10:46
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
- Մենք զգում ենք, թե ինչպես է փոխվել դարը` 20-ից դարձել 21

2013-04-26 12:30

«Դե Ֆակտո» 12 (2007թ.)

-       Տիկի՛ն Հարությունյան, Դուք արդեն 30 տարի է, ինչ աշխատում եք կրթության համակարգում։ Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ կրթության որակը։

 -       Բարձրագույն կրթությունը Հայաստանում, իհարկե, հիմնված է մեծ ավանդույթների վրա, որովհետև այսօր չնկատել այն, ինչ թողել է մեզ խորհրդային բարձրագույն դպրոցը, միամտություն կլինի։ Սակայն ժամանակները փոխվում են, իսկ կրթությունը ուղղակի պարտավոր է ճիշտ արձագանքել կյանքի բոլոր փոփոխություններին, քանի որ դրանք պահանջում են նոր որակի մասնագետներ։ Նոր որակի մասնագետներ պատրաստելու հարցում Հայաստանն այսօր շատ հետ է մնում  առաջադեմ աշխարհից։ Եթե նայենք որպես կրթության որակ ապահովող երկիր, այո’, մեր ԲՈՒՀ - երից դուրս են գալիս գրագետ, կիրթ, մասնագիտությանը տիրապետող անձինք։ Սակայն հաջորդ փուլը, որը նրանց սպասում է դիպլոմը անմիջապես  ստանալուց հետո, աշխատանքի տեղավորվելն է։ Եվ  այստեղ շրջանավարտի առջև ծառանում են մի շարք խնդիրներ։ Նախ` աշխատատեղերն են քիչ և երկրորդ` շրջանավարտի աշխատաշուկայի հետ բախվելը բերում է նրան, որ  նա տեսնում է, որ ինքն այնքան էլ այն չի սովորել, ինչ իրեն պետք է աշխատելու համար։ Այդ իսկ պատճառով մենք ամեն տարի փորձում ենք որևէ նոր կուրս, վերապատրաստման դասընթացներ կազմակերպել ոչ միայն Հայբուսակ համալսարանում, այլև Կրթության միջազգային ակադեմիայի  անդամ ԲՈՒՀ - երում։  Ուսումնական պլաններում մենք փոփոխություն կատարել չենք  կարող, դրանք պետական հավատարմագրում անցած մասնագիտություններ են, և ուսումնական պլանները հաստատված են պետության կողմից։ Այստեղ մենք կարող ենք ընդամենը 15% փոփոխություն անել, դա էլ անում ենք հօգուտ մասնագիտական հմտությունների ձևավորման։

 -       Ի՞նչ առանձնահատկություններ ու տարբերություններ կան պետական և ոչ պետական ԲՈՒՀ - երի միջև, կրթական որակի առումով կարո՞ղ ենք հավասարության նշան դնել։

 -       Եթե այս հարցը հնչի որևէ զարգացած հասարակության մեջ, միանգամից կնշվի այն տարբերությունը, որ մասնավոր ԲՈՒՀ - ը շատ ավելի բարձր է, շատ ավելի ճիշտ  և ժամանակակից կրթություն է ապահովում, քան պետականը։ Պարզ է, որովհետև մասնավոր է, վճարովի է։ Հիմնականում ամեն երկիր ունի մեկ պետական ԲՈՒՀ, որտեղ իրականացվում է անվճար կրթություն։ Վիճակը այլ է ոչ միայն Հայաստանում, այլև նախկին խորհրդային երկրներում։ Իհարկե, մասնավոր կրթությունն այս երկրներում ստեղծվել է որպես այլընտրանք պետական բարձրագույն կրթությանը, որտեղ պետական համակարգում չընդգրկված մարդիկ կարող են ստանալ նույն կրթությունը վճարովի համակարգում, ինչը պետությունը ի սկզբանե  լիցենզավորեց և հետագայում հավատարմագրեց բարձր որակ ցուցաբերած ԲՈՒՀ - երում։ Սխալն այն  է, որ պետական ԲՈՒՀ - երը  ևս  սկսեցին իրականացնել վճարովի կրթություն, և այսօր վճարովի տեղերը պետական ԲՈՒՀ - երում  գերազանցում են թե՛ մասնավոր սեկտորի, թե՛ պետական ԲՈՒՀ - երի անվճար տեղերին մի քանի անգամ այն դեպքում, երբ  պետական ԲՈՒՀ – ի բ հիմնական դերը անվճար կրթություն ապահովելն է։ Այսօր  պետական և մասնավոր ԲՈՒՀ - երը աշխատում են միևնույն դաշտում, ֆինանսավորվում են միևնույն աղբյուրից(ազգաբնակչության վճարումներից) և տալիս են նույն կարգավիճակի ավարտական փաստաթուղթ` պետական դիպլոմ։ Իհարկե, խոսքը միայն հավատարմագրված ԲՈՒՀ - երի մասին է։  

