2013-05-03 11:11
«Դե Ֆակտո» 83 (2013թ.)
Գրիգորի Գրիգորյան, Աջափնյակ համայնքի ԲՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ ցուցակի 18-րդ համար
Երբ 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Գագիկ Ծառուկյանը գլխավորեց ԲՀԿ ցուցակը, գաղափարական կողմնորոշումս և հայացքներս ինձ ուղղեցին դեպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն։
-Պարո՛ն Գրիգորյան, կխնդրեմ պատմեք՝ ինչպիսի ճանապարհ եք անցել, ինչո՞ւ որոշեցիք դառնալ ԲՀԿ անդամ և մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։
-Նախ նշեմ, որ ավարտել եմ Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, ստանալով մագիստրոսի կոչում՝ ընդունվել եմ ասպիրանտուրա։ 1996թ. զբաղվում եմ բռնցքամարտով, եղել եմ Հայաստանի եռակի չեմպիոն, կրկնակի անգամ հաղթող եմ ճանաչվել միջազգային մրցաշարերում, սպորտի վարպետի թեկնածու եմ։ Այժմ սիրողական մակարդակով եմ զբաղվում սպորտով։ Երկար տարիներ, լինելով անկուսակցական, ներգրավված եմ եղել ընտրական գործընթացներում, ակտիվ գործունեություն եմ ծավալել Աջափնյակ համայնքում, փորձել եմ օգտակար լինել մեր համայնքի բնակիչներին։ 2007թ. աշխատել եմ Աջափնյակի թաղապետարանում։ 2008թ. ընտրվել եմ Աջափնյակ համայնքի ավագանու անդամ։
Երբ 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Գագիկ Ծառուկյանը գլխավորեց ԲՀԿ ցուցակը, գաղափարական կողմնորոշումս և հայացքներս ինձ ուղղեցին դեպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, որոշեցի անդամագրվել այդ կուսակցությանը և ուժերս ներդնել վերջինիս հաղթանակի համար։
Պատմություն կերտող հիմնական ուժերը մշտապես եղել են հզոր անհատները, ովքեր հանդիսացել են այն առանցքը, որի շուրջ համախմբվել են ազգերի նվիրյալները։ Գագիկ Ծառուկյանը տարիների ընթացքում գործով է ապացուցել, որ ինքը հզոր անհատ է, ում շուրջ կարելի է համախմբվել, վստահել նրան ու հավատալ։ Նա ինչ խոստացել, իրականացրել է ու ապացուցել, որ մարդիկ, իրեն հետևելով, հուսախաբ չեն լինի։
Քանի որ Երևանի ավագանու ընտրությունները կուսակցական պայքար է, լինելով խորհրդի անդամ, ես չէի կարող մենակ թողել իմ ընկերներին, Աջափնյակի ազգաբնակչությանը, այդ պատճառով մեծ սիրով այդ բեռը վերցրեցի իմ ուսերին, որպեսզի հաղթանակով դուրս գանք այս ընտրապայքարից։ Ի ուրախություն ինձ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջին համարի ներքո ինձ ներկայացրեց Աջափնյակ համայնքում, իսկ ԲՀԿ ընդհանուր ցուցակում ես 18-րդ համարն եմ։ Շնորհակալ եմ կուսակցությանը վստահության համար։ Պատրաստակամ եմ արդարացնել այն։
-Ի՞նչ ծրագրեր ունեք, ինչպիսի՞ն եք տեսնում Աջափնյակ համայնքը ԲՀԿ-ի հաղթանակից հետո։
-Ես ծնվել և մեծացել եմ Աջափնյակ համայնքում, շատ եմ սիրում մեր համայնքը և անհանգստացած եմ ներհամայնքային խնդիրներով։ Մեր համայնքը ծայրամասային է, և խնդիրներն այստեղ շատ են ու տարաբնույթ։ Մեր մայրաքաղաքի բյուջեն հավասարաչափ չի բաշխվում համայնքների միջև, առավել մեծ ուշադրության են արժանանում մայրաքաղաքի կենտրոնական հատվածները, իսկ ծայրամասերը հայտնվում են անուշադրության կենտրոնում։ Սակայն բոլորս էլ գիտենք, ինչպես պարոն Ծառուկյանն է նշել` Երևան քաղաքը միայն Թումանյան և Աբովյան փողոցներով չի վերջանում։
