20:18
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անցյալը արժևորելով՝ նայենք առաջ

2013-05-07 11:20

«Դե Ֆակտո» N80

2012 թվականը գեղանկարիչ Մուշեղ Գրիգորյանի համար արգասաբեր էր: Նկարիչը, ում ստեղծագործությունները ցուցադրվել են Մոսկվայում, Բարսելոնում, Տոկիոյում, Վիենայում, Փարիզում, Հալեպում, ընդգրկվել հեղինակավոր ՙInternational art promotion՚ կազմակերպության ՙMillennium՚ արվեստի ուղեցույցում, եղել է Իտալիայում: 10-օրյա ոչ աշխատանքային այցը Գրիգորյանը պատկերավոր՝ դեպի Վերածննդի հայրենիք  ուխտագնացություն է համարում.

- Մեծ էր տպավորությունը Հռոմից, Ֆլորենցիայից, Նեապոլից… Ճշմարիտ խոսք է` արվեստագետը աշխարհի քաղաքացի է: Անկեղծորեն, հարազատություն, ջերմություն էի զգում: Իտալիան մի քանի հազար տարվա մշակութային վիթխարի՝ խտացված էներգիայով տարածք է, և այդ ամենն անհնար է չզգալ, չտպավորվել, չոգեշնչվել… Վերադարձա աշխատելու, ստեղծագործելու մեծ էներգիայով. կարճ ժամանակահատվածում բավականին նկարել եմ:

- Ապա՝ վերադարձաք մեր իրականություն…

- Մեր մշակութային իրականությունն այնպիսին է, ինչպիսին որ կա՝ համաշխարհային արվեստի, մշակույթի մի փոքր մասնիկը… իր ուրույն դերով և տեղով: Իհարկե, համաշխարհայնացման ներկա արագընթաց տեմպերը հաճախացրել են շփումները, որոշակիորեն համահավասարեցնելով նաև մշակութային սահմաններն ու ճամփաբաժանները: Այս առումով, համարում եմ, որ այդ տեղը պահպանելու համար շատ ավելի ջանք ու եռանդ է հարկավոր: Մենք կարող ուժեր ունենք, թերևս հնարավորություններն ու  պայմաններ են որոշակի դժվարություններ առաջացնում: Մեր դժվարությունները պայմանավորված են նաև մեր աշխարհաքաղաքական դիրքով, ազգային հիմնախնդիրներով: Դրանք, անշուշտ, իրենց արտացոլումն են ունենում: Մի լուրջ խնդիր ունենք՝ անընդհատ անցյալին ենք նայում, շատ ենք շահարկում, թե մշակույթ ունեինք դեռ այն ժամանակ, երբ այլ ազգեր ծառերի վրա էին ապրում: Պետք է սթափվել նման տվայտանքներից, ի վերջո ըմբռնել, որ մենք այն ենք, ինչ հիմա ունենք: Մենք դեռ հոգևոր ինքնության, ինքնաճանաչման խնդիր ունենք թե° յուրաքանչյուրս և թե° համազգային առումով: Եվ պետք է, պարզապես, անցյալը գնահատելով, վերարժևորելով՝ նայել առաջ: Առհասարակ կարևոր է ընկալել, որ ազատությունը չի նշանակում համակարգից դուրս գտնվել. անպայմանորեն որևէ գեղագիտական, էթիկական համակարգում պետք է լինել...Երբ այդ հարցերը մեզ համար պարզենք, ամեն ինչ շատ ավելի պարզ կլինի: Բոլոր դեպքերում, երբ մարդը հոգևոր ինքնություն է ձեռք բերում, երջանկության զգացողությունն է համակում նրան…  

- Համաշխարհային մշակույթում մեր տեղը պահպանելու կարևոր գործում ներդրում ունի նաև ձեր գերդաստանը՝ հանձինս ժողովր‎դական նկարիչ Զուլում Գրիգորյանի և Ձեզ:

- Մեծացել եմ հորս՝ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանի արվեստանոցում: Աչքս բացել, հորս ձեռքին վրձին եմ տեսել, ինչպես նաև ամենօրյա շփումները մեր մշակույթի մեծերի հետ: Երբ կարդում եմ եվրոպական մշակույթի զարգացման առանձին դարաշրջանների մասին պատմությունները, այդ միջավայրը իմ աչքին խիստ առարկայական է պատկերանում: Այդ փոքրիկ Փարիզը՝ ՙհայկական Փարիզը՚,  ես տեսել եմ հորս արվեստանոցում, ուր հաճախ էին լինում մեր թատրոնի, կինոյի, գրականության, կերպարվեստի մեծերը: Նրանցից յուրաքանչյուրի հետ հայրս յուրովի շփվում և բարեկամություն էր անում: Այդ ամենն, անշուշտ, իր հետքը թողել է իմ աշխարհայացքի ձևավորման վրա: Հետահայաց դիտարկումով վերապրելով, արժևորելով այդ ամենը, կարող եմ ասել, նաև՝ հետագա գործունեության ընտրության հարցում, երբ թողնելով Հայաստանի գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան, այն տարիներին խիստ ժամանակակից՝ կիբեռնետիկի մասնագիտությունը, որոշեցի նկարչությամբ զբաղվել: Ինչ-որ տեղ ոգևորեց նաև առաջին աշխատանքներիս վերաբերյալ հորս դրական գնահատականը, ինչն էլ հանդիսացավ իմ ուղեգիրը կերպարվեստում: Իսկ նա այդ հարցում խիստ անաչառ է: Ինչևէ, բնությունն իրենն արեց… Դա 1985 թվականին էր, իսկ 1988-ին արդեն ԽՍՀՄ նկարիչների միության անդամ էի:

- Ափսոսելու առիթ երբևէ ունեցե՞լ ես:

- Նկարչությունը աշխարհընկալում է, անցած, ապրած տարիներդ անպայմանորեն առկա են քո ստեղծագործություններում: Համարում եմ, որ իմ ապրած կյանքն  անպայմանորեն նկարչությանն էր հանգեցնելու, եթե անգամ էլի շարունակեի իմ նախկին ընտրած ուղին: Եվ շատ ավելի լավ էր, որ ժամանակին ճիշտ որոշում կայացրի:

- Մուշեղ, ո՞րն է արվեստագետի հաջողության գրավականը: 

- Շատ կարևոր է, թե որքանով ես կարողանում անմիջական, անկեղծ լինել: Ոչ անկեղծ մոտեցումը, հնարովի իրավիճակը անմիջապես արտացոլվում է ստեղծագործության մեջ: Եթե անկեղծ ես, զգում է նաև հանդիսատեսը և նրա հետ երկխոսությունը ստացվում է: Իսկ դա շատ կարևոր է նկարչի համար, կարևոր է իր հետագա ստեղծագործական իրավիճակներում: 

- Ի՞նչ զարգացումներ և միտումներ են ներկայում արդիական:

- Ներկայում առհասարակ ողջ աշխարհում դպրոց հասկացությունը որոշակիորեն աղավաղվել և, ինչ-որ տեղ սպառել է իրեն, ընդ որում՝ և° ըստ անհատականության, և° նաև ըստ աշխարհագրության: Իսկ նորի ուրվագիծ չի առաջարկվում: Թերևս վերջին տասնամյակների կտրվածքով կոնցեպտուալ արվեստն է առաջխաղացում ապրում: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլոր ուղղությունները զուգահեռաբար ընթանում են, յուրաքանչյուրն իր գնահատողն ունի: Թվում է, թե ինչ-որ տեղ քաոսային իրավիճակ է, բայց ես դա կորակեի որպես կարգավորված, ներքին օրինաչափություններով քաոս, քանի որ դասական իմաստով կարգավորումը արվեստում անընդունելի և անիրականանալի է: Իսկ նման քաոսային իրավիճակները արվեստում առաջընթացի, նոր ուղղությունների սկիզբն են կանխորոշում: 

- Անցյալն արժևորելու հորդորի՞ն է միտված Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված Զուլում Գրիգորյանի հետ Ձեր համատեղ նախաձեռնությունը: 

- Դա ավելի շուտ հորս մտահղացումն է: Նրա կենսագրությունը անբաժանելի է եղեռնի թեմայից: Հորական պապը` Հարություն Գրիգորյանը /Գրո Արե/, հայդուկային շարժման մասնակից էր, սասունցի, իր 4 որդիների հետ սպանվել է հայրենի հողը պաշտպանելիս: 50 հոգանոց գերդաստանը կոտորածների զոհ է դարձել, մի քանի հոգի են միայն ջարդերից մազապուրծ փրկվել…Ինքս էլ մեծացել եմ եղեռնի մասին հորս իրական պատմությունները լսելով…

 Ուշագրավ և ինչ-որ տեղ զարմանալի է, որ տևական ժամանակ նա չէր անդրադառնում այդ թեմային, հիշողության դարանում ծալել էր այդ էջը, սակայն վերջին շրջանում եղեռնի թեմայի շուրջ զարգացումները, հաճախակի դարձած տարբեր քննարկումները, կարելի է ասել նրա հոգում իսկական խռովք, ավելի շուտ զայրույթ առաջացրին: Նա զայրանում է, տեսնելով, որ այդ ամենը հաճախ է անհարկի շահարկվում: Արդյունքը՝ Եղեռնի թեմայով մեր համատեղ ալբոմի ստեղծման նախաձեռնությունն է, որը անմեղ նահատակների հիշատակին յուրօրինակ հարգանքի տուրք է: Ալբոմի մակետն արդեն պատրաստ է. ընդգրկվել են Զուլում Գրիգորյանի 9 մեծածավալ կոմպոզիցիոն կտավները և աբստրակտ ոճով կատարված վերջին տարիների իմ 4 ստեղծագործությունները:

Ալբոմի տպագրությունը նախատեսվում է 2013 թվականին:

Ռուզան ՊԵՊԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...