18:19
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հակառակ այն տարածված կարծիքին, որ հայերը միասնական չեն Ռուսաստանի հայ համայնքն ապացուցում է հակառակը` մենք միասնական ենք, համախմբված և ուժեղ

2013-04-09 11:42

«Դե Ֆակտո»  59 (2011թ.)

 Հարցազրույց` «Տաշիր Մեդիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Բաբասյանի հետ

««Տաշիր» մրցանակաբաշխությունը  բոլոր հայերին համախմբում է հեռուստացույցի առաջ և՛ Հայաստանում և՛ Ռուսաստանում և՛ առհասարակ ողջ աշխարհում»

-Պարո՛ն Բաբասյան, Դուք ծնվել և մեծացել եք Մոսկվայում, բայց շատ լավ խոսում եք հայերեն և Ձեր կապը մշտապես պահել եք հայերի հետ։ Արդյո՞ք Ռուսաստանում բնակվող բոլոր հայ երիտասարդներն են փորձում հայկական արժեքներով ապրել, թե՞ շատերն ուծացվում և կորցնում են իրենց հայեցիությունը։  

-Իհա՛րկե կան հայեր, ովքեր կորցնում են իրենց հայեցիությունը, բայց բարեբախտաբար նրանք շատ շատ քիչ են։ Շատերը, թեպետ ծնվում և մեծանում են Ռուսաստանում, սակայն մեծ ջանքեր են ներդնում, որպեսզի սովորեն հայերենը, տարբեր համալսարաններում հայերեն դասեր են ուսուցանում։ Ռուսաստանում հայ երիտասարդները հայկական ակումբներ են հիմնում, որտեղ հավաքվում են հայերով, շփվում են միմյանց հետ։ Հայրենիքի հանդեպ սերն ու համախմբվածության ձգտումն հատկապես երիտասարդների մոտ գնալով ավելի է մեծանում։

-Արդյո՞ք Ռուսաստանում հայ մնալը դժվար չէ։

-Մենք` հայերս շատ ենք, ինչպե՞ս կարող է դժվար լինել։ Հայերով միմյանց հետ անընդհատ շփվում ենք, հաճախ ենք հանդիպում, հաճախ Հայաստան ենք գալիս։

-Կարելի՞ է մտածել, որ «Տաշիր» մրցանակաբաշխությունը  Ռուսաստանում նպատակ է հետապնդում նաև, ինչ-որ առումով նպաստելու նրան, որ հայերը ավելի համախմբված լինեն և իրենց հայ զգան Ռուսաստանում։  

-Դա մեր գլխավոր նպատակներից մեկն էր։ «Տաշիր» մրցանակաբաշխությունը  բոլոր հայերին համախմբում է հեռուստացույցի առաջ և՛ Հայաստանում և՛ Ռուսաստանում և՛ առհասարակ ողջ աշխարհում։ Այդ ժամանակ բոլոր հայերը անկախ նրանից, որ հայրենիքից և միմյանցից հեռու են գտնվում հավաքվում են հեռուստացույցի առաջ և հպարտանում իրենց հայրենակիցների հաջողություններով, նրանով, որ հայերը կարող են այդքան գեղեցիկ շոու կազմակերպել, որն անց է կացվում Մոսկվայի սրտում` Կրեմլի պալատում և որին բացի հայ և ռուս հանդիսատեսից մասնակցում են նաև այլերկրացիներ։

«Դահլիճում հանդիսատեսի 10-15 տոկոսը ռուս և այլազգի հանդիսատեսներ էին, որոնց թվում էին նաև տարբեր երկրների դեսպաններ»

-Ո՞րն է եղել «Տաշիր» մրցանակաբաշխության կարևորագույն նպատակը մինչ մրցանակաբաշխության մեկնարկը և արդյո՞ք Դուք այսօր կարող եք արձանագրել, որ այն իրականացել է։

-Գլխավոր խնդիրը ի սզբանե եղել է գեղեցիկ շոու կազմակերպելը, որը կապացուցեր, որ Հայաստանը կարող է կազմակերպել այնպիսի շոու, որը իր մակարդակով չէր զիջի արտերկրյա նմանատիպ շոու ծրագրերին։

-Իսկ «Տաշիր» մրցանակաբաշխության շուրջ ի՞նչ են խոսում ռուսները և այլազգիները, նրանք և՞ս կիսում են Ձեր կարծիքը։

