16:42
04/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ինձ մենակ մի թողեք...

2013-04-30 11:32

«Դե Ֆակտո» 12 (2007թ.)

Ամեն ինչ անես, ունեցածդ տաս, կյանքդ նվիրես` վերջում կանգնես կոտրած տաշտակի առաջ։

            82 ամյա Ռաֆայել Կոնստանտինովիչը երկու զավակի հայր է, սակայն այսօր ճակատագրի դառը հեգնանքով իր կյանքի մայրամուտն անց է կացնում ծերանոցում։ Սրտի կսկիծով ու ցավով էր նա պատմում իր անցած կյանքը։ Ես հասկացա, որ մարդու ճակատագիրն առաջ է անցնում նրա մտքից ու սրտից, - ցավով նշում է նա, - ինձ դառը ճակատագիր է հատկացրել աստված։

            Պրն. Ռաֆայելն ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը եղել է ազգությամբ ռուս և լույս աշխարհ է բերել որդի ու դուստր։ Որդին այսօր ապրում է Վոլգոգրադում, իսկ դուստրը` Ֆրանսիայում։ 34 տարվա համատեղ կյանքից հետո նա բաժանվում է կնոջից։

            Կինս շատ էր սիրում ռուս ընկերուհիների հետ այս ու այն կողմ գնալ։ Ես էլ կտրուկ դրեցի հարցը` կամ ես, կամ ընկերուհիներդ։ Իսկ նա ընտրեց երկրորդը, - բացատրում է իրենց բաժանության պատճառը պարոն Ռաֆայելը։

            Այնուհետև նա ամուսնանում է հայ կնոջ հետ և հարազատ զավակի նման պահում նրա տասնամյա դստերը։ Անգամ վաճառում է Երևանի իր բնակարանը և նրա համար Պուշկինոյում տուն գնում` հիշատակ խորթ հորից։ Բայց այստեղ էլ ճակատագիրը խաղում է իր դառը խաղը։ Երբ աչքերս սկսեցին վատ տեսնել, երկրորդ կինս հայտնեց, որ այդ պատճառով այլևս չի կարող ինձ հետ ապրել։ Արդյունքում ես հայտնվեցի այստեղ, - ավարտում է իր պատմությունը ծերունին։

            Այսօր զավակներից ու կանանցից ոչ ոք չի այցելում նրան։ Վերջերս մի քանի անգամ զանգահարել է աղջկան Ֆրանսիա, սակայն զրուցել այդպես էլ չի կարողացել, միշտ հեռախոսի ինքնապատասխանիչն է եղել միացրած։ Նա ապրում է զավակների լուսանկարները կրծքին սեղմած, իսկ զավակ բառն արտասանելիս միշտ հուզվում է։ Զավակների հետ չապրելու փաստը նա այսպես է բացատրում. Իմ ծնողներն այստեղ են թաղված, ես ունեմ իմ տեղը, բացի այդ իսկական հայը երբեք իր գերեզմանը չի տեղափոխի օտար երկիր։ Այս հայրենասեր ծերունուն հանգիստ չի տալիս միայն մեկ միտք. Ամեն ինչ անես, ունեցածդ տաս, կյանքդ նվիրես, վերջում կանգնես կոտրած տաշտակի առաջ։ Այս խոսքերում ամփոփված է նրա ողջ կյանքն ու ցավը։ Ամբողջ խոսակցության ընթացքում նրա աչքերը միշտ թաց մնացին, իսկ ձայնը չդադարեց դողալ։ Իսկ վերջին երազանքը հայտնելիս նա նույնիսկ լաց եղավ. Ես ուզում եմ թոռներիս գոնե մեկ անգամ տեսնել, որ  հանգիստ կմեռնեմ։ Իսկ մեր զրույցն այսպես ավարտեց. Թույլ չտաք ծնողներին ինձ պես տառապել, քանզի ծնողը սրբություն է։ Թույլ չտաք, որպեսզի ձեր ծնողն ընկնի ծերանոց։

            Եթե Ռաֆայել Կոնստանտինովիչին լքել են երեխաները, որոնց նա նվիրել է ողջ կյանքը, ապա փոքրիկ Անահիտից հեռացել են ծնողները։ Նորածին փոքրիկին մայրը թողել է ծննդատանը, որից հետո նա տեղափոխվել է Նորքի Մանկան տուն։ Աշխատակազմի խոսքերով մայրը հինգ տարվա ընթացքում երբեք էլ չի հետաքրքրվել փոքրիկի ճակատագրով։ Ի հակադրություն սրան Անահիտի աչքերում այնքան մեծ համոզմունք կար, որ մայրիկն անպայման գալու է իր հետևից.

