15:47
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՉՈՐՐՈՐԴ ՉԱՓՄԱՆ ՍԱՀՄԱՆԸ

2013-04-22 11:33

«Դե Ֆակտո» 13 (2007թ.)

Եթե չկա  շարժում,  չկա նաև  ժամանակ, եթե չկա խոսք, չկա  իրականություն, այսինքն թե` խոսքից դուրս  մնացյալը անիրական է…  և դա չէ՞ արդյոք պատճառը, որ բոլոր ժողովուրդների մեջ ծնվող գերզգայուն  հոգիները իրարից հեռու նույն ցավն են ապրում, նույն տառապանքները բարբառում հազար լեզվով, որ անիրականը դարձնեն տեսանելի, անշունչը` շնչավոր և արթնացնեն խիղճն ամենազոր։ Եվ երբեմն թվում է, թե նրանք` համաշխարհային ցավի այդ տրուբադուրները, առանձին ազգ են, առանձին մի ժողովուրդ` նույն հոգու, կրոնի խաչով կնքված, բայց  դատապարտված են ապրելու  տարբեր ազգերի մեջ, որ ժողովուրդներին մենակ չթողնեն իրենց ցավի հետ, թե չէ ցավը  կելնի, աշխարհը կուտի։ Եվ որտեղ շատ է տառապանքը, այնտեղ շատ են նրանք, և մեծ` կրած տառապանքի չափը։

Դպրոցի վերջին դասարանում մաթեմատիկայի  մեր ուսուցչին հարցրի, թե ինչն է պատճառը, որ  թվերը  գումարելիս արդյունքում  երկու  դեպքում  զույգ է ստացվում, միայն մի դեպքում կենտ։ Օրինակ, երբ զույգ թվին  զույգ ես գումարում, ստացվում է զույգ, կենտին կենտ ես գումարում, էլի զույգ է ստացվում, և միայն  զույգին կենտ գումարելիս է  կենտ ստացվում։ Ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ է բացակայում չորրորդ ձևը։ Չորրորդ ձևը բանաստեղծությունն է ,- կատակով ասաց մեր ուսուցիչը։

Այդ  ժամանակ  ես ոտանավորներ էի գրում, և նա ինձ ծաղրելու համար այդպես պատասխանեց, բայց տարիներ հետո  հասկացա, որ  նա սխալմամբ  ճիշտ բան էր ասել։ Այն, ինչ  կյանքում խախտված է կամ կորցրել է իր ներդաշնակությունը, ուղղվում է, իր համաչափ ձևն է ստանում խոսքի մեջ, և խոսքն է, որ ղեկավարում է կյանքը։ Ուրեմն`  ինչքան մեծ ու հզոր են աշխարհի աններդաշնակության  ցավից ծնված խոսքի այդ առաքյալները, որոնք մեր դեմ բացում են իրենց խոսքի հայելին ու լռության վարագույրը, որ տեսնենք մեր աններդաշնակությունը և գնանք հոգևոր համաչափության ճանապարհով։ Դադարեցնենք մանրադրամի զրնգոց հիշեցնող մեր ամենօրյա գետնաքարշ խոսացողի կրքերը և հնչեցնենք Խոսքը կենդանի` անկախության հռչակագրից տասնյոթ տարի անց ու տեսնենք մեր երկիրը իրական և ճանաչենք իրար… Չստեղծենք դեմ դիմաց կանգնած իրարամերժ կուռքերի և նրանց թվացյալ քարե անունից չհալածենք իրար։ Քանի որ մեր ցեղի նետը վաղուց արդեն արձակված է, արձակված նետը վերադարձնել չի լինի, պետք է գնալ նշանի ուղղությանբ։ Եվ կենտ ու զույգերի մեր եռաչափ թմրածությունից դուրս հանել մեզ մեր տունն ու  մեր երկիրը դեպի Չորրորդ չափման սահմանը։ Այդ իրավունքը մենք վաստակել ենք, մնում է հնչեցնել Խոսքը Կենդանի, հնչեցնել համազգային լռության մեջ ու գնալ  Խոսքի ետևից։ Եվ ես հիմա լուռ սպասում եմ հնչեցնողին։ Ո՞վ է կանչելու, որ տանի մեզ տուն։

                                                                                        Մերուժան Տեր - Գուլանյան

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...