքում ոչ միայն հիվանդանոցի ողջ անձնակազմն էր զրկվելու աշխատանքից, այլ նաև հիվանդներն էին մնալու առանց բուժման: Ես չէի կարող նման բան թույլ տալ, և որոշեցի մնալ: Մինչև 2019թ. աշխատեցի այնտեղ: Բաժանումը շատ դժվար էր, ես առաջարկեցի պարբերաբար մասնագետներ ուղարկել այնտեղ, որպեսզի հիվանդանոցը շարունակի գործել, բայց նրանք որոշեցին նոր մասնագետներ գտնել:
Ինձ համար այդ ամենը թողնել, հեռանալն էր զոհաբերություն, քանի որ ես միայնակ կայացրել էի այդ կենտրոնը, և պետք է թողնեի այդ ամենն ուրիշներին ու հեռանայի: Բայց պահը եկել էր, ինձ մասնագիտական աճ էր պետք:
Ի դեպ, նշեմ, որ Գորիսում աշխատելու տարիներին ես բազում առաջարկներ եմ ստացել երևանյան շատ հայտնի կենտրոններից` ղեկավարելու դրանց սրտաբանական ծառայությունը, ստանալ շատ ավելի բարձր աշխատավարձ, լինել իմ տանը մոտ, բայց ինձ համար կարևորը գումարը չի եղել: Այդպես է նաև հիմա:
-Ինչո՞ւ ընտրեցիք «Բեսթ-Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը` որպես նոր աշխատավայր:
-Եթե հիշում եք, նախկինում այստեղ գործում էր «Քանկոր» բժշկական կենտրոնը, որի տնօրեններն ինձ հարազատ մարդիկ էին, հետո «Քանկոր»-ը վաճառվեց և հիմնվեց «Բեսթ Լայֆ»-ը: Ես ընտրեցի այն` որպես նոր աշխատավայր, ոչ միայն նախկին տնօրենների հետ իմ ունեցած ջերմ հարաբերությունների պատճառով, այլ նաև բարձր գնահատելով կենտրոնի ծրագրերը, զարգացման ռազմավարությունը, մարդկանց օգտակար լինելու հնարավորությունները: Ես հայ-ճապոնական այս կենտրոնում ապագա տեսա և զարգանալու մեծ հեռանկար: Դրա մեջ մտնում է և՛ նոր բաժանմունքների բացումը, և՛ նոր մասնագետների վերապատրաստումը, և՛ նորագույն մեթոդների, սարքավորումների և գործիքների ներդրումը:
Պետք է նշեմ, որ մեկ տարվա ընթացքում արդեն շուրջ տաս բժիշկ է վերապատրաստվել մեր կենտրոնում, ում ես համարում եմ կայացած բժիշկներ:
Բացի այդ, «Բեսթ Լայֆը» նոր խոսք էր հայաստանյան բժշկական կենտրոնների շրջանում, քանի որ այստեղ մատուցվում են համալիր ծառայություններ: Երբ ուսումնասիրում ես երևանյան այլ կենտրոնների ծառայությունների ցանկը, ապա տեսնում ես, որ մի կենտրոնում բաց վիրահատություններն են հաջողությամբ իրականացվում, մյուսում` ստենտավորումը, մեկ այլ կենտրոնում` թերապևտիկ սրտաբանությունը, մյուսում` առիթմոլոգիան: Բայց դժվար է գտնել մի կենտրոն, որն ունի հիվանդին օգնելու բոլոր ծառայությունները: Այդ կենտրոնն այսօր «Բեսթ Լայֆ»-ն է, որտեղ դիմած հիվանդը կարիք չունի որևէ այլ կենտրոն այցելելու ինչ-որ հետազոտության կամ միջամտության իրականացման համար:
-Ստենտավորման գնային քաղաքականությունը փոխվեց երկրում, ինչպե՞ս այն անդրադարձավ կենտրոնի աշխատանքի վրա:
-Երբ ստենտավորման գնային քաղաքականությունը փոխվեց Հայաստանում, արժեքը նվազեց, շատ կենտրոններ որակի հաշվին կատարեցին գնային փոփոխությունը, սակայն քանի որ մեզ համար բժշկությունը բիզնես չէ, և մարդկային կյանքը մեզ համար շատ ավելի թանկ է, մենք շարունակեցինք աշխատել նույն որակով` հետապնդելով ավելի քիչ շահույթ: Կարծում եմ` եթե բժշկություն, ապա առաջին հերթին լավագույն սարքավորումների, գործիքների, դեղորայքի օգտագործում, մարդու կյանքի, առողջության որակի բարձրացում, ապա` շահույթ:
-Դուք ջանք ու եռանդ, ժամանակ չեք խնայում «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում համալիր ծառայություններ ներդնելու համար, ի՞նչ արդյունքների եք հասել մինչև այսօր, Ձեր ծրագրերի ո՞ր մասն եք հասցրել իրականացնել:
-Ես դաստիարակվել եմ այնպես, որ եթե ինչ-որ բան ես անում, ապա պետք է լավ անես, սրտանց ու նվիրված` անկախ այն հանգամանքից, թե որքան ես վարձատրվում: Ես նույն նվիրվածությամբ աշխատել եմ ամսական 30 հազար դրամ աշխատավարձով, նույն կերպ աշխատում եմ որպես գլխավոր բժիշկ շատ ավելի բարձր աշխատավարձով: Իմ ընկերները երբեմն հանդիմանում են ինձ, թե ինչու եմ ամեն զանգից հետո վազում կենտրոն, չէ՞ որ այնտեղ ուրիշ բժիշկներ կան, ինչու եմ ինձ զրկում մի քանի ժամ հանգստանալու իրավունքից: Բայց դա իմ էությունն է, տեսակը, և ես այդպիսին եմ եղել միշտ, ինչ ինձ հիշում եմ: Օրդինատուրայի տարիներից սկսած` չեմ կարողացել հանգիստ նստել տանը. եթե անգամ տվյալ վիրահատությանը որպես օգնող բժիշկ չեմ մասնակցել, ապա անպայման գնացել ու նայել եմ` անգամ գիշերները, փորձել եմ ինչ-որ օգտակար բան քաղել: Եվ դա իր արդյունքը տվել է, շատ նրբություններ կան, որ ժամանակի, փորձի և պրպտուն մտքի շնորհիվ են տրվում մասնագետին:
Ես երբեք ժամով չեմ աշխատել, ժամանակ է եղել, երբ իմ աշխատանքը սկսվել է և ավարտվել վեց օր հետո: Իմ հեռախոսը 24 ժամ հասանելի է հիվանդների, բժիշկների, կենտրոնի աշխատակիցների համար: «Բեսթ Լայֆ»-ի ողջ անձնակազմն աշխատում է մեծ նվիրվածությամբ, հոգատար է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, ամեն ինչ անում է, որպեսզի այս պատերի ներքո գտնվող հիվանդներն իրենց ապահով ու հանգիստ զգան, շրջապատված լինեն ջերմությամբ, շուտ առողջանան և ժպիտը դեմքներին վերադառնան տուն:
Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ապա ամենամեծ ձեռքբերումը մեկ տարեկան բուժկենտրոնի համար վստահություն, բարի համբավ և ճանաչելիություն ձեռք բերելն է: Այդ երեք ուղղություններով էլ մենք մեծ հաջողություններ ունենք: Մեր կենտրոնը ճանաչված է ոչ միայն Երևանում, այլ նաև ՀՀ բոլոր մարզերում: Այդ մասին են փաստում Հայաստանի տարբեր շրջաններից հիվանդների հոսքը մեր կենտրոն:
Հավատացեք, բժշկությունն այն ոլորտն է, որտեղ սուտը, կեղծիքը տեղ չունեն, այստեղ արդյունքը կանխատեսանելի է: Եթե հիվանդը դիմում է տվյալ բուժկենտրոն և չի բուժվում կամ դժգոհություններ է ունենում, ապա նա այլևս հետ չի վերադառնա: Իսկ եթե մարդիկ տեսնում են վիրահատությունների ժամանակ առաջացած բարդությունների և մահացածության ցածր տոկոս, բարեհաճ վերաբերմունք, առաջին տեղում մարդկային կյանքի ու առողջության կարևորությունը, հետո` ֆինանսականը, մեկը մյուսին պատմելով ու խորհուրդ տալով` նպաստում են կենտրոն դիմողների թվի ավելացմանը:
