19:10
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՔԱՆԴՎԱԾ ԲԱՌԸ

2013-05-18 11:46

«Դե Ֆակտո» 17 (2007թ.)

Նախանցած գիշեր` մինչև լույս տեղացած ձյունից հետո, որը բացվող լույսի հետ աննկատ հեռացավ ու անէացավ, այսինքն թե` լույսը իր հետ տարավ ձյունը նաև. սկսվեց տերևաթափը։ Թերևս ժամանակից շուտ սկսվեց, բայց մենք ո՞վ ենք, որ չափենք ժամանակը, և անչափելի ժամանակի ու թափված տերևների  միջով ես տնից դուրս էի եկել ու քայլում էի Զաքիյան փողոցով. տերևաթափն այնքան անսպասելի էր, որ տերևները դեռևս կենդանի էին, ապրող, և ես մի քանի անգամ ետ պտտվեցի նույն ճանապարհով, որպեսզի սգամ կամ գուցե  վերապրեմ ժամանակից  շուտ ծառը լքած տերևների կյանքով։ Երևի թե պտույտս երկար տևեց, որովհետև իմ հարևան վարսավիրը, երբ արդեն անցնում էի կողքով, ինձ հարցրեց` գուցե ինչ-որ բա՞ն եմ կորցրել, ասացի` ոչ, պարզապես տերևաթափ է։ Այո, ասաց նա, այս տարի շուտ սկսվեց, և ես զզացի, որ նրա աչքերի մեջ նույնպես թախիծ կար, որովհետև այլևս վարսավիրանոցի մուտքի մոտ չէր կարող նստել։ Ու երբ քայլելով հասա  աշխատանքի իմ սենյակը, հասկացա, որ հարևանս սխալմամբ ճիշտ էր հարցրել. այո, ես կորցրել էի, և կորցրել էի իմ տարին ու տերևների մեջ հուսահատ փնտրում էի կորուստս այլևս անցած։ Հետո, երբ  սենյակում մենակ էի և իմ ծննդյան օրն էր, գիտեի, որ երեկոյան կգան իմ ընկերները, հարազատները, թոռնիկներս` շնորհավորելու ինձ` չիմանալով, որ  նշում  են իմ կորցրած տարին, ինչպես ընկած  տերև…

Մտածում էի ու վախեցա նրանց կյանքի ու բախտի համար, որովհետև  սկսվել է անվերջ խոստումների և նոր կյանքի բառախեղդ մի հողմապտույտ` պաթետիկ ու հանդիսավոր,  ինչպես Պետրա` տեսքից հմայիչ, բայց այլևս դատարկ քաղաքը, որի  կամարները շքեղ էին, բայց ներսում ապրելու տեղ չկար կամ ինչպես Աքսում, ուր երկնաքերեր էին կառուցվում ոգիների համար, բայց ոչ ապրողների։ Մտածում էի նաև, որ երկար երազելուց ոչ միայն երազանքն է մաշվում, այլ նաև երազողը։   Անինչ, կյանքն անցնում է տիեզերքում զնգալեն` հուշելով, որ պետք է ապրել և շարունակել  զորացնել այն, ինչ այսօր ունենք և ափսոսալ ու չքանդել բառը։

                                                            ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...