2013-04-19 11:27
«Դե Ֆակտո» 70 էքսկլյուզիվ
Մեր ամենամեծ հարստությունը մարդկային ներուժն է
Կարեն Կարապետյան, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ
Մարդը, մտնելով քաղաքականության մեջ, պետք է ձերբազատված լինի սեփական անձի հավակնություններից, և նրա հավակնությունների դաշտում պետք է գերակայի պետական մտածելակերպը: Եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ մեր իշխանության երեք թևերում էլ պետական մտածելակերպը, որպես այդպիսին, կաղում է:
-Պարո՛ն Կարապետյան, երբ Դուք հրաժարվեցիք նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, խոսակցություններ էին պտտվում, որ կհեռանաք քաղաքականությունից, դուրս կգաք ՀՀԿ-ից: Հնարավո՞ր է` մոտ 20 տարի քաղաքականության մեջ լինել ու մի օր հեռանալու որոշում կայացնել, և երկրորդ՝ ինչո՞ւ որոշեցիք հրաժարվել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
-Ես զբաղեցնում էի քաղաքական շատ բարձր պաշտոն՝ նախագահի աշխատակազմի ղեկավարն էի, որից հրաժարվեցի` ընդամենը թողնելով քաղաքական պաշտոնը: Իսկ քաղաքական պաշտոնը թողնել չի նշանակում հեռանալ քաղաքականությունից… Թե ինչու հրաժարական տվեցի, այդ մասին չեմ ուզում խոսել: ԱԺ այս ընտրություններին արդեն առաջադրել եմ իմ թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով, ինչն ինքնին նշանակում է, որ քաղաքականությունից հեռանալու նպատակ չունեմ:
Ինչ վերաբերում է, առհասարակ, երկար տարիներ քաղաքականության մեջ լինելուն ու մի օր հեռանալու որոշում կայացնելուն, ապա նման գործելակերպը միանգամայն հնարավոր եմ համարում այն քաղաքական գործչի համար, ով սպառել է իրեն և գիտակցում է, որ քաղաքականության մեջ լինելը չպետք է ինքնանպատակ լինի: Շատ լավ կլիներ, որ Հայաստանում այդպիսի մշակույթ ձևավորվեր:
Գուցե անցումային շրջան ապրող պետություն ենք, և դա է պատճառը, որ քաղաքականությանը մի տեսակ բիզնեսի հոգեբանությամբ ենք վերաբերվում, բայց դա, կարծում եմ, ճիշտ չէ: Քաղաքականություն պետք է մտնեն մարդիկ, ովքեր ունեն ներուժ, որը կօգտագործեն ի նպաստ երկրի զարգացման:Սրանք ամպագոռգոռ խոսքեր չեն: Ես շատ վստահ եմ վերը նշված մտքերն արտահայտում: Մարդը, մտնելով քաղաքականության մեջ, պետք է ձերբազատված լինի սեփական անձի հավակնություններից, նրա հավակնությունների դաշտում պետք է գերակայի պետական մտածելակերպը:
Այսօր աշխարհաքաղաքական զարգացումները շատ արագ են ընթանում, աշխարհում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, և եթե պայմանական ասեմ, ապա աշխարհի նոր քարտեզի վերաձևավորման շրջան ենք ապրում: Այդ շրջանը սկսվել է 1985թ. գորբաչովյան ՙպերեստրոյկա՚-ից, երբ սկսվեց աշխարհում գոյություն ունեցող բևեռների և ազդեցությունների ոլորտների փոփոխություն: Նախկինում աշխարհի քարտեզի վերաձևավորումներն իրականացվել են համաշխարհային պատերազմների արդյունքում: Նշյալ շրջանում դա ունեցավ արտահայտման առավել խաղաղ ձև, և այդ գործընթացը դեռևս շարունակվում է: Նման պայմաններում մեզ նման փոքր երկրներն առավել խոցելի են դառնում: Բնականաբար, մենք պետք է շատ ճկուն քաղաքականություն վարենք, և յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է այդ գիտակցումով աշխատի քաղաքական դաշտում: Իսկ այն մարդիկ, ովքեր փորձում են օգտվել պետության հնարավորություններից, կարծում եմ, շատ կարճատես են և վտանգում են իրենց ու իրենց երեխաների վաղվա օրը:
-Չե՞ք վիրավորվում, որ այդ տեսակն էլ է համարվում քաղաքական գործիչ, Դուք էլ, և հաճախ ոչ պատշաճ վերագրումներ են արվում:
-Ես փիլիսոփայորեն եմ նայում նման հարցերին, քանի որ ինքս ինձ կեղծելու կամ որևէ իրողություն կոծկելու կարիք չունեմ: Մի համեմատություն անցկացնեմ. երբ անձրև է գալիս, ջրերը պղտորվում են, հետո աստիճանաբար զուլալվում, իսկ երբ թափվում են լճերը կամ ծովերը, ավելի զուլալ են լինում: Նման գործընթացներ յուրաքանչյուր երկիր ապրում է, և մենք էլ, բնականաբար, բացառություն չենք:
-Ի՞նչն է պակասում այսօր քաղաքական դաշտում:
-Այսօր պետք է քաղաքական դաշտում մնան և ներգրավվեն պետական մտածելակերպ, հայրենիք, կրկնում եմ՝ հայրենիք ունեցող մարդիկ, ովքեր ոչ թե խոսում են այդ մասին, այլ գործում են այդպես: Եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ մեր իշխանության երեք թևերում էլ պետական մտածելակերպը, որպես այդպիսին, կաղում է: Դինամիկ զարգացում ապահովելու համար պետական մտածելակերպ ունեցող մարդկանց տեսակարար կշիռը պետք է մեծանա պետական բոլոր համակարգերում, ինչպես նաև չորրորդ իշխանությունում: Եթե օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններում նման մարդկանց թիվը հասնի գոնե 50+1 տոկոսի, ապա երկիրն ավելի արագ կզարգանա:
-Ինչպիսի՞ն է միտումը:
-Ես կարծում եմ, որ այսօր իշխանության թևերում որոշակիորեն դրսևորվում է քաղաքական կամք՝ ներգրավել այնպիսի մարդկանց, ովքեր չունեն գռփելու հոգեբանություն: Մարդիկ, ի վերջո, պետք է հասկանան, որ իրենց արածի համար նախ` պատասխան են տալու, և երկրորդ՝ ամենամեծ պատասխանատվությունը կրելու են իրենց երեխաները: Եթե ուզում են տնտեսապես ուժեղանալ, ու հայաստանյան շուկան փոքր է իրենց համար, թող իրենց ուժերը փորձեն մեծ շուկաներում և վերարտադրվեն որպես լուրջ տնտեսվարողներ: Բայց որպես տնտեսվարող գործել քաղաքական դաշտում` տնտեսական հարաբերությունների օրենքներով, կարծում եմ, անթույլատրելի է: Իշխանության մեջ պետք է լինեն մարդիկ, ում համար երկիրը, իրոք, բացարձակ արժեք է: Նրանք, ովքեր համաձայն չեն ինձ հետ, կարող ենք բանավիճել:
Եթե մեկ անգամ մեր ժողովուրդը կամք դրսևորի և հրաժարվի ընտրակաշառքից, ապա մեր քաղաքական դաշտը արագորեն կթևակոխի նոր փուլ:
-Ընտրազանգվածի որակական փոփոխություններ նկատո՞ւմ եք, համամի՞տ եք այն տեսակետին, որ այս ընտրություններին ավանդական մեթոդները հաջողություն չեն ունենալու:
-Կարծում եմ` այդ ամենը ցանկությունների դաշտից է, իրականության հետ այդքան էլ կապ չունի կամ ես ընտրազանգվածը լավ չեմ ուսումնասիրել: Բայց խաբելու տոկոսը մեծ կլինի, ավանդական մեթոդների կշիռը մի փոքր կնվազի, իսկ ֆինանսական միջոցներն իրենց ազդեցությունը անպայման կգործեն: Սակայն եթե մեկ անգամ մեր ժողովուրդը կամք դրսևորի և հրաժարվի ընտրակաշառքից, ապա մեր քաղաքական դաշտը արագորեն կթևակոխի նոր փուլ: Իշխանավորը կհասկանա, որ միայն իր աշխատանքով կարող է վաստակել ժողովրդի վստահությունը և, հետևաբար, քվեն:
-Ի՞նչ պետք է անել, որ վերականգնվի ժողովրդի հույսը, հավատը պետության հանդեպ:
-Թող իշխանությունը քիչ խոստումներ տա, բայց այդ քիչն իրականացնի, այդ դեպքում ժողովուրդը կհավատա: Քիչ խոսքեր, շատ գործեր. կարծում եմ` միակ բանաձևն է, այլապես ժողովուրդը հիասթափվում է և երես թեքում իշխանությունից:
Պետք է վարել հավասարակշռված քաղաքականություն. երկիրը կապել ոչ թե մեկ, այլ բազմաթիվ թելերով և ճկուն քաղաքականություն վարել բոլոր երկրների հետ՝ հիմքում ունենալով պետական շահերը:
-Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի քաղաքական որոշումներում մեծ դեր ունի Ռուսաստանը: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը:
-Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և, բնականաբար, որոշակի ազդեցություն ունի: Որպեսզի իմանանք՝ որևէ պետություն մեր երկրում ինչպիսի ազդեցություն ունի, պետք է հասկանանք` ազդեցության ինչ գործիքներ են առկա: Նախ՝ Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը մոտ 70 տոկոս է: Մենք նաև չպետք է մոռանանք, որ մոտ 2 մլն հայեր ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, որոնց կողմից Հայաստան ուղղվող բավականին մեծ փաթեթ կազմող տրանսֆերտները մեծ աջակցություն են հայաստանյան բնակչության համար: Պաշտոնական տվյալներով՝ դրանց թիվը հասնում է մոտ 1մլրդ 600մլն դրամի, իսկ ոչ պաշտոնական թիվն ավելի մեծ է: Սա, կարծում եմ, լուրջ ազդեցություն է: Դա նշանակում է, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի Հայաստանում, ինչն անհերքելի է: Իսկ քաղաքական հարաբերությունների հիմքում ընկած են քաղաքական շահերը, ու եթե դրանք խաչվեցին, ապա հնարավոր է գործի դրվեն նաև ազդեցության գործիքները: Այդ ամենը գիտակցելով` մենք պետք է միշտ հիշենք, որ մենք անկախ երկիր ենք, և կանխենք այլ երկրի ցանկացած միջամտություն մեր ներքին ու արտաքին քաղաքական կյանք՝ հարաբերությունների հիմքում ունենալով բացառապես գործընկերությունը: Մենք ինքներս պետք է կերտենք մեր երկրի ապագան: Ես կարծում եմ, որ պետք է վարել հավասարակշռված քաղաքականություն: Չի կարելի վեկտորն ուղղել միայն Ռուսաստանի կամ այլ գերտերության ուղղությամբ: Մենք պետք է գործենք բացառապես մեր պետության շահերից ելնելով: Երկիրը մեկ թելից կախել չի կարելի, քանի որ այդ թելը կտրվելուց հետո կարող ենք հայտնվել շատ վատ վիճակում: Երկիրը պետք է աշխարհի հետ կապված լինի բազմաթիվ թելերով. հարկավոր է ճկուն քաղաքականություն վարել բոլոր երկրների հետ՝ հիմքում ունենալով պետական շահերը:
Հաճախ հողի աշխատավորը միայնակ է մնում տարերային աղետների, գնաճի և հատկապես մթերքի իրացման իր խնդիրների հետ: Հարկավոր են ոլորտի կարգավորմանն ուղղված համակարգային քայլեր:
-Դուք բավականին մեծ աշխատանք եք կատարել թե՛ Ձեր հայրենի Լոռու մարզում, թե՛ ողջ հանրապետությունում: Գաղտնիք չէ, որ Դուք ընդունված եք ոչ միայն Ձեր ընտրատարածքում, Լոռու մարզում, այլև, ինչպես մեր դիտարկումներն են ցույց տալիս, ողջ հանրապետությունում: Ուստի հասկանալի, է, որ այս ընտրություններին նույնպես հազիվ թե խնդիրներ ունենաք: Եթե խոսելու լինենք Ձեր ընտրատարածքի հիմնահարցերից, ապա ի՞նչ խնդիրներ են լուծվել մինչև այսօր, և ի՞նչ խնդիրներ կան, որ չլուծված են մնացել:
-Նախ ասեմ, որ Տաշիրն իմ փոքր հայրենիքն է, ավելի ընդգրկուն` Լոռին, իսկ մեծ հայրենիքս Հայաստանն է: Իհարկե, շատ եմ սիրում փոքր հայրենիքս, որտեղ ծնվել եմ, մեծացել, կրթություն ստացել, դաստիարակվել, կայացել որպես անձ` իմ արժեհամակարգով: Տաշիրի ժողովուրդը 1828թ. գաղթել է Մուշից և Ալաշկերտից: Այնտեղ հիմնականում զբաղվել են դաշտավարութամբ, անասնապահությամբ: Այսօր էլ լոռեցիները հիմնականում իրենց հացը վաստակում են դաշտավարությամբ և անասնապահությամբ զբաղվելով:
Լոռու մարզում առկա են այն խնդիրները, որոնք, կարելի է ասել, ընդհանուր են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի, համայնքների համար մի տարբերությամբ, որ լոռեցիների կողքին են այնտեղ ծնված, մեծացած հարյուրավոր ակտիվ տղաներ, ովքեր, աշխատելով դրսում, մշտապես աջակցում են իրենց փոքր հայրենիքին: Ես բոլորին անձամբ ճանաչում եմ, և հպարտ եմ, որ մեր տարածքում այդքան լավ հայորդիներ կան: Սակայն դա բավարար չէ: Լոռիում հողերի 30-35 տոկոսը չի մշակվում, ինչը ցավով եմ նշում: Մարդիկ պետք է իրենց աշխատանքին համապատասխան եկամուտ ստանան, որպեսզի մշակեն իրենց հողերը:
Գյուղատնտեսությունը ցանկացած զարգացած երկրում տնտեսության կարևորագույն ճյուղ է, իսկ մեզ մոտ այն առայժմ ընդամենը գյուղացու համար հանապազօրյա հաց վաստակելու միջոց է. այն էլ միշտ չէ, որ հաջողվում է նույնիսկ այդ հարցը լուծել: Հաճախ հողի աշխատավորը միայնակ է մնում տարերային աղետների, գնաճի և հատկապես մթերքի իրացման իր խնդիրների հետ: Հարկավոր են ոլորտի կարգավորմանն ուղղված համակարգային քայլեր, այդ թվում՝ պետականորեն նպաստել իրացման շուկայի և արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը, ձևավորել ապահովագրական կայուն ու ճկուն համակարգ: Այսօր որոշակի քայլեր արվում են գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, սակայն դրանք դեռ հեռու են բավարար լինելուց:
Մինչ օրս, մոտ 90 մլն ԱՄՆ դոլարի չափով օգնություն է ցուցաբերել ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամը: Չեմ կարծում, որ 90 մլն ԱՄՆ դոլար ծախսողը կձգտի ընդամենը պատգամավոր դառնալ…
-ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամը, որը գործում է 1995 թվականից, շարունակում է իրականացնել բարեգործական ծրագրեր, որոնք շատ հաճախ մամուլում կապվում են նախընտրական գործընթացների հետ: Կապ կա՞ իրականում, և ինչպե՞ս եք վերաբերվում նմանօրինակ տարբեր մեկնաբանություններին:
-Նախ՝ մենք տարբեր ծրագրեր ենք իրականացնում ամեն տարի, տարվա մեջ մի քանի անգամ: Ի՞նչ է, ամեն տարի մեզ մոտ ընտրություննե՞ր են… Հետո՝ այն ընտրատարածքը, որտեղից երեք անգամ ընտրվել եմ ու հիմա էլ առաջադրվել եմ, ընդգրկում է Տաշիրի ու Ստեփանավանի տարածաշրջանները: Այդ դեպքում, ինչո՞ւ ենք համապետական ծրագրեր իրականացնում, առավել ևս ընդգրկում Արցախի ու Ջավախքի քաղաքացիներին, որոնք իմ ընտրողները չեն… Մի խոսքով՝ նման մեկնաբանությունները փոքր մարդկանց նեղ մտքի արգասիքն են: Ես գիտեմ՝ ովքեր են պատվիրատուները. մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ է բարեգործությունը և երբևէ որևէ մեկին օգնության ձեռք չեն մեկնել, թեև ունեն շատ մեծ ֆինանսական հնարավորություններ:Ընդհակառակը, հնարավորության դեպքում թալանել են:
ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 1995թ., սակայն ես և եղբայրս` Սամվել Կարապետյանը, դեռևս 1990-ականների սկզբներից, աշխատելով արտերկրում, զբաղվում էինք այդ գործունեությամբ: Պարզապես մեկ թիվ կհրապարակեմ` մինչ օրս, մոտ 90 մլն ԱՄՆ դոլարի օգնություն է ցուցաբերել ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամը: Եվ ծիծաղելի են նրանք, ովքեր կարծում են, թե 90 մլն ԱՄՆ դոլար է ծախսվել ընդամենը պատգամավոր դառնալու կամ ընդհանրապես քաղաքական այլ նպատակներով:
-Որո՞նք են ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի աջակցության նպատակային ուղղությունները:
-ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի առաջնային ուղղությունները շատ են՝ կրթություն, առողջապահություն, եկեղեցաշինություն, սոցիալական խոցելի խմբեր, անհատական օգնություններ, որոնց թիվը շատ մեծ տոկոս է կազմում:
Վերջերս եղբորս կողմից ֆինանսավորվեց Արցախի բժշկական կենտրոնի կառուցման նախագիծը, որը կազմում է շուրջ 15մլն ԱՄՆ դոլար:
Հիմնադրամի գործունեության ընթացքում կառուցել ենք նաև բազմաթիվ եկեղեցիներ, երկուսը` Տաշիրում, քանի որ մեր փոքր հայրենիքը եկեղեցիներ չուներ: Էջմիածինում նոր վեհարանի կառուցման աշխատանքներում մեր ընտանիքը նույնպես իր ներդրումն ունի` 10-12մլն ԱՄՆ դոլարի չափով: Արված աշխատանքները շատ են և մեկ հարցազրույցի շրջանակներում դրանք թվարկելն անհնար է:
-ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամը մեծապես աջակցում է հատկապես կրթության ոլորտին` ուսանողներին, մանկավարժներին, թեև դա, երևի թե, հիմնադրամի կարևոր ուղղություններից մեկն է: Ինչո՞ւ հատկապես կրթության ոլորտը:
-Նախ մեր ծագումն է այդպիսին. ծնվել եմ մանկավարժի ընտանիքում, ես և կինս նույնպես մանկավարժներ ենք, մեր գործունեությունը սկսել ենք դպրոցից: Ես դասավանդել եմ մաթեմատիկա, գծագրություն, մեքենագիտություն:
Մենք, ի տարբերություն շատ երկրների, որոնք ունեն հանքահումքային ռեսուրսներ, ունենք մեկ կարևոր և առաջնային ռեսուրս` մարդկայինը, որին պետք է կրթենք, դաստիարակենք: Աշխատանքներն այդ ուղղությամբ պետք է տարվեն` սկսած նախակրթարաններից: Երեխաները պետք է լավ կրթություն ստանան և իրենց գիտելիքները ներդնեն հայրենիքում` նպաստելով երկրի տնտեսության և այլ ոլորտների զարգացմանը: Կրթության համակարգի ներդրումները երկարաժամկետ են` միտված ապագային: Ճապոնիան ռմբակոծություններից հետո առաջին վարկային ռեսուրսներն ուղղեց դեպի կրթություն, և դրա արդյունքները շոշափելիորեն իրենց զգացնել տվեցին տարիներ հետո: Այսօրվա Ճապոնիայի զարգացածության աստիճանի մասին կարող եք դատել ինքներդ: Մենք պետք է գիտակցենք այս ամենի կարևորությունը:
ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամը մշտապես աջակցել է և շարունակելու է աջակցել կրթական համակարգին: Մենք օգնում ենք ուսանողներին, մանկավարժներին, վաղը գուցե դպրոցականներին կաջակցենք` դասասենյակների կահավորում, համակարգչայնացում և այլն: Եվ այս ոլորտում ևս մեր գործունեությունը շարունակական է լինելու. այսպիսով՝ մի կողմից մեր նպաստը բերելով մարդկային ռեսուրսի ակտիվացման կարևորագույն խնդրին, մյուս կողմից աջակցելով մեր պետությանն այնտեղ, ուր հնարավորությունները լիարժեք բավարար չեն:
-ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի վերջին նախաձեռնությունն ուղղված էր Հայաստանում սովորող ջավախքահայ և Արցախի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Ինչո՞ւ ընտրվեցին հենց նրանք:
-Ե՛վ Ջավախքը, և՛ Արցախը մեր երկու կարևոր հատվածներն են, որոնց մասին երբևէ չպետք է մոռանալ և որոնք ամենաշատը մեր ուշադրության և հոգատարության կարիքն ունեն: Եթե մենք ուզում ենք ամուր դիրքեր ունենալ և արտաքին աշխարհի հետ լուրջ կապեր, ապա պետք է ունենանք ուժեղ Ջավախք: Արցախի մասին էլ չեմ խոսում, քանի որ շատ է խոսվել: Որքան Ջավախքը ամուր լինի, այնքան Վրաստանի հետ մեր հարաբերությունները սերտ կլինեն՝ փոխգործընկերային համագործակցության դաշտում:
-Վերջերս աջակցություն ցուցաբերվեց նաև արյան հիվանդություններով տառապող երեխաներին: Ինչպիսի՞ զգացողություններ եք ունենում, երբ օգնում եք նման երեխաների:
-Չեմ ուզում ֆետիշացնել: Սրտի կսկիծով եմ վերաբերվում նման երեխաներին և կարծում եմ` այս տարիների ընթացքում ամենակարևոր աջակցություններից մեկը, թերևս, այդ երեխաներին ուղղված մեր նախաձեռնությունն էր:
Ցավոք, մեր հասարակության մեջ խոցելի շերտեր շատ կան, որոնց պետք է ուսումնասիրենք և հնարավորության սահմաններում աջակցենք:
-Մանկատան երեխաները այդ շերտերից են, ում նույնպես աջակցություն ցուցաբերեցիք:
-Այո՛, մենք որոշեցինք աջակցել մանկատան այն երեխաներին, ովքեր ավարտում էին իրենց կրթությունը և պատրաստվում ոտք դնել ինքնուրույն կյանքի շեմ: Նրանց նվիրեցինք բանկային քարտեր, որոնցից յուրաքանչյուրի հաշվին կար 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մինչև կյանքի նոր պայմաններին հարմարվելը նրանց այդ գումարները շատ օգտակար կլինեն:
Մարդը պետք է այնքան ուժեղ լինի, որ փողը նրան մղի բարի գործեր կատարելու, այլ ոչ թե դառնա պաշտամունքի առարկա:
-Պարո՛ն Կարապետյան, կյանքի ընթացքում շատերի համար փողը դառնում է պաշտամունքի առարկա: Հետաքրքիր է՝ ինչ է փողը Ձեզ համար:
-Փողը մոգական ազդեցություն ունի, որին մարդը պետք է պատրաստ լինի դիմակայելու: Շատերն այն դարձնում են անձնային որակ, արժեք, որով ներկայանում են հասարակությանը և առանց որի՝ իրենք ոչինչ են: Սակայն փողը պետք է ընդամենը միջոց լինի հասնելու նպատակներիդ, այլ ոչ ինքնին նպատակ: Համենայն դեպս, ինձ համար փողը միշտ եղել է միջոց՝ պահելու ընտանիքս, օգնելու հարազատներիս, այնուհետև մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Մարդը պետք է այնքան ուժեղ լինի, որ փողը նրան մղի բարի գործեր կատարելու, այլ ոչ թե դառնա պաշտամունքի առարկա: Նկատած կլինեք, որ կան մարդիկ, որոնք շատ մեծ ֆինանսական հնարավորություններ ունեն, բայց իրենց ամենամոտ հարազատին անգամ օգնության ձեռք չեն մեկնում: Այդ տեսակն ինձ համար անհասկանալի և անընդունելի է:
-Պարո՛ն Կարապետյան, Դուք շատ զուսպ և գործնական կերպար ունեք, ում շատ դժվար է պատկերացնել` ինչպիսին է ընտանիքում, երեխաների հետ շփումներում: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Անընդհատ լինելով աշխատանքի մեջ՝ սկզբում ՌԴ-ում, ապա պատգամավորական գործունեության ընթացքում, որպես ՙԺողովրդական պատգամավոր՚ խմբի, ապա և ՀՀԿ խմբակցության ղեկավար, հետո էլ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, բնականաբար, հնարավոր չէ ժամանակդ լիարժեք տնօրինել: Ավելին, երբ քաղաքական դաշտում ես, տարված գաղափարական պայքարով, կնճռոտ հարցերի լուծմամբ, ընտանիքդ, կարծես, հեռու է մնում քեզանից, դու էլ իրենցից, քանի որ չես ուզում բացասական լիցքերն ինչ-որ կերպ փոխանցել սիրելիներիդ: Ցավով եմ ասում այս ամենը, քանի որ շատ բան եմ կորցրել տարիների ընթացքում՝ քիչ եմ մասնակցել երեխաներիս դաստիարակությանը, թեև հրաշալի երեխաներ ունեմ: Եթե ևս մեկ հնարավորություն ունենայի ընտրելու ապրելակերպս, ապա անպայման շատ ժամանակ կհատկացնեի ընտանիքիս, երեխաներիս: Կուզենայի ավելի մեծ ազդեցություն ունենալ երեխաներիս աշխարհայացքի ձևավորման վրա: Իհարկե, ինչպես նկատում եմ, որոշակիորեն ունեցել եմ, սակայն կցանկանայի, որ դա ավելի շոշափելի լիներ: Այդ բացթողումը, կարծես, լրացնում եմ թոռներիս հետ ժամանակ անցկացնելով, որոնց յուրահատուկ սիրով ու ջերմությամբ եմ վերաբերվում: Նրանց հետ շփումն ինձ երջանկության պահեր է պարգևում:
Մեր ֆենոմենը հայ ընտանիքն է՝ հայ կնոջ անմնացորդ նվիրվածությամբ:
-Պարո՛ն Կարապետյան, Դուք ավանդապաշտ անձնավորություն եք, հետաքրքիր է` այսօր մեր իրականության մեջ արժեքային համակարգի փոփոխություններ չե՞ք նկատում:
-Այո՛, ես ավանդապաշտ ընտանիքում եմ մեծացել, ինքս էլ այդպիսին եմ: Մենք չորս երեխա ենք` երկու եղբայր, երկու քույր: Մեր հարաբերությունները շատ ջերմ են, մտերիմ, մեր սերն ու ջերմությունը փոխանցել ենք նաև մեր երեխաներին, որոնք նույնպես մտերիմ են միմյանց հետ:
Ես միշտ մտածել եմ, թե որն է այն ֆենոմենը, որի շնորհիվ՝ դարերի ընթացքում այդքան ծանր ու բարդ ճանապարհներով անցնելիս մենք ձեռք բերեցինք անկախ պետականություն, իսկ շատ խոշոր տերություններ, որոնք թելադրող էին աշխարհում,դուրս մնացին պատմական թատերաբեմից: Իմ պատկերացմամբ՝ մեր ֆենոմենը հայ ընտանիքն է` հայ կնոջ անմնացորդ նվիրվածությամբ: Այսօր ցավալիորեն նկատում եմ, որ այլ արժեքներ են ներխուժել մեր ընտանիք և խաթարել մեր ընտանիքների երբեմնի ներդաշնակությունը: Փոխվել են կնոջ և տղամարդու դերերը: Տղամարդը, որ ընտանիքի կերակրողն էր, առկա պայմանների պատճառով այսօր չի կարողանում կատարել իր գործառույթը, ինչն էլ թուլացրել է նրա դիրքերն ընտանիքում: Դրա հետևանքով փոխվել են կամ տուժել կին-տղամարդ, ծնող-երեխա փոխհարաբերությունները: Ինձ նաև դուր չի գալիս մեր երիտասարդության ծայրահեղ ազատության տենչը, որը բնականոն զարգացման արդյունք չէ, այլ դրսից թափանցող արատավոր երևույթների ազդեցություն: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ընդհանրապես, մենք խնդիր ունենք մի կողմից աշխարհից չկտրվելու, համաշխարհային արժեքների արդյունավետ ներդրման տեսակետից, մյուս կողմից՝ մեր ավանդույթները, արժեհամակարգը պահպանելու, այսինքն՝ գրագետ համադրման առումով: Եվ այստեղ լուրջ անելիքներ ունի պետությունը, որը ԶԼՄ-ների, հատկապես հեռուստաեթերի հնարավորությունները պետք է առավելագույնս օգտագործի՝ նոր սերնդի, նոր մարդու ձևավորման և նրանց մեր արժեհամակարգերով սնելու համար: Այնինչ այսօր հաճախ հակառակ գործընթացի ականատեսն ենք լինում. գերակշռում են գեղարվեստական արժեք չունեցող, երբեմն նույնիսկ հակադաստիարակչական նախագծերը: Ես դեմ չեմ, որ մարդիկ փող աշխատեն, հակառակը` ուրախ եմ, բայց լրատվամիջոցների, նաև մշակութային բիզնեսն ու վերը նշված քարոզչությունը պետք է արդյունավետորեն համադրվեն:
-Ինչպիսի՞ն եք ընկերական հարաբերություններում, սիրո՞ւմ եք շատ մարդկանցով շրջապատված լինել, թե՞ գերադասում եք միայնությունը:
-Ես միշտ շրջապատված եմ եղել ընկերներով, դեռ ուսանողական տարիներից սիրել եմ ընկերներիս հետ շատ ժամանակ անցկացնել, նրանց հետ կիսել ունեցածս, հաղթահարել դժվարությունները: Ի դեպ, ասեմ, որ այն ժամանակ ընկերական հարաբերություններն ավելի ազնիվ ու մաքուր էին: Այսօր էլ սիրում եմ հավաքույթներ կազմակերպել, ուրախ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ, հատկապես շատ եմ սիրում կատակասեր ընկերներիս: Մենակությունն ինձ չի գրավում, թեև լինում են պահեր, երբ ուզում եմ ինքս ինձ հետ մենակ մնալ, խորհել: Հետաքրքիր է՝ որքան էլ մարդ-մարդ հարաբերությունները ազնիվ ու մաքուր լինեն, միշտ կա մի կետ, որտեղ երկու ես-երը հանդիպում են, ու հասկանում ես, որ այնուամենայնիվ, մարդկային փոխհարաբերություններում շահախնդրություն կա, ինչը, որպես մարդ, վիրավորում է, խոցում հոգիդ: Այն, ինչ ասացի, հոգեբանական շատ նուրբ ապրում է, զգացողություն, որի մասին իմ միայնության պահերին շատ եմ մտածում:
Ձգտում եմ, որ երեխաներս, թոռներս արժանապատիվ մարդիկ մեծանան,այնպես ապրեն, որ իրենց անունն իրենց երեխաներին պատիվ ու հարգանք բերի: Այդպիսին են եղել մեր ծնողները, և մենք իրավունք չունենք նույնը չժառանգել մեր սերունդներին:
-Ինչի՞ց եք կյանքում խուսափում և ինչի՞ն եք մշտապես ձգտում:
-Ցանկացած մարդ միշտ ձգտում է, որ իր հոգում ներդաշնակություն տիրի, չանի մի բան, որը կհակասի իր ներաշխարհին, արժեքներին, քանի որ շատ հաճախ մարդը ստիպված է գործել անհրաժշտությունից ելնելով: Նման դեպքերում, միևնույնն է, քեզ վատ ես զգում, հոգիդ երկփեղկվում է: Կուզենայի միշտ հավասարակշռված լիներ հոգիս, այսինքն` չանեի այն, ինչը ճիշտ չեմ համարում:
Ձգտում եմ, որ երեխաներս, թոռներս, հարազատներս լավ լինեն, արժանապատիվ մարդիկ մեծանան, աշխատեն օգտակար լինել մարդկանց և այնպես ապրեն, որ իրենց անունն իրենց երեխաներին պատիվ ու հարգանք բերի: Այդպիսին են եղել մեր ծնողները, և երբ երկու եղբայրներով նոր էինք սկսել մեր աշխատանքները, ճանաչելով մեր ծնողներին, մեզ ոչ ոք չի փորձել խոչընդոտել, ընդհակառակը, աջակցել են: Մենք իրավունք չունենք նույնը չժառանգել մեր երեխաներին:
-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:
-Եթե ընտրությունների հետ կապված, ապա ասեմ, որ երբևէ կարգախոս չեմ ունեցել, միշտ ասել եմ` իմ ուժերի սահմաններում կաշխատեմ: Այսօր էլ նույնն եմ ասելու:
Իսկ կյանքում ես առաջնորդվում եմ աստվածաշնչյան այն պատվիրանով, որում ասվում է. ՙՄի՛ արա երբեք ուրիշին այն, ինչ որ չես ուզում քեզ ուրիշն անի՚:
-Եվ վերջում կուզենայի խոսենք այն բարձրագույն զգացմունքի մասին, որը հոգևոր լույսի պես ճառագում է մարդու ներսից` սերը հայրենիքի, կնոջ, երեխայի նկատմամբ: Ձեր կյանքում այդ զգացմունքը ինչպիսի՞ փուլեր է անցել և ո՞ւր է հասել:
-Սերն ինձ համար հարաբերական հասկացություն է: Երբ հիշողությամբ տեղափոխվում եմ ավելի երիտասարդ տարիներ, իհարկե, հիմա էլ եմ երիտասարդ, ապա հիշում եմ, որ այն ժամանակ սերս ավելի ծայրահեղ դրսևորումներ էր ունենում: Բայց տարիների ընթացքում, հասունացմանը զուգահեռ, հասունանում ու նոր իմաստներով է հարստանում նաև այդ զգացմունքը և վերափոխվում կայուն արժեքների վրա հիմնված փոխհարաբերությունների: Սերն արտահայտվում է կնոջ, հետո երեխաների, ավելի ուշ՝ թոռների նկատմամբ: Իսկ եթե մարդը չի սիրում իր ընտանիքը, ապա չի սիրի ոչ իր փոքր հայրենիքը, ոչ` մեծը:
Ինձ թվում է՝ լույսը, որ ճառագում է ամեն մարդու ներսից, ի վերուստ է գալիս և ուղեկցում մարդուն ողջ կյանքի ընթացքում` տանելով դեպի հավերժություն:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