- Մինչ «Տաշիր» մրցանակաբաշխության մեկնարկը շատ էին խոսում վերջինիս մասին։ Խոսակցություններն իհարկե է՛լ ավելի թեժացան մրցանակաբաշխությունից հետո, մամուլում շատ հոդվածներ էին տպագրվում մրցանակաբաշխության վերաբերյալ, դահլիճում հանդիսատեսի 10-15 տոկոսը ռուս և այլազգի հանդիսատեսներ էին, որոնց թվում էին նաև տարբեր երկրների դեսպաններ, օրինակ` Չինաստանի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Իտալիայի, որոնք միջոցառումից հետո դրական կարծիք հայտնեցին, շնորհակալական նամակներ գրեցին։ Ես համոզված եմ, որ ողջ աշխարհի հայության 99 տոկոսն այդ օրը նայել է մրցանակաբաշխությունը։ Այս ամենը վկայում է այն մասին, որ մեզ հաջողվեց բարձրակարգ շոու ծրագիր կազմակերպել։

-Վերջերս Կրեմլի պալատում ևս մի միջոցառում տեղի ունեցավ, որից հետո սկսեցին տարանջատել «նախկին Տաշիր» և «ներկա Տաշիր»։ Իրականում ի՞նչ խնդիր կա այս երկու միջոցառումների միջև, խնդրեմ, բացատրեք նաև այն, թե ո՞րն է պատճառը, որ նույնանման միջոցառումից ևս մեկը տեղի ունեցավ Մոսկվայում։  

-Նախ Մոսկվայում հայկական միջոցառումները շատ են, քանի որ հայկական համայնքը մեծ է, երկրորդը մենք ամեն տարի շոու ենք կազմակերպում, որին մեծ հավանություն են տալիս և մարդիկ ցանկացան ևս մի շոու կազմակերպել հենց Կրեմլում։

-Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

-Չեմ ասի, որ դա լավ է։ Բայց ինչո՞ւ ոչ, նման բաներ էլ են լինում։ Կարևորը, որ մենք մեր նպատակը իրագործեցինք։

«Այն աստղերը, որոնց մասին գրում էին, որ նրանք մրցանակներին արժանի չեն, Կրեմլի պալատում այդ օրը հավաքեցին 7000 հանդիսատես»

-Հայաստանում շատ խոսվեց «Տաշիր» մրցանակաբաշխության մասին, երբեմն նաև քննադատական ֆոնի վրա։ Քննադատությունները հնչում էին մասնավորապես նրա համար, թե ինչո՞ւ մրցանակաբաշխության ժամանակ բնակարաններ նվիրեցին էստրադայի աստղերին։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս քննադատությունների վերաբերյալ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ գրեթե բոլոր բնակարանները նվիրեց Սամվել Կարապետյանը, իրականում դա այդպե՞ս էր։ 

-Ո՛չ, դա այդպես չէր։ Նախ նշեմ, որ տվյալ միջոցառումը շոու է, բարձրակարգ, բարձրորակ, Հոլիվուդյան մակարդակին համապատասխան շոու, որը մեծ հավանության է արժանացել։ Իսկ նրանք, ովքեր գրում են, որ այս կամ այն արվեստի գործիչներն արժանի չէր այդ նվերին, դա նրանց սուբյեկտիվ կարծիքն է։ Առհասարակ բոլոր միջոցառումներից հետո հնչում են և՛ դրական և՛ բացասական արձագանքներ, ինչը բնական է և ենթադրում է, որ միջոցառումը ստացվել է։ Ուղղակի պետք չէ շփոթել բարեգործությունը շոուի հետ։ Մենք կազմակերպել էինք գեղեցիկ շոու ծրագիր։ Իսկ բարեգործությունն այլ բան է։ Մենք նաև բարեգործությամբ ենք շատ զբաղվում և կարծում եմ, որ դա հայտնի է շատերին։

-Իսկ ինչո՞ւ որոշեցիք հատկապես բնակարաններ նվիրել։

-Դա մեր մտահղացումն էր, մենք առաջարկեցինք գործարարներին նշել հանրության համար սիրելի արվեստի գործիչներն և նրանք սիրով համաձայնեցին։

-Այսինքն կարելի՞  է ենթադրել, որ գործարարներն իրենց սեփական միջոցներով էին բնակարան նվիրում։ 

-Այո, յուրաքանչյուրն ընտրեց մեր ներկայացրած արվեստի գործիչներից մեկին և տվյալ արվեստագետին իր սեփական գումարներով նվիրեց բնակարան կամ ավտոմեքենա։  Հնչեցին կարծիքներ, որ շատերն արժանի չէին այդ մրցանակներին, բայց պետք չէ մոռանալ, որ հենց նրանց երգերի ներքո են կազմակերպվում հարսանիքներ, ծնունդ-կնունքներ և այլ միջոցառումներ, հենց նրանց երգերի տակ է հասարակությունը ուրախանում։

-Ես կարծում եմ, որ օրինակ Շուշան Պետրոսյանի պարագայում հնչեցնել նման կարծիք չի կարելի, քանի որ նրան բոլորը սիրում և գնահատում են։ 

-Մրցանակաբաշխությանը ներկայացված բոլոր արվեստի գործիչներն էլ բարձր մակարդակի և արժանի կատարողներ են։ Նրանցից շատերը միջազգային տարբեր մրցույթներում բարձր են պահել Հայաստանի անունը։

«Մենք ի տարբերություն մյուսներին տոմսերից գոյացած ողջ գումարը ծախսել ենք որակյալ շոու կազմակերպելու վրա»

-Շատ է խոսվում նաև այն մասին, որ մոտ երեք մլն դոլար է ծախսվել։ Իրականում որքա՞ն գումար է ծախսվել միջոցառումը կազմակերպելու համար։

-Ստույգ գումարը չեմ նշի, միայն կասեմ, որ Ձեր նշած գումարի չափով ծախս չի եղել, բայց տրամաբանական է, որ քիչ էլ չի եղել, քանի որ միջոցառումը շատ լուրջ էր, դեկորացիաները, ձևավորումը կատարվել էր բարձր մակարդակի վրա։ Մենք ունենք հովանավոր, որն էլ մեզ աջակցեց արտերկրից անվանի աստղեր հրավիրել, իսկ մնացած ծախսերն արվել են տոմսերի վաճառքից գոյացած հասույթով։ Հարկ եմ համարում նշել, որ հենց այն աստղերը, որոնց մասին գրում էին, որ նրանք մրցանակներին արժանի չեն, Կրեմլի պալատում այդ օրը հավաքեցին 7000 հանդիսատես, համերգից գրեթե 10 օր առաջ արդեն դժվարությամբ կարելի էր տոմս հայթայթել, ամբողջը վաճառվել էր։ Մենք ի տարբերություն մյուսներին տոմսերից գոյացած ողջ գումարը ծախսել ենք որակյալ շոու կազմակերպելու վրա։

-Պարո՛ն Բաբասյան, Սամվել Կարապետյանն ու իր եղբայրը` Կարեն Կարապետյանը բավականին մեծ բարեգործական ակցիաներ են կազմակերպում և հսկայական ներդրումներ են կատարում Հայաստանում։ Կարելի է վստահորեն ասել, որ մեր հայրենակից, մեծ բարերար Քրք Քրքորյանից հետո Սամվել Կարապետյանն երկրորդ հայն է, որ Հայաստանում այդքան եծ ներդրումներ է կատարում Հայաստանից դուրս, իր սեփական քրտինքով աշխատած գումարներով։ Արդյո՞ք նորմալ եք համարում, որ նման քննադատությունը պետք է կապվեր նաև նրա անձի հետ և միգուցե նրա բարեգործական ակցիաներն և՞ս մեծ շուքով լուսաբանեք, որպեսզի բոլորը հասկանան, որ միայն այդ բնակարանները չեն, Սամվել Կարապետյանը դրանից անհամեմատ ավելի շատ բան է անում Հայաստանի համար։                          

-Այն ամենը ինչի մասին նոր ասեցիք, միանշանակ իրականություն է և շատերը գիտեն, թե «Տաշիր»-ի խումբը ի դեմս նրա նախագահ` Սամվել Կարապետյանի ինչպիսի բարեգործություններ են կատարում Հայաստանում։ Բայց սովորաբար նման բաներից չեն խոսում, ուղղակի գործում են։ Դրա համար մենք աշխատում ենք նման զրույցների վրա ուշադրություն չսևեռել։

-Քննարկվում էր նաև այն, թե ինչո՞ւ «Տաշիր» մրցանակաբաշխությունը կազմակերպվում էՄոսկվայում, այլ ոչ Հայաստանում։

-Նման արձագանքը ակնկալելի է և այն տրամաբանական է։ Հիմնական պատճառն այն է,որ մենք ուզում ենք այլ երկրներին ևս ներկայացնել մեր արվեստը, մեր դուդուկը, մեր երգը, որպեսզի մարդիկ տեսնեն և հասկանան, թե ինչպիսին է մեր իրական մշակույթը։ Սակայն հնարավոր է, որ երբևիցե  «Տաշիր» մրցանակաբաշխությունն անցկացվի նաև Երևանում։

-Վստահ եմ, որ այս մրցանակաբաշխությունը լինելու է շարունակական և մյուս տարի կկայանա «Տաշիր 2012» մրցանակաբաշխությունը։

-Ես չեմ բացահայտի բոլոր գաղտնիքները, միայն կասեմ, որ կկազմակերպվի էլ ավելի հետաքրքիր շոու, կլինեն էլ ավելի հետաքրքիր անակնկալներ։

Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ հանձնեցին նաև ռուսաստանի տրանսպորտի նախարար պարոն Լիբիտինին և հայտնի Միխալկովին։ Դրանք ի՞նչ մրցանակներ էին, այդ մրցանակները իրականում ի՞նչ նպատակ ունեին։

-Եթե խոսենք պարոն Լեվիտինի մասին պետք է փաստենք, որ նա մարդ է, ով  գլխավորում է համագործակցության հանձնաժողովը, մեկը ով արդեն իսկ շատ բան է արել հայերի համար։ Այդ մրցանակով մենք նրան հայտնեցինք մեր երախտիքը, այն որ Հայաստանը գնահատում է այն ամենը ինչ նա անում է մեզ համար։ Միխալկովը դեռ շատ վաղուց է մեր լավ ընկերը, նրան միշտ հետաքրքրել է հայկական արվեստն ու մշակույթը և նա միշտ ցուցաբերել է իր աջակցությունը Մոսկվայում հայկական մշակույթին։ Ես համոզված եմ, որ մեր բարեկամությունը կշարունակվի։

-Կարծիք կա, որ հայ համայնքը Ռուսաստանում ամենակազմակերպվածներից և ուժեղներից մեկն է։ Դուք որպես Ռուսաստանում մեծացած հայ երիտասարդ կիսո՞ւմ եք այդ տեսակետը։

-Դա իսկապես այդպես է։ Մրցանակաբաշխությանը ներկա 7000 հանդիսատեսը վկայում են հենց դրա մասին։ Հայերը շատ են շփվում միմյանց հետ։ Մենք հանդիպում ենք հաճախ և ամենուր` տարբեր միջոցառումներին, դրսում, եկեղեցում։ Եվ ի հակառակ այն տարածված կարծիքին, որ հայերը միասնական չեն, Ռուսաստանի հայ համայնքն ապացուցում է հակառակը` մենք միասնական ենք, համախմբված և ուժեղ։

-Պարո՛ն Բաբասյան, եզրափակելով մեր զրույցը ուզում եմ Ձեզ խնդրել չնեղանալ քննադատություններից, որոնք շրջանառվում են Հայաստանում և շարունակել Ձեր բարի գործը։ Կարծում եմ այն մարդկանց, ովքեր  Հայաստանից դուրս իրենց ջանքերով բավականին մեծ գումարներ են վաստակում և այդ գումարներով կիսվում են իրենց հայրենիքի և հայրենակիցների հետ, պետք է միայն խրախուսել և գովաբանել։ Մեր մեծ բարեգործներից մեկը Սամվել Կարապետյանն է, որին  Հայաստանի և հայ ժողովրդի համար կատարած բարեգործությունների համար պետք է միայն շնորհակալություն հայտնել, այլ ոչ թե անհիմն քննադատել նրան։    

-Մենք իհարկե չենք արձագանքում նման երևույթներին։ Մենք գիտենք, որ դա այնքան էլ հասարակության կարծիքը չէ, քաջատեղյակ ենք, թե ինչպես է հասարակությունը արձագանքում «Տաշիր» մրցանակաբաշխությանը և առհասարակ այն ամենին ինչ արվում է մեր կողմից մեր հայրենիքի համար։ Կարծում եմ, որ մեր հարաբերությունները գնալով միայն կբարելավվեն ու կզարգանան։  

                                                                                                   Լիլիթ Սաֆարյան

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...