19:01
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՃԱԿԱՏԱԳՐԻ ԸՆՏՐՅԱԼԸ

2013-05-08 15:56

                       «Դե Ֆակտո» 60 (2011թ.)

Մարդկության համընդհանուր տունը կազմող բոլոր ցեղերը, առավել ևս ազգերը, ժամանակներում ունեցել են իրենց իդեալը, հեռահար նպատակը։ Մեր ժողովուրդը դեռևս  հնագույն ժամանակներից   մինչ օրս պահել-պահպանել է իր վսեմ նպատակը, որն է` ազատ անկախ ու միացյալ հայրենական տուն, որի անբաժանելի մասն է մեր Արցախ սրբազան  հայրենիքը։

          Եվ հանուն Արցախի  ազատագրման  ծավալված պայքարում համախմբվեց ողջ հայությունը, և յուրաքանչյուրը մտածելով, թե իր երկրի սահմաններում պարտվող ժողովուրդը իրավունք չունի խոսելու անկախ հայրենիքի մասին` գործեցին անձնուրաց, նվիրված հայրենիքին ու ցեղին։ Այդպիսին է նաև Արթուր Ալեքսանյանը։   Նա ծնվել է 1957թ. մայիսի վեցին, դրախտային Արցախում` Ստեփանակերտում։

          «Մենք հինգ երեխա  էինք, մեծը ես էի, ծնողներս չէին հասցնում մեզ լավ պահել, աշխատավարձը չէր հերիքում։ 1967թ. երրորդ դասարանում էի սովորում։ Դպրոցից տուն էի վերադառնում,մեր տունը Կրկժանում էր,-պատմում է Արթուրը և մի տեսակ մտահոգ ու տխուր ավելացնում,-տեսնում եմ` մարդիկ վազում-փախչում են, կրակոցներ եմ լսում։ Մի թուրք հայ երեխա էր բռնաբարել, հետո անդամահատել։Արշաբ անունով այդ ադրբեջանցուն պիտի տասնութ տարի դատեին, բայց կինը հայտարարում էր, որ մի պարկ ոսկի կտա և կազատի ամուսնուն։ Մեքենան, որ այդ Արշաբն էր նստած, զայրացած ժողովուրդը շուռ տվեց, բենզինը թափվեց, ու ես տեսա, թե ինչպես վառված լուցկուց բռնկվեց մեքենան և այդ թուրքը մեքենայի հետ  այրվեց։ Այս պատկերը սարսափով եմ հիշում և միշտ ուղեկցում է ինձ»,-ասում է Արթուրը։

           Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո հրաշալի հայորդին  ընդունելության  քննություններ է հանձնում Ստեփանակերտի համալսարանի պատմության ֆակուլտետում` ստանալով  երեք հինգ և մեկ չորս գնահատական, բայց չի ընդունվում։Ղարաբաղը այդ տարիներին կարծես ուրիշ մոլորակ էր, ընդունվում էին պաշտոնյաների երեխաները, Բաքվից եկածներն ու թուրքերը, հայերին քիչ տեղ էին հատկացնում։                 «Ղարբաղում թուրքերը ամեն տեղ Բաքվի թիկունքով առաջ էին ընկնում, մենք միշտ խնդիր  ունեինք, և բոլորն ուզում էին կա՛մ Հայաստան գնալ, կա՛մ Ռուսաստան»,- պատմում է Արթուրը։