            Ես ամեն երեկո խնդրում եմ Աստված պապիկին, որ մայրիկս վերադառնա։ Ես հաստատ գիտեմ, որ նա գալու է։

            Փոքրիկը պատմում է նաև, որ երազում տեսնում է մայրիկին, խոսում և խաղում նրա հետ։

            Որտեղից է այս փոքրիկի մոտ այսքան մեծ հավատ, դժվար է ասել, սակայն ցավալի է պատկերացնել ինչ կլինի, երբ նա հասկանա, որ մայրիկը երբեք էլ չի գալու։ Եվ ընդհանրապես նրան լույս աշխարհ բերած կինն արժանի էլ չի, որպեսզի այդ անմեղ շուրթերը մայրիկ կանչեն նրան։

            Այսօր Հայաստանի 4 տուն-ինտերնատներում և 8 մանկատներում բնակվում են համապատասխանաբար 920 տարեցներ և հաշմանդամներ ու 940 երեխա։ Տարեցները ծերանոցներ են տեղափոխվում տարբեր պատճառներով. ոմանք` սոցիալական ծանր պայմաններից դրդված, ոմանք` միայնակ են մնացել և ապրելու տեղ չունեն, ոմանց էլ զավակներն են տեղավորում այստեղ նրանցից պարզապես «ազատվելու» համար։ Ինչքան էլ խորթ լինի մեզ համար, այնուամենայնիվ, հայ ազգի մեջ գտնվում են այնպիսի երախտամոռ զավակներ, ովքեր իրենց ծնողներին հանում են սեփական օջախից և տեղափոխվում են մեկ այլ վայր։ Շատ են, արդյո՞ք, այսպիսի զավակները, Նորքի տուն-ինտերնատի ղեկավար պրն. Արամայիս Ալոյանը չցանկացավ նշել, այլ ասաց. Ես նույնպես հայ ազգի զավակ եմ և չեմ ցանկանա որևէ թիվ նշել։ Այս իրավիճակը մեր ազգային արժանապատվությանը հարիր չէ, այն խարխլում է հայի ազգային դիմագիծը։

            Երեխաները նույնպես մանկատներ են տեղափոխվում տարբեր պատճառներով։ Ոմանք, սոցիալական ծանր պայմաններից դրդված, լքում են իրենց երեխաներին։ Սակայն, որպես կանոն, աշխատակիցների խոսքերով այսպիսի ծնողները հետզհետե մոռանում են երեխայի գոյության մասին և անգամ ուրախանում են, եթե նրանց որդեգրել ցանկացողներ են հայտնվում։ Ոմանք էլ երեխաներին լքում են պարզապես նրանցից ազատվելու համար։

            Ինչպե՞ս են նման հաստատություններում ծերերն ու երեխաներն անցկացնում իրենց առօրյան։ Նրանց հետ զրույցից պարզ դարձավ, որ կենցաղային մակարդակի խնդիրներն ամբողջովին լուծված են։ Ի՞սկ հոգեկան բավարարվածությունը։ Այս բացը փորձում են լցնել աշխատակազմի անդամները։ Ինչքանո՞վ է դա նրանց հաջողվում` չեմ կարող ասել, սակայն ծնողի կոտրված սիրտն արտացոլված է ծերերի աչքերում, որոնք զավակ բառը լսելիս ամեն անգամ դառնում են թախծոտ, լցվում կարոտով և արցունքով։ Փոքրիկների աչքերն էլ լի էին բազմաթիվ հարցերով` ո՞վ եմ ես, ո՞վ է իմ ծնողը, ինչու՞ բոլորի նման չեմ և այլ հարցեր։ Իսկ ավելի փոքրիկները, ովքեր դեռ ոչինչ չէին հասկանում, միևնույնն է` թախծոտ աչքեր ունեին, կարծես ճակատագիրն արդեն դրել էր իր դրոշմը։

            Նորքի տուն-ինտերնատը կարծես ողբերգությունների յուրօրինակ թատերաբեմ լինի, որի բնակիչներից յուրաքանչյուրը յուրովի Հայր Գորիո է` իր ողջ կյանքը զավակներին նվիրած։ Նրանցից ոչ մեկի լեզուն վատ չարտահայտվեց զավակի մասին։ Անգամ անհուսության և լքվածության մթնոլորտում նրանք շարունակում են պաշտպանել իրենց զավակներին։ Աշխատակազմի խոսքերով նրանցից շատերը իրենց 1000, 2000 դրամ թոշակը կամ հատկացված քաղցրավենիքը հավաքում են, որպեսզի զավակներին փոխանցեն, երախտամոռ զավակներին։ Իսկ մանկատանը հավաստեցին, որ գրեթե բոլոր փոքրիկների առաջին բառը «մայրիկ» է լինում։ Չնայած նրանք չգիտեն ծնողի քաղցրությունը, այնուամենայնիվ, բոլորի նման առաջինը ծնողին են կանչում, անարժան ծնողին։

