18:47
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մշակութային անդրադարձ

2013-04-05 11:27

«Դե Ֆակտո» 82 (2013թ.)

Ներկայացնում ենք Ձեզ երգիչ, կոմպոզիտոր, սիմֆոնիկ դիրիժոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Մարատ Հայրապետյանի հեղինակային հոդվածաշարը։ Այս համարում զետեղված են հոբելյանական հանդիսություններ։ Երևանում կայացավ Իոսիֆ Կոբզոնի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Իոսիֆ Կոբզոնի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի երևանյան համերգը։ Այն իրականացվեց «Սոզվեզդիե» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգից ստացված հասույթը ուղղվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող Երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամին՝ Գյումրու երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերման նպատակով։ Համերգի ընթացքում մեծանուն երգչի կատարմամբ հնչեցին Ա.Բաբաջանյանի, Ալ.Պախմուտովայի, Գ.Մովսիսյանի, Ա.Աստրովսկու, Է.Կոլմանովսկու, Մ.Ֆրադկինի, Յան Ֆրենկելի և այլ ճանաչված կոմպոզիտորների հանրահայտ երգեր։ Համերգին մասնակցեց ՌԴ ՆԳ նախարարության ներքին զորքերի երգ ու պարի անսամբլը /գեղ.ղեկ. և գլխ.դիրիժոր ՌԴ ժող. արտիստ, գեներալ-մայոր Վիկտոր Ելիսեև/, Մոսկվայի «Ռեսպուբլիկա» խումբը, դաշնակահար Ալ.Եվսյուկովը, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ն.Բուչինսկայան և այլոք։ Հայաստանում նշվեց հայազգի անվանի ռեժիսոր Կարեն Շահնազարովի 60-ամյա հոբելյանը Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանում էր ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ պետական և Լենինյան մրցանակների դափնեկիր, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի նախագահ Կարեն Շահնազարովը։ Հայաստան այցի շրջանակներում նշվեց մեծանուն կինոռեժիսորի 60-ամյա հոբելյանը, եղան ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր։ Այցի գլխավոր նպատակներից էր նաև Կ.Շահնազարովի` «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացված «Սպիտակ վագր» ֆիլմի երևանյան պրեմիերան, որը տեղի ունենացավ «Մոսկվա» կինոթատրոնում։ 2001 թ. սկսած հայազգի անվանի ռեժիսորը համագործակցում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի հետ և հանդիսանում հիմնադրամի կողմից կազմակերպվող Մանկապատանեկան ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոնի պատվավոր հյուրը։ Այցի շրջանակում հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, կինոարվեստի բնագավառում երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Կարեն Շահնազարովը պարգևատրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Պատվո շքանշանով։ Կ.Շահնազարովը 1975 թ. ավարտել է Մոսկվայի ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը (Ի.Տալանկինի արվեստանոց)։ 1976 թվականից աշխատում է «Մոսֆիլմ» կինոստուդիայում՝ որպես բեմադրող ռեժիսոր։ 1991-ից մինչ օրս հանդիսանում է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի «Կուրիեր» կինոստուդիայի գեղ. ղեկավարը, իսկ 1998-ից «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրենը և վարչության նախագահը։ Նշվեց Ռաիսա Մկրտչյանի 70 ամյա հոբելյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։ Մասնակցում էին հանրապետության ճանաչված համերգային խմբերն ու անհատ կատարողները. «Արևիկ» մանկական համույթ, Ռոբերտ Ամիրխանյան, Ռուբեն Մաթևոսյան, Մարտին «Վարդազարյան, Լեյլա Սարիբեկյան, Իրինա Զաքյան, Գևորգ Հակոբյան, Արամո, Էմմա Պետրոսյան, Մհեր, Արտակ Ստեփանյան, Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոն», Էստրադային սիմֆոնիկ նվագախումբ /գեղ. ղեկ. Երվանդ Երզնկյան/, Դանիել Կրամեր /ՌԴ/, Արմինե Սարգսյան /ՌԴ/։ Երեկոյի գեղ. ղեկավարն էր Արմեն Մանուկյանը։ Երեկոյի ժամանակ երգչուհուն շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, իսկ ՀՀ մշակույթի նախարարի անունից հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևը՝ Ոսկե մեդալը։ Երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինն ավարտելուց հետո Ռ.Մկրտչյանն ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետ.կոնսերվատորիայի նույն բաժինը։ Այդ տարիներին նրա համար հատուկ ստեղծագործություններ էին գրում Ռ.Ամիրխանյանը, Մ.Մավիսակալյանը, Մ.Վարդազարյանը։ Նրա երգարվեստը գրավեց Ա.Բաբաջանյանի, Ալ.Աճեմյանի, Կ.Օրբելյանի ուշադրությունը, վերջինս նրան հրավիրեց Հայաստանի պետական էստրադային նվագախումբ։ Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին Ռ.Ամիրխանյանի ղեկավարությամբ ստեղծված «Կռունկ», ապա «Պատանեկություն» վոկալ-գործիքային անսամբլներով Ռ.Մկրտչյանը 60-ականներին շրջագայեց ԽՍՀՄ երկրներում, մասնակցեց տարբեր մրցույթների։ Ռաիսա Մկրտչյանն իր երգարվեստով սիրելի է հասարակության բոլոր շերտերին՝ առանց տարիքային ու սերնդային սահմանափակման։ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, որի ժամանակ հնչեցին` Վիվալդի – կոնցերտ չորս ջութակի համար, Ալթունյան - «Բերդ» պար, Մանսուրյան – «Տարվա եղանակներ» երգչախմբի և լարային նվագախմբի համար (մասնակցությամբ` Հայաստանի պետական կամերային երգչախմբի, գեղ. ղեկ. և դիրիժոր Ռ.Մլքեյան), Մոցարտ – կոնցերտ N 23 դաշնամուրի համար (մենակատար` Վահան Մարտիրոսյան), Դ.Բուքստեհուդե – «Ալելույա», Կամպո – «Ալաք» (մասնակցությամբ` «Հովեր» կամերային երգչախմբի, գեղ.ղեկ. և դիրիժոր Սոնա Հովհաննիսյան), Բիզե - Շչեդրին – երեք հատված «Կարմեն» սյուիտից (մասնակցությամբ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների, գեղ. ղեկ. և դիրիժոր Է.Թոփչյան), Ռ. Գալիանո – կոնցերտ «Օպալ» ակորդեոնի և լարային նվագախմբի համար, /մենակատար` Ռիշար Գալիանո/։ Հայաստանի պետական կամերային նվագախումբը ստեղծվել է 1962 թվականին, իսկ պետական կոլեկտիվի կարգավիճակ ստացել է 1966-ին։ Նվագախմբի հիմնադրման, կայացման և թռիչքաձև զարգացման գործում անգնահատելի է նրա առաջին ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Սահակյանցի դերը։ Հայաստանի պետական կամերային նվագախումբը ստեղծվել է կամերային երաժշտության նկատմամբ համընդհանուր հետաքրքրության և ուշադրության ժամանակաշրջանում։ Ակնհայտ է, որ նա անցել է իրեն հատկացված ճանապարհի դեռևս փոքր մասը միայն։ Սակայն կարևոր է, որ այդ ճանապարհը խորապես գիտակցված է, և հեռանկարը` տեսանելի։ Հոբելյանական համերգ նվիրված Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 75-ամյակին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ։ Համերգային ծրագրում հնչեցին՝ Կարա-Մուրզա «Լեպհո լե-լե», Կոմիտաս «Կուժն առա, գնա-գնա», «Ել-ել», Ա. Տիգրանյան «Անուշ» օպերայի նախերգանքը, Ռոսսինի «Վիլհելմ Թել» օպերայից հատված, Դևիս «The Wonders of this Hands», Բուրլեգ «Deep river», Պոլետտի «Les champs elyse`es», Չուխաջյան «Լեպլէպիճի» օպերայից հատվածներ, Բեթհովեն «Ֆանտազիա» դաշնամուրի, երգչախմբի և նվագախմբի համար, Հախինյան «Սայաթ-Նովա» կանտատ։ Համերգին մասնակցեցին Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը՝ գեղ.ղեկ. և գլխ. դիրիժոր Հ. Չեքիջյան, մենակատարներ՝Արծվիկ Դեմուրչյան /սոպրանո/, Լիլիթ Զաքարյան /դաշնամուր/, Սոֆիա Բաղդասարյան /սոպրանո/, Սարգիս Աղամալյան /տենոր/, Պողոս Բիազբեկյան /բաս/, Արամ Թուրաբյան /կոնցերտմայստեր/։ Երգչախումբը ստեղծվել է 1937 թվականին, 1961-ից գեղ.ղեկավարն է Հովհաննես Չեքիջյանը։ Երգչախումբը ստեղծման օրից բարձր կատարողական վարպետությամբ է ներկայացրել իր երգացանկը, ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանի բոլոր շրջաններում, իսկ հայրենիքից դուրս՝ 180 քաղաքում հանդես է եկել շուրջ 820 համերգով։ Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Պրահայում, Բեյրութում և այլուր երգչախումբը 27 լեզուներով երգել է հայ և միջազգային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 1969 թվականից երգչախումբն ունի ակադեմիականի կոչում, իսկ 1975-ից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է։ Երգչախմբի գործունեությունը ծավալվել է մեծ կտավի ստեղծագործություններով՝ 65 սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ, որոնց թվում են Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբը, Սովետական Միության սիմֆոնիկ մեծ նվագախումբը, Մոսկվայի ֆիլհարմոնիայի ակադեմիական նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի վաստակավոր կոլեկտիվ ակադեմիական նվագախումբը, Մարսելի, Կաննի և ուրիշ այլ քաղաքների սիմֆոնիկ նվագախմբերը՝ Հ. Չեքիջյանի գլխավորությամբ։ Երգչախումբն ունի Եկմալյանի և Կոմիտասի պատարագների խտասալիկներ, որոնք սիրված են ամբողջ աշխարհում։ Հայաստանի պետական երգչախմբի և Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ գործունեության ձայնագրություններից մեկը Փարիզում արժանացել է Գրան պրի մրցանակի։ 2012 թվականի փետրվարին Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբին շնորհվել է «ազգային» կարգավիճակ։ Պերճ Պռոշյանի ծննդյան 175-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն Աշտարակում ՀՀ մշակույթի նախարարությունը, Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղը Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում /Աշտարակ/ կազմակերպեցին հանդիսություն նվիրված հայ մեծանուն վիպասանի ծննդյան 175-ամյա հոբելյանին։ Հոբելյանական հանդիսության շրջանակում իրականացավ ժամերգություն Կարմրավոր եկեղեցում, այնուհետև, ողջույնի և բացման խոսքով հանդես եկան Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կ.Վարդանյանը, գրողի տուն-թանգարանի վարիչ Մ.Թումանյանը։ Ելույթ ունեցան գրողներ, ովքեր ներկայացրեցին մեծն վիպասանին ժամանակակիցների հուշերում։ Հանդիսությունը ուղեկցվեց երաժշտական կատարումներով, թատերական բեմադրություններով։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...