2013-05-03 11:09
Ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը` Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ
Ամեն տարի, երբ մոտենում է ապրիլի 24-ը և մեր երիտասարդությունը նման կոչեր է անում, երթեր, խոսքեր չմոռանալու մասին, նկարներն է փոխում ֆեյսբուքում և այլն, ես լիովին հասկանում եմ նրանց, ինչ-որ պահ նույնիսկ ուրախանում, որ նման պահանջատեր սերունդ է մեծանում։ Բայց մի կողմից էլ զայրանում եմ, ուզում ուղղորդում տալ, ասել որ.....ավելի լավ է ներկայացնեմ 2004թ. նույն օրը օրագրումս կատարած գրառումը.
Մեր անցյալը վերաիմաստավորելու ևս մեկ օր...
Ամեն տարի` ապրիլի 24-ին, ցանկացած հայորդու նման ես նույնպես վերցնում եմ ծաղիկների մի փունջ և հանդարտ մաղող անձրևի տակ քայլերս ուղղում դեպի Ծիծեռնակաբերդ։ Հարգանքի այդ մի քանի հարյուր քայլերը լուռ անցնելով` մտովի փորձում եմ վերապրել պատմական այդ ժամանակահատվածը, տեղի ունեցածը և առհասարակ երևույթը։ Ցավագին այս հարցը շատերին է հուզել և հուզում է մինչև օրս։ Հայ ժողովրդի անասելի դժբախտությունն աշխարհում օրեցօր ավելի արդիական թեմա է դարձել։ Անցած 90 տարիները բավական են կատարվածը լիարժեք ընկալելու համար։ Եղեռնի զոհերին հիշելուց զատ` փորձենք հասկանալ, թե արդյո՞ք ոչինչ հնարավոր չէր ձեռնարկել մարդկային այդաստիճան զոհեր չտալու համար։ Մեզ` հայերիս, հատուկ է սեփական դժբախտության մեջ ուրիշներին մեղադրել։
Այո՛, չերկնչենք ասել, որ մենք ենք մեղավորը, որ մեզ մեր տան շեմին մորթել են։ Վերստին պիտի նշեմ, որ ամեն ազգ իր ճակատագրի տնօրենն է։ Անհերքելի է, որ հայ ազգը շատ է տառապել օտար նվաճողների լծի տակ, որոնցից ամենադաժանը թերևս եղավ Օսմանյան Կայսրությունը, որն էլ իր ցեղին հատուկ բորենային ոգեկոչմամբ իրականացրեց մարդկության կողմից մինչ այդ չտեսած դաժանությունը։
Սակայն, իմ շա՛տ սիրելի հայրենակիցներ, եկեք ձեզանից շատերի հետ չհամաձայնեմ, որ հայ ժողովուրդը չէր կարող պայքարել։ Ինչպես միշտ, այդ ժամանակ էլ ազգի նվիրյալները, որոնք կազմում էին մի ստվար զանգված, պայքարում էին և ոչ այնքան անարդյունավետ։ Այդ ազգամորթման ամոթալի իրականությունը մեզ` այսօրվա սերնդիս համար այնքան էլ դուրեկան չէ։
Ողջ աշխարհին աղաչիր, որ ճանաչեն քո դժբախտությունը։ Ուժեղները չեն աղաչում, իսկ եթե ուժեղ լինեինք, մեզ չէին մորթի։
Արևմտյան Հայաստանի ցանկացած գավառում ցեղասպանության իրականացման ժամանակ, եթե կազմակերպվում էր քիչ թե շատ ուժեղ ինքնապաշտպանություն, ապա այդքան մեծ զոհեր չէին լինում։ Այսինքն, եթե հայ ռամիկը զենք էր վերցնում ձեռքը, ապա թուրքի զորքը չէր կարողանում նրա ընտանիքը մորթել ու բռնաբարել։ Հարկավոր է վերլուծել այս բարդ երևույթը։ Բոլոր ժամանակների ամենահայը` Գարեգին Նժդեհը, ասել է, որ հայի մեջ ապրում է օտարամոլ մուրացկանը, որ միշտ ապավինում է օտարներին և ոչ սեփական ցեղային հոգեկերտվածք ունեցող դյուցազուններին, ովքեր կերտում են սեփական պատմություն։ Միայն նրանք են, որ տասով մահուն ընդառաջ գնալու քաջությամբ հաղթում են հազարին։
Այո՛, մենք խաղաղասեր ենք, այո՛, մենք բարի ենք, երիցս այո, մենք գիրն ենք պաշտում բոլոր առաքինություններից առավել, սակայն ճիշտ ժամանակն է խոստովանելու, որ այդ ամենից առաջ անհրաժեշտ է զենք պաշտել և զորական ուսմունք։ Եվ եթե հայ տղան մանկուց փափագեր զենք կրել ու հանուն ազգի զինվորագրվեր, ապա մենք անբառաչ գառների հոտի նման կերակուր չէինք դառնա օսմանցու ոհմակին։
Ոչ մի մեծ իրադարձություն չի կարող միանգամից ծագել առանց նախապատմության։ Հնարավոր չէր, որ երիտթուրքերն իրենց գործողություններով զգացնել չտային այդ ամենը, և եթե անգամ նրանք չմատնեին իրենց իրական առաքելությունը, ապա բազմամյա պատմությունը բավական պիտի լիներ, որ մեր ազգի երևելիները հայի վառօդը միշտ չոր պահեին։
Այստեղ կարող է լինել միայն մեկ բացատրություն` հայը նորից ու նորից հավատում էր եվրոպացուն կամ ամերիկացուն` այն դիմակավոր դերասաններին, ովքեր այլ ազգերի դիակների վրա կառուցում են իրենց հզորությունն ու բարեկեցությունը։ Իսկ մարդասիրական ատոմային ռումբերն ու համամարդկային արժեքները լավ քողարկված ծրագրեր են մեզ նման փոքր ու միամիտ ազգերին ծուղակը գցելու համար։
Մարդկության չափ հին ու պարզ է այս ճշմարտությունը։ Անցնող 90 տարիները բավական են այս ամենը հասկանալու համար։ Եվ այն ազգը, որը դա չի հասկացել, ստիպված է կրկին ու կրկին անգամ կորուստներ տալ։
Ահա, թե ինչ է հարկավոր սերմանել այն գալիք սերնդին, ով իրավունք չունի մոռանալ այդ անմեղ զոհերին և այն հողերը, որոնք դեռ չարագործների ձեռքին են։ Եվ այն ազգը, որ այս ամենը ճիշտ կմատուցի իր նոր սերնդին, այն ազգը, որը պատրաստ կլինի անցնել հոգեկերտվածքի հեղաշրջման բոցերի միջով, կարող է հետ շրջել պատմության անիվը։
Ահա, թե ինչ եմ ես մտածում ամեն տարի` ապրիլի 24-ին` անձրևի տակ հանդարտ քայլերս ուղղելով դեպի եղեռնի հուշահամալիր։
Վերադառնալ