03:10
04/17/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Ես նկարում եմ Աստծո կամոք»

2013-10-31 11:23

                               «Դե Ֆակտո»  82 (2013թ.)

Գեղանկարչության հանդեպ սերն անճանաչելիորեն փոխեց Մհերի կյանքի գուներանգները

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 15-ից «Երևան քաղաքի թանգարանում» 15 օր շարունակ հայ արվեստասերների դատին էին ներկայացվել գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ  Մհեր Շահինյանի ստեղծագործությունները։

Ասում են` Աստծո ուղիներն անքննելի են։ Բայց մի բան հաստատ է, եթե անցնես ուղին այդ շիտակ ու ազնիվ, անցնես հավատով և հույսով, մի օր անպայման կհասնես լուսավոր դռան։

Տարիներ առաջ Մհեր Շահինյանը պատկերացնել անգամ չէր կարող, որ կյանքի ճանապարհները` բարդ ու խճճված, վերակառուցումից, փլուզումից ու անկախացումից, օտար երկրում աշխատանք ու բարեկեցիկ կյանք որոնելու փնտրտուքներից հետո, մի օր բերելու են նրան լուսավոր մի կետի, որի անունն է արվեստ, գեղանկարչություն։ Գեղանկարչության հանդեպ սերն անճանաչելիորեն փոխեց Մհերի կյանքի գուներանգները։ Ո՛չ Մհերը, ոչ էլ իրեն շրջապատող մարդիկ պատկերացնել անգամ չէին կարող, որ քառասուն տարեկան հասակում նա մի օր վերցնելու է վրձինն ու ստեղծագործի։

Գույների, ստվերների ու պատկերների խաղն այնքա՜ն կենդանի են Մհեր Շահինյանի կտավներում։ Շատերի համար սա զարմանալի է, քանի որ նա չունի համապատասխան մասնագիտական կրթություն, չի պատկանում նկարչական որևէ կոնկրետ դպրոցի։ Մհերը սկսել է կարդալ, ուսումնասիրել, ինքնուրույն փնտրել նկարչական տեխնիկայի գաղտնիքները, գույների համադրության նյուանսները աշխարհի տարբեր գրադարաններում։

Այսօր նկարիչ Մհեր Շահինյանն ունի հարյուրից ավելի կտավ, որոնց մեծ մասը նվիրել է ընկերներին, հարազատներին։ Յուրաքանչյուր կտավն իր փիլիսոփայությունն ունի, ծնվել է բացահայտելու կյանքի, անցյալի մի դրվագ, մի հոգեվիճակ, որ երբևէ  ունեցել է նկարիչը։  Իրեն հոգեհարազատ նկարներն են «Սենա», «Կարոտ», «Թենիս», «Նոմինանտ», «Թմրամոլը», «Նոստրադամուս», «Ֆորտունա», «Երևան»…

Մհեր Շահինյանն արդեն ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ է։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մարտի 15-ից «Երևան քաղաքի թանգարանում» կազմակերպվել է վերջինիս առաջին անհատական ցուցահանդեսը։ 15 օր շարունակ հայ արվեստասերը հնարավորություն ունեցավ անձամբ տեսնելու և գնահատելու նրա արվեստը` վառ ու գեղեցիկ, աբստրակտ ու դինամիկ, կյանքով ու հոգևորով լեցուն։

 Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մի շարք հայտնի նկարիչներ, ինչպես նաև ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն, ով այսպես գնահատեց նկարիչ Մհեր Շահինյանի աշխատանքը. «Ինչպե՞ս ստացվեց, որ նկարչությունից հեռու, բոլորովին այլ մասնագիտության տեր մարդը սկսեց այդքան լավ նկարել. ես դրա պատասխանն ունեմ, Մհեր Շահինյանը վերադարձավ հայրենիք, իսկ հայրենի հողը ուրիշ սնունդ է, միայն հայրենի հողում կարող ես զգալ քեզ լիարժեք մարդ, և ստեղծագործել հայրենի հողից տրվող լիցքերով»։

Երևանյան ցուցահանդեսի համար Մհեր Շահինյանը հետաձգել էր իր առաջին ցուցահանդեսը հայրենիքից դուրս` Իտալիայում։ Շատ մոտ ապագայում նրա գործերին կծանոթանա նաև եվրոպացի արվեստասեր հանրությունը։

Իսկ մեր խմբագրակազմը Մհեր Շահինյանին մաղթում է հաջողություն և ստեղծագործական նորանոր բացահայտումներով լի վերելքներ։

 

 

Պատրաստեց Թեհմինա Արզումանյանը

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...