11:00
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աղվես բռնելու արվեստը

2013-07-11 11:23

  «Դե Ֆակտո»  5 (2007թ.)

Ողջույն, ընթերցո՛ղ բարեկամ,

ուրեմն Ջավախքի Գոման գյուղում երևելի որսորդ Երջոն հերթական անգամ գնում է որսի և հանդում հանդիպում է բրիգադիր Շաքրոյին։ Բարև-բարի լույսից հետո Շաքրոն նայում է Երջոյին ու հարցնում.

-      Էս ո՞ւր ես գնում էսպես բեռնավորված։

-      Գնում եմ աղվես բռնելու,- ասում է Երջոն։

-      Եթե աղվես բռնելու ես գնում, հրացանդ ուսդ է, էտ խո՞տը ինչի ես շալակել։

-      Եթե աղվեսը փախնի, մտնի բունը, խոտը բնի առաջ պիտի վառեմ, որ ծխից վախենա, դուրս գա։

-      Արա՛, ճիշտ ես ասում,- ասում է Շաքրոն,- բա էտ լվացքի պարա՞նն ինչի ես տանում։

-      Էս էլ նրա համար, որ եթե հրացանս փուստ տա, պարանը շպրտեմ, բռնեմ։

-      Ճի՛շտ ես ասում,- հիանում է Շաքրոն,- բա էտ չոբանի երկար մահա՞կն ինչիդ է պետք։

-      Դա էլ նրա համար է, որ ծուխ անելուց հետո աղվեսը դուրս չգա, սրանով էնքան բզբզեմ, որ ցավից դուրս թռնի։

-      Ճի՜շտ ես ասում,- ծիծաղում է Շաքրոն,- բա էտ մի դույլ ջո՞ւրը ինչի ես տանում։

-      Էտ էլ տանում եմ, որ եթե աղվեսն էտ ամենից հետո դուրս չգա, ջուրը լցնեմ բունը, ջրից խլշտորի, դուրս գա։

-      Լա՛վ, Երջո ջան, էտ ամեն ինչը, իսկապես, զարմանալի ես մտածել, հասկացա։ Բա էտ դհոլ խփելու  չոմբա՞խն ինչի ես գոտիդ խրել։

-      Էս էլ նրա համար, Շաքրո՛ ջան, որ տեսնեմ էլ հնար չկա, չկարողանամ բնից հանեմ, դույլը շուռ տամ, էս չոմբախով քամակին էնքան խփեմ, որ աղվեսը ձայնից զզվի, դուրս գա։

Շաքրոն ապշած ձեռքերը խփում է իրար ու բացականչում։

-      Տո, տնաշե՛ն, էտ ի՜նչ ես մտածել։ Խե՜ղճ աղվես, մենակ Աստված կարող է քեզ փրկել էս մարդու ձեռքից։ Եթե ոչ` փրկություն չկա։

 Եվ այսպես, ընթերցո՛ղ բարեկամ, սա էլ ձեզ աղվես բռնելու արվեստը։ Եվ եթե մենք բոլորս ուզում ենք, որ առաջիկա մեր ընտրություններն անցնեն արդար, և ընտրվեն իսկապես արժանավորները, բոլոր ընտրախախտողների հանդեպ, թերևս, պետք է իրագործենք երևելի որսորդ Երջոյի սկզբունքը

Բարեկամաբար` Մերուժան Տեր-Գուլանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...