10:20
09/21/2021
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«ՎԵՐՆԱՏՈՒՆ»

2013-03-26 14:22

«Դե Ֆակտո» N73 (2012թ.)

Տասնիններորդ դարի վերջին Հայաստանի գրական–հասարակական և քաղաքական կյանքում շրջադարձային  փոփոխություններ էին տեղի ունենում, որն արդյունք էր  ի դեմ Էրզրումում ստեղծված առաջին հայկական կուսակցության։ Այն  կոչվում էր Արմենական, ինչից հետագայում  ստեղծվեցին Հնչակյան և Դաշնակցական կուսակցությունները, իսկ հրահրիչ բորբոքողը Խաչատուր  Աբովյանի վեպն էր, և հատկապես վեպի առաջաբանը, որը հրատարակվեց 1848թ.։                            

        Իսկ 1895-96 թ.թ. Արևմտյան Հայաստանում, ի դեմս Զեյթունի ազատագրական պայքարի` պատասխանը եղավ Սուլթան Համիդի հայկական կոտորածները, որի հետևանքով զոհվեցին երեք հարյուր հիսուն  հազար հայեր։

         Դժվարին ժամանակներ էին, երբ գրող-արվեստագետները հայտնվել էին հայրենիքն ազատագրելու և հետաբովյանական հայոց գրականությունը հովանավորելու, ժողովրդականացնելու  գրեթե անհնարին գործին, քանզի չկար ո՛չ պետություն  և ո՛չ էլ պետականության  նշույլ։

        Եվ այդ դժվար ու տարաշխարհիկ իրավիճակում  Հովհաննես Թումանյանի հանճարով ստեղծվեց «Վերնատուն»-ը, ուր հավաքվեցին ազգի լուսավոր մտավորականները`ոչ միայն փրկելու հայ գրականությունը, հայոց լեզուն, այլ նաև վերականգնելու հայոց պետականությունը։

        «Վերնատուն»-ը հիմնադրվեց 1899թ. հայ գրականության երևելիների նախաձեռնությամբ։ «Վերնատան» գոյությունը տվյալ ժամանակահատվածում  լուսավոր մի շող էր, որ դարձավ հայ գրականության պատմության  ամենագեղեցիկ և միևնույն ժամանակ առեղծվածային էջերից մեկը։

        Խմբակի  հանդիպումները տեղի էին ունենում Հովհաննես Թումանյանի բնակարանում` Թիֆլիսի Բեհբության  փողոց թիվ քառասունչորս տան ամենավերջին` հինգերորդ  հարկում, քանզի Թումանյանի օջախը եղել է ամենահայտնի և ցանկալի համդիպման վայրը։ Իզուր չէ, որ ժամանակի երևելիները նրանց տունը անվանել են «վանք, տոնախմբություն», շարունակական, հարատև տեսակցությունների վայր։

        Հանճարեղ  բանաստեղծը բնակության համար միշտ ընտրում էր  վերջին հարկը. գտնում էր, որ իրենից վերև պետք է լինի աստղալից երկինքը և Աստված։

        «Թումանյանի բարձրադիր բնակարանում  հետզհետե, ավելի հաճախակի սկսեցինք  հանդիպել Շանթը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը, ես, ինչ խոսք, որ մեզանից առաջ էլ այնտեղ միշտ լինում էր Ղազարոս Աղայանը, և ահա այդ հավաքույթները մեզ բերին մի գրական խմբակ ստեղծելու գաղափարին։

        Խմբակը կազմվեց աննախընթաց եռանդով և վճռականությամբ։ Այն երեկոն, երբ ուշ գիշերով, ընթրիքից հետո կազմվեց խմբակը, հիշում եմ, որ կարևոր համարվեց անմիջապես մի անուն ևս գտնելու խմբակի համար։ Առաջարկվեց «Վերնատուն» անունը` իբրև Թումանյանի բարձրահարկ բնակարանի հարմար անուն։ Այդ դուր եկավ մեզ։ Դա հիշեցնում էր մի ուրիշ  վերնատուն, ուր հավաքվեցին Քրիստոսի  աշակերտները։ Դրա մեջ ինչ-որ  հոգեկան ներքին իմաստ կար…»,- գրում է Դերենիկ  Դեմիրճյանը ։

        «Վերնատան»  հիմնական անդամներն էին  Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկոլ Աղբալյանը։   Ղազարոս Աղայանը  ընդունվեց այդ խմբակում իբրև Նահապետ։  Նա «Վերնատան» պատվավոր անդամն էր։

        Հայ մեծանուն գրողների այս խումբը ամեն շաբաթ  հավաքվում էր Հովհաննես  Թումանյանի տանը և Թումանյանի հորդորով էլ կազմակերպում  էին գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված  և անտիպ երկերի քննարկումներ։

        Ուսումնասիրում էին հայ և համաշխարհային գրականությունն ու բանահյուսությունը։ Քննադատում էին Էսքիլեսի, Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի, Շեքսպիրի, Բայրոնի և այլ դասականների ստեղծագործությունները։ Ինչպես նաև իրենց ստեղծագործություններն էին ներկայացնում ընդհանուր քննադատության, չիմանալով, որ իրենք դառնալու էին հայ գրականության դասականներ։         Զավեշտական թերթիկներ էին կազմում հատուկ այդ երեկոյի համար, ուր ծաղրանկարում էին զանազան անձնավորությունների։ Ծաղրանկարիչը Դերենիկ Դեմիրճյանն էր։ Լեոն դարձել էր մեծ գրողի նկարների հերոսը։

