23:25
04/16/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Շուշի` քսան և յոթ հազար քսան

2013-05-08 15:54

                           «Դե Ֆակտո» 72 (2012թ.)

Շուշի` քսան և յոթ հազար քսան

          Կային ժամանակներ, երբ հայոց մեր հին  աշխարհում արքաների, բազմաթիվ  իշխանների կողքին կային  նաև զարմանալի  երգիչ-աշուղներ, ասացողներ ու բանաստեղծներ, որոնց զարմից էր տարաշխարհիկ գուսան Միսկիմ Բուրճին, ում երգերը այսօր, ափսոս, գրեթե ոչ ոք չի վերհիշում, այնինչ `այդ հրաշալի բանաստեղծն ու երգիչը երգում էր.

                                 Ես շուշեցի Միսկիմ Բուրճիս

                                  Խոսքս Ղարաբաղ եմ ասում,

                                   Ոչ թե երեկ ու այսօր,

                                   Կարելի է վաղ եմ ասում։

          Ինչ հրաշալի է ասված. այսինքն թե` հնուց,  շատ հնուց Ղարաբաղի լեզվով ենք խոսել, Ղարաբաղի լեզվով ենք երգել, Ղարաբաղի լեզվով ենք գրել…

          Շուշի` գեղեցիկ քաղաք, ջահել` քսան տարեկան, բայց և հին` յոթ հազար տարեկան։ Արցախի հոգու և մարմնի մայրաքաղաք։ Նախճիրներ տեսած մեր քաղաք։ Քո  որդիների արյան գնով ազատագրված մեր քաղաք… Եվ տա Աստված, սիրելի քաղաք, որ  սա քո վերջին ազատագրումը լինի։

          Եվ ես հավատում եմ, որ այդպես էլ կլինի։ Կլինի նաև այն , որ շուտով անկախ Արցախի մայրաքաղաք կհռչակվես, քանզի թագը պիտի լինի թագավորի գլխին, իսկ թագավորը դու ես։ Ես հավատում եմ , ուստի այդ հավատով էլ  թերթում եմ քո կյանքի պատմությունը, թերթում եմ  էջ առ էջ  ու  հիանում քեզանով։

           Եվ այն ինչ հիմա գրելու եմ քո կյանքն է հանրագիտարանային պատմությունների մեջ։   Եվ այսպես.

 

          Արցախ նահանգի Վարանդա գավառում էր գտնվում  հինավուրց բերդաքաղաք Շուշին։ Շուշին բնական անմատչելի ամրոց էր։ Այն ունի հարուստ պատմություն։։            Տասնիններորդ դարում  միջնադարյան Շուշի ամրոցը ծաղկման շրջան է ապրել և դարձել հարավային  Կովկասի  կարևորագույն արհեստագործական, առևտրական, մշակութային և կրթական կենտրոն։

          Առևտրական կապեր է ունեցել Պարսկաստանի, Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ։ Քաղաքում  գործել են ուսումնարան, տպարան, թատրոն, լույս են տեսել երկու տասնյակից ավել պարբերականներ։

          Այդ շրջանում Շուշին վաթսուն հազար բնակչություն ուներ և Թիֆլիսից հետո  Անդրկովկասի երկրորդ քաղաքն էր։ Բացի հայերից, որ բնակչության մեծամասնությունն էին կազմում, ապրում էին նաև կովկասյան թաթարներ  և ռուսներ։ 1918-1920թթ. Շուշին Ղարաբաղի Ժողովրդական կառավարության  նստավայրն էր։ 1920թ. թուրքացեղ  բանակը ավերել է քաղաքի հայկական մասը, կոտորել հայ բնակչությանը։ 1923թ.նորաստեղծ  Լեռնային Ղարաբաղի մարզի  նոր մայրաքաղաք է հայտարարվել Ստեփանակերտը։

Իսկ Շուշին այլևս չի վերականգնվել։     Շուշիի մասին Լեոն իր «Գավառական հերոսներ» պատմվածքում գրում է.

