14:18
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայաստանը զարգացող երկիր է ու հետաքրքիր` բիզնեսի տեսանկյունից

2013-04-09 11:35

«Դե Ֆակտո»  59 (2011թ.)

Կիառա Ֆիջինի, «Գոլդեն Թուլիփ Երևան», «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցների գլխավոր տնօրեն

-Տիկի՜ն Ֆիջինի, քանի՞ տարի է, ինչ աշխատում եք Հայաստանում։  Պատմե՜ք, խնդրեմՁեր գործունեության մասին։ 

-2007թ. ես աշխատում եմ Հայաստանում։ Սկզբում աշխատել եմ «Renco» կազմակերպությունում, որին զուգահեռ` նաև «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցում` որպես գլխավոր տնօրենի օգնական։ Հետագայում  ես նշանակվեցի «Գոլդեն Թուլիփ Երևան», «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցների գլխավոր տնօրեն։ Ինձ վստահեցին շատ պատասխանատու աշխատանք, և ես սկսեցի ակտիվորեն աշխատել։ Արդեն շուրջ 4 տարի է, ինչ աշխատում եմ ու  հույս ունեմ, որ երկար կաշխատեմ Հայաստանում, քանի որ Հայաստանը զարգացող երկիր է ու շատ հետաքրքիր`  բիզնեսի տեսանկյունից։ 

-Ինչպիսի՞ն է հյուրանոցային շուկան Հայաստանում, մրցունա՞կ է։

-Մենք աշխատում ենք լինել լավագույնը` առաջնորդվելով միջազգային չափանիշերով, ինչի հաշվին էլ մեր հյուրանոցներում ներգրավում ենք մեծ թվով հաճախորդների։

Պետք է նշեմ, որ հայկական շուկան շատ  փոփոխական է, զարգացող. չեմ կարող համեմատել  չորս տարի առաջվա իրականությունն այսօրվա հետ։ Այսօր Հայաստանում բազմաթիվ  միջազգային կազմակերպություններ բացել են իրենց գրասենյակները, ակտիվ համագործակցություն է ստեղծվել տարբեր երկրների հետ, ինչը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում։ Ո՞րն  է  հաջողության գրավականն այս ոլորտում։

-Որպես սկզբունք և հաջողության գրավական` կարևորում եմ աշխատակիցների նկատմամբ լավ վերաբերմունքը։ Կարծում եմ` կազմակերպության հզորությունը աշխատակիցներն են։ Հենց այդ  սկզբունքով էլ մենք առաջնորդվում  ենք` մեր հյուրերին արժանացնելով բարեհամբույր վերաբերմունքի և քաղաքակիրթ շփման։ 

Շատ կարևոր գործոն է նաև ճկունությունը,  ցանկացած բյուջեի համար առաջարկ ունենալը, բանակցությունների գնալը։ Մենք այդ ամենն ապահովում ենք։ 

-Խոսենք երկու հյուրանոցների մասին  առանձին-առանձին։ Ինչպիսի՞ առանձնահատկություններ և ոճ ունեն, նմանություններ ու տարբերություններ։

-«Գոլդեն Թուլիփ Երևանը» շքեղ հյուրանոց է, որն իր հյուրերին առաջարկում է  բազմաթիվ բարձրակարգ  ծառայություններ։ Հյուրանոցի շենքը   պատմական  է, այսինքն` հյուրը, որն ապրում է այդտեղ, զգում  է այդ շունչը։ «Գոլդեն Թուլիփ Երևանը» միջազգային շուկայի հյուրանոցների չափանիշերին համապատասխան շքեղ հյուրանոց է։ Առաջարկում է բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցվում են յուրաքանչյուր միջազգային  բարձրակարգ հյուրանոցում` շքեղ սենյակներ, ռեստորան, բացօթյա լողավազան, անվճար ինտերնետ, բիզնես կենտրոն,  բար, շուտով  կբացվի նաև ՍՊԱ կենտրոնը և նմանատիպ այլ ծառայություններ։

«Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցի «Ռոսսինի» ռեստորանը համարվում է Հայաստանի լավագույն ռեստորաններից մեկը, որը հիմնականում հանդիպման  վայր է հանդիսանում գործարարների և պաշտոնյաների, կարելի  է ասել Երևանի սերուցքի, համար։ Եվ կարևորն այն է, որ նրանք մշտապես են այցելում։ Իսկ եթե հյուրը վերադառնում է, ապա դա արդեն հաջողություն է։

Եթե «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցը աչքի է ընկնում իր շքեղությամբ և  նախատեսված է հարուստ, գործարար մարդկանց կամ զբոսաշրջիկների  համար, ապա «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցը սահմանափակ բյուջեով ծառայություններ առաջարկող և ավելի ակտիվ, աշխույժ հյուրանոց է։ Հյուրանոցը հայտնի է իր կոնֆերանս դահլիճներով, որտեղ անցկացվում են տարբեր  կոնֆերանսներ, սեմինարներ, մամուլի ասուլիսներ։ Հյուրանոցն ունի ծառայությունների նույն շարքը, ինչ որ «Գոլդեն Թուլիփ Երևանը»։ Նշեմ, որ այստեղի լողավազանը շատ մեծ է ու գրավիչ հատկապես Երևան այցելող հյուրերի համար։ «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցը նաև հաճելի վայր է բոլոր իսկական իտալական պիցցայի սիրահարների համար, քանի որ այստեղ գործում է Հայաստանում միակ և լավագույն իտալական պիցցայատունը։

-Ի՞նչ նորամուծություններ են նախատեսվում հյուրանոցներում, ի՞նչ հետաքրքիր ծառայություններ կան միջազգային շուկայում, որ պետք է ներդրվեն Հայաստանում։

-Հիմնական ուժեղ կողմը երկու հյուրանոցների պարագայում համադրությունն է  իտալականի և հայկականի։ Ես համարում եմ, որ ներդրված է լավագույն փորձը։ Իհարկե, հետևում ենք միջազգային շուկայի միտումներին, տուրիզմում ընթացող զարգացումներին և փորձում ենք աշխատել նույն ձևով, ձեռք բերել նոր տեխնոլոգիաներ, մատուցել նոր ծառայություններ, բայց պետք է ասեմ, որ մենք շատ ուժեղ ենք մեր ունեցած բազայով։ Մեր հիմքը շատ հզոր է։

-Որքանո՞վ է զարգացած տուրիզմը Հայաստանում և տարիների ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ է կրել։ 

-Մենք մասնակցել և մասնակցում ենք բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների և ներկայացնում ենք ոչ միայն մեր հյուրանոցները, այլ նաև Հայաստանը, քանի որ մենք ինքներս էլ հետաքրքրված ենք  ներկայացնել Հայաստանը, հետաքրքրություն առաջացնել  և հյուրեր բերել Հայաստան։ Բացի այդ, ՀՀ կառավարությունը նույնպես ակտիվ քաղաքականություն է վարում այդ ուղղությամբ` Հայաստանը պատշաճ ձևով ներկայացնել տարբեր ցուցահանդեսներին։ Եթե նախկինում Հայաստանը քչերն էին ճանաչում, ապա այսօր, տարված աշխատանքների արդյունքում, Հայաստանը մեծ ճանաչում է ձեռք բերել։ Մենք շատ հաճախակի ենք մասնակցում ցուցահանդեսների տարբեր տուրիստական գործակալությունների հետ, կազմակերպում ծանոթության փոխայցեր։ Պետք է նշեմ, որ ովքեր այցելել են  Հայաստան, շատ գոհ են եղել, հիացած ու լավ տպավորություններով մեկնել են Հայաստանից։

-Տիկի՜ն Ֆիջինի, ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում։ Ասում են` իտալացիները և հայերը ընդհանուր գծեր շատ ունեն։ Իրո՞ք այդպես է։  

-Ես ինձ հրաշալի եմ զգում ձեր երկրում։ Կարծում եմ, որ իտալացիներն ու հայերը խառնվածքով շատ  նման են։ Ես ոչ մի խնդիր դեռևս չեմ ունեցել  իմ անձնակազմի հետ շփման ընթացքում։ Մենք միջմշակութային խնդիրներ չունենք։                                         

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...