2013-05-08 15:01
«Դե Ֆակտո» 72 (2012թ.)
Մայիս ամիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է։ Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարված է «Շուշիի ազատագրման և հաղթանակի» օր։ 20 տարի առաջ, շնորհիվ ազգային միասնության և աննախադեպ սխրագործությունների, հայերը ազատագրեցին ոչ միայն Շուշին, այլ նաև ստեղծեցին կանոնավոր բանակ։
2012թ. մայիսի 9-ը հոբելյանական էր, քանի որ տոնեցինք Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի ստեղծման 20-ամյակը։ Այսօր՝ 20 տարի անց, Շուշին վերագտնում է իր երբեմնի գեղեցկությունն ու վեհությունը, իր մշակութային ու կրթական կենտրոն լինելու իրավունքն ու առաքելությունը, իսկ հայոց բանակը շարժվում է դեռևս 20 տարի առաջ որդեգրած զարգացման և հզորացման իր ուղով։
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարը նվիրվում է Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի ստեղծման 20-ամյակին։ Այդ առիթով մեր ստեղծագործական խումբը մեկնեց Արցախ և վերադարձավ Հայաստան՝ հիացած Արցախ աշխարհի գեղեցկությամբ, ԼՂՀ ողջ տարածքով տարվող ակտիվ աշխատանքներով, արցախցու հպարտ կեցվածքով ու հայրենասերի անօրինակ կերպարով։
Ցավոք, այսօր քիչ է խոսվում արցախյան պատերազմում իրենց ներդրումն ունեցած իրական հերոսների մասին։ Նրանցից է ԼՂՀ պաշտպանության փոխնախարար, Ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ով, ինչպես ինքն է ասում, երբևէ չէր մտածել զինվորական դառնալու մասին, մանավանդ գեներալական ուսադիրներ կրելու մասին, բայց ստիպված էր որդեգրել այդ ճանապարհը, քանի որ հարցը վերաբերում էր հայրենիքի լինել-չլինելուն։
Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի ստեղծման 20-ամյակի առթիվ։
Վերջում ուզում եմ ավելացնել` մենք չպետք է մոռանանք, որ պատերազմը դեռ չի ավարտվել։ Մենք պետք է զգոն լինենք և պատրաստ՝ հասնելու մեր վերջնական հաղթանակին։
Մենուա Հարությունյան
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