           Արթուրը  բանակից վերադառնում է 1979թ., Բաթումիում էր  ծառայել։ Մեծ հայրենասերը սիրում էր բանակային կյանքը, զինվորական գործերը։   Նա շատ էր սիրում նաև երգ ու երաժշտություն, սիրում էր լսել Քինգին։ Երաժշտությունը նրա հոբին էր։ Ութսունականներին Արթուրը  նվագում էր ԼՂԻՄ-ի պետական  հանրահայտ «Ղարաբաղ» նվագախմբում, ղեկավարն էր Գ. Բարխուդարովը։ Արթուրը  թմբկահար էր։Նա երաժշտական կրթություն ձեռք է բերել ինքնուրույն պարապելով։ Նույիսկ նա աշխատանքի է ընդունվում  համույթում. որպես բանվոր, որպեսզի ավելի շատ կարողանա հետևել վարպետ մասնագետներին ու իր իմացությունը վարժեցնի։ Իսկ երբ տուն էր գնում, տեսածը սովորելու-ամրապնդելու համար` բարձի վրա էր պարապում, որպեսզի տնեցիներին չանհանգստացնի։

          «Հայաստանից, Ռուսաստանից  մասնագետներ կային մեր խմբում։ Նվագախմբի ղեկավարը սկզբունքորեն հայկական  ծրագրեր էր մշակում։ Ծրագրերը Բաքվում էին հաստատվում, ու Բաքուն միշտ պարտադրում էր, որ ծրագրում թուրքական երգեր, երաժշտություն լինի», պատմում է Արթուր Ալեքսանյանը։

           Սակայն Բաքվի պատկան մարմինները, ինչ-որ կեղծ պատրվակով լուծարեցին պետական հանրահայտ «Ղարաբաղ»  նվագախումբը։ Հետագայում, այնուամենայնիվ, նվագախումբը գաղտնի գործում էր` շարունակելով խմբի ղեկավարի սկսած ու կիսատ թողած  մշակութային գործը։

          Երաժշտությունն անընդհատ հետապնդում էր Արթուրին։ Չնայած ջազը, պետականորեն արգելված էր Ղարաբաղում,սակայն Արթուրն իր տնօրինությամբ ջազի ստուդիա է հիմնում Ստեփանակերտում, «Մռակաց» համույթը կազմավորվում և հասնում մեծ հաջողությունների։ Հասկանալով, թե ժողովրդին ինչ երաժշտություն է ավելի շատ դուր գալիս`Արթուրը որոշում է  ջազային, էստրադային և ժողովրդական երաժշտությունները միացնել  իրար և միասին երեք քառորդ ռիթմով  նվագել։   Այն ընդունվում է հանրության կողմից  ու դառնում Կովկասյան բրենդ։ Սակայն  մեծ հայրենասերին ստիպում են, որ խմբի ծրագրում թուրքական երգեր էլ պետք է լինի և պիտի ունենա թուրք աշակերտներ։ Իսկ պարտադրողը կոմունիստ հայ էր։ Վերջնագծում և՛ ստուդիան է փակվում, և’ համույթը։

          «Հարսանիքներին էի նվագում.ամեն հարսանիքը երեք հարյուր ռուբլի։ Թմբուկներ էի պատրաստում ու վաճառում։ Փող էի աշխատում, բայց հոգիս դատարկ էր, ականջիս մեջ անընդհատ երաժշտություն կար, քանզի երաժշտությունը կանչում էր ինձ»,-հիշում է Արթուր Ալեքսանյանը։

          Նորից ստուդիա բացելու մարմանջն էր տանջում Արթուրին,բայց  նա հանդիպում է Արկադի Կարապետյանին, ով ստորագրություններ էր հավաքում, որպեսզի ուղարկեն  Խորհրդային պատկան մարմիններին, Ղարաբաղը Հայաստանին միացնելու խնդիրը կանոնակարգելու համար։ Դա 1986 թվականն էր։ Երևելի հայորդի Արթուր Ալեքսանյանը առանց եկմտելու նվիրվում է այդ գործին։ Սակայն  պատվիրակությանը Մոսկվա գնալու համար գումար էր անհրաժեշտ։ Արթուրն անցնում է գործի. վաճառում իր ձեռքով պատրաստած երաժշտական բոլոր գործիքները, որը  երկու հազար դոլար է կազմում ու պատվիրակությունը նաև նրա  նվիրած գումարով գնում է Մոսկվա։ Արթուրն ուրախ էր, բայց լաց լինելու աստիճան նաև տխուր, որովհետև վաճառել էր բոլոր երաժշտական  գործիքները և իրեն թվում էր, թե ընդմիշտ հրաժեշտ է տալիս երաժշտությանը։       

