16:32
04/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԳՈՒՐՈՒ ՖԻԼԻՊ ԿՈՏԼԵՐ

2013-04-15 11:08

«Դե Ֆակտո» 65 (2011թ.)

ԱՊՀ երկրների մասնագիտական լսարանին «Marketing 3.0. Profitability. Returnability. Sustainability» կոնցեպցիան առաջին անգամ ներկայացնելու համար պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերը ընտրել է Հայաստանը։

Շատ շուտով իրականություն կդառնա այդքան սպասված իրադարձությունը. նոյեմբերի 13-ին Հայաստան կայցելի մարքեթինգի հիմնադիր, խոշորագույն գիտնական, կենդանի լեգենդ Ֆիլիպ Կոտլերը։

Զարմանալի չէ, որ նրա սպասվելիք այցը այդքան մեծ իրարանցում է առաջացրել մեր հասարակությունում. ամենուրեք խոսում են այդ մասին, համացանցը հեղեղված է այս իրադարձության մասին նյութերով, իսկ սոցիալական կայքերում էջեր են բացվում, ու քննարկումներ ծավալվում։

Այսպիսի մի քննարկման ընթացքում էլ որոշեցի զրուցել պարոն կոտլերի հայաստանյան այցի կազմակերպիչ`«SPRIN Group» ընկերության նախագահ, Նվարդ Մելքոնյանի հետ  և ամսագրի ընթերցողներին առավել մանրամասն իրազեկել սպասվելիք իրադարձության մասին։

-          Տիկին Մելքոնյան, եկեք նախ խոսենք այն նոր ծրագրի մասին, որը Կոտլերն իր հետ կբերի Հայաստան։

-            Մարքեթինգի գուրուն իր գիտելիքներով և փորձով կկիսվի հայաստանյան մասնագետների հետ։ Նա գալիս է Հայաստան` ներկայացնելու իր նոր «Մարքեթինգ 3.0» հայեցակարգը։ Այս կոնցեպցիայի շրջանակներում հատուկ հնչեղություն են ստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խնդիրները, կարևորվում է առանձին սպառողի պահանջմունքների հարցը, ինչը պայմանավորված է թե՛ աշխարհի, թե՛ սպառողի պահանջմունքների արագընթաց զարգացմամբ։ Սպառողը սկսում է հատուկ վերաբերմունք և ուշադրություն  պահանջել։

-          Ի՞նչ ձևաչափով են անցկացվելու դասընթացները։

-            Պրոֆեսոր Կոտլերի աշխատանքային օրակարգում դասընթացների շարք է` թվով 4-ը` նախատեսված տարբեր թիրախային լսարանների համար, յուրաքանչյուրն իրենց հատուկ մշակված ծրագրով և օժանդակ նյութերով։

-          Իսկ ինչպե՞ս է բաշխված նրա աշխատանքային օրակարգը, և որ թիրախային լսարանների հմար են դրանք նախատեսված։

-            Այսպես, օրինակ՝ առաջին սեսիան, որը կոչվում է  «CEO ՖՈՐՈՒՄ», նախատեսված է կազմակերպությունների գլխավոր տնօրենների, կառավարության անդամների, նախարարների, դեսպանների և այլ պաշտոնատար անձանց համար։ Այս հանդիպումը տևելու է շուրջ 3 ժամ, բավականին ոչ ֆորմալ մթնոլորտում, ենթադրվում են կարծիքների փոխանակում, քննարկումներ ընթրիքի սեղանի շուրջ։

Երկրորդ սեսիան` ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄՆ է, որի տևողությունը 4 ժամ է։ Այստեղ պրոֆեսորը ունկնդիրներին կպատմի, թե ինչպես օգտվել բիզնես միջավայրի գլխավոր մարտահրավերներից և օգտագործել կազմակերպության հնարավորությունները, որոնք են Մարքեթինգ  1.0, 2,0 և 3,0 միջև եղած հիմնական տարբերությունները, կհասկանան, թե ինչպես կարելի է ստիպել հաճախորդներին սիրել իրենց ընկերությունը։

Երրորդը` ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՖՈՐՈՒՄՆ է, որը նախատեսված է մարքեթինգի մասնագետների, տարբեր կազմակերպությունների մարքեթինգ-մենեջերների համար։       Իսկ վերջինը` ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՐՈՒՄՆ է, որի նպատակն է մարքեթինգի ապագա մասնագետներին ներկայացնել արդի շուկայավարման տեսլականը` «Մարքեթինգ 3.0» կոնցեպցիայի հիմունքները և քննարկել  մարքեթինգի զարգացման հեռանկարները։

-          Մասնակցել նման աննախադեպ դասընթացի, անշուշտ, գրավիչ է. իսկ դրա ավարտին կլինի՞ այդյոք այդ մասնակցությունը հավաստող փաստաթուղթ։

-            Իմիջիայլոց, հատկանշական է, որ ի տարբերություն օրինակ Ռուսաստանի, որտեղ Կոտլերի 2 դասընթաց կայանալու է նոյեմբերի 12-ին, Հայաստանում իրականացվող թրեյնինգների ավարտին մասնակիցներին տրվելու են վկայագրեր։

«Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում՝ 11.11.11» նախագիծը նաև տարածաշրջանային նշանակություն ունի։ Նախատեսվում է, որ միջոցառումներին կմասնակցեն  մարքեթինգի և մենեջմենթի ավելի քան 2000 մասնագետներ, գործարարներ Հայաստանից, և հատուկ այդ առթիվ Հայաստան ժամանող ավելի քան 500 հյուրեր Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելոռուսից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Ղազախստանից, Լեհաստանից, Ֆինլանդիայից, Ավստրիայից և այլ երկրներից։

Մարքեթինգի գուրուի այցը Հայաստան կարևորագույն օղակն է այն բազում միջոցառումների շարքում, որոնք արդեն իրականացվել և իրականացվելու են «Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում՝ 11.11.11» նախագծի շրջանակներում։

Այցի կազմակերպիչներ Մարքեթինգի հայկական ասոցիացիայի և «SPRIN Group» ընկերության կողմից նախապատրաստված ծրագրերի շարքը մեկնարկել է դեռ հուլիսից։ Նախագծի այս փուլում իրականացվող միջոցառումները ուղղված էին ժամանակակից կյանքում մարքեթինգի դերի ու նշանակության կարևորմանը, հայաստանյան և ռեգիոնալ մարքեթինգի փոխադարձ սերտաճման հնարավորությունների հետագա զարգացման ուղիների քննարկմանը։

-          Եթե ամփոփելու լինենք այցի նախապատրաստական շրջանը, ապա ի՞նչ է արվել արդեն...

-            Դեռևս օգոստոսին տեղի ունեցավ www.kotler.am կայքի և նախագծի շնորհանդեսը, ինչպես նաև հատուկ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար մեր կողմից կազմակերպվեց համապատասխան դասընթաց, որի ընթացքում լրագրողներին ներկայացվեցին մարքեթինգի հիմունքները, տերմինաբանությունը, Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգ 3.0 կոնցեպցիան, որպեսզի տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարողանան գրագետ և առանց դժվարությունների լուսաբանել Ֆիլիպ Կոտլերի այցը, այցին նախորդող մասնագիտական միջոցառումները և մարքեթինգի գուրուի դասընթացները։ 

-          Հայաստանյան լսարանը, փաստորեն, լավագույնս իրազեկված է գալիք իրադարձությամբ։ Իսկ պարոն Կոտլերը և նրա թիմը ի՞նչ մեխանիզմով են տեղեկատվություն ստացել  հայաստանյան մարքեթինգային շուկայի առանձնահատկկությունների վերաբերյալ։

-            Նախապատրաստական աշխատանքների ընթացքում մի քանի անգամ Հայաստան այցելեց «Kotler Impact» ընկերության գործադիր տնօրեն Ֆահիմ Կիբրիան, որի մասնակցությամբ տեղի ունեցավ «Հայաստանյան մարքեթինգի արդի հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան ՀՀ տարբեր ոլորտների կազմակերպությունների մարքեթինգի մասնագետների մասնակցությամբ։ Ֆահիմ Կիպրիան հանդիպման ներկաներին ներկայացրեց ժամանակակից մարքեթինգային հաղորդակցությունների և տեխնոլոգիաների տեղայնացման  առանձնահատկությունները, հայաստանյան շուկայում մարքեթինգի զարգացման հեռանկարները։

Ֆիլիպ Կոտլերը անշուշտ կառաջնորդվի հայաստանյան մարքեթինգային իրավիճակի առանձնահատկություններով, ինչը Հայաստան այցի շրջանակներում տարվող աշխատանքը կդարձնի արդյունավետ և նպատակային։

 «ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԳՈՒՐՈՒ ՖԻԼԻՊ ԿՈՏԼԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. 11.11.11» ֆեյսբուքյան էջը թեև բացվել էր Կոտլերի այցի կազմակերպիչներ Մարքեթինգի հայկական ասոցիացիայի և «SPRIN Group» ընկերության կողմից դեռևս սույն թվականի օգոստոսին, նախագիծը հանրությանը ներկայացնելուն պես, արդեն մեկ ամիս հետո ուներ 1000 «ընկեր»։

 Այսօր էլ Facebook-ի խմբի մասնակիցների թիվը անընդհատ աճում է, ներգրավելով ծրագրով հետաքրքրվածների և մասնակիցների  նորանոր լսարաններ։ Ի դեպ խումբը շատ ակտիվ գործունեություն է վարում` ծավալում քննարկումներ, մրցույթներ իրականացնում, հրապարակում հետաքրքրաշարժ նյութեր։

Մարքեթինգի կենդանի դասական ՖԻԼԻՊ ԿՈՏԼԵՐԻ Հայաստան այցով չի սահմանափակվի նրա համագործակցությունը մեր երկրի մասնագետների հետ

ԱՄՆ Հյուսիս – արևմտյան Համալսարանի Ջ. Քելոգի մենեջմենթի Բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր, մարքեթինգի կենդանի դասական ՖԻԼԻՊ ԿՈՏԼԵՐԻ Հայաստան այցով չի սահմանափակվի նրա համագործակցությունը մեր երկրի մասնագետների հետ։ Այս նախագիծը շարունակական բնույթ ունի և այն կեզրափակի «Philip Kotler's Excellence Center» - տարածաշրջանում Ֆիլիպ Կոտլերի անվան միջազգային մակարդակի միակ մարքեթինգի և մենեջմենթի կենտրոնի բացումը, որտեղ մարքեթինգի և մենեջմենթի բարձրագույն որակավորում ստանալու հնարավորություն կունենան ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մասնագետները։

Պատրաստեց Թեհմինա Արզումանյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...