Մեկ տարվա ընթացքում «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը մոտավորապես երեք նորարարություն է արել Հայաստանում: Առաջինը հատուկ, կրկնակի դեղածածկ ունեցող Օրսիրո ստենտների ներմուծումն է Հայաստան, որոնց արդյունքները կրկնակի, եռակի անգամ որակապես տարբերվում են ստենտներից: Դրանցով աշխատելու համար ես նախորդ տարի մեկնեցի արտասահման, սովորեցի նրբությունները, ստացա որակավորում` սերտեֆիկատ, և սկսեցի հաջողությամբ տեղադրել դրանք Հայաստանում: Այժմ սպասում ենք դրանց նոր սերնդին, որ կոչվում են Օրսիրո միշն, որոնց գնումն արդեն արված է, բայց համավարակը խանգարեց, որ դրանք տեղ հասնեն: Օրսիրո միշն ստենտների առավելությունն այն է, որ դրանք գրեթե բացառում են հիվանդության կրկնվելու հավանականությունը (1-2 տոկոս), ինչը չենք կարող ասել սովորական ստենտների մասին (6-8 տոկոս): Օրսիրո ստենտների պարագայում հավանականություն 3-4 տոկոս է:
Երկրորդ նորարարությունը մարդու աորտայի փականի վիրահատությունն է սեփական պերիկարդից, որն ունի մի շարք առավելություններ: Այն իրականացնում է սրտային վիրաբույժ Ավետիս Ահարոնյանը: Նա նույնպես որակավորված մասնագետ է, ստացել սերտեֆիկատ, որպեսզի հաջողությամբ իրականացնի այդ վիրահատությունը:
Երրորդ նորարարությունը` նոր սերնդի հատուկ լուծվող Magmaris ստենտի տեղադրումն է: 2019թ-ի վերջին գերմանացի մասնագետների մոտ անցա վերապատրաստում և ստացա սերտիֆիկատ, ընդ որում` միակն եմ Հայաստանի Հանրապետությունում, ով ունի որակավորում տեղադրելու այդ ստենտը, որն ունի բազում առավելություններ` մնացածների համեմատ։
-Ի՞նչ բաժանմունքներ են գործում կենտրոնում և մասնագիտական ինչպիսի՞ թիմ է աշխատում:
-«Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնն ունի հետևյալ բաժանմունքները` պոլիկլինիկա, ինտերվենցիոնալ սրտաբանություն, վիրաբուժական բաժանմունք, ինտենսիվ թերապիա, սրտաբանական բաժանմունք, լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունք, առիթմոլոգայի ծառայություն, անոթային վիրաբուժություն: Գործում է նաև շտապ օգնության ծառայությունը:
Մենք ունենք հրաշալի մասնագիտական թիմ, որում ներգրավված են արհեստավարժ մասնագետներ, ովքեր նաև լավ մարդիկ են և մենք, միավորելով մեր ուժերը, աշխատում ենք մեկ ընտանիքի պես:
-Ինչո՞ւ կարիք առաջացավ հիմնել պոլիկլինիկական ծառայությունը:
-Մեզ համար բավականին բարդ էր նման որոշում կայացնելը, քանի որ այդ ծառայության ստեղծումը ժամանակատար էր, ներդրումներ պահանջող և ոչ շահավետ: Դա, կարելի է ասել, մեզ այցելող բուժառուների պահանջն էր, հատկապես այն հատվածի, որն ունի հաշմանդամության կարգ, «Փարոս» ծրագրի անդամ է, այսինքն` հասարակության առավել անապահով հատվածը: Իհարկե, մենք շատերին էինք անվճար հետազոտությունների հնարավորություն ընձեռում, սակայն դա լուծում չէր: Այդ պատճառով մենք որոշեցինք ընդառաջ գնալ այդ պահանջին և ստեղծել պոլիկլինիկական ծառայություն, որը շնորհիվ տնօրեն Քրիստինե Աբրահամյանի` օր օրի զարգանում է: Այն մեկ տարվա ընթացքում ունի մեծ թվով հաշվառված քաղաքացիներ, որոնք անվճար օգտվում են պոլիկլինիկայի բոլոր ծառայություններից, այդ թվում` սրտի հետազոտություններից:
Մենք կողմ ենք կանխարգելիչ բժշկությանը, պոլիկլինիկայի ստեղծումը դրա վառ ապացույցն է. ավելի լավ է մարդիկ շուտ իմանան իրենց ներսում զարգացող հիվանդության մասին և կանխարգելեն դրա զարգացումը, քան հասնեն հիվանդության բարդ փուլին, հետո դիմեն մեզ: Այդ առումով ևս «Բեսթ Լայֆը» յուրօրինակ է. ես չեմ կարծում, որ կա նմանօրինակ բժշկական կենտրոն, որտեղ կա և՛ պոլիկլինիա, և՛ ախտորոշիչ կենտրոն, և՛ մասնագիտացված սրտաբանական ծառայություն:
Աշխատում ենք պրոֆեսիոնալ թիմով, մենք անընդհատ կատարելագործվում ենք, կատարում ենք դեպքերի քննարկումներ, վերապատրաստումներ:
-Ինչո՞ւ է կենտրոնը կոչվում հայ-ճապոնական:
-Այդպես է կոչվում, քանի որ մենք ունենք համագործակցություն ճապոնական աշխարհահռչակ «Ասայի» ընկերության հետ, որն ունի մեծ գիտահետազոտական բազա: Մենք անընդհատ կապի մեջ ենք նրանց հետ, իրականացնում ենք փորձի փոխանակում: Եթե համավարակը չխոչընդոտեր, մենք պետք է «Ասայի» մասնագետների մասնակցությամբ կոնֆերանս կազմակերպեինք «Բեսթ Լայֆ»-ում, պայմանավորվածություն ունենք իրենց հետ: Կարծում եմ` երբ սահմանները բացվեն, անպայման կիրականացնենք այդ ծրագիրը: Մենք կարևորում ենք մասնագիտական պրակտիկ շփումներն ու քննարկումները և կարծում ենք, որ պրակտիկան և թեորիան պետք է համընթաց քայլեն:
-Ինչո՞ւ որոշեցիք կենտրոնում ստեղծել «Շտապ օգնություն» ծառայությունը, ինչպիսի՞ ծանրաբեռնվածությամբ է այն աշխատում:
-«Շտապ օգնություն» ծառայություն ստեղծելու որոշմանը նպաստեցին մի քանի գործոններ: Նախ` հաճախակի դարձան այն դեպքերը, երբ քաղաքային «Շտապ օգնության» ծառայությունը հրաժարվում էր մեզ մոտ բերել «Բեսթ Լայֆ» տեղափոխվել ցանկացող հիվանդներին` նշելով տարբեր պատճառներ: Երկրորդ` դրա ստեղծումը բխում է համալիր ծառայություն ստեղծելու մեր ծրագրի նպատակներից: Երրորդ նպաստող գործոն հանդիսացավ նաև համավարակը, որի պարագայում քաղաքային «Շտապ օգնությունը» գերծանրաբեռնված էր աշխատում: Այդ ժամանակ մենք որոշեցինք ստեղծել նման ծառայություն, որը հասանելի է 24 ժամ: Նշեմ, որ մեր «Շտապ օգնության» ծառայությունում ներգրավված են պատրաստված բժիշկներ: Հիվանդների տեղափոխման համար նախատեսված մեր մեքենաները հագեցած են անհրաժեշտ դեղորայքով ու շարժական էխոսրտագրություն և էլեկտրասրտագրություն իրականացնող սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս տեղում բժշկական օգնություն ցուցաբերել հիվանդին, այնուհետև որոշել` տեղափոխե՞լ կենտրոն, թե՞ ոչ:
Շարունակությունը՝ կարդացեք ամսագրի տպագիր տարբերակում
Վերադառնալ