21:37
08/13/2022
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Օրինաց երկիրն իր ուրույն տեղն ունի քաղաքական դաշտում

2013-05-18 11:33

«Դե Ֆակտո» 17 (2007թ.)

Օրինաց երկիրն իր ուրույն տեղն ունի քաղաքական դաշտում

-Պատմե՛ք, խնդրեմ, Օրինաց երկիր կուսակցության ստեղծման և վերջինիս հիմնախնդիրների մասին։ Արդյո՞ք պետք էր մեր հայ քաղաքական կյանքում ևս մեկ կուսակցության հայտնությունը, և ի՞նչ տվեց Օրինաց երկիր կուսակցությունը ազգաբնակչությանը։

            - Օրինաց երկիրը ստեղծվել է հանրության պահանջով` երկրում առկա բազմաթիվ խնդիրների շուրջ մտահոգություններից դրդված և այդ հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելու մղումով։ ՕԵԿ-ը ժողովրդամետ ուժ է և իր գործունեության ավելի քան տասը տարիների ընթացքում մշտապես եղել է մեր ժողովրդի կողքին, ավելին, գնահատվել է նրա կողմից որպես բարեփոխումների համար պայքարող քաղաքական ուժ։ Դրա առհավատչյան է եղել հաղթանակը վերջին երեք  խորհրդարանական ընտրություններում։ Չեմ կարող չհամաձայնել հարցադրման հետ, որովհետև այսօր Հայաստանում կա քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի խիստ անհրաժեշտություն, և կգա ժամանակը, երբ հրապարակում կմնան մի քանի խոշոր ուժեր։ Ներկայումս արդեն վստահաբար կարելի է պնդել, որ անհնարին է պատկերացնել քաղաքական դաշտն առանց Օրինաց երկրի դերակատարության։

-Պարո՛ն Բաղդասարյան, հաջողվե՞ց, Ձեր կարծիքով, կուսակցությանն առանձնանալ քաղաքական մյուս կուսակցություններից, և ինչպիսի՞ն էր վերջինիս գործելաոճի Ձեր գնահատականը։ Այն արդարացրե՞ց Ձեր հույսերն ու ակնկալիքները։

      - Իսկապես, Օրինաց երկիրն իր ուրույն տեղն ու դիրքն ունի քաղաքական դաշտում։ Դրա ակներև ապացույցն է մեր կազմակերպության ավելի քան տասնամյա պատմությունը, որի անբաժանելի մասն են բոլոր խորհրդարանական ընտրություններում մեր հաղթանակները։ Օրինաց երկիրն անցել է դժվարին ճանապարհ։ Այս ճանապարհն ուղեկցվել է և՛ հաղթանակներով, և՛ հիասթափությամբ, և՛ ոգևորությամբ, և՛ հարվածներով։ Միաժամանակ տարիների անխոնջ աշխատանքը, բարեփոխումներ իրականացնելու վճռական հավատն ու հանրային վստահությունն են եղել մեր գործունեության մշտական ուղեկիցը։ Այսօր արդեն, հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ ՕԵԿ-ը հավասարակշիռ և սկզբունքային, ինտելեկտուալ և վճռական, ասելիք ունեցող և հեռանկարային քաղաքական ուժ է։ Օրինաց երկիրը  գրեթե իմ զավակների տարիքին է, և ես, այս տարիների ընթացքում, նրան վերաբերվել եմ որպես այդպիսին` նույն հոգատարությամբ և սիրով, խստապահանջությամբ և պատասխանատվությամբ։ Եվ ապագայի ծրագրերի նկատմամբ էլ շարունակելու եմ լինել այդպիսին` արդարացնելու մեր բազմահազար կուսակիցների ու համակիրների, գաղափարակիցների ու հավատավորների վստահությունը` հանուն մեր երկրի ապագայի, բարեկեցիկ և մեր ժողովրդին արժանի Հայաստանի։

-2003թ. ընտրվելով արդեն ԱԺ նախագահ` Դուք հնարավորություն ունեիք երկրում կատարել բավականին լուրջ բարեփոխումներ, բայց Դուք որոշեցիք Ձեր աշխատանքն անավարտ թողնել և հրաժարվեցիք Ձեր զբաղեցրած պաշտոնից։ Արդեն տարիներ անց ինչպե՞ս եք գնահատում Ձեր այս քայլը, և ինչպե՞ս կպատճառաբանեք այն։