Աջափնյակում շատ են վթարային շենքերը։ Այդ հարցը բազմիցս բարձրացվել է ու մինչ օրս շատ մակերեսային լուծման արժանացել, հիմնարար մոտեցում այս հարցին չի ցուցաբերվել։
Երկրորդ խնդիրը համայնքի բարեկարգումն է, երրորդը՝ կանաչապատումը, չորրորդը՝ ջրամատակարարումը, հինգերորդը՝ տրանսպորտը, որի հետ կապված ինձ շատ են դիմում համայնքի բնակիչները։ Անաստասավան կոչվող թաղամասում գտնվող Բաշինջաղյան փողոցով, որը կապում է Լենինգրադյան և Ջանիբեկյան խաչմերուկները, ոչ մի երթուղային տաքսի և ավտոբուս չի անցնում, և համայնքի բնակիչները ստիպված են լինում ծանր պայուսակներով իջնել Շինարարներ կամ Հասրաթյան փողոցներում ու ոտքով հասնել տուն։
Համայնքի բնակիչները դժգոհում են նաև մանկապարտեզներից, դպրոցներից, դրանցում մատուցվող գիտելիքի որակից։ Աշխատատեղերի խնդիրն է շատ զգալի, հատկապես այն պատճառով, որ այստեղ մշտապես չեն եղել գործարաններ, առևտրի կենտրոններ։ Մեծացել է արտագաղթի ճանապարհն ընտրող մարդկանց թիվը, որը նույնպես շատ ցավալի երևույթ է։
Մինչև այսօր Աջափնյակը չունի եկեղեցի, բայց անընդհատ թմբկահարվում է, թե աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, սակայն փաստն այն է, որ ոչ մի բան էլ չի արվում։ Կարծում եմ՝ դրա հիմնական մեղավորը նաև Աջափնյակի թաղապետարանն է և այն հոգաբարձուների խորհուրդը, ովքեր միմյանց հետ չեն կարողանում համագործակցել, վերահսկել այդ աշխատանքները, և այսօր աջափնյակցին չունի այդ զորավոր մեծ ուժն իր համայնքում։ Աջափնյակը բնակչության քանակով լինելով ամենամեծ համայնքներից մեկը՝ մինչ այսօր չունի մարզադպրոց։
Այս խնդիրները տեսնելով՝ կարծում եմ, որ միմիայն պարկեշտ մարդիկ, ովքեր ունեն անցած ճանապարհ, կարող են ծառայել մեր քաղաքացուն, և նմանատիպ մարդկանց շնորհիվ՝ կարելի է թոթափել քաղաքի հոգսերը։
Ինձ համար ամենամեծ արժեքները ընտանիքն ու հայրենիքն են։
-Ես տեղյակ եմ, որ Դուք Ձեր միջոցներով աջափնյակցի փոքրիկների համար խաղահրապարակ եք կառուցել։
-Այո՛, դա իմ և իմ ընկերների նախաձեռնությունն էր, փորձել ենք երեխաների համար մի փոքրիկ գեղեցիկ խաղահրապարակ կառուցել, տեղադրել ենք մանկական կարուսելներ։ Ուրախ եմ, որ հաջողվեց մեր փոքրիկ ներդրումն ունենալ համայքնում, որը միակ ծրագիրը չէ, մեր թիմը մշտապես փորձում է նման ծրագրեր իրականացնել։
-Պարո՛ն Գրիգորյան, որո՞նք են այն արժեքները, որոնցով առաջնորդվում եք։
-Ինձ համար ամենամեծ արժեքները ընտանիքն ու հայրենիքն են։
-Պարո՛ն Գրիգորյան, նշեցիք, որ վերջին տարիներին ներգրավված եք եղել ընտրական գործընթացներում։ Ինչպիսի՞ վերաբերմունք եք զգում ժողովրդի կողմից ԲՀԿ-ի գործունեության նկատմամբ։
-ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որի ստացած ձայները ժողովրդի վստահության քվեներն են։ Ժողովուրդը վստահում է թե՛ Գագիկ Ծառուկյանին, թե՛ ԲՀԿ-ական գործիչներին, որովհետև իրենք երբևէ խոսքեր չեն շռայլել, չեն ստել։ Մենք միշտ մեր բնակչությանն ասել ենք, որ մեզ համար քարոզարշավը սկսվում է առաջին հերթին ընտրությունների ավարտից հետո, ոչ թե ընտրություններից մեկ ամիս առաջ։ Ես, լինելով Աջափնյակի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, կարող եմ ասել, որ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո մինչև ավագանու ընտրությունները շատ ծրագրեր են իրականացվել կուսակցության կողմից։