 -       Տիկի՛ն Հարությունյան, Հայաստանյան բուհերն այսօր արդյո՞ք կարողանում են հանրապետությանն ապահովել որակյալ կադրերով։ Արդյո՞ք շուկայական հարաբերությունների զարգացմանն ու պահանջներին համընթաց ու համապատասխան են կազմվում կրթական ծրագրերը։

 - Խորհրդային միությունից մեզ ժառանգություն հասած ուսումնական պլանները համոզված եմ, որ ամեն ԲՈՒՀ  իր հնարավորությունների սահմաններում և՛ շտկել է, և՛ ճշտել ու հնարավորինս արդիական դարձրել, բայց դա բավարար չէ։ Այսօր,  եթե մենք ուզում ենք և՛ մեր աշխատաշուկային, և՛ արտերկրի աշխատաշուկային համապատասխան մասնագետներ պատրաստել, պետք է ամբողջությամբ վերանայել մեր բարձրագույն կրթության ուսումնական պլանները։ Որ ԲՈՒՀ - ը որ կարողանա իրեն արագ վերակառուցել, նա էլ կդառնա առաջատարը Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում։

Մենք  ապահովում ենք շրջանավարտ - գործատու կապը, ինչը թույլ է տալիս մեր շրջանավարտներին անմիջապես զբաղեցնել աշխատաշուկայի թափուր տեղերը և  ոչ թե ժամանակ կորցնել անպտուղ որոնումներով։ Հաճախ պատահում է, որ չորս տարի սովորելուց հետո էլ շրջանավարտը դեռ ցանկություն ունի իր մագիստրական հմտությունները խորացնել։ Նման ուսումնատենչ երիտասարդների համար մենք ունենք ժամանակի պահանջներին արձագանքող մագիստրոսական դասընթացներ, ինչպիսին է, օրինակ, մեր PR մագիստրոսական դասընթացը, որը շուտով կտա իր առաջին շրջանավարտները։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները` պատշաճ կրթություն ապահովելու. ոչ միայն ԲՈՒՀ - երի, այլև գիտահետազոտական ինստիտուտների գիտնականները սիրով դասավանդում են և գիտելիքների մեծ պաշար են հաղորդում մեր ուսանողներին։ Կրթության  Միջազգային Ակադեմիայի  անդամ ԲՈՒՀ - երը` Երևանի Հայբուսակ համալսարանը, Հայկական Բաց համալսարանը, Լազարյանի անվան արևելագիտության ինստիտուտը  աշխատում են այդ ուղղությամբ։  Այս ուսումնական տարում մեր Ակադեմիայի  ուժերով կազմակերպվել և տեղի են ունեցել մի շարք կոնֆերանսներ, սեմինարներ Եվրոպայի,  ԱՄՆ – ի փորձագետների մասնակցությամբ։

Ամեն տարի մեր ուսումնական պլաններում ավելանում են գործնական աշխատանքների ժամերը, որոնք իրականացվում են  ԲՈՒՀ - երից դուրս տարբեր հիմնարկ ձեռնարկություններում, բանկերում, դպրոցներում, հայ - արտասահմանյան ձեռնարկություններում, հիվանդանոցներում, գիտահետքազոտական ինստիտուտներում։ Դա մեծապես նպաստում է ուսանողների մագիստրական հմտությունների ձևավորմանը։ Մենք կարծում ենք, որ անմիջական կապը մասնագիտության հետ պետք է սկսվի առաջին կուրսից։

