2013-03-21 11:11
«Դե Ֆակտո» 60 (2011թ.)
Սարգիս Թարվերդյան, ՙՍարգիս-Կարոլինա՚ ՍՊԸ հիմնադիր
ՙՍարգիս-Կարոլինա՚ ընկերությունը, երկար տարիներ լինելով շուկայում ամենախոշոր ներմուծողներից մեկը, 2011թ. կամք դրսևորեց դառնալու արտադրող ընկերություն:
-Պարո՛ն Թարվերդյան, շնորհավորում ենք Ձեզ ՙԱրարատ սննդի կոմբինատ՚ ՍՊԸ-ի բացման առթիվ, որին ներկա էր նաև ՀՀ նախագահը: Գործարարության ոլորտում Ձեր հաջողություններն ակնհայտ են և ոգևորող: Կպատմե՞ք` ինչպիսի ճանապարհ եք անցել:
-ՙՍարգիս-Կարոլինա՚ ընկերությունը հիմնադրվել է 1997թ.: Գործունեության սկզբում ընկերության գլխավոր նպատակը ներկայացուցչական գործունեությամբ զբաղվելն էր` թունդ ալկոհոլային խմիչքների ներմուծում ՌԴ-ից, առավելապես` օղի: Քանի որ այդ ժամանակահատվածում ռուսական օղիները գրեթե ներկայացված չէին հայաստյան շուկայում, մենք որոշեցինք զբաղվել այդ գործով: Ռուսական օղիները աշխարհում հայտնի են իրենց բարձր որակով: Մեզ համար կարևոր էր հայ սպառողին ներկայացնել լավագույնը: Այնուհետև ընդլայնեցինք մեր գործունեության ոլորտները: Հաջորդիվ եղավ աշխարհում հայտնի գարեջրի տեսակների ներմուծումը, հետագայում բնական հյութերի և գունավոր խմիչքների` վիսկիների, լիկյորների տեսակները: Եկավ մի ժամանակահատված, երբ բնական հյութերի ոլորտում ՙՍարգիս-Կարոլինա՚ ընկերությունը ունեցավ լուրջ հաջողություններ` ձեռք բերելով ռազմավարական նշանակության համագործակցություն ՙՎին ԲիլԴան՚ կազմակերպության հետ: Հենց այդ ժամանակ էր, որ տեղի ունեցավ խորհրդակցություն ՀՀ վարչապետի մոտ: Խորհրդակցության ընթացքում մեզ առաջարկվեց վերանայել մեր ռազմավարությունը և կազմակերպել տեղական արտադրություն: ՙՍարգիս-Կարոլինայի՚ ղեկավարների կողմից ընդունվեց որոշում հիմնել արտադրություն, որը կթողարկի եվրոպական չափանիշերին համապատասխան հայկական որակյալ արտադրատեսակ ու կներկայացնի ողջ աշխարհին:
Կարճ ժամանակահատվածում գրանցվեց ՙԱրարատ՚ հյութ ապրանքատեսակը, կնքվեց պայմանագիր միջազգային ՙՏետրա Պակ՚ ընկերության հետ` ձեռք բերելու համապատասխան սարքավորումներ արտադրամասի համար: Հիմնվեց գերհագեցած արտադրամաս, որը, կարելի է ասել, միակն է տարածաշրջանում: Այսօր գործարանն ի վիճակի է իր ծավալներով բավարարել հայկական շուկայի սպառման պահանջարկի մեծ մասը, ինչպես նաև արտահանել տարբեր երկրներ` Վրաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա:
ՙԱրարատ՚ հյութերի անվանման ընտրությունը հետաքրքիր պատմություն ունի, իսկ ձևավորումը` հաճելի անակնկալ էր ու մեծ ձեռքբերում:
-Ինչպե՞ս կատարվեց ՙԱրարատ՚ անվան ընտրությունը:
-Անվան ընտրությունը հետաքրքիր պատմություն ունի. մենք հյուրընկալվել էինք մեր շատ