            Տիկին Արևիկը ծերանոցի բնակչուհիներից է։ Նա ապրում է այստեղ, սակայն իր բարեկամներին այդ մասին չի ասել. Ես ամաչում եմ այդ մասին նրանց ասել, քանի որ ծերանոցի անունը վատ է հնչում։ Ժամանակին շատ  լավ եմ ապրել և չեմ ուզում ոչ ոք իմանա իմ դժբախտ վերջաբանի մասին։ Տիկին Արևիկը մեկ զավակ ունի, ով արցախյան պատերազմի ժամանակ Լաչինում զենք է մատակարարել։ Այցելություններից մեկի ժամանակ ավտովթար է տեղի ունենում, և որդին  ծանր վիրավորվում է։ Անձնազոհ մայրը վաճառում է բնակարանը, որդուն բուժում, առողջացնում։ Այսօր որդին ընտանիքով բնակվում է Վառնայում, իսկ մայրը Երևանի ծերանոցում։ Պատճառը տիկին Արևիկն այսպես է բացատրում` Նրա առողջությունն այնքան էլ լավ չի։ Որդիս հազիվ իր կնոջն ու զավակներին է պահում։ Սակայն մի՞թե ծեր մայրը կարող է շատ ծանրացնել նրա հոգսը։

            Ծերերի և երեխաների խոսքերով իրենց առօրյան բավական լեցուն է։ Բազմաթիվ հյուրեր են ունենում, մրցույթներ են կազմակերպում, անգամ խոր ծերության սիրահարվում են և ամուսնանում, իսկ երեխաներին էլ որդեգրում են։ Նորքի տուն-ինտերնատի նորաստեղծ ընտանիքներից է Ավետիքի և Վիոլետայի ստեղծած օջախը։ Նրանք երկուսն էլ ճակատագրի բերումով հայտնվել էին այստեղ։ Տիկին Վիոլետան ամուսնու մահից և զավակի անտարբերությունից դրդված տեղափոխվում է այստեղ։ Ծերանոցում նա հանդիպում է կենսասեր պրն. Ավետիքին։ 3 որդու և 1 դստեր հայր պրն. Ավետիքն անգամ այստեղ չի կորցրել իր կենսուրախությունն ու աշխուժությունը։ Այստեղ գտնվելու պատճառը նա այսպես է բացատրում. Կյանքումս մի ճակատագրական սխալ եմ կատարել։ Բանն այն է, որ զավակներիս թույլ եմ տվել իրենք ընտրեն իրենց կանանց, որպեսզի հետո ինձ չմեղադրեն։ Արդյունքում 3 հարսս էլ «կոբրա օձեր» դուրս եկան։ Կնոջս մասից հետո ոչ մեկը չցանկացավ ինձ հետ ապրել, ես էլ որոշեցի տեղափոխվել այստեղ։ Ծերանոցում գտնվելու երրորդ օրը ես հանդիպեցի Վիոլետային, նա էլ ինձ տեսավ  թե չէ ոտքերը թուլացան և սիրահարվեց ինձ։ Ամուսնացանք ու երջանիկ ենք։

Եթե զավակներից լքված ծնողների պարագայում ոչինչ հնարավոր չէ անել, և միակ լուսավոր կետը խոր ծերության սիրահարվելն է, որպեսզի փոքր ինչ մեղմեն իրենց միայնությունը, ապա երեխաների հնարավորություններն ավելի են։ Սեփական ծնողին կորցրած փոքրիկին աստված կարող է նվիրել նոր, առավել արժանի ծնող։ Այստեղ ի հայտ է գալիս անարդար ճակատագիրը։ Զույգեր, ովքեր շատ են սիրում զավակներ, սակայն օժտված չեն աստվածային գերագույն շնորհով, և անձինք, ովքեր այդ մեծ պարգևն ունեն, սակայն չեն գնահատում, նրանք կարող են զավակին անպետք առարկայի նման թողնել մեկ ուրիշի խնամքին։ ՀՀ-ում որդեգրությունն իրականացվում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի, ինչպես նաև Որդեգրության մասին օրենքի համաձայն։ Որդեգրության ողջ ընթացքը կազմակերպում և վերահսկում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ըստ նախարարության տվյալների` ծնողները հիմնականում ցանկանում են որդեգրել 0-3 տարեկան երեխաների, որդեգրվում են հավասարապես և աղջիկները, և տղաները։ Հայ երեխաներին կարող են որդեգրել ինչպես Հայաստանի բնակիչները, այնպես էլ օտարները։ Իհարկե, հայ ծնողը կարող է լքել իր զավակին, որպեսզի նրանց որդեգրի օտար ընտանիք, դաստիարակի իրենց արժեքներով։

            Երկու տարբեր հաստատություններ, որոնցում ապրում են միևնույն բախտի արժանացած մարդիկ։ Նրանք լքված են ամենահարազատ անձանցից։ Իրենց դառը ճակատագիրն արտացոլված է նրանց աչքերում։ Երբ նայում ես այդ աչքերին, թվում է` այնտեղ բացակայում է ապրելու կայծն ու փայլը։ Ծերերի աչքերում երևում է զավակի հարվածից խոցված սիրտն ու տառապանքը, իսկ փոքրիկների աչքերում արտացոլված է նրանց շփոթմունքը։ Այս մարդկանց միավորում է դառը ճակատագիրը և աչքերում արտացոլված խնդրանքը. Ինձ մենակ մի թողեք... ։

                                                                                                Ծովինար Պետրոսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...