           «...Այդտեղ հայերը քաղաքի մեծ մասն են գրավում, թուրքերը` փոքր մասը։ Երկու ազգերը ապրում են զատ-զատ, բոլորովին առանձնացած միմյանցից։ Թուրքը հայի մասին շատ և շատ բան գիտե, որովհետև թուրք է, ոչ ոքից վախ չունի, գալիս է արձակ-համարձակ հայի թաղն է շրջում։ Իսկ հայը թուրքի մասին ոչինչ չգիտե, որովհետև վախում է թուրքից և թուրքի թաղից, վախում է այդ թաղի ծուռումուռ փողոցներից և այդ փողոցներում թավալվող «թուրքի լակոտներից», որոնց անունով հայ մայրերը վախեցնում են իրանց երեխաներին։ Թուրքերի ահագին թաղը հայերի համար անծանոթ երկիր է։ Ես էլ, իբր հայ, թուրքերին չեմ ճանաչում և հայերի մասին եմ խոսում»։

          Սիրելի  Լեո պատմաբան, ես` քո ընթերցողը, հիանալով քո ազնիվ տողերով, տխրում եմ նաև, որ դու չտեսար Շուշին ազատագրված, չնայած դու գիտեիր, որ դա մի օր պիտի լինի։ Սերունդների երթը անկանխատեսելի է, բայց դու կանխատեսել էիր, քանի որ հիմա մենք էլ թուրքերի մասին ահագին բան գիտենք, ի տարբերություն ձեր սերնդի, որ չգիտեիք։

          Եվ շնորհակալություն քեզ, մեծն Լեո պատմաբան, քանի որ ձեր գրի հիման վրա մեր սերունդը ազատագրեց Շուշին։ Եվ շուտով, կարծում եմ, որ Շուշիի հրապարակներից մեկում մենք ազգովի կտեսնենք ձեր վսեմաշուք արձանը։ Մարդ-մեծ` ում պարտք ենք մեր իմացությամբ և ճանաչողությամբ։ Քանի որ այն տղաները, ովքեր գնացին Շուշին ազատագրելու, բոլորը կարդացել էին Լեո, կամ գոնե գիտեին, թե ինչ է գրել Լեոն։

          Փորձեմ շարունակել Շուշիի պատմությունը.

          Պատմական տարբեր  ժամանակաշրջաններում Շուշին մշտապես ենթարկվել է թուրքերի և այլ օտար նվաճողների ասպատակություններին, որի արդյունքում հայերը  մարդկային և նյութական մեծ  կորուստներ են կրել,  բայց փորձել են պաշտպանել իրենց հողը։

          1988թ. Արցախի բնակչությունը խաղաղ ցույցերով ու օրինական` սահմանադրական եղանակով  խորհրդային իշխանությունից պահանջեց վերականգնել արդարությունը` Արցախը վերամիավորել Հայաստանին։

          Ադրբեջանը հայերի խաղաղ ցույցերին և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի օրինական որոշմանը պատասխանեց հայերի սպանություններով, ջարդերով ու կոտորածով։ Ամբողջ աշխարհը ցնցվեց  ադրբեջանցիների  կողմից Սումգաիթ քաղաքում  հայերի դեմ կազմակերպած  ցեղասպանությունից։

          Նման ճակատագրի  կամ բռնի տեղահանման արժանացան  նաև Բաքվի,  Շուշիի հայ բնակչությունը։

          Եվ Արցախը ինքնապաշտպանության ելավ։

          Սկսվեց Ղարաբաղյան ազատագրական պատերազմը, տե՛ր Աստված, որ երրորդ անգամ։

          Եվ հանուն Արցախի  ազատագրման  ծավալված պայքարում համախմբվեց ողջ հայությունը, և յուրաքանչյուրը մտածելով, թե իր երկրի սահմաններում պարտվող ժողովուրդը իրավունք չունի խոսելու անկախ հայրենիքի մասին` գործեցին անձնուրաց, նվիրված հայրենիքին ու ցեղին