 -       Ի՞նչ եք կարծում  ներկայիս և սպասվող փոփոխությունները ինչպե՞ս կազդեն կրթության որակի վրա։ Ի՞նչ թերություններ և առավելություններ կարող եք նշել։

 -       Եթե մեր պետությունն ինտեգրվում է միջազգային գործընթացներին, շատ լավ է,  մի քայլ է առաջ։ Բայց  պետությունը այստեղ բացի պայմանագիր կնքելուց և օրենք ընդունելուց, ուրիշ դեր չունի։ Ամեն ԲՈՒՀ ինքը պետք է անի իր գործը, բարելավի իր ուսումնական գործընթացը, դարձնի ավելի ժամանակակից։ Չափանիշներն այսօր միջազգային են։ Դրանք մեր շրջանավարտներին հնարավորություն կտան աշխարհի բոլոր համալսարաններում շարունակել կրթությունը, աշխատանք գտնել ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում։  Ամենակարևորն այն է, որ  ամեն ԲՈՒՀ նոր չափանիշներին համապատասխան կատարի իր բարեփոխումները։ 

 -       Եթե համեմատեք նախորդ տարիների հետ, ինչպիսի՞ զարգացում է ապրել դիմորդների հետաքրքրությունը որակյալ կրթության  նկատմամբ։

 -       Պատերազմի  տարիներին և հատկապես պատերազմից հետո, երբ ոչ թե հետաքրքրությունն էր պակասել, այլ մարդկանց հնարավորություններն էին շատ սուղ, կար այդ խնդիրը։ Որակյալ կրթության նկատմամբ ավելի պահանջկոտ լինելու իմաստով տարբերություն կա։ Եթե 10 տարի առաջ ծնողը բերում էր երեխային և գործերը հանձնում` հետաքրքրվելով միայն մասնագիտություններով, ապա այսօր ծնողը և դիմորդը հետաքրքրվում են` ինչ առարկաներ են անցնում, ովքեր են դասախոսները, իսկ ունենք  փորձ այս մասնագիտությունների շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցում, թե ոչ։ Մենք մեր առօրյայում, մեր աշխատանքի մեջ զգում ենք , թե  ինչպես է փոխվել դարը` 20-ից դարձել է  21։

 -       Բացի բարձրակարգ կրթություն ապահովելը, ուրիշ ի՞նչ դեր պետք է կատարի կրթական հաստատությունը ուսանողի կյանքում։

 -       Քաղաքացու դաստիարակությունը անպայման պետք է լինի կարևորագույն խնդիրներից մեկը յուրաքանչյուր կրթական հաստատության համար։ Ես կասեի, որ որակյալ բարձրագույն կրթությունը և քաղաքացիական դաստիարակությունը  պետք է համատեղվեն։ Եթե Բուհի շրջանավարտը վատ մասնագետ է, դա խնդիր է միայն իր` շրջանավարտի, երբեմն,  միգուցե,  նաև ԲՈՒՀ – ի համար, բայց եթե նա վատ քաղաքացի է, արդեն հասարակական աղետ է։ Այդ իսկ պատճառով խիստ կարևորում եմ մարդու, քաղաքացու դաստիարակությունը` մասնագիտականի հետ միասին։ Գիտելիքը երբեմն կարող է չարիք դառնալ։ Եթե տգետ մարդն է  վատ քաղաքացի, դա դեռ չարիքի փոքրագույնն է, բայց եթե կրթված մարդն է վատ քաղաքացի, դա արդեն շատ մեծ վնաս է։ Պետք է գիտելիքին զուգահեռ սերմանել այնպիսի հատկություններ, որ վստահ լինենք, որ գիտելիքը ի չարս երբեք չի օգտագործվի և սիրով կտրվի  հայրենիքին,  ընտանիքին, հասարակությանը։ Մեր  առաջնային խնդիրը հայրենիքը սիրել սովորեցնելն է։ Ժամանակակից մարդը  գիտելիքներին զուգահեռ պետք է կարողանա տարբերել հիմնական արժեքները անցողիկներից։