-Մասնավորապես՝ ի՞նչ ծրագրեր են իրականացվել Աջափնյակ համայնքում։
-Նշեմ դրանցից մի քանիսը։ Հուլիս-օգոստոս ամիսներին կազմակերպվել է Աջափնյակի մինի ֆուտբոլի բակային հանդիպումների մրցաշար։ Հունիս ամսին կազմակեպվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աջափնյակցի ուսանողների գալահամերգը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
Սեպտեմբերին ուշադրության կենտրոնում էին աջափնյակցի անապահով ընտանիքների երեխաները, ովքեր նոր ուսումնական տարվա սկսվելուն ընդառաջ՝ ստացան պայուսակներ, գրենական պիտույքներ։ Ավելացնեմ նաև, որ կազմակերպվեց ծնողազուրկ բազմաթիվ երեխաների մկրտության արարողությունը։ Մշտապես մեր հոգածության կենտրոնում են Երևանի թիվ 1 ինտերնատի ծերերը։
Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին Աջափնյակում իրականացվել են բարեգործական նախաձեռնություններ, մասնավորապես՝ աջակցություն են ստացել բուժման կարիք ունեցող բնակիչները, անվճարունակ ընտանիքների ուսանողները, նվերներ են ուղարկվել անապահով ընտանիքների երեխաներին։ Չեմ ուզում շատ թվարկել։ Բայց եթե այս ամենը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անում է՝ իշխանական լծակներ չունենալով, պատկերացրեք՝ որքան արդյունավետ կարող է աշխատել, եթե պատասխանատու պաշտոններում ունենա ազնիվ աշխատողներ, ովքեր պետական ողջ ունեցվածքը կուղղեն դեպի մեր ժողովրդի կարիքները հոգալուն։
Պետք է նշեմ, որ վերը նշված ծրագրերն իրակնացվել են՝ ի դեմս ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի և մեր տարածքային կազմակերպության անդամների։
Երևան քաղաքում և Աջափնյակում մենք գնում ենք միմիայն հաղթանակի։
-Ինչպիսի՞ ընտրապայքար եք ակնկալում և քարոզարշավի ինչպիսի՞ ծրագիր ունեք։
-Կարծում եմ՝ անցել են այն ժամանակները, որ մեր ժողովրդին կարողանան հրով, սրով, կաշառքով ստիպել ընտրություն կատարել։ Մենք տեսնում եք, որ «Բարգավաճ Հայաստան»-ի ծրագիրը ընդունված է բոլորի կողմից, մարդիկ հասկանում են, մեզ հարցեր են ուղղում, մենք էլ մեր հերթին պատասխանում ենք, բացատրում, թե ինչն է պատճառը, որ այս կամ այն խնդիրը դեռևս լուծում չի ստացել։ Մենք հանդես ենք գալիս որպես ընկեր, բարեկամ, ով մտահոգ է աջափնյակցու խնդիրներով։
Մենք նախատեսել ենք 25 բակային հանդիպումներ, կլինեն նաև դահլիճային հանդիպումներ։ Մեր գրասենյակների թիվն Աջափնյակում հասնում են 25-ի, աշխատում ենք առավոտից մինչև ուշ գիշեր։
Երևան քաղաքում և Աջափնյակում մենք գնում ենք միմիայն հաղթանակի։
-Մոտավորապես քանի՞ տոկոս եք ակնկալում։
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ունի բոլոր հնարավորությունները, որ Երևանի ավագանու ընտրություններում տոնի իր բացարձակ հաղթանակը։ Արդեն մայիսի 6-ին մենք կձևավորենք այն քաղաքապետարանը և ավագանիների խորհուրդը, որին մեր ժողովուրդն այսքան տարի սպասել է և կարծում եմ 2013թ., որն իր մեջ ներառում է 13 գեղեցիկ, խորհրդավոր թիվը, խորհրդավոր տարի է լինելու և մեր ազգաբնակչությունը վերջապես տեսնելու է, թե ինչ բարեփոխումներ են կատարվում Երևանում։ Մենք կառուցելու ենք այն Երևանը, որի մասին երազել են մեր արքաները։ Կփորձենք անել այնպես, որ յուրաքանչյուր երևանցի իրեն զգա իր քաղաքի լիիրավ տերը։
Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