18:17
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աննա Մկրտչյան

2013-04-04 11:15

                               «Դե Ֆակտո»  82 (2013թ.)

Ընտանիք քանդելն ընդամենը րոպեների հարց է,

այն ստեղծելն ու պահպանելն է բարդ

 Աննա Մկրտչյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Էրեբունու և Նուբարաշենի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ

Պատասխանատվության, ինչպես նաև ուրախության ու ջերմության զգացումը գերակա է իմ աշխատանքում, երբ ևս մեկ ընտանիք է կազմվում։

 -Տիկի՛ն Մկրտչյան, տարվա ընթացքում մոտավորապես քանի՞ զույգ է ամուսնացել, ինչպիսի՞ ցուցանիշեր են արձանագրվել 2012թ.։  

-2012թ. Էրեբունի և Նուբարաշեն ՔԿԱԳ տարածքային բաժինը գրանցել է 880 ամուսնություն։

-Դուք բազմաթիվ զույգեր եք ամուսնացնում։ Պատասխանատվություն զգո՞ւմ եք նրանց համատեղ կյանքի համար, թե՞ ամեն ինչ ավարտվում է գործարքը կնքելով։ 

-Իրավացի եք, բազմաթիվ զույգեր եմ ամուսնացնում, անշուշտ, պատասխանատվության զգացումը գերակա է իմ աշխատանքում, սակայն պետք է նշեմ նաև, որ պատասխանատվությունը՝ որպես համալիր և մարդուն անընդհատ ուղեկցող զգացում, ուղղակի  ֆիզիկապես մշտապես հնարավոր չէ ապահովել։ Սակայն մյուս կողմից էլ, ամուսնացողներից յուրաքանչյուրի հետ ինձ պատում է անհանգստությամբ, ուրախությամբ, ջերմությամբ միախառնված զգացողությունը։

-Եղե՞լ է դեպք, երբ միջամտել եք կամ խորհուրդ  եք տվել զույգերին մի քիչ էլ մտածել։

          -Գիտեք, ամուսնանալիս զույգերը գալիս են վստահ որոշմամբ, անխախտ հաստատակամությամբ, իրենց սիրո և ապագայի նկատմամբ մեծ հավատով, և այստեղ նման խնդիր չի ծագում։ Մեզ մնում է միայն օրինականացնել նրանց որոշումը։ Մինչդեռ հակառակ երևույթը նկատվում է ամուսնալուծությունների ժամանակ, երբ տեսնում ես, որ ամուսնալուծության պատճառը բոլորովին էլ  սիրո կամ հարգանքի բացակայությունը չէ, այլ կենցաղային կամ այլ բնույթի երևույթները, և որ զույգերը մեծ ցավով են իրարից հեռանում, որ նրանց աչքերը այլ բան են ասում, իսկ բառերը՝ այլ։ Այդ դեպքում անպայման միջամտում եմ և առաջարկում ևս մեկ անգամ մտածել։ Չէ՞ որ ընտանիքը քանդելն ընդամենը րոպեների հարց է, այն ստեղծելն ու պահպանելն է բարդ։

-Տիկի՛ն Մկրտչյան, կա՞ ընտանիքի մոդել, որը հաջողված եք համարում, ի՞նչ արժեքների վրա պետք է հիմնված լինի ամուսնությունը, որոնք համարում եք ընտանեկան երջանկության գրավական։

-Կարծում եմ՝, որ հատուկ բանաձևված ընտանիքի մոդելի մասին խոսելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ յուրաքանչյուր զույգ ունի երջանկության իր գաղտնիքն ու բանաձևը։ Պարզապես կան նախադրյալներ, որոնք այն նվազագույնն  են, որ ապահովում են լավ և ամուր ընտանիք ունենալու հնարավորությունը` փոխադարձ ըմբռնում, նվիրվածություն, հարգանք ավագների նկատմամբ, բարեկրթություն։ Եթե ներընտանեկան փոխհարաբերությունները հիմնված չլինեն վերը նշված արժեքների վրա, ապա ընտանիքը չի կայանա։

 

Կարիերան՝ ամուսնության տարիքի մեծացման  պատճառ։

 

-Կարիերան կարո՞ղ է խաչընդոտ հանդիսանալ ամուսնական հարաբերություններում, թե՞ կոտրվել է այդ կարծրատիպը։

-Կարիերան  երբեմն կարող է խոչընդոտ լինել, բայց այսօր այն, ընդհանուր առմամբ,  ավելի շատ բարձրացրել է ամուսնության տարիքը։ Երբ ուսումնասիրում  ենք վիճակագրական տվյալները, տեսնում ենք, որ երիտասարդները ավելի ուշ տարիքում են ամուսնանալու որոշում կայացնում՝ 23-ից հետո, հիմնականում 28-31 տարեկանում (և՛ աղջիկները, և՛ տղաները), որը ես համարում եմ հասուն տարիք։ Նրանց կրթական ցենզը և կարիերայում հասած որոշակի հաջողությունները թույլ են տալիս ավելի գիտակից որոշում կայացնել՝ նվազեցնելով կամ բացառելով ամուսնալուծության հնարավորությունը։

-Կարո՞ղ եք նշել ամուսնալուծության երեք պատճառներ, որոնք առավել հաճախ են հանդիպում։

-Կենցաղային անհաշտություններ, դավաճանություն, տարատեսակ   հակումներ։

-Ամուսնալուծությունների պատճառ է նաև անհավատարմությունը։ Հետաքրքիր է՝ կանանց դավաճանությունը մե՞ծ տոկոս է կազմում։

-Կանանց դավաճանությունը մեծ տոկոս չի կազմում, սակայն չեմ կարող ասել նաև, որ այն չկա։

 

Աննա Մկրտչյանին երկու մասնագիտություններն ուղղորդել են ընտրելու  իր համար շատ սիրելի աշխատանք, որն այժմ նրա կյանքում շատ կարևոր տեղ է զբաղեցնում։

 

-Տիկի՛ն Մկրտչյան, մի փոքր էլ խոսենք Ձեր մասին։ Կպատմե՞ք, թե ինչպիսին է Ձեր աշխատանքային կենսագրությունը։

- Ես երկու մասնագիտություն ունեմ։ Առաջին մասնագիտությունս արմատապես տարբերվում է մյուսից և այն ոլորտից, որում այժմ գործունեություն եմ ծավալում։ Ես ավարտել եմ Խ.Ա. անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետը։ Սակայն կյանքի արահետները ինձ տարան այլ ուղղությամբ, որի արդյունքում ընտրեցի երկրորդ մասնագիտություն՝ իրավաբանություն։ Իմ երկրորդ մասնագիտությամբ աշխատել եմ երկար տարիներ՝ սկզբում ՀՀ արդարադատության նախարարությունում, այնուհետև՝ 2006թ., Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ՔԿԱԳ տարածքային բաժնում՝ որպես բաժնի պետ։

          Ի դեպ երկու դուստրերիս ընտրությունն էլ  կանգ առավ իրավաբանի մասնագիտության վրա։ Նրանք երկուսն էլ ավարտել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ընդ որում ավագ դուստրս` արդեն մի քանի տարի դասավանդում է այդ ֆակուլտետում, իսկ կրտսերը` սովորում է մագիստրատուրայում։

-Կնոջ համար հե՞շտ է ղեկավար պաշտոն զբաղեցնելը։

-Ղեկավար լինելը, առհասարակ, հեշտ գործ չէ, քանի որ պետք է կարողանալ ապահովել աշխատանքի բարձր արդյունավետություն, որն ունի իր նրբությունները։ Կին ղեկավարի  համար այդ ամենն անելն ավելի բարդ է, քանի որ նա պետք է կարողանա ճիշտ բաշխել իր ժամանակը և հասցնել հոգալ նաև ընտանիքի կարիքները։

Սակայն մյուս կողմից՝ պետք է ասեմ, որ հեշտ է, երբ սիրում ես աշխատանքդ, երբ ամեն օր աշխատանքի գալիս ես սիրով, երբ ընտանիքդ քեզ աջակցում է, և երբ աշխատակիցների հետ գտնվում ես գործընկերային ներդաշնակ հարաբերություններում։

-Կանացիությունն օգնո՞ւմ է Ձեզ։ 

          -Կանացիությունը որակ է, որը մարդու էության մասն է կազմում։ Եվ այն հատուկ օգնելու կամ խանգարելու հատկություն չունի։ Այն պարզապես կա և դրսևորվում է ցանկացած հարաբերության մեջ։

Ես երջանիկ եմ իմ դուստրերով, նրանց հաջողություններն իմ երջանկության գրավականն եմ համարում։

 

-Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում  չթերանալ թե՛ տանը, թե՛ աշխատանքում։  

          -Նախ շնորհակալություն գնահատականի համար։ Առհասարակ, սիրում եմ կարգուկանոն ամեն ինչում, փորձում եմ ամեն ինչ հասցնել։ Եվ, ինչպես արդեն ասացի, սիրում եմ աշխատանքս, ունեմ թե՛ աշխատակիցներիս և թե՛ ընտանիքիս աջակցությունը, իսկ դա օգնում է չթերանալ։ Իսկ թե որքանով եմ անթերի կամ ոչ, այդ մասին կարող են ասել երկու դուստրերս և գործընկերներս։ Տանը հատկապես աշխատում եմ չթերանալ խոհանոցում, քանի որ աղջիկներս շատ են սիրում իմ պատրաստած ուտեստները, հատկապես դրանցից որոշները։

-Ինչպես հասկացա, սիրում եք խոհանոցում լինել, համեղ ուտեստներ պատրաստել։ Որո՞նք են Ձեր «ֆիրմային» ուտեստները, որոնք ընտանիքի անդամները շատ են սիրում։

-Ամենասիրված ուտեստները հայկական խոհանոցից են՝ մեր հայկական դոլման, հարիսան, սպասը։ Ասում են՝ շատ համեղ եմ պատրաստում։

-Ի՞նչն է կյանքում Ձեզ ամենաշատը ուրախացնում, երջանկության պահեր պարգևում։

- Ես երջանիկ եմ իմ դուստրերով, նրանց հաջողություններն իմ երջանկության գրավականն եմ համարում։

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։

-Դժվարությունները կյանքի գույներից են համարվում՝ թեև մռայլ, բայց անհրաժեշտ և ուժ տվող։ Ուստի՝ ընդունում եմ դրանք՝ որպես բնական երևույթ, և պարզապես քայլում եմ առաջ՝ ետևում թողնելով այդ բարդությունները` ունենալով ինձ հարազատ ու սիրող մարդկանց զորակցությունը։

 

Տոները ոչ թե առիթ, այլ ևս մեկ հնարավորություն են կանանց համար իրենց սիրված զգալու։

 

-Հե՞շտ եք ներում, ներողամի՞տ եք։

-Թեև ինձ հեշտ է խոցելը, բայց  ներողամիտ եմ։ Սակայն կան դեպքեր, երբ կամուրջներն այրելը համարում եմ ավելի խելամիտ, քան ներելը։

-Ի՞նչը կարող է Ձեր վատ տրամադրությունը փոխել։

-Հարազատ մարդու ժպիտը, լավ խոսքը, դրական լուրը։

-Սկզբունքայի՞ն եք։ 

-Կարծում եմ՝ առանց սկզբունքների անհնար է ապրել։ Դրանք այն որակների, արժեքների համալիրն են, որոնք բնութագրում են յուրաքանչյուրիս՝ որպես անձ։ Սկզբունքները ուղենիշեր են, որոնք մարդն ընտրում է իր կյանքի գիտակցական հատվածում, և որոնք ուղեկցում են նրան իր ողջ կյանքի ընթացքում։

-Ինչպե՞ս եք վերաբերում կանանց նվիրված տոներին, մասնավորապես` մարտի 8-ին։ 

-Վերաբերում եմ ըմբռնումով /ծիծաղում է/։ Համարում եմ, որ կանանց տոները և մարտի 8-ը, մասնավորապես, պետք է ընդամենը լինեն լրացուցիչ առիթ, այլ ոչ թե միակ հնարավորություն, որպեսզի կանայք իրենց զգան սիրված ու երջանիկ։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի

 

 

 

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...