 -       Ի՞նչ հաջողությունների է հասել Հայբուսակ համալսարանը իր 17 տարիների գործունեության ընթացքում։ Եթե կարելի է, թվարկեք։

 -       Մենք ձգտում ենք լինել առաջինը 21-րդ դարի մասնագետներ պատրաստելու գործում և ամեն ինչ անում ենք դրա համար։ Մենք արտերկրում աշխատող շատ շրջանավարտներ ունենք։ Մեր շրջանավարտները ԱՄՆ-ում կարողանում են իրենց դիպլոմով և լեզվին տիրապետելով` աշխատանքի ընդունվել հատկապես բժշկական մասնագիտությունների գծով։ Ունենք շրջանավարտ, որը դասախոսում է Փենսիլվանիայի համալսարանում, Կալիֆորնիայի Նորտրիջի համալսարանում կրթությունը շարունակող տնտեսագետ ունենք, քոլեջն ավարտած բազմաթիվ բուժքույրեր ունենք, որ աշխատում են ԱՄՆ-ում ու բարձր գնահատվում այնտեղ, Մոսկվայում ունենք բժշկական գիտությունների թեկնածուներ։ Հայաստանում այսօր երևի հիմնարկ - ձեռնարկություն չգտնվի, որտեղ  թե՛ Հայբուսակի, թե՛  Բաց համալսարանի , և թե՛ Լազարյանի անվան ինստիտուտի շրջանավարտներ չլինեն։ Կրթության Միջազգային Ակադեմիայի հիմնադիր համալսարանների ստեղծման հիմքում եղել է և կա  բարձր և նոր` այլընտրանքային տիպի գաղափարը։ Մեր ամենօրյա աշխատանքի և ճիշտ  մոտեցման շնորհիվ մենք տեսնում ենք մեր տեղը, վստահ ենք մեր ուժերի վրա և հավատում ենք մեր ազգի խոհեմությանը։ Եթե 1000-ավոր երիտասարդների կրթությունը  մեզ է վստահված, ուրեմն` այստեղ մենք մեծ անելիքներ ունենք և ճիշտ ենք, հետագայում էլ կաշխատենք չսխալվել։ Ամենամեծ հաջողությունը համարում եմ այն, որ 1989-1990-ական թվականներին, երբ ոչ ոք չէր տեսնում որևէ հեռանկար նոր տնտեսական հարաբերություններում, քանի որ դրանք բոլորովին անծանոթ  էին, մեր հիմնադիրը, հայրս` ակադեմիկոս Լևոն Հարությունյանը, որոշեց, որ Հայաստանը ունի ապագա այլընտրանքային բարձրագույն կրթության մեջ և որոշեց ստեղծել Հայբուսակը։ Մենք կարողացանք մեր ճիշտ տեղը գտնել ոչ միայն հայաստանյան  բարձրագույն կրթության  արևի տակ, այլև միջազգային ասպարեզում։ Միայն այն, որ արդեն Լիբանանում,  Եվրոպայում, Մոսկվայում կան ներկայացուցչություններ և պատրաստվում ենք  բացել Կանադայում ու ԱՄՆ-ում,  շատ բանի մասին է խոսում։ Դրանց շնորհիվ միայն մեկ ուսումնական տարում 14-15 արտասահմանցի պրոֆեսոր է դասախոսություն կարդում Կրթության Միջազգային Ակադեմիայում։

 -       Ինչպե՞ս կբնութագրեք Հայբուսակի տված կրթության առանձնահատկությունները։ Ձեր շրջանավարտները դառնու՞մ են մանագետ։