          «Պատվիրակության Մոսկվա գնալուց հետո  մի օր ժողովուրդը տարերայնորեն հավաքվել էր, որպեսզի լուր իմանա պատվիրակությունից։ Բայց մենք չգիտեինք, ինչ անեինք։ Ակամայից կայացավ առաջին միտինգը։ Եվ սկսվեց շարժումը։ Դա 1988թ փետրվարի 17-ն էր»,- վերհիշում է Արթուրը։

          Այնուամենայնիվ մեծ հայրենասերը հասկանում էր, որ մեր ժողովրդի առաջընթացի խնդիրն անիրագործելի է առանց նրա հավաքական ուժի ու պայքարի, որ մենք` հայերս երբեք չենք կարողանա մեր պահանջատիրությունն իրականացնել, եթե չստեղծենք համախմբված առաջնորդող անվանի մարդկանց խումբ, որը պետք է ոգևորի և ուղղություն ցույց տա հայրենասեր հայորդիներին։

          Ու սկսվում է ազգի ու ցեղի նվիրյալ Արթուր Ալեքսանյանի ազգային-ազատագրական պայքարի ուղին, ում առաքելությունն էր ոչ թե կյանքում  ծառայություն ընդունել, այլ ծառայել հայրենիքին, իր ժողովրդին ու ցեղին։ Ու թերևս  հայրենիքի սերը ներծծված էր Արթուրի արյան մեջ։ Նա պատկանում է այն մարդկանց թվին, ում աշխարհ գալը անհրաժեշտություն է։ Եվ նժդեհական այն աշխարընկալմամբ, թե  աշխարհը տրված է ոչ միայն վայելելու, այլև կատարելագործելու, բարեշտկելու այն` Արթուրը սկսում է իր բուռն ու հայրենասիրական գործնեությունը։

           «Այդ տարիներին մեզ ոգևորում ու դաստիարակում էր «Գարուն»  ամսագրի հոդվածներն ու կազմի նկարները։ Ամսագրի գլխավոր խմբագիրը  Մերուժան Տեր-Գուլանյանն էր։ Մենք շատ էինք ուզում ծանոթանալ խմբագրի հետ, իսկ երբ ծանոթացանք և երկար զրուցեցինք, ես ավելի սիրեցի ամսագիրը»,- պատմում է Արթուրը

          Արթուր Ալեքսանյանը Արցախի ազատագրական պայքարի ամենափայլուն դեմքերից է։ Նա համարձակ է, հայրենասեր ու սկզբունքային, լուսավոր ու բարի հոգի ունի։

          «Ես Երևանում  զբաղված էի զենք հայթայթելով։ Ջավախքից էին օգնում, այլ տեղերից։ Փողի պակասություն միշտ էլ կար,-դարձյալ հիշում է Արթուրը,-ինձ զանգեցին, թե վիճակը շատ վատ է, ինչ կա–չկա մի կերպ ուղարկիր։ Ես տասնհինգ հատ զենք արդեն ունեի կուտակած։ 1989թիվն էր, չեմ հիշում, թե որ գյուղից ահագին անասուն էին տարել, հովիվին սպանել։Ինքնաթիռը պատրաստ սպասում էր և, իհարկե,ՕՄՕՆ-ականներին շփոթության մեջ գցելով, ովքեր արդեն հայտնվել էին Ստեփանակերտի օդակայանում, ուղարկեցինք զենք–զինամթերքով լցված ճամպրուկները»։

          Մեծ հայրենասերը այդ տարիներին  հիմնադրեց «Ամարաս» բարեգործական միությունը, որի փոխնախագահն ու գործադիր տնօրենն էր։ «Ամարաս» կազմակերպության ծրագիրն էր. օգնել ժողովրդին` կարիքավորներին, փախստականներին, Սփյուռքից եկած  օգնությունը կանոնակարգել, կառավարելի և հաշվետվության ենթակա դարձնել, եկեղեցիները վերանորոգել, թեմի աշխատանքը կարգավորել։ Ամենակարևորը` կարողանալ նաև զենք, զինամթերք գնել ու զինել կամավորական ջոկատները։ «Ամարաս» բարեգործական միությանը, երեք տարիների ընթացքում,Վազգեն առաջին վեհափառը հինգ միլիոն դոլար է հատկացրել։Նորագույն ռազմական  տեխնիկա էր ուղակվում նաև Սփյուռքից։ Նույնիսկ  ակադեմիկոս Սախորովը հարյուր հազար դոլար է նվիրաբերում «Ամարասին»։

          «Ամարաս» միությունը ի դեմս Արթուրի կարողացավ ջոկատներ ստեղծել և ապահովել զենք ու զինամթերքով, որովհետև գյուղացին վախենում էր  զենքը ստանալ և պաշտպանել իր տունը, գյուղը։ Դժվար էր գյուղացուն համոզել, որ անվտանգությունը իր ձեռքին է։

          «26-ի մարտերի ժամանակ էր, հետևիցս մեկը գոռաց`շե՛ֆ, պառկիր։ Լոլոն էր։Շուռ եկա, տեսնեմ` մեկը օդում էսպես իջնում է։ Նռնակ էին գցել։ Լոլոյին, ուղարկեցի հոսպիտալ։ Ինքս  ուղեղի ցնցում էի ստացել։ Ահավոր  խուճապ էր։ Ինքնաթիռները ռումբեր էին թափում։ Կամավորական ջոկատներ էին կռվի ելել, տարբեր մասնագիտության տեր մարդիկ էին։ Վայրկյանի ընթացքում տեսնում ես` մեկի ոտքը չկա, մյուսի ձեռքը, գլուխը։ Դրանից խուճապ էր սկսվել։ Հաղթահարեցինք, անցանք հակահարձակման,- հիշում է Արթուր Ալեքսանյանը և ավելացնում,- մտել էինք Լաչին, ամսի տասնինն էր, Շուշիի գրավումից մոտավորապես տասն օր անց էր։ Գեներալ Դալիբալթայանի հետ էի, Լաչինը արդեն ազատագրված` նստած ծխում էինք տղերքով»։            

           Իսկ մինչ այդ 1991թ. Արթուրը դավադրաբար ձերբակալվում է և նրան փակում են Շուշիի բանտում, որպեսզի  Ս. Ամարաս եկեղցու բացումը չիրականանա։

           Բանտի պետը` Հասանը ստիպում է Արթուրին, որ խաչը հանի վզից, որը Պարգև սրբազանն էր նվիրել։ Արթուրը խաչը պահում է բերանում։ Նրան ահավոր ծեծում են,—  ջարդված ատամների հետ խաչը հայտնվում է   նրա արնաշաղաղ ափի մեջ։

          «Խաչը որ տեսա, ուշքս գլուխս եկավ, մտածեցի, որ փրկություն է եկել ինձ։ Աշխարհն իմն էր` գիտեմ խաչի զորությունը,-պատմում է  Արթուրը և շարունակում,-վեց ամիս մնացի այդտեղ։ Տոլ Բարեկի գիրքն էր ընկել ձեռքս։ Դա ինձ փրկեց»։

          Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն առաջինի միջամտությամբ Արթուրին ազատում են բանտից, սակայն նա պահանջներ է ներկայացնում, որ բոլոր քաղբանտարկյալներին ազատեն ու ինքը գնա  Շուշիի եկեղեցում աղոթի, և միայն հետո դուրս կգա բանտից։ Եվ դրա համար հացադուլ է հայտարարում։Արթուրի պահանջները կատարում են և երբ եկեղեցի է գնում, եկեղեցու խորանը մաքրում-սրբում է բաճկոնի փեշերով ու հետո աղոթում։ Հիշենք, որ այդ օրերին դեռևս Ադրբեջանը և Ղարաբաղը նույնպես, գտնվում էին Խորհրդային Միության կազմում։

          Գնդապետ Արթուր Ալեքսանյանը Արցախի զինված ազատագրական պայքարի ջատագովն էր ու նվիրյալը, նա իր գործը հավատքով էր անում ու նվիրված էր սրբազան պայքարին։ Արթուրը հեղինակություն էր և ի զորու էր շատերին իր շուրջը հավաքելու, համախմբելու։ 

          Վազգեն Սարգսյանը  հարյուր վաթսուն մահապարտ էր ուղարկել Հաթերքի կիրճ օգնության։ Նրանց առաջադրանքի ճանապարհը ականապատված էր։ Եվ ընդհանրապես ամբողջ այդ տարածքն էր ականապատված։  Լինելով ճակատի հրամանատար` խիզախ ու նվիրյալ Արթուրն է նրանց առաջնորդում ու ճանապարհ հարթում։

          «Հիմա  նրանք պետք  է իմ ոտքի հետքերով քայլեին։ Հետաքրքիր բան էր. վեցերորդ  զինվորի ոտքի տակ ական էր պայթում,- հիշում է Արթուրը և շարունակում,-ութ հոգի զոհվեցին, տասը` վիրավորվեցին։ Ես մեջքից, ոտքից վիրավորվել էի, բայց կարելի էր դեռ դիմանալ,նրանց  տեղ հասցնե»լ։

          Արթուրի ծնկոսկրի մեջ բեկոր էր մնացել։ Փայտի կտորը ատամներով ուժեղ կծելով, որպեսզի ցավին դիմանա` դանակի  ծայրով ինքնավիրահատություն է անում, մինչև որ հասնում են բուժքույր Աղավնուն ։

          «Մարդիկ եղան մահապարտներից, որ մնացին էնտեղ ապրելու։ Դա ինձ համար ամենահուզիչն էր ու ամենամեծ ձեռքբերումը։ Մեր ժողովրդի երկու հատվածները վերագտնում էին իրար։ Միայն տեսնել էր պետք , թե արցախցի կանայք ինչպես էին խնամում վիրավոր տղաներին։ Մեր հաղթանակի գաղտնիքը այդ փոխադարձ սիրո, միասնության մեջ էր»,- պատմում է Արթուր Ալեքսանյանը։

          1992 թվականն էր։ Մեծ բարերար Վահագն Հովնանյանը ֆինանսավորում էր Արցախի թե՛ մշակութային, թե՛ այլ օջախներին — օգնություններ էր ուղարկում`հոգալով նաև փախստականների կարիքները։     Նա իր գեղեցկուհի աղջկան` Նինային ուղարկում է Արցախ, որպեսզի ծրագրերին ծանոթանա և տնօրինի այն։ Պարգև սրբազանն է դիմավորում  Նինային և ներկայացնում ծրագրերը։Սրբազանը զանգում Է Արթուրին,թե շատ կարևոր գործ կա,և հրավիրում Վանք գյուղը և, որ Նինան սպասում է իրեն։

          «Վանք չհասած` տեսնեմ` ականապատված լեռան լանջին մի աղջիկ ծաղիկ է հավաքում։ Ասում եմ. «Ո՞վ ես , ո՞վ է քեզ թույլ տվել այս դաշտը մտնել»։ Թե`«Ծաղիկ հավաքելու համար Ղարաբաղում հատուկ թույտվությո՞ւն է պետք», պատմում է Արթուրը և շարունակում,-ասացի`  «Այո՛, արի շու՛տ նստիր ավտոն և հեռացի՛ր այստեղից»։ Գլխարկով էր, սիրուն, բարակիրան աղջիկ էր։ Հայերեն դժվար էր խոսում, բայց կարողանում էր բացատրել իր ուզածը։ Տեսա`ինձ չի լսում, զայրացա, նույնիսկ հայհոյեցի։ Ծաղկեփունջը խփեց երեսիս։ Ավելի ջղայնացա ու կարգադրեցի դնել մեքենայի մեջ, տանել։

          Արթուրը հասնում է Վանք ու  Պարգև սրբազանին հարցնում   Նինայի մասին, և այդ պահին էլ, անմիջապես հասկանում է , որ Նինան  ծաղիկ հավաքող աղջիկն էր,ում նա ուժով ստիպել էր  հեռանալ։

          Արթուրը վիրավորվեց նաև Գանձասարի, Մարտակերտի մարտերի ժամանակ։ «Ղարաբաղ» կոմիտեն նրան ուղարկում է Նյու Յորք ապաքինվելու։ Եվ կյանքն իր անակնկալն ունի, այստեղ նորից Նինային է հանդիպում։ Նրանք պիտի նորից հանդիպեին, որովհետև նախախնամությունը սահմանել էր, որ նրանք ծնվել են միմյանց համար։ Եվ նրանց մեծ սերը պիտի կռվան լիներ ամուր ու հաստատուն ընտանիքի ու երկու  աննման դուստրերի`Կատյայի և Գայանեի։

            Գնդապետ Արթուր Ալեքսանյանը  Գանձասար-Չլդրան ճակատի հրամանատարն էր,հրամանատար էր նաև Մահապարտների ճակատում։ Երևելի հայորդին «26»-ի հրամանատար Յուրա Հովհաննիսյանի տեղակալն էր։ Արթուր Ալեքսանյանը պարգևատրվել է  ՀՀ և ԼՂՀ  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով։

          Պատերազմից հետո Արթուրին Երևանում Հատուկ  նշանակության զորքերի գլխավոր հրամանատար նշանակեցին։Զորամասի թիվը Արթուրը ընտրեց, Արարատ լեռան բարձրությունը` 5165-ը, որպես համահայկական խորհրդանիշ։

          «Կյանքում ինձ համար վատ հայ չկա, շատ անգամ  նաև հարգել եմ իմ թշնամիներին, եթե արժանի թշնամի է։Բայց մի բան չսիրեցի. խորամանկությունն ու նենգությունը, երբ մարդիկ դավադիր ճանապարհով են փորձում տեղ հասնել»,-մտահոգ ասում է Արթուրը։

          Պատերազմն ավարտվել էր հաղթանակով, գնդապետ Արթուր Ալեքսանյանը զբաղվում էր իր սիրելի գործով`Հատուկ նշանակության  զինվորներ պատրաստել երկրի համար։ Ամուսնացել էր սիրած կնոջ հետ և արդեն երկու զավակներ ուներ։ Կարծես թե ամեն ինչ կարգին էր, բայց մի երազանք, միևնույն է, դեռ կիսատ էր`բարձրանալ Արարատ լեռը և այնտեղ ծածանել Ղարաբաղի և Հայաստանի դրոշները։ Եվ մի քանի անգամ վիրավորված ու վիրահատություն տարած, երկաթե ծնկով նա հասնում է իր երազանքին` ընկերների հետ բարձրանում Արարատ` տանելով իր հետ հայոց երկու պետությունների սրբազան դրոշները։

          Այդպիսին էր, և այդպիսին է գնդապետ,Ղարաբաղի և Հայաստանի հերոս` Արթուր Ալեքսանյանը։

           Այս փոքրիկ հոդվածը շատ նեղ է ներկայացնելու նրա գործնեությունն ու կենդանի հիշողությունը։ Հուսանք, որ մի օր այդ ամենը կամփոփվեն առանձին գրքում, և այդ գիրքը կլինի ազնիվ վկայություն  և՛ մեր սուրբ նահատակների, և՛ ապրողների համար։

                                                                                                                                       ԱՆՆԱ   ՏԵՐ- ԳՈՒԼԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...