2013-07-11 11:23
«Դե Ֆակտո» 5 (2007թ.)
Ողջույն, ընթերցո՛ղ բարեկամ,
ուրեմն Ջավախքի Գոման գյուղում երևելի որսորդ Երջոն հերթական անգամ գնում է որսի և հանդում հանդիպում է բրիգադիր Շաքրոյին։ Բարև-բարի լույսից հետո Շաքրոն նայում է Երջոյին ու հարցնում.
- Էս ո՞ւր ես գնում էսպես բեռնավորված։
- Գնում եմ աղվես բռնելու,- ասում է Երջոն։
- Եթե աղվես բռնելու ես գնում, հրացանդ ուսդ է, էտ խո՞տը ինչի ես շալակել։
- Եթե աղվեսը փախնի, մտնի բունը, խոտը բնի առաջ պիտի վառեմ, որ ծխից վախենա, դուրս գա։
- Արա՛, ճիշտ ես ասում,- ասում է Շաքրոն,- բա էտ լվացքի պարա՞նն ինչի ես տանում։
- Էս էլ նրա համար, որ եթե հրացանս փուստ տա, պարանը շպրտեմ, բռնեմ։
- Ճի՛շտ ես ասում,- հիանում է Շաքրոն,- բա էտ չոբանի երկար մահա՞կն ինչիդ է պետք։
- Դա էլ նրա համար է, որ ծուխ անելուց հետո աղվեսը դուրս չգա, սրանով էնքան բզբզեմ, որ ցավից դուրս թռնի։
- Ճի՜շտ ես ասում,- ծիծաղում է Շաքրոն,- բա էտ մի դույլ ջո՞ւրը ինչի ես տանում։
- Էտ էլ տանում եմ, որ եթե աղվեսն էտ ամենից հետո դուրս չգա, ջուրը լցնեմ բունը, ջրից խլշտորի, դուրս գա։
- Լա՛վ, Երջո ջան, էտ ամեն ինչը, իսկապես, զարմանալի ես մտածել, հասկացա։ Բա էտ դհոլ խփելու չոմբա՞խն ինչի ես գոտիդ խրել։
- Էս էլ նրա համար, Շաքրո՛ ջան, որ տեսնեմ էլ հնար չկա, չկարողանամ բնից հանեմ, դույլը շուռ տամ, էս չոմբախով քամակին էնքան խփեմ, որ աղվեսը ձայնից զզվի, դուրս գա։
Շաքրոն ապշած ձեռքերը խփում է իրար ու բացականչում։
- Տո, տնաշե՛ն, էտ ի՜նչ ես մտածել։ Խե՜ղճ աղվես, մենակ Աստված կարող է քեզ փրկել էս մարդու ձեռքից։ Եթե ոչ` փրկություն չկա։
Եվ այսպես, ընթերցո՛ղ բարեկամ, սա էլ ձեզ աղվես բռնելու արվեստը։ Եվ եթե մենք բոլորս ուզում ենք, որ առաջիկա մեր ընտրություններն անցնեն արդար, և ընտրվեն իսկապես արժանավորները, բոլոր ընտրախախտողների հանդեպ, թերևս, պետք է իրագործենք երևելի որսորդ Երջոյի սկզբունքը…
Բարեկամաբար` Մերուժան Տեր-Գուլանյան
Վերադառնալ