      - Դուք շատ լավ գիտեք, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը չունի գործադիր իշխանության իրական  լծակներ։ Այդուհանդերձ, այն մեր քաղաքական ուժի համար ինքնանպատակ չի եղել։ Ես ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ եմ վերաբերվել օրենսդիր մարմնի ղեկավարի գործունեությանը և քիչ չեն այն ձեռքբերումները, որոնք արձանագրվել են այդ տարիների ընթացքում։ Դրանք վերաբերում են և՛ բուն օրենսդրական գործունեության միջոցով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում բարեփոխումներին, և՛ արտաքին հարաբերությունների ոլորտում Հայաստանի միջազգային վարկին ու միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը։ Ժամանակը ցույց տվեց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեր օգտին քվեարկած շուրջ 200 000 ընտրողների սպասելիքները  բարեփոխումների իրականացման, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նկատմամբ արդարացիորեն ավելին են, քան հնարավոր էր իրականացնել եռակողմ քաղաքական ուժերի կոալիցիայի կազմում։ Կոռուպցիայի, կաշառակերության, ստվերային տնտեսության դեմ պայքարը, մասնավորեցման` զավեշտալի չափերի հասնող անօրինականությունների կրճատմանն ուղղված մեր ջանքերը, իրենց ծավալով չէին բավարարում հասարակական պահանջը։ Եթե դրան հավելենք նաև արատավոր երևույթներին և անօրինականություններին ուղղված քննադատության նկատմամբ մեր կոալիցիոն գործընկերների անհանդուրժողականությունը և նոր թափով արմատական բարեփոխումներ կատարելու վճռականությունը, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում։ Սա էր պատճառը, որ ՕԵԿ-ը որոշում կայացրեց դուրս գալ քաղաքական  կոալիցիայի կազմից, որին հետևեց և՛ իմ և՛ գործադիր իշխանության մարմիններում մեր գործընկերների հրաժարականները։ Մեզ համար ակնհայտ էր, որ այդ տեմպերով մենք չէինք կարող հաջողության հասնել, երբ երկիրը դուրս էր մղվում թե՛ տարածաշրջանային ծրագրերից, և թե՛ նվազում էր մրցունակությունը երկրի ներսում և նրա սահմաններից դուրս։

-Ինչպիսի՞ն է Ձեր և Ձեր կուսակցության գործունեությունը` արդեն որպես ընդդիմադիր կողմ։ Ո՞րն է կուսակցության այժմյան նպատակը, և ի՞նչ գործելաոճով է առաջնորդվում Օրինաց երկիր խմբակցությունը։

      - ՕԵԿ-ը ցանկանում է ստեղծել մրցունակ և ազատ երկիր, օրենքի և արդարության Հայաստան։ Մենք գիտենք ինչպես դա անել, մենք ունենք հստակ ծրագրեր, մենք ապացուցել ենք մեր կենսունակությունը և վճռականությունը երկիրը տանելու որակական նոր զարգացումների ճանապարհով։ Ընդդիմություն. կոռուպցիայի, ամենաթողության, չինովնիկների չարաշահումների, աղքատության, օլիգոպոլ և մոնոպոլ տնտեսության և այն համակարգերի նկատմամբ, որոնք ծնում են այս ամենը։ Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, մենք հստակ և կոշտ քննադատում ենք այն ամենն, ինչը երկիրը տանում է դեպի թուլացման, խարխլում պետականության հիմքերը, աղքատացնում ժողովրդին, սպառնալիքներ ստեղծում մեր ազգային անվտանգության համար։ Սակայն, մենք միաժամանակ ուղիներ ենք ցույց տալիս, մենք այլընտրանք ենք առաջարկում և մեր առաջարկները հաշվարկված, իրատեսական և ռացիոնալ են։ Լինել ընդդիմություն, ըստ մեզ, նշանակում է ասել ճշմարտությունը և պայքարել այդ ճշմարտության համար, նշանակում է ունենալ արժեքներ, որոնք նաև ժողովրդի արժեքներն են և պայքարել այդ արժեքների համար։

      Օրինաց երկիր խմբակցությունը մշտապես ունեցել է ակտիվ նախաձեռնողական գործելաոճ։ Այս գումարման Ազգային Ժողովում նույնպես, մենք մշտապես հանդես ենք գալիս հայտարարություններով, կառավարությանն ուղղում ենք հարցեր,  միայն այս գումարման Ազգային Ժողովում Օրինաց երկիրը ներակայացրել է ավելի քան 50 օրենսդրական նախաձեռնություն։

-Մոտենում են նախագահական ընտրությունները։ Ի՞նչպիսի դիրքորոշում ունի Օրինաց Երկիր կուսակցությունն ու ինչպե՞ս է պատրաստվում նախագահական ընտրություններին։

