03:43
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվել է հայ-վրացական միջպետական հարաբերություններում տարբեր ուղղություններով հարուստ օրակարգի հաստատմանն ուղղված մեծածավալ աշխատանք իրականացնել

2013-03-26 14:17

«Դե Ֆակտո» N73 (2012թ.)

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՍԵՐՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հովհաննես Մանուկյան, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

-Պարո՛ն Մանուկյան, արդեն մեկ տարի է, ինչ  Դուք զբաղեցնում եք Վրաստանում Հայաստանի  Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: Հաշվի առնելով Ձեր աշխատանքային կենսագրությունը՝ վստահ ենք, որ հեշտությամբ անցաք այս աշխատանքին և պատվով կատարում եք այն: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր մեկ տարվա աշխատանքը. ի՞նչ ձեռքբերումներ կարձանագրեք, որոնց շարունակությունը տեսնում եք  Ձեր գործունեության հետագա տարիներին:

-Շատ բարդ է գնահատական տալ սեփական գործունեությանը: Ավելի ճիշտ է այդ գնահատականը լսել երկրի քաղաքական ղեկավարությունից:

Իհարկե, դեսպանի գործունեության ամենաօբյեկտիվ ցուցանիշը երկրների քաղաքական և այլ մակարդակներում հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի արդյունավետությունն է: Սակայն անցած կարճ ժամանակահատվածը դեռ բավարար չէ արդյունքների ամփոփման համար:

Այնուամենայնիվ, այս ընթացքում մեզ հաջողվել է հայ-վրացական միջպետական հարաբերություններում տարբեր ուղղություններով  հարուստ օրակարգի  հաստատմանն ուղղված մեծածավալ աշխատանք իրականացնել: Դա հաջողվում էª շնորհիվ այն բանի, որ դեսպանությունում ձևավորվել է փորձառու և հմուտ աշխատանքային թիմ, ջերմ բարեկամական հարաբերություններ են ստեղծվել Վրաստանի իշխանական, քաղաքական էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչների հետ, էականորեն խթանել ենք աշխատանքները տնտեսական, մշակութային, կրթական և համագործակցության բազմաթիվ այլ բնագավառներում:

Ի դեպ, պետք է ընդգծեմ, որ մասնագիտությունս և իրավական բնագավառում նախընթաց աշխատանքային փորձս բավականին օգտակար էին նոր աշխատանքում: Փաստերի, նույնիսկ առաջին հայացքից ոչ էական թվացող հանգամանքների նկատմամբ ուշադրությունը, զրուցակցին լսելու ունակությունը, իրավական մտածողությունը շատ կարևոր են դիվանագետի աշխատանքում:

-Ի դեպ, ինչպե՞ս ստացվեց, որ երկար տարիներ աշխատելով դատաիրավական համակարգում՝ կտրուկ փոխեցիք Ձեր գործունեության ոլորտը:

-Գիտեք, իրավական դաշտում իմ գործունեության վերջին մի քանի տարում ունեցել եմ այնպիսի կարգավիճակ, որն ըստ էության համարվում է իրավաբանի կարիերայի գագաթնակետը: Դրանից հետո շատ դժվար է և ինչ-որ տեղ նույնիսկ անհասկանալիª շարունակել աշխատանքը իրավական բնագավառում մեկ այլ գործառույթ իրականացնելով:  Սակայն չեմ կարող ասել, որ անտարբեր եմ դարձել դատաիրավական համակարգի նկատմամբ: Իմ աշխատանքային գործունեության շուրջ տասնհինգ տարին նվիրել եմ այդ համակարգին և որոշակի խնդիրներ, այնուամենայնիվ, ինձ հետաքրքիր են այդ դաշտում և համոզված եմ, որ առանձին համակարգեր և ինստիտուտներ մեր դատաիրավական բնագավառում բարեփոխումների կարիք ունեն, ընդ որում` հրատապ բարեփոխումների:

-Շատ հաճախ տարբեր քննարկումներում արծարծվում է դեսպանների պաշտոններում ոչ դիվանագետների նշանակման նպատակահարմարության հարցը: Ի±նչ մեկնաբանություն ունեք այս խնդրի վերաբերյալ:

-Այո՛, ես չեմ պատկանում, այսպես կոչված, կադրային դիվանագետների շարքին, ինչպես  ֆրանսիացիները կասեին ՙDiplomate de carrier՚ չեմ: Այս հարցը պարբերաբար բարձրացվում է մեր լրատվամիջոցներում: Փորձեմ հակիրճ պարզաբանել:

Սովորաբար, կարևորագույն դիվանագիտական պաշտոնները վստահվում են արհեստավարժ կարիերային դիվանագետներին: Սակայն այս կանոնից կան բացառություններ. օրինակ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում հաճախ նշանակվում է ոչ թե դիվանագետ, այլ քաղաքական գործիչ: Վերցնենք նույն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը. մեծամասամբ այս պաշտոնում նշանակվում են ընտրություններում հաղթանակած կուսակցությունը ներկայացնող երևելի քաղաքական գործիչներ: Դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պաշտոններում էլ երբեմն նշանակվում են ոչ դիվանագետներ: Եվ սա ողջ աշխարհում: Կան մի շարք պատճառներ նման լուծումների համար: Երբեմն հաշվի են առնվում նշանակվողի հեղինակությունը և ճանաչվածությունը դեսպանընկալ երկրում կամ այդ երկրի կառավարական շրջանակների հետ նրա կապերը: Երբեմն, որպես դրդապատճառ, կարող է դիտվել որոշակի ներքաղաքական կամ արտաքին քաղաքական հիմնավորումը:

Առանձին դեպքերում կարևորագույն դիվանագիտական պաշտոններում նշանակվում են նույնիսկ պետական ծառայության հետ բացարձակ առնչություն չունեցած անձիք, սակայն որոնց հեղինակությունը և փորձը էական օգուտ կարող է տալ միջպետական և միջազգային կապերի տեսանկյունից: Հիշենք, օրինակ, հայտնի գրող, հրապարակախոս Չինգիզ Այթմատովին, ով երկար տարիներ աշխատել է Լյուքսեմբուրգում ԽՍՀՄ դեսպանի պաշտոնում, իսկ այնուհետև եղել է Կիրգիզիայի դեսպանը այնպիսի կարևորագույն երկրներում, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Բելգիան, Նիդերլանդները:

Շատ հեռանկարային գաղափար կարող է լինել մեր երկու երկրների միջև համատեղ տուրիստական երթուղիների մշակումն ու շահագործումը:

-Ինչպե՞ս կգնահատեք հայ-վրացական հարաբերությունների ներկայիս  մակարդակը, ո±ր ոլորտներում եք տեսնում զարգացող սերտ համագործակցություն:

-Մեր հարաբերությունները սերտ գործընկերային, ըստ էության, ռազմավարական գործընկերային հարաբերություններ են: Երկու պետությունների միջև չկան խնդիրներ, որոնք ենթակա չեն բանակցությունների միջոցով լուծման:

Քաղաքական առումով մեր հարաբերությունները հիմնված են աշխարհաքաղաքական մի շարք նպատակների ու շահերի վրա: Պրագմատիկ տեսանկյունից դա բացատրվում է Հայաստանի համար Վրաստանի կոմունիկացիոն նշանակությամբ, մեծաքանակ հայկական համայնքի գոյությամբ, տարծաշրջանային երկրների փոխկապակցվածությամբ, և վերջապես, մեր պատմամշակութային ընդհանրությամբ: Եթե աշխարհաքաղաքական պայմաններից ելնելով Վրաստանն այսօր համարվում է Հայաստանի հիմնական ճանապարհը դեպի արտաքին աշխարհ, ապա Հայաստանի կենտրոնական դիրքը Հարավային Կովկասում մեր երկիրը դարձնում է տարածաշրջանային հավասարակշռության կարևորագույն գործոն:

Առաջիկա տարիներին կարևորագույն ուղղությունը մեր հարաբերություններում տնտեսական համագործակցության աշխուժացումն է: Այս առումով դրական ցուցանիշերից մեկն էլ զարգացող հայկական բիզնեսի ընդարձակումն է դեպի վրացական շուկա: Վրաստանը վերջին տարիներին բիզնեսի համար դարձել է բավականին գրավիչ։ Դրան նպաստում է կանխատեսելի հարկային համակարգը, մեղմ վարչարարությունը, կոռուպցիայի ոչ բարձր մակարդակը։ 2010 թ. սեպտեմբերին Վրաստանը հետաքրքիր փոփոխություններ կատարեց իր հարկային օրենսդրությունում, որի արդյունքում հարկային բեռը բիզնեսի համար էապես նվազեց։ Սակայն նույնիսկ մինչ այս փոփոխությունները, Վրաստանը էապես մատչելի էր դարձրել գործարարությամբ զբաղվելը։ Համաշխարհային բանկի Doing Business 2011 զեկույցում Վրաստանը զբաղեցրել է 12-րդ տեղը։

Մեր տնտեսական հարաբերությունների առյուծի բաժինն ընկնում է տրանզիտային առևտրին: Եթե մեր ապրանքաշրջանառության  շուրջ 70%-ը ստացվում է Վրաստանով, ապա ինչպես ցանկացած տրանզիտային առևտրի դեպքում, Վրաստանի համար դա էական լրացում է պետական գանձարանին և հետևապես՝  ուղղակի ազդեցության գործոն երկրի բարեկեցության վրա:

Որպես տնտեսական համագործակցության մեծ ներուժ ունեցող ոլորտ՞ կառանձնացնեմ տուրիզմը: Վերջին տարիներին վրացական տուրիստական ինդուստրիան բավականին ծավալվել է և մոդեռնիզացվել: Շատ հեռանկարային գաղափար կարող է լինել մեր երկու երկրների միջև համատեղ տուրիստական երթուղիների մշակումն ու շահագործումը: Մեր երկրները աշխարհագրորեն շատ մեծ չեն, իսկ Եվրոպայից կամ առավել հեռու վայրերից եկող տուրիստների համար շատ գրավիչ կլինի մեկ այցելության ընթացքում երկու երկրի հետ ծանոթանալու հնարավորությունը:

Այսօր Վրաստանի հայության  առջև մեծ հաշվով երկու խնդիր է կանգնած. մի կողմիցª առավել արդյունավետ ինտեգրվել Վրաստանի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում, մյուս կողմից` պահպանել իրենց էթնիկ յուրահատկությունը:

-Ո՞րն եք համարում ՀՀ ամենակարևոր ձեռքբերումը Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերություններում:

-Վստահաբար կարող եմ ասել, որ ամենամեծ նվաճումը վերջին տարիներին Վրաստանի ուղղությամբ իրականացվող հավասարակշռված և գրագետ քաղաքականությունն է, որը նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում հնարավորություն է տվել ոչ միայն խուսափել փոխըմբռնման բարդություններից, այլ նաև ապահովել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների առավել սերտացում:

Մեր երկրները աշխարհաքաղաքական բազմաթիվ և բազմաբնույթ շահերի հորձանուտում են գտնվում, և յուրաքանչյուրիս կայունությունն ու խաղաղ զարգացումը հնարավոր է միայն հարևանի մոտ համարժեք իրավիճակի առկայության դեպքում: Իսկ լուծման ենթակա խնդիրներ միշտ կան և կլինեն: Մասնավորապես, այսօր կարևորագույն և հրատապ լուծում պահանջող հարցերից է հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության հարցը Վրաստանի տարածքում: Մեր երկխոսությունն այս բնագավառում շատ ակտիվ է:

-Հայկական համայնքը Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների շրջանում թվով երկրորդն է: Ինչպիսի՞ դերակատարում ունի հայ համայնքը Վրաստանի հասարակական, քաղաքական և մշակութային  կյանքում:

-Վրաստանի հայ համայնքը մեր ամենակարևոր համայնքներից է և մենք ուզում ենք տեսնել ուժեղ, ակտիվ և վրացական իրականությանն առավելապես ինտեգրված համայնք: Մեր համայնքն ունի հարուստ պատմություն և մեծ ավանդ Վրաստան պետության կյանքում: Ունենք շատ տաղանդավոր, ակտիվ և աշխատասեր երիտասարդություն, որի ուժն ու հնարավորություններն անհրաժեշտ է առավելագույն արդյունավետ օգտագործել:

Շատ եմ կարևորում Հայաստանի մասնակցությունը Վրաստանի հայ համայնքի կրթական, մշակութային և ազգային ինքնության պահպանմանն ուղղված այլ ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Միաժամանակ կարևոր նպատակ է Վրաստանի հայության ակտիվ ներգրավումը Վրաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

Բարդությունը նրանում է, որ գործող մեծ քանակությամբ հայկական հասարակական միավորումները հաճախ գործում են ոչ համագործակցաբար, թեև հաճախ նրանց առջև կանգնած խնդիրները միատեսակ են: Շատ կարևոր է, որպեսզի համայնքային կառույցները կարողանան համագործակցել, ստեղծել հայությանը հուզող հարցերի անկաշկանդ քննարկման և որոշումներ կայացնելու արդյունավետ հարթակներ: Դա, իմ խորին համոզմամբ, պետք է ինչպես այդ կառույցներին, այնպես էլ ողջ համայնքին:

Համայնքային կյանքում այսօր մեծ դերակատարություն ունի եկեղեցին` ի դեմս Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի և նրա առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի: Պետությունը հնարավոր աջակցություն է ապահովում ազգային հոգևոր այս կարևոր կառույցի գործունեությանը:

Այսօր Վրաստանի հայության  առջև մեծ հաշվով երկու խնդիր է կանգնած. մի կողմից` առավել արդյունավետ ինտեգրվել Վրաստանի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում, մյուս կողմից` պահպանել իրենց էթնիկ յուրահատկությունը: Սա է համայնքի զարգացման ճիշտ ճանապարհը: 

Վրաստանի հասարակությանն ինտեգրվելու պարտադիր պայման է ջավախքահայության կողմից վրացերենի ուսուցման գործընթացը:

-Ինչպիսի՞ դիրքորոշում ունեն Վրաստանի իշխանությունները Ջավախքի խնդիրների հետ կապված:

-Վրացական իշխանություններն ուշադրությամբ են վերաբերվում Ջավախքում սոցիալ-տնտեսական բնույթի հիմնախնդիրների կարգավորմանը, զարգանում է տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքը, ստեղծվում են նոր աշխատատեղեր և իրականցվում են նպատակային սոցիալական ծրագրեր:

Սա, բնականաբար, նպաստելու է այս տարածաշրջանում բնակվող ազգությամբ հայերին առավել ինտեգրվելու Վրաստանի տնտեսական և սոցիալական կյանքին: Որպես Վրաստանի հասարակությանն ինտեգրվելու պարտադիր պայման` կարևոր է ջավախքահայության կողմից վրացերենի ուսուցման գործընթացը: Սա է ճանապարհը` հիմնահարցերը լուծելու, սա է ճանապարհը որևէ հասարակության մեջ հաջողության հասնելու: Բացի դա, սա թույլ կտա կանխել ջավախքահայության արտագաղթը:

Միաժամանակ շատ կարևոր է հայոց լեզվի պատշաճ մակարդակով ուսուցումն ու դասավանդումը, ինչը ազգային ինքնության և մշակույթի պահպանման հիմնական լծակներից է: Լեզուն ազգային ինքնության թերևս առաջին ցուցիչն է և այդ առումով Ջավախքում հայերենի պատշաճ ուսուցման հարցը Հայաստանի կարևոր առաջնահերթություններից է: Հայաստանը ակտիվորեն մասնակցում է հայության, և մասնավորապես ջավախահայության, մշակութային և կրթական խնդիրների լուծմանը, ձգտում է օգնել հայրենակիցներին ազգային և մշակութային ինքնատիպությունը պահպանելու գործում:

Վստահ եմ, որ նաև Վրաստանի իշխանություններն են շահագրգիռ այս հարցում. սա բազմամշակույթ երկրի կարևոր հարստությունն է:

Թեև նախկինում էլ բավականին տեղեկացված էի և հետևում էի Միխեիլ Սաակաշվիլու քաղաքական գործունեությանը, սակայն անձնական  հանդիպման ժամանակ ինձ վրա մեծ տպավորություն թողեց նրա յուրահատուկ, ոչ ստանդարտ մտածելակերպը, անկեղծությունն ու նվիրվածությունն իր գործին:

-Ի՞նչ տպավորություն եք ստացել երկրից: Ինչի՞ց եք ամենաշատը տպավորված:

-Ես Վրաստան ժամանեցի նշանակումից անմիջապես հետո, սակայն, ինչպես ընդունված է դիվանագիտական պրակտիկայում, լիարժեք պարտականությունների կատարմանն  անցա Վրաստանի նախագահին հավատարմագրերը հանձնելու պահից: Սա իմ առաջին հանդիպումն էր Միխեիլ Սաակաշվիլու հետ: Թեև նախկինում էլ բավականին տեղեկացված էի և հետևում էի նրա քաղաքական գործունեությանը, սակայն անձնական հանդիպման ժամանակ ինձ վրա մեծ տպավորություն թողեց նրա յուրահատուկ, ոչ ստանդարտ մտածելակերպը, անկեղծությունն ու նվիրվածությունն իր գործին:

Բնականաբար, Վրաստանը չի կարող չհմայել իր ամենակարևոր հարստություններից մեկով` բազմամշակութայնությամբ: Սա առավել նկատելի է, երբ երկրում ես գտնվում երկարաժամկետ, զգում ես ազգերի և մշակույթների փոխներգործությունն ու փոխադարձ հարստացումը, ազգային տոլերանտության հմայքը:

Եվ վերջապես, անհնար է չնկատել այս երկրում վերջին տարիներին իրականացված քաղաքական, իրավական և տնտեսական բարեփոխումները և դրանց ազդեցությունը հասարակության զարգացման և ժողովրդավարացման վրա:

-Ի դեպ, վրացական բարեփոխումների մասին: Ինչո՞ւմ է կայանում այդ բարեփոխումների հաջողությունը:

-Կարծում եմ՝ նվիրվածությունը գործին և վստահությունը, որ լավ գործ է արվում երկրի համար: Բացի այդ, Վրաստանի բարեփոխիչները դրանց իրականացմանը մոտենում են վճռականորեն և, միաժամանակ, պրագմատիկ ձևով: Փորձ չի արվում հեծանիվ հորինել. կիրառվում է այլ երկրների հաջողված փորձը և տեղայնացվում` ելնելով հասարակության առանձնահատկություններից:

-Ի՞նչ կասեք ոստիկանության համակարգի բարեփոխումների մասին: Սա շատ փորձագետների կողմից համարվում է օրինակելի փորձ այլ զարգացող երկրների համար:

-Այս ոլորտում, իսկապես, լուրջ փոփոխություններ են կատարվել: Նախևառաջ, դա վերաբերում է ճանապարհային ոստիկանությանը: Ճիշտ է, տուգանքները բավականին բարձր և խիստ են, սակայն ոստիկաններն աշխատում են անաչառ: Այս հարցում ամենակարևոր ցուցիչը հասարակության վերաբերմունքի փոփոխությունն է ոստիկանական համակարգի նկատմամբ, ինչը Վրաստանում ակնառու է:

Մի քանի կարևոր քայլեր առանցքային են եղել բարեփոխման հաջողության համար: Մասնավորապես, համակարգը լիովին ձերբազատվել է նախկին արատավորված և կոռումպացված կադրերից, համակարգի գրեթե եռակի կրճատումը ապահովել է նրա մոդեռնիզացումն ու աշխատանքի օպտիմալացումը, աշխատավարձի բարձրացումը նյութական հիմք է ստեղծել կոռուպցիոն երևույթներն արմատախիլ անելու համար, և վերջապես ամենակարևորը` բարեփոխման քաղաքական պատասխանատուներն իրենց անձնական փորձով դարձել են կոռուպցիայի վերացման և համակարգի արդյունավետության երաշխավորը: Ի դեպ, հատկանշական է, որ ոստիկանների աշխատանքի վարձատրությանն ուղղվող հավելյալ ֆինանսական միջոցների զգալի մասը համակարգի կրճատման արդյունքում պետության խնայած միջոցներն էին:

Իմիջիայլոց, այս համակարգի բարեփոխումն իրականացվել է շատ արագ և կտրուկ փոփոխությունների շնորհիվ, ինչը հնարավորություն չի ընձեռել բարեփոխման հակառակորդներին արհեստական խոչընդոտներ հարուցել դրանց ճանապարհին:

Հայ և վրաց ժողովուրդներն իրենց խնդիրները եղբայրաբար լուծել են դարեր շարունակ, և հուսով եմ, որ մեր օրերի մարտահրավերները բացառություն չեն լինելու:

-Այս տարի Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակն է: Համարո՞ւմ եք արդյոք, որ մեր երկրների այսօրվա դիվանագիտական հարաբերությունները համապատասխանում են մեր ժողովուրդների ցանկություններին և նպատակներին:

-Իրականում դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ երկու երկրների ազգային շահերը լիարժեք համընկնեն: Բարեկամական երկրների քաղաքականությունը բացահայտվում է նրանում, թե որքանով ես դու կարողանում քո շահերն իրականացնել` ոչ ի վնաս բարեկամ երկրիդ: Սա է համագործակցության բանաձևը:

Կարծում եմ, որ մեծ հաշվով այսօր մեր երկրներին հաջողվում է տանել նման քաղաքական գիծ, և դրա հիմքը մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն է և իմաստությունը: Հայ և վրաց ժողովուրդներն իրենց խնդիրները եղբայրաբար լուծել են դարեր շարունակ, և հուսով եմ, որ մեր օրերի մարտահրավերները բացառություն չեն լինելու:

Իմիջիայլոց, մի հետաքրքիր դիտարկում եմ արել այստեղ աշխատանքիս առաջին ամիսներին: Հայաստանում գտնված ժամանակ կարծում էի, որ հայերն ու վրացիները հրաշալի ճանաչում են միմյանց: Սակայն այստեղ ինձ համար անակնկալ հայտնաբերեցի, որ ներկայիս երիտասարդությունը կամ շատ մակերեսային է տեղեկացված հարևանի մշակույթին, կամ բացարձակ չի ճանաչում հարևանին: Այս բացն անհրաժեշտ է շուտափույթ լրացնել: Ապագայի բանալին երիտասարդության ձեռքում է, և մեր երկրների երիտասարդության շփումների ակտիվացումը մեր վաղվա հարաբերությունների ամրապնդման երաշխիքը կլինի:

Ամենակարևոր սկզբունքը հայրենասիրությունն է:

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում աշխատանքում:

-Ամենակարևորը սերն է հայրենիքի նկատմամբ: Մնացածը ածանցյալ են դրանից: Լավ արդյունք կարելի է ստանալ միայն այն աշխատանքից, որը հոգով ես անում:

Աշխատանքային հարաբերություններում չեմ ընդունում հարմարվողականությունն ու անսկզբունքայնությունը: Բարձր եմ գնահատում այն աշխատակցին, ով անհրաժեշտ գործն անելու համար չի սպասում հրահանգի: Չի կարող լինել մեծ արդյունք և հաջողություն աշխատանքում առանց նախաձեռնողական և ստեղծագործ մոտեցումների:

-Մենք տեղյակ ենք, որ Ձեր մայրը ծնունդով Վրաստանից է՝ Թբիլիսիից: Կարո՞ղ ենք ասել, որ Ձեզ համար այս աշխատանքը նաև շատ հաճելի է, և Դուք օտարություն չեք զգում Վրաստանում: Պատմե՞ք, խնդրեմ,  Ձեր արմատների մասին:

-Ինչ-որ տեղ՝ ես նաև թբիլիսցի եմ (ժպտում է): Մայրս ծնվել և մեծացել է այս գեղեցիկ քաղաքում: Մանկության և դպրոցական տարիներին գրեթե ամեն տարի երկարաժամկետ այցելել եմ պապիս ու տատիս, որոնք բնակվում էին Թիֆլիսի հին թաղամասերից մեկում: Ինձ հարազատ են այս քաղաքն ու այս երկիրը, սիրում եմ վրացական մշակույթը, հարգանքով եմ վերաբերվում ժողովրդի ավանդույթներին: Այդ առումով իմ համար առավել մեծ պատիվ է ներկայացնել իմ հայրենիքը հարազատ և բարեկամ երկրում:

Ես արմատներով Արևմտյան Հայաստանից եմ: Պապս Մուշից է, այսօրվա Հայաստանի տարածքում նա հայտնվել է 1915 թ. ցեղասպանության հետևանքով: Բնակություն է հաստատել ներկայիս Լոռիի մարզի Հարթագյուղում, որտեղ և ծնվել է հայրս` իր յոթ քույրերի և եղբայրների հետ միասին:

Ինքս ծնվել եմ Գյումրիում, որտեղ բնակություն էր հաստատել մեր ընտանիքը` կապված հորս աշխատանքային գործունեության հետ: Հայրս 35 տարուց ավելի աշխատել է դատախազության համակարգում:

Երբ ժամանակ եմ գտնում, սիրում եմ խոհանոցում ստեղծագործել:

-Մենք տեղյակ ենք նաև, որ Դուք հրաշալի խոհարար եք: Ո՞ր երկրի խոհանոցն եք նախընտրում: Պատրաստում եք Ձեր սեփակա±ն բաղադրատոմսերով, թե՞ արդեն հայտնի: 

-Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ խոհանոցների թագուհին ֆրանսիականն է, ամենագեղեցիկ և ստեղծագործ խոհանոցը աշխարհի: Ֆրանսիացիները խոհարարներին անվանում են յուրատեսակ պոետներ և խոհարարը գնահատանքի է արժանի միայն այն դեպքում, երբ նա հայտնի բաղադրատոմսերն օգտագործում է սոսկ որպես հիմք. դրան անհրաժեշտ է ավելացնել սեփական վարպետությունը:

Շատ բարձր եմ գնահատում նաև վրացական խոհանոցը: Յուրաքանչյուրիս խոհանոցն էլ ունի բազմաթիվ ճաշատեսակներ, որոնք աշխարհի խոհանոցային գրքի զարդը կարող են լինել: Սա մեր երկու ժողովուրդների միջև ավանդական մրցակցության գեղեցիկ դաշտերից մեկն է: Այս առիթով մի շատ զվարճալի դեպք հիշեցի. տարիներ առաջ մտերիմ հարաբերություններ ձևավորվեցին մի վրացի դիվանագետի հետ, որն այդ ժամանակ աշխատում էր Երևանում: Այժմ նա դեսպան է եվրոպական երկրներից մեկում: Եվ ահա զանգահարում է մի օր այս պարոնն ինձ ու հավաստիանալով, որ այդ պահին մատչելի ինտերնետ-հասանելիություն ունեմ` զարմացական տոնով խնդրում է բացել մի կայք (դա եվրոպական երկրներից մեկի հայկական համայնքի կայքն էր) և ընթերցել ՙՀայկական խոհանոց՚ բաժինը: Բացում եմ, կարդում, շատ ծանոթ տեքստ է այն մասին, որ հայկական խոհանոցը շատ հարուստ է և ճանաչված, ամենահին խոհանոցն է Հարավային Կովկասում և բազմաթիվ այլ բնութագրեր: Եվ ահա իմ հարցին, թե ինչումն է իր զարմանքի պատճառը, վրացի բարեկամս պատասխանում է. ՙՍիրելիˊս, կարո՞ղ ես ինձ բացատրել, թե ինչ է նշանակում ՙՀարավային Կովկասում ամենահին խոհանոց՚ հասկացությունը: Արդյո՞ք սա նշանակում է, որ եղել է ժամանակ, երբ հայերը սնվել են, իսկ վրացիները սովի են մատնված եղել .....՚: Հուսով եմ՝ նուրբ հումորն ընկալեցիք (ծիծաղում է):

Իսկ ինքս, երբ ժամանակ եմ գտնում, սիրում եմ խոհանոցում ստեղծագործել: Ասում են Աստված ստեղծեց սնունդը, իսկ սատանան` խոհարարներին: Կհարցնեք՝ ինչու եմ սա ասում: Որովհետև խոհանոցով շատ հրապուրվելը վտանգավոր է: Ինչպես կասեր Լարոշֆուկոն. ՙԻնչ ինձ կյանքում դուր է գալիս, կամ անբարոյական է կամ դրանից չաղանում են՚: Հուսով եմ՝ համամիտ եք ինձ հետ (ժպտում է):

Ազատ ժամանակիս առյուծի բաժինը հատկացնում եմ որդուս. վստահ եմ, որ շատ տարիներ հետո Ալեքսանդր Մանուկյանով հպարտանալու է ոչ միայն իր հայրը:

-Ինչպիսի՞ն եք տանը, ընտանիքի անդամներին կարողանո՞ւմ եք  ժամանակ հատկացնել: Ի՞նչ նախասիրություններ ունեք, ի՞նչ հոբբի:

-Շատ գեղեցիկ ընտանիք ունեմ՝ իր ավանդույթներով ու հետաքրքիր անդամներով: Ծնողներս արդեն թոշակառու են, մեզ շատ են օգնում իրենց խորհուրդներով և  տնային հոգսերը կիսելով: Դուստրերս համալսարանական կրթություն են ստանում  Միացյալ Թագավորությունում, և մեզ համար մեծ տոն է, երբ նրանք վերադառնում են ուսումնական արձակուրդների ժամանակ:

Եռամյա որդիս` մեր ընտանիքի զարդը, ինձ հետ է այժմ՝ Վրաստանում, հաճախում է մանկապարտեզ և արդեն հայերենից բացի, հասկանում է նաև ռուսերեն, անգլերեն և գրեթե ազատ խոսում է վրացերեն (ծիծաղում է): Տիկինս, թեև հիմա չի աշխատում, սակայն որպես դեսպանի տիկին՝ ունի որոշակի պարտականություններ և զբաղվածություն:

Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ընտանիքիս կամ ընկերներիս հետ: Ցավոք, իմ հին ընկերներին հիմա ավելի քիչ եմ տեսնում. միայն երբ լինում եմ Երևանում: Շատ եմ սիրում ճանապարհորդել, սեփական աչքերով տեսնել շատ երկրներ ու ճանաչել տարբեր մշակույթներ: Իհարկե, ժամանակը, ցավոք, այս հարցում իմ բարեկամը չէ ...

Նախասիրություններից ասեմ. հետաքրքրվում եմ հայ գեղանկարչությամբ, սիրում եմ երգել, երբ կա համապատասխան տրամադրություն, շատ եմ հանգստանում, երբ զբաղվում եմ այգեգործությամբ: Բայց ազատ ժամանակիս առյուծի բաժինը հատկացնում եմ որդուս. վստահ եմ, որ շատ տարիներ հետո Ալեքսանդր Մանուկյանով հպարտանալու է ոչ միայն իր հայրը (ժպտում է):

 

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...