-       Շրջանավարտները դառնում են մասնագետ, թե` ոչ, այդ մասին կարող են խոսել թվերը։ Այն, որ բժշկական մասնագիտություններով շրջանավարտները   հենց  առաջին տարում անմիջապես գնում են հետդիպլոմային կրթություն ստանալու բուժական գործ մասնագիտությամբ`  60%,  ստոմոտոլոգիա մասնագիտությամբ` գրեթե  80%, դեղագործություն մասնագիտությամբ` 100%, բավական խոսուն փաստ է։ Հետդիպլոմային կրթությունը ստանում են Ազգային առողջապահության պետական ինստիտուտում։ Այնտեղից մենք տվյալներ ունենք, որ մեր շրջանավարտներից գոհ են բոլոր ամբիոնները։ Հումանիտար տնտեսագիտական մասնագիտությունների գծով կա բարձրագույն կրթության 2-րդ աստիճանը ` մագիստրատուրան, որտեղ սովորող ուսանողների մեծ մասը ուսումը համատեղում է աշխատանքի հետ։ Ես որակը այս ձևով կարող եմ գնահատել։ Առհասարակ, մեր շրջանավարտները դիպլոմը ստանալուց հետո անցնում են աշխատանքի, ինչը, կարծում եմ, վկայում է բարձր որակի մասին։

 -       Ինչպե՞ս  եք պատրաստվում ընդունելության քննություններին։ Ե՞րբ է սկսվում քննական շրջանը։

 -       Մենք արդեն հունիսի 1-ից  սկսել ենք ընդունելության քննությունները։ Ընդունելությունը իրականացնում ենք հարցազրույցով` մեկ առարկա դիմորդի ընտրությամբ։ Մեր դիմորդների կեսն արդեն ընդուված են։ Շարունակելու ենք ընդունելությունը մինչև օգոստոսի 28-30-ը։

 -       Տիկի՛ն Հարությունյան, ղեկավար պաշտոնը պահանջում է դրսևորել որոշակի հատկանիշներ , որոնք շատ հնարավոր է չտեղավորվի զգայուն և հմայիչ կնոջ կերպարում։ Ինչպե՞ս եք վարվում նման դեպքերումև ինչո՞վ  է օգնում Ձեր կանացի կերպարը աշխատանքում։

 -       Կարծում եմ` իմ աշխատանքին  մտավորական և երիտասարդ խավի հետ  հենց կանացի գծերն են օգնում` բարությունը, մայրական վերաբերմունքը։ Նշանակություն չունի կին է, թե տղամարդ, ղեկավարը  պետք է պատկերացնի իր աշխատանքի ողջ պատասխանատվությունը և ունենա հստակ գաղափարախոսություն։ Եթե դու միշտ ասում ու անում ես նույնը, և ուսանողներն ու դասախոսները տեսնում են, որ դու ազնիվ ես, դա լավ աշխատանքի մեծ երաշխիք է։ Կարծում եմ` սկզբունքայնությունը և բարությունը այստեղ մեծ նշանակություն ունեն։

 -       Հարցազրույցներից մեկի ժամանակ Դուք նշեցիք, որ Ձեզ միշտ ուղեկցում են Դոստոևսկու հետևյալ խոսքերը. Պետք է կարողանալ մարդ մնալ նույնիսկ այն պարագայում, երբ դա անհնար է։ Այս խոսքերը որքանո՞վ են արտացոլում մեր այսօրվա իրականությունը։ 

-       Իհարկե, արտացոլում են այսօրվա իրականությունը։ Դեպքեր կան, երբ տեսնում ես դաժանություն, տեսնում ես անարդարություն` գուցե և բնական… Ո՛չ հասարակությունը, ո՛չ պետությունը մեղավոր չեն այն երեխայի առջև, որը մի քանի տարի առաջ առանց ծնող է մնացել։ Ո՞վ է մեղավոր` իրականությո˚ւնը, պատմությո˚ւնը, մեր ճակատագի՞րը։ Փաստ է, որ անարդար է այդ մարդու ճակատագիրը։ Այդ անարդարությունը տեսնում ես և  ուզում ես բարկանալ, չարանալ։ Տեսնում ես կոռուպցիայի չափազանց տգեղ դեպքեր, բայց այդ բոլորի հետ մեկտեղ մտածում ես, որ պետք է չկորցնել մարդկային հատկությունները, ձգտել դեպի բարին, լույսը, գեղեցիկը։ Դրականի, լավի գերակայությունը կյանքում ապահովում է մեր բոլորի առաջընթացը։

                                                Հարցազրույցը`  Սուսաննա Թամազյանի 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...