          Պատերազմի ժամանակ Շուշին դարձել էր Ադրբեջանի  հիմնական ռազմական հենակետը։ Շուշիի ազատագրումը Արցախի համար  կյանքի և մահվան հարց էր։            1992թ. մայիսի  ութից ինը իրականացվեց  հայ ռազմարվեստի  ամենափայլուն գործողություններից մեկը` Շուշիի ազատագրումը։ Հետագայում տարբեր երկրների  բազմաթիվ զինվորական բարձրաստիճան  ներկայացուցիչներ և մասնագետներ բազմիցս իրենց  հիացմունքն ու  զարմանքն են արտահայտել այն մասին, թե  ինչպես հայերը կարողացան  մի գիշերվա գրոհով ազատագրել այդ անառիկ  բերդաքաղաքը, որը երեք կողմից պաշտպանված էր լեռներով ու  անդունդներով։

          Շուշիի ազատագրման գործողությունը  մշակվել ու ղեկավարվել է  հայ տաղանդավոր ռազմական մասնագետների և ազատագրական  պայքարի հերոսների կողմից` լեգենդար գեներալ  Արկադի  Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) ղեկավարությամբ։ Շուշիի ազատագրման գործողությանը նախապես տրվել է «Հարսանիք լեռներում»  անվանումը։

          Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում։ Մայիսի 8-ի երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից։ Սակայն հաջորդ օրը, կեսօրին, հարձակման են անցել հակառակորդի մեկ  ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր, դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել։

Երեկոյան ավարտվել է Շուշիի «մաքրման» գործողությունը։ Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրված էր։

          Ադրբեջանցիները իրենց հիմնական  զինապահեստ էին դարձրել  Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին` վստահ լինելով, որ հայերը ոչ մի դեպքում չեն  ռմբակոծի եկեղեցին։ Բարեբախտաբար, Աստծո կամոք, ադրբեջանցիները խուճապահար  փախուստի ժամանակ, չհասցրեցին պայթեցնել եկեղեցին։

          Ինքնապաշտպանության ուժերի 1991թ. վերջի և 1992թ. սկզբի հաջող գործողությունները, մի շարք կրակակետերի ճնշումը, Խոջալուի ազատագրումը (25-26 փետրվարի, 1992թ.) և օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար։

          Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին։ Դրանով Արցախյան շարժումը թևակոխել է որակական նոր փուլ՝ վճռական բեկում է մտցվել պատերազմում, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը դարձել է ավելի քան իրական։

          Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը։

          Շուշիի ազատագրման պլանը օրհնել և հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Քաղաքի ռազմական գործողության փայլուն ավարտը, մանավանդ կորուստների և տևողության նվազագույն չափը, որ հարուցել է

ռազմարվեստի մասնագետների հիացմունքը, հայ մարտիկների խիզախության, գրոհի փայլուն կազմակերպման արդյունք էր։

          Շուշիի ազատագրումով վերջնականապես ամրապնդվել է թվաքանակով ու միջոցներով գերակշռող թշնամուն սեփական ուժերով հաղթելու հավատը։ Այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին։

Այս հաղթանակն ունեցել է նաև համահայկական խոշոր նշանակություն և համաշխարհային հասարակության համար բացահայտել է Արցախյան հիմնահարցի նպատակների ու խնդիրների ողջ լրջությունը։

          Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարված է «Շուշիի ազատագրման և հաղթանակի» օր։

           Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգևոր կենտրոնը Շուշիում է։

          Այսօր Շուշին, ինչպես հազարավոր  տարիներ  առաջ, դարձյալ հայկական քաղաք է։ Եվ   ես հավատում եմ, որ ընդմիշտ հայկական քաղաք է լինելու։

          Շուշիի ազատագրումը և ընդհանրապես  Արցախի ազատագրական պայքարի փայլուն հերոսական պատումը,  հավերժ կմնա մեր ցեղի պատմության  տարեգրության մեջ։ Արցախյան  հերոսամարտի օրերին կատարվեց  անհավատալին. հայն ազատագրվեց զոհի բարդույթից և  հայի այս նոր  որակը սարսափեցնում է թշնամուն;

          Եվ ափսոս, որ  Լեո մեծ պատմիչը մեզ հետ չէ, որ  տեսներ. հայը այլևս թուրքից չի վախենում։ Այսօր թուրքն է վախենում հայից։

                                                                  ԱՆՆԱ  ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...