04:14
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հարմարավետ դահլիճ ունենալն ինքնաբերաբար բարձրացնում է պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը, ինչը նկատելի է։

2013-04-02 11:20

«Դե Ֆակտո»  59 (2011թ.)

-Գնում ենք ընտրությունների ոչ թե քարոզչական հնարքների զինանոցն ամրապնդելով, այլ` տեսանելի, իրական աշխատանքով

Հարմարավետ դահլիճ ունենալն ինքնաբերաբար բարձրացնում է  պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը, ինչը  նկատելի է։

 

-Պարո՜ն Բալասանյան, Դուք ստանձնել եք բավականին պատասխանատու պաշտոն։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում նոր կարգավիճակում, նկատո՞ւմ եք արդյոք ԱԺ աշխատանքների արդյունավետության բարձրացում։

-Արդեն 11 տարի է, ինչ ԱԺ պատգամավոր եմ, այդ ընթացքում զբաղեցրել եմ բազմաթիվ պատասխանատու պաշտոններ` եղել եմ ԱԺ տարբեր հանձնաժողովների անդամ, զբաղեցրել եմ բազմաթիվ քաղաքական բարձր   պաշտոններ, ունեմ կառավարման հարուստ փորձ,  և երևի այդ փաստի առկայության շնորհիվ էր, որ  մեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջարկեց ինձ զբաղեցնել ԱԺ փոխխոսնակի պատասխանատու պաշտոնը։  ԱԺ փոխխոսնակի պաշտոնը մեծ  պատասխանատվություն է, քանզի  պատգամավորական գործառույթներից բացի, ուղղակիորեն մասնակցում եմ ԱԺ բնականոն աշխատանքի կազմակերպմանը։ Արդյունավետության բարձրացման մասով երևի թե ճիշտ կլինի գնահատական չտալ, քանզի ԱԺ-ն քաղաքական  մարմին է, որտեղ ընթանում է բնական քաղաքական պայքար տարբեր ուժերի միջև։  Իսկ ԱԺ  բնականոն գործընթացն ապահովվում է համաձայն  «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի դրույթների, որտեղ հստակ տարանջատված  են պաշտոնյաների իրավունքներն ու պարտականությունները։ Ինչ վերաբերում է այս գումարման ԱԺ-ի արդյունավեությանը, ապա իմ կարծիքով այն մեկ քայլ առաջ է նախորդ գումարումներից, ինչը   գովելի է։

-Ազգային ժողովը վերանորոգումից հետո նոր շունչ ստացավ։ Նույնը կարո՞ղ եք ասել ԱԺ աշխատանքների մասին։

-Շատ կարևոր էր ժամանակակից պառլամենտարիզմի ոգուն համապատասխան նիստերի     դահլիճ  ունենալը։ Անկեղծ ասած` ներկայիս դահլիճում աշխատելն ավելի հաճելի է։  Նախորդ գումարման խորհրդարաններում նիստերի դահլիճը կրում էր  խորհրդային  ժամանակների շունչն ու ձևավորված էր այն ժամանակների տրամաբանությամբ. աշակերտական դասարանին բնորոշ շարքեր և բարձր ամբիոն,  ինչն այդքան էլ հարմարավետ չէր զուտ աշխատելու, գործընկերների հետ քննարկումներ անցկացնելու իմաստով։ Կարծում եմ` բնական է, որ հարմրավետ դահլիճ ունենալն ինքնաբերաբար բարձրացնում է նաև պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը, ինչը ևս նկատելի է։

Հույս ունեմ, որ գալիք ընտրապայքարը կտարբերվի նախորդներից իր կազմակերպչական բարձր մակարդակով և ժողովրդավարական երկրներին բնորոշ  իսկապես գաղափարական պայքարով։ 

-Քաղաքական ուժերը նախապատրասվում են ԱԺ գալիք ընտրություններին, նպաստո՞ւմ է արդյոք դա ԱԺ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

-Փորձը ցույց է տալիս, որ որքան մոտենում են ընտրություններն, այնքան ավելի ակտիվ են քաղաքական ուժերը, այդ թվում նաև ԱԺ ում` ի դեմս օրենսդրական նախաձեռնությունների, հայտարարությունների։ Սա բնական և ժողովրդավարական երկրներին բնորոշ գործընթաց է։ Կարևորն այն է, որ պայքարն ընթանա քաղաքակիրթ ճանապարհով և չվերածվի անձնական վիրավորանքների ու անտեղի, չհիմնավորված քննադատության, ինչը, սակայն, մեզ մոտ հաճախ առկա է։  Հույս ունեմ, որ գալիք ընտրապայքարը կտարբերվի նախորդներից իր կազմակերպչական բարձր մակարդակով և ժողովրդավարական երկրներին բնորոշ  իսկապես գաղափարական պայքարով։

-Ի՞նչ եք կարծում ինչպիսի քաղաքական տարի կլինի 2011թ.։

-2011թ. նոր է մեկնարկել, բայց արդեն իսկ ներքաղաքական դաշտում տեղի են  ունեցել  լուրջ զարգացումներ։ Այս իմաստով երևի թե ամենակարևոր իրադարձությունը փետրվարի 17-ին կոալիցիոն քաղաքական կուսակցությունների առաջնորդների կողմից ստորագրված կոալիցիոն հայտարարությունն էր, ինչը ենթադրում էր պետության կայուն զարգացումն ապահովելուն  ուղղված երկու հիմնական կետ.

առաջին`    ներկոալիցիոն համատեղ ու համերաշխ աշխատանքի շարունակում,

երկրորդ` գալիք նախագահական ընտրություններում գործող նախագահի  թեկնածության սատարում։

Սույն փաստաթղթի ծնունդը, որին միացավ նաև ԲՀԿ-ն,  պատահական չէր, բխում էր Հայաստանի Հանրապետության շահերից և արտաքին մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունից։  Մեր պետության առջև ծառացել է  արտաքին քաղաքական,  նաև ռազմական իրավիճակի սրման վտանգ, ինչը ևս նպաստեց, որպեսզի մեր կուսակցությունը այս դժվար պահին կանգնի երկրի ղեկավարի կողքին և ապահովի  ներքաղաքական դաշտում անհրաժեշտ միասնականությունը` օգնելով նախագահին ավելի  ամուր դիրքեր գրավել  արտաքին քաղաքականության, մասնավորապես` արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններում։ Հավատացնում եմ` այս ամենն արվեց հանուն հայկական պետականության ամրապնդմանը և նոր մարտահրավերների դիմակայմանը։

Եթե ցանկանում ես խաղաղ ապրել, պատրաստվի՜ր պատերազմի։

-Այսինքն` Դուք հնարավոր համարո՞ւմ եք Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը։

-Այստեղ երևի թե տեղին է հիշել հանրահայտ այն ճշմարտությունը, որ եթե ցանկանում ես խաղաղ ապրել, պատրաստվի՜ր պատերազմի։ Գաղտնիք չի լինի, եթե ասեմ, որ քանի դեռ վերջնականապես լուծված չէ Արցախի հիմնահարցը և Արցախի  հայության` սեփական հողի վրա ազատ ու անկախ ապելու իրավունքը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, մենք պարտավոր ենք ամեն պահ պատրաստ լինել մեր հարևանի կողմից հնարավոր ռազմական սադրանքներին։  Համոզված եմ` մեր բանակն առավել քան պատրաստ է դիմակայել ցանկացած ագրեսիայի և  արժանի հակահարված տալու հակառակորդին` տեղափոխել ռազմական գործողությունները թշնամու տարածք։

Որպես իշխանություն կրող և պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժ` ԲՀԿ-ն կարևորում  է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը։

-Ինչպե՞ս է պատրաստվում ԲՀԿ-ն գալիք ընտրություններին, արդյո՞ք հնարավոր են կտրուկ քայլեր կամ որոշումներ։

Համոզված եմ`«Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունն իր ստեղծման օրվանից մինչև այսօր և ապագայում ևս, վայելել ու վայելելու է հասարակության լայն խավերի վստահությունն ու համակրանքը։ Գալիք ընտրություններին մեր կուսակցությունը նախապատրաստվում է ոչ թե քարոզչական հնարքների զինանոցն ամրապնդելով, այլ` իրական աշխատանք ծավալելով և այդ աշխատանքի արդյունքները ժողովրդին տեսանելի դարձնելով։ Մեր կուսակցության խոսքը և գործը համապատասխանում են իրար, և հասարակ քաղաքացու համար դա տեսանելի է։ Գալիք ընտրությունների հետ կապված մենք լուրջ ակնկալիքներ ունենք։ Որպես իշխանություն կրող և պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժ` ԲՀԿ-ն կարևորում  է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը։ Այդ առումով մեր կողմից արդեն ներկայացվել է «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչն ընդունվելու դեպքում, համոզված եմ, լրացուցիչ երաշխիքներ  կստեղծվի նման ընտրությունների անցկացման համար։

-Պարո՜ն Բալասանյան, որո՞նք են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության հիմնական ուղղությունները։

-ԲՀԿ-ի ծրագրային գերակա դրույթներից է բիզնեսի զարգացումը, ինչն անկասկած կբերի նոր աշխատատեղերի ստեղծմանը մեր երկրում և սոցիալական վիճակի բարելավմանը։ ԲՀԿ-ի համար կարևոր է հատկապես գյուղատնտեսության զարգացումը, «Գյուղատնտեսության զարգացման մասին» օրենքի նախագիծը, ինչն արդեն  դրված է շրջանառության մեջ, ընդունման դեպքում կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը։  Անընդունելի է, որ Հայաստանի նման սակավահող երկրում 450 հազար հա ընդհանուր մշակելի հողից օգտագործվում է կեսից էլ պակասը։  Ամբողջությամբ օգտագործելու դեպքում մենք կարող էինք ապահովել բնակչության գյուղմթերքների պահանջարկը, կամ գոնե նման կախվածություն չունենալ ներմուծումից։ Մենք պարտավոր ենք ձգտել բավարարել ցորենի, կարտոֆիլի և այլ մթերքների  ներքին պահանջարկի զգալի մասը։ Այստեղ պետք է լինի պետության հոգածությունը, քանզի գյուղատնտեսությունը  միայն հողագործությունը կամ անասնապահությունը չէ, պետությունը պետք է նպաստի նաև գյուղատնտեսական  ապրանքների վերամշակմանը, նաև արտահանմանը այլ շուկաներ։ Ժամանակին ունեինք սերմնաբուծական անասնապահական տոհմային տնտեսություններ, բայց այսօր, ցավոք,  դրանք չկան, գյուղերում լուրջ խնդիր է մեքենա-տրանսպորտային միջոցների պակասը։ 

Այսինքն` սրանք խնդիրներ են, որոնք մնում են դեռևս չլուծված։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարևորում է գյուղի զարգացումը, քանզի այն լուծում է ոչ միայն սոցիալական հարցեր, այլ նաև ի վիճակի է կանգնեցնել գյուղերից մարդկանց շարունավող արտագաղթը, ինչը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է։

Չպետք է լինի այնպես, որ մենք ներմուծենք դրսից ցորեն և տանենք վաճառենք այն գյուղերում, պետք է լինի հակառակ գործընթացը` գյուղը պետք է արտադրի և վաճառի ցորենը, հակառակ դեպքում, երբ գյուղը սկսում է չարտադրել, այն սկսում է դատարկվել։ Բնական է, որ գյուղացին, չունենալով աշխատանք գյուղում, սկսում է աշխատանք փնտրել քաղաքում, կամ` Հայաստանի սահմաններից դուրս։ 

Իմ խորին համոզմամբ` գյուղատնտեսության զարգացման գործում իր մեծ ներդրումն ունի  Ֆերմերների ազգային միությունը` ի դեմս  միության ղեկավար Ռոզա Ծառուկյանի։ Ինքս, հանդիսանալով միության նախագահության անդամ և կորդինացնելով ագրարային ոլորտը, կարևորում եմ հատկապես միության ջանքերով 2007թ. ընդունված  «Մեղվաբուծության մասին» օրենքը։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո արդյունքներն ավելի քան տեսանելի էին, օրինակ, եթե 2001թ. ՀՀ-ում հաշվվում էր շուրջ 40 հազար մեղվաընտանիք, ապա այսօր այդ թիվը հասնում է շուրջ 450 հազարի։ Միության ակտիվ ջանքերի շնորհիվ` այսօր մարզերում ստեղծվում են ուժեղ ֆերմերային տնտեսություններ, ինչն, անկասկած, զարկ կտա մեզ համար այդքան կենսական նշանակություն ունեցող ոլորտի` գյուղատնտեսության զարգացմանը։

-Դուք մեծամասնականով ընտրված պատգամավոր եք, հասցնո՞ւմ եք արդյոք զբաղվել նաև Ձեր ընտրատարածքի խնդիրներով։

-Ցավով պետք է արձանագրեմ, որ ժամանակին ծաղկուն Գումրին այսօր բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի` գործազրկություն, արտագաղթի չնվազող ծավալներ, սոցիալական վատ պայմաններ։ Որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր` ես գիտակցում եմ իմ առաքելության ողջ կարևորությունը։ Մշտապես հետևում և ըստ անհրաժեշտության արձագանքում եմ իմ ընտրատարածքում առկա խնդիրներին։  Գյումրիին և տարածաշրջանը զարգացնելուն ուղղված քայլեր ձեռնարկում եմ նաև օրենսդրական մակարդակով, մասնավորապես`  իմ  հեղինակած  «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն այժմ դրված է շրջանառության մեջ և ընդունվելու դեպքում կնպաստի ներդրումների խրախուսմանը Գյումրի քաղաքում, որն էլ  կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Իմ երազանքն է, որ  թոռնիկներս մեծանան ավելի կայուն, զարգացած և բարձր կենսամակարդակ ունեցող երկրում, որպեսզի նրանք իրենց ապագան տեսնեն միայն հայրենիքում և երբևիցե  չցանկանան ապրել  դրսում։

-Ինչպիսի՞ն է պարոն Բալասանյանն ընտանիքում, Դուք Ձեզ խիստ հայր և ընտանիքի ղեկավար համարո՞ւմ եք։

-Նախ ասեմ, որ ընտանիքս սերում է  պատմական Հայաստանից, ավելի կոնկրետ` Կարսից ու Բասենի գավառից։ Կոտորածների  ժամանակ իմ պապերը փախել են Արևելյան Հայաստան և հաստատվել ներկայիս Գյումրի քաղաքում։  Թող անհամեստ չհնչի, բայց վստահաբար կարող եմ ասել, որ ունեմ օրինակելի, հայկական ավանդույթներով ապրող ընտանիք։  Ունեմ երեք զավակ. աղջիկս ու տղաս ամուսնացած են,  փոքր տղաս  դեռ ուսանող է։  Ունեմ երկու թոռնիկ։ Իմ երազանքն է, որ  թոռնիկներս մեծանան ավելի կայուն, զարգացած և բարձր կենսամակարդակ ունեցող երկրում, որպեսզի նրանք իրենց ապագան տեսնեն միայն հայրենիքում և երբևիցե  չցանկանան ապրել  դրսում։  Տա՜ Աստված, որ իմ այս երազանքն իրականություն դառնա և շատ թոռնիկներով շրջապատված պապիկ դառնամ։  Կարծում եմ` իմ տարիքի և արդեն թոռնիկ ունեցողներն ինձ լավ կհասկանան։ 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...