      - Օրինաց երկիր կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա նախա‎գահական ընտրություններին, չնայած որ սա կուսակցական ընտրություններ չեն, այլ կոնկրետ անձի, ով հավակնում է նախագահ ընտրվել։ Ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա Օրինաց երկիրն ունի ընտրությունների մասնակցության մեծ փորձ։ Վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ կուսակցության շարքերը ամուր են, հստակ կազմակերպված, մարդիկ սկզբունքորեն պայքարում են և պատրաստ են պայքարելու Հայաստանի Հանրապետությունում օրենքի իշխանության հաստատման համար։ Ներկայումս կուսակցությունում ընթանում է և՛ կազմակերպչական, և՛ ինտելեկտուալ աշխատանք։ Մշակված են Հայաստանում առկա բազմաթիվ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ կոնկրետ և իրատեսական նախագծեր ու ծրագրեր։ Մենք իհարկե ունենք մեր ռազմավարությունն ու մարտավարությունը, վերջինս ընտրարշավի ընթացքում կարող է ճշգրտումների ենթարկվել, սակայն ընտրական գործընթացների մեր տեսլականը հստակ է։

-Պարոն Բաղդասարյան, առաջադրվելո՞ւ եք նախագահական ընտրություններին, և ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք ընտրություններից։

      - Խնդիրն այն չէ, որ մենք գնում ենք ընտրությունների ակնկալիքներ ունենալով կամ չունենալով։ Մենք մասնակցում ենք ընտրություններին, որովհետև հստակ պատկերացնում ենք, թե ինչպես և ինչ միջոցներով է անհրաժեշտ դեպի զարգացում տանել Հայաստանը, իսկ այն, որ մենք ունենք մեծ հնարավորություններ հաղթանակի հասնելու համար, ցույց են տալիս իրական սոցհարցումները։ Նույնիսկ իշխանությունների կողմից պատվիրված սոցհարցումների տվյալներով, որոնք մեծագույն ցանկությամբ խիստ կպակասեցնեին իմ ձայները, ես որպես կուսակցության թեկնածու կիսում եմ առաջին - երկրորդ տեղերը։ Սա է իրական պատկերը։ Իսկ ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա մենք մասնակցելու ենք հաղթելու վճռականությամբ։

-Ի՞նչ եք կարծում, պարո՛ն Բաղդասարյան, նախագահական ընտրություններին գաղափարական պայքար է լինելու, թե` ոչ։ Եվ որո՞նք են լինելու այն հիմնախնդիրները, որոնց շուրջ ընթանալու է ընտրական պայքարն ու քարոզարշավը։

      - Ես միշտ կողմնակից եմ եղել, որպեսզի ընտրապայքարը ծավալվի գաղափարների և ծրագրերի շուրջ, այլ ոչ թե լինի պայքար` ռեսուրսների, կոմպրոմատների, սև պիառի տարբեր տարատեսակների կիրառմամբ, ինչը  ոչ հասարակությանը, առավել ևս պետությանը, ոչ մի լավ բան չի կարող տալ։ Իհարկե նախագահական ընտրություններն ունեն իրենց յուրահատկությունը, դրանք խիստ անձնավորված են։ Միաժամանակ ճշտեմ, որ անցումային երկրներում, մասնավորապես Հայաստանում, քաղաքականությունն ընդհանրապես անձնավորված է։ Ուղղակի այս անձնավորվածության պայմաններում էլ նախագահական ընտրարշավի թեկնածուների միջև մրցակցային պայքարը պետք է հանդիսանա պայքար գաղափարների, ծրագրերի, անձնական հատկանիշների և անցած քաղաքական ճանապարհների միջև։ Մարդիկ պետք է հետևյալ հարցերի պատասխանները ստանան. ո՞վ է թեկնածուն, ի՞նչ ճանապարհ է անցել, ո՞րն է նրա աշխարհայացքը, սկզբունքները, արժեքներն ու գաղափարները, ի՞նչ է առաջարկում ժողովրդին և ի՞նչ կարող է անել։ Ցավոք սրտի, այսօր Հայաստանում գաղափարական և ծրագրային պայքարը տեղը զիջում է լծակների, ուժի, փողի պայքարի, ինչը մեզ համար անընդունելի է։ Ինչ վերաբերում է հիմնական թեմաներին, բնականաբար, կարևորագույն խնդիրներն են` ազգաբնակչության ծանր սոցիալական վիճակը, օլիգոպոլ և մոնոպոլ տնտեսությունը, օլիգարխիկ քաղաքական համակարգը, կաշառակերությունը, անարդարությունները, գների բարձրացումը, Ղարաբաղյան հիմնախնդիրը, տարածաշրջանային զարգացումները և այլն։

-Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններին առաջադրվելու հայտարարությանը։

- Առաջադրմանը վերաբերվում ենք նորմալ, ավելին, կարծում ենք, որ առաջին նախագահի առաջադրումը  նոր և հետաքրքիր զարգացումներ կմտցնի նախընտրական պայքարում։ Թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել ապագայում, ցույց կտա ժամանակը, որն ի դեպ անաչառ դատավոր է։ Ելնելով այսօրվա իրավիճակից` կարելի է ասել, որ սպասվում են նախագահական բուռն ընտրություններ։

-Իսկ ակնկալո՞ւմ եք իրավիճակի այնպիսի  փոփոխություն, որի պայմաններում Դուք կդառնաք ընդդիմության միասնական  թեկնածուն։

 - Քաղաքականության մեջ ընդունված է ասել. - Երբե՛ք մի ասա՛ երբեք։ Այնպես որ ոչինչ բացառել հնարավոր չէ, չնայած, որ մենք գնում ենք մեր ճանապարհով, բաց և պատրաստ ենք առողջ համագործակցության և օրինակ, չենք կարող չողջունել Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունը, որ նա պատրաստ կլինի աջակցել մեզ, եթե երկրորդ փուլում հայտնվեն Սերժ Սարգսյանը  և ես։

            -Տեսաբանների ու քաղաքական գործիչների մի ստվար հատված համոզված է, որ շատ թեկնածուների մասնակցությունը ընտրություններին անխուսափելիորեն հանգեցնելու է ընտրազանգվածի մասնատման, հետևաբար, նաև ձայների փոշիացման` ապահովելով ընտրությունների առաջին իսկ փուլում կառավարող կուսակցության թեկնածուի հաղթանակը։ Ձեր տեսակետն այս առնչությամբ։

      - Ես չեմ ուզում հիմնավոր համարել նման պնդումները` մի քանի նկատառումներից ելնելով. առաջին. նախագահի առաջադրվող թեկնածուների մի մասը քաջ գիտակցում է, որ հաղթելու որևիցե հնարավորություն չունի և այդ մասին են վկայում թե՛ սոցիոլոգիական հարցումները, և թե՛ վերջին մի քանի նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և նրանց առաջադրումը որևիցե էական գործոն չի կարող լինել։ Կան նաև հաղթող թեկնածուներ և այս ամենը քաջ գիտակցում է նաև ընտրողը, որն երբեք չի գնա պարտվող թեկնածուի ետևից։ Երկրորդ. առաջին փուլ նշանակում է 800-850 հազար ձայն, որը քաղաքական ուժերի ներկա դասավորվածության պայմաններում անհնար է, ինչքան էլ փող և վարչական ճնշումներ կիրառեն։ Երրորդ. իշխանությունը ևս հանդես է գալիս երկու թեկնածուով ի դեմս ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի և այստեղ նույնպես իշխանական քվեները կարող են բաժանվել։ Այնպես որ, եթե ընդդիմության բևեռում կարող են լինել երկու կամ առավելագույնը երեք առանցքային ուժեր, նույնը կարելի է ասել նաև իշխանության մասին։ Չորրորդ. ընտրական կեղծիքներով ընտրված նախագահը բերելու է լեգիտիմության տեսանկյունից խիստ խոցելի մոտեցումներ, որը վտանգավոր է մեր երկրի համար արտաքին ու ներքին մարտահրավերներով լի այս բարդ ժամանակաշրջանում, ինչը կարող է հղի լինել ոչ ցանկալի և տարբեր վտանգավոր զարգացումներով, իսկ բռնաճնշումներով կամ փշալարերով նախագահի ընտրություն անել այսօր ոչ անհրաժեշտ է և ոչ էլ հնարավոր։ Ուստի ճիշտ ճանապարհն արդար քվեով, արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու մեջ է, որը մեզ կտա լեգիտիմության առումով անխոցելի նախագահ։

      -Պարո՛ն Բաղդասարյան, Դուք հավատում եք Ձեր քաղաքական թիմի ամբողջականությանն ու ամրությանը, և արդյո՞ք քաղաքական ճգնաժամերի պահին նրանք չեն դավաճանի Ձեզ և Ձեր կուսակցությանը, ինչպես դա եղավ մի քանի տարի առաջ Ձեր` ԱԺ խոսնակի պաշտոնից հրաժարվելուց հետո։

      - Գիտեք, այսօր Հայաստանում խրախուսվում է դավաճանությունը` մարդկանց կանգնեցնելով անպատիվ ընտրության առաջ։ Այն մի քանի գործարարները, ովքեր հեռացան մեզանից, նույն հաջողությամբ հեռանալու են իշխանությունների կողքից ոչ թե իշխանափոխությունից հետո, այլ նույնիսկ իշխանության նավի փոքրիկ տատանման դեպքում, որովհետև նրանց առաջնորդում է իշխանության կողմից չհալածվելու և եղածը չկորցնելու տեսլականը։ Ավելին, նրանք դա կատարել  են ոչ թե սեփական կամքով, այլ  ճնշումների  արդյունքում։ Նույն կերպ եղավ 1998թ., երբ խորհրդարանական մեծամասնությունը մի գիշերվա մեջ դարձավ երկրապահ։ Ի վերջո տեսեք, թե ինչ է կատարվում այսօր սեփական տեսակետ ունեցող և այն հրապարակայնորեն արտահայտող անձանց նկատմաբ։ Խոսքը վերաբերվում է երեք արտառոց օրինակներին` Խաչատուր Սուքիասյան, Գալայի սեփականատեր` Վահան Խաչատրյան, դատավոր` Պարգև Օհանյան։ Այսինքն փորձ է արվում ճնշել սեփական կարծիք արտահայտելու փորձ անող յուրաքանչյուրին, սրանով իսկ նպաստելով, որ հասարակությունը ընկղմվի խորը ճահճի մեջ։ Ինչ վերաբերվում է Օրինաց երկրին, ապա մեր քաղաքական թիմն անցավ փորձությունների, պայքարի և ճնշումների ճանապարհ։ Դուք գիտեք, որ կուսակցությունից հեռացան երկու տասնյակ մարդիկ, սակայն կուսակցության շարքերը համալրվեցին հազարավորներով։ Խորհրդարանական վերջին ընտրությունների ընթացքում չնայած մեզ մնաց հարյուր հազար ձայն և մեր հաշվարկներով 70-80 հազար ձայն կոտրեցին, մեր դեմ ամենաբարձր մակարդակով  կիրառվեց հակաքարոզչություն, սակայն մենք շարունակում ենք մնալ երկրի քաղաքական կարևորագույն ուժերից մեկը, կարևորագույն ազդեցություն ունենալով քաղաքական կյանքի վրա։ Սա չէր կարող տեղի ունենալ առանց ամուր և կազմակերպված քաղաքական թիմի, և՛ կենտրոնական գրասենյակում, և՛ Հայաստանի բոլոր մարզերում, և՛ առանց հարյուր հազարավոր համակիրների, որոնք իրենց ձայնը տվեցին մեզ և որոնց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Անցնելով պայքարի բոհով թիմը բյուրեղացավ և ամրացավ։ Այսօր մեր թիմն առավել քան ամուր է, միասնական և պատրաստ պայքարի։

-Եվ վերջին հարցս` աշխարհի բոլոր զարգացած երկրներում ընտրողները տեղեկացված են, թե ինչ թիմով է իրենց թեկնածուն ղեկավարելու երկիրը։ Ձեր` նախագահ ընտրվելու դեպքում ովքե՞ր են լինելու այն քաղաքական այրերը, ովքեր զբաղեցնելու են պետական և քաղաքական հիմնական պաշտոնները։

      - Նախ երկրի հիմնական բոլոր պաշտոնները չէ, որ նշանակում է երկրի նախագահը և այդ ամենի մեջ համոզվելու համար կարելի է ընթերցել սահմանադրությունը։ Այդուհանդերձ կցանկանայի շեշտել, որ մենք ունենք պայքարի բովով անցած և աշխատանքային փորձ ունեցող, արդարամիտ և սկզբունքային մարդիկ։ Միաժամանակ Հայաստանում մենք տեսնում ենք բազմաթիվ  պրո‎ֆեսիոնալների, որոնց պատրաստ ենք ներգրավելու պետական ապարատում։ Տեսեք, այսօր ունենք արտերկրում փայլուն կրթություն ստացած բազմաթիվ երիտասարդներ, որոնք աշխատանք են փնտրում օտար ափերում, այլ ոչ թե մայր հայրենիքում։ Մենք պատրաստ ենք ներգրավել մեր թիմում բազմաթիվ  շնորհալի հայրենակիցների, որովհետև մեզ անհրաժեշտ է բաց ու մրցունակ քաղաքական թիմ, որն ի զորու է երկիրը դուրս բերել այս իրավիճակից, և շուտով դուք նաև մեր կողքին կտեսնեք նոր, ասելիք ունեցող մարդիկ, ովքեր պատրաստ են ստեղծագործ աշխատանքի։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...