03:51
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ազնիվ, բարեկիրթ և համարձակ հայ ոստիկանը` քաղաքացու պաշտպան

2013-03-27 11:54

«Դե Ֆակտո» N73 (2012թ.)

ՀՀ ոստիկանությունը փոխում է իր դեմքը։ Արմատական և համակարգային բարեփոխումներ, նոր համազգեստ, քաղաքացի-ոստիկան փոխադարձ կապի նոր որակ, նոր մոտեցումներ։ Այս քաղաքականությունն է որդեգրել ՀՀ ոստիկանությունը վերջին տարիներին, և այսօր արդեն մենք ունենք դրական արդյունք։

 Թե որքանով են արդյունավետ և գոծուն նոր մոտեցումները, §Դե Ֆակտո» ամսագրի թղթակիցը պարզեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի հետ զրույցում։

 -       Պարո՛ն Պողոսյան, որոնք էին այն մարտահրավերները, որոնք կարողացավ հաղթահարել ՀՀ ոստիկանությունը վերջին տարիների ընթացքում։

-       Իհարկե, բարեփոխման գործընթացը ինքնին բավականին բարդ, լուրջ և արմատական փոփոխություններ պահանջող գործընթաց է, որը երկարատև աշխատանք է պահանջում։ Եվ տարեցտարի մենք տեսնում ենք այդ դրական տեղաշարժը։ Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում առաջընթացը շոշափելի է։ Ոստիկանությունն իր առջև խնդիր էր դրել §Ոստիկանությունը վերադարձնել ոստիկանին»։ Սրանք բարձր խոսքեր չեն։ Կարծում եմ` սա շատ դիպուկ կարգախոս է և թիրախային ճիշտ ուղղություն։ Միայն այս դեպքում մենք կարող ենք ունենալ կայացած ոստիկանություն, միայն այս դեպքում մենք կարող ենք ունենալ բարեկիրթ, նպատակասլաց և համարձակ ոստիկան, որին կվստահի և որի վրա հույս կդնի քաղաքացին։ ՀՀ ոստիկանապետն անձամբ իր ամենօրյա գործունեությամբ, խստագույն հետևողականությամբ հետամուտ է եղել համակարգի արմատական բարեփոխմանը, ոստիկանի նոր կերպարի ստեղծմանը։ Պարբերաբար հանդիպելով ոստիկանական բոլոր գերատեսչությունների աշխատակիցների հետ` պարոն Գասպարյանն իր գաղափարներն ու նպատակները, դրանց հասնելու եղանակներն  է հաղորդում ոլորտի պատասխանատուներին։ Եվ ես վստահորեն կարող եմ ասել, որ դա նրան հաջողվել է։ ՀՀ ոստիկանությունն աստիճանաբար ինքնամաքրվում է, համակարգում մնում են ոստիկաններ, ովքեր ծառայում են հասարակությանը, հասարակական կարգի պահպանմանը։ 

 -       Եվ ինչպիսի՞ն է այսօր հասարակության վերաբերմունքը ոստիկանի, վերջինիս նոր կերպարի նկատմամբ։ Վստահությունն աճե՞լ է արդյոք և որքանո՞վ։

-       Այսօր էապես աճել է հասարակության վստահությունը ոստիկանության նկատմամբ։ Այժմ ի դեմս ոստիկանի` ՀՀ քաղաքացին տեսնում է պաշտպանի, ընկերոջ։ Ոստիկանությունն այսօր համալրվում է բարեկիրթ երիտասարդ կադրերով, որոնք համակարգ են մտնում հանրությանը ծառայելու մեծագույն պատասխանատվությամբ։ Մեր կարևորագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ ոստիկանը պետք է ունենա անձնական պատասխանատվության բարձր գիտակցում, անձամբ հաշվետու և պատասխանատու լինի իր բոլոր քայլերի համար։ Ոստիկանությունն այսօր բաց է հասարակության համար, ՀՀ ոստիկանապետն իր անձնական օրինակով մշակեց քաղաքացիների հետ շփման նոր մշակույթ` յուրաքանչյուր շաբաթ հանդիպելով քաղաքացիների հետ, ընթացք տալով նրանց դիմումներին։ Սա ևս լուրջ քայլ էր, որին հետևում են համակարգի բոլոր աշխատակիցները։ Ես համոզված եմ, որ շատ մոտ ապագայում մենք ունենալու ենք ոստիկանի այն կերպարը, որին ձգտում ենք` բարեկիրթ, նպատակասլաց, համարձակ և վստահելի, ոստիկան, որից քաղաքացին չպետք է խուսափի։

 -       Խոսենք նաև կոռուպցիայի մասին։ Ինչպիսի՞ն է  կոռուպցիայի մակարդակի դինամիկան  Հայաստանում։ Կխնդրեի մանրամասնել նաև այս մասին։

-       ՀՀ ոստիկանության կողմից վերջին տարիներին իրականացվել են կոռուպցիայի բացահայտման բազմաթիվ դեպքեր, դրական տեղաշարժ անշուշտ կա։ Կոռուպցիայի բացահայտումը բավականին բարդ խնդիր է, քանի որ այն սոցիալական խնդիր է, հասարակության խնդիրն է, այն բացհայտելու և կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի հասարակության անդամը, քաղաքացին գիտակցաբար ցուցաբերի բարձր քաղաքացիական կամք` չտալով կաշառք կամ համագործակցելով ոստիկանության հետ։ Ոստիկանության հետ չհամագործակցելը կարծրատիպ է, որը պետք է հաղթահարվի ժամանակի ընթացքում։

 -       Խոսենք ՀՀ Ճանապարհային ոստիկանության, պետավտոտեսչության մասին։ Կհետևի արդյո՞ք Հայաստանը մեր հարևան Վրաստանի օրինակին։

-       Այո՛, համակարգը բարեփոխվել է, պետավտոտեսուչների և վարորդների շփումն ավելի քաղաքակիրթ բնույթ է կրում, նվազել են կաշառք վերցնելու դեպքերը, շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների ներդրման` պետավտոտեսուչների գործառույթը հասցվում է նվազագույնի։ Գուցե երբևէ Հայաստանն էլ հետևի Վրաստանի օրինակին։ Սակայն այսօր Հայաստանն ունի պետավտոտեսչության աշխատակցի կարիքը։

 -       Խոսենք նաև ՀՀ ոստիկանության միջազգային համագործակցության ծրագրերի, հատկապես հարևան Վրաստանի հետ համագործակցության մասին։

-       Պետք է նշեմ, որ և՛ ԱՊՀ երկրների, և՛ Վրաստանի հետ ՀՀ ոստիկանությունն ունի համագործակցության պայմանագրեր, համաձայնագրեր, որոնց շրջանակներում իրականացվում են փորձի փոխանակման ծրագրեր, հանցագործությունների բացահայտման համատեղ ծրագրեր և այլն։ Ինչպես գիտեք, Վրաստանն այլևս ԱՊՀ անդամ չէ, ուստի 2011-ին մեր համապատասխան գերատեսչության ներկայացուցիչները եղան Վրաստանում, կնքվեցին համագործակցության նոր պայմանագրեր Վրաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան գերատեսչությունների հետ օպերատիվ հետախուզական աշխատանքների շրջանակներում համատեղ հետախուզական միջոցառումներ իրականացնելու, հետախուզվողներին հայտնաբերելու, օպերատիվ տեղեկատվության փոխանակման, փոխգործակցության ուղղությամբ։ Պետք է նշեմ, որ հանցագործությունների բացահայտման առումով ՀՀ-ն առաջին տեղում է։ Սա վկայում է այն մասին, որ ՀՀ ոստիկանությունն աշխատում է շատ օպերատիվ. ոստիկանության ուշադրության կենտրոնում են ոչ միայն ներկայիս, այլև նախորդ տարիներին կատարված և դեռևս չբացահայտված հանցագործությունները։ Սա ևս ՀՀ ոստիկանապետի կոչն է, ոչ ոք և ոչինչ անպատիժ չի մնալու, արդարադատությունը վաղ թե ուշ պետք է վերականգնվի։

 Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...