        Այո, §Վերնատանը» յուրացվել է համաշխարհային մշակույթը, ազգային և համամարդկայինի ժառանգությունը և բյուրեղացվել միտքն ու ճաշակը։ Այն եղել է համալսարան, ասպարեզ ազատ մտքի ծնունդի և արտահայտման։

§Այդտեղ  մենք ճանաչեցինք  կլասիկների մեծությունը և… իրար։

        Որոշեցինք մեր գրվածքները կարդալ և քննության առնել։ Որքան էլ նյութը սակավ լիներ, մի պոեմի հատված, մի ոտանավոր, միևնույն է, դա չէր խանգարում երեկոն նշանակել։ Որովհետև, թեպետ նյութը կարճ էր լինում, բայց  քննադատություն-զրույցը տևում էր երբեմն մինչև գիշերվա երկուսը-երեքը, երբեմն գիշերում էինք Թումանյանի տանը»,- գրում Դերենիկ Դեմիրճյանը իր հուշերում։

        Թերևս, ինչպես վերևում նշեցի, §Վերնատունը» ոչ   միայն գրականությանը վերաբերվող հարցեր էր քննարկում ու իրականացնում ծրագրեր, այլ նաև`  հայ հասարակական-քաղաքական  կյանքին առնչվող խնդիրներ։

        §Ի՞նչ էր մեր գրական ուղղությունը։ Դա ոչ մի տերմինով  չէր արտահայտվում,-շարունակում է գրել Դերենիկ Դեմիրճյանը,- դա  որոշվում էր  համաշխարհային և ազգային գրողների  հանդեպ ունեցած մեր վերաբերմունքով։ Մենք չէինք ընդունում Ռ. Պատկանյանին` պարզապես ազգայնական  ուղղության համար։ Շահազիզը, Ծատուրյանը մեզ թվում էին անարյուն ու §տենդենցիոզ»։ Րաֆֆին, Մուրացանը հարգվում էին իրենց գեղարվեստական  հատկությունների համար միայն։ Չէր կարելի նաև մեզ ազատ համարել  ազգայնական տրամադրությունից, սակայն  մենք գտնում էինք, որ գրականությունը  պետք է լինի համամարդկային։ Մենք պաշտամունքի առարկա էինք դարձրել  համաշխարհային կլասիկներին, ուսումնասիրում էին նրանց և խոսում  բացառապես նրանց մասին»։

        Խմբակի միջոցառումներին, հիմնական անդամներից բացի, մասնակցում էին նաև հայ այլ երևելի անհատականություններ. գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ, նկարիչներ` Պ. Պռոշյանը, Շիրվանզադեն, Նար-Դոսը, Վրթանես  Փափազյանը, Վահան  Տերյանը, Լեոն, Ս. Լիսիցյանը, Մուրացանը, Կոմիտասը, Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը և այլոք։

        §Վերնատունը» հայ մտավորականության համար  եղել է մշակութային  խնդիրների  և բարոյական հարցերի  հստակեցման վայր, միասնական  նպատակի  ընկերություն։ Այն դարձել էր նաև հայ գրողների կովկասյան ընկերության հիմնաքարը։

        §Վերնատուն» գրական խմբակը  գործեց մինչև 1908թ.։ Վերջին հավաքույթներին   գրական  զրույցների նյութը մի փոքր փոխվել էր։

        Դեռևս 1903թ.  Թումանյանը մշտապես  պնդում էր, որ պետք է մոտենալ ժողովրդին, պետք է հաղորդակից դառնալ սեփական ժողովրդի հոգսերին։ Հայ գրականության մեծերը այդ խնդիրը դարձրել էին քննարկման թեմա, որպեսզի երբևէ չանտեսվի ժողովուրդը` իր ստեղծածով։

         Թերևս, դա գրականության ուղղությունն էր, որ պիտի աղբյուր  ընտրեր ժողովրդական ստեղծագործությունը։

        Հովհաննես Թումանյանի ազդեցությունը մեծանում էր, դառնում տիրական։ Եվ դա պատահական ու զարմանալի չէր։ Թումանյանի ստեղծագործությունները  ամենահասկանալի, ամենադյուրին հատկություններով էին օժտված։ Նա ամենահանրամատչելի  բանաստեղծն էր։ Նա ժողովրդական իմաստությունն էր, նա ինքը ժողովուրդն էր։

        §Վերնատուն»-ը,     անշուշտ, ինքը չհռչակեց Հայաստանի առաջին Հանրապետության անկախությունը, բայց «Վերնատան» գրին ու մտքին հետևող երիտասարդությունը ուժ գտավ իր մեջ անպետականության շրջանում հավատալով «Վերնատան» երևելիների խոսքին ու մտքին` 1918 թ. հռչակեց առաջին անկախ Հայաստանի Հանրապետությունը։

        Բայց իրականությունը այն է, որ մինչ օրս լրջորեն չի ուսումնասիրված §Վերնատան» մեծագույն գործունեությունը և իր հավաքական մտքի ազդեցությունը հայ ժողովրդի վրա։

        Ժամանակները փոխվել են, և վստահ եմ, որ կգա պահը §Վերնատունը» և նրա գործունեությունը գնահատելու։

ԱՆՆԱ   ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

                                                                                     

 

 

 

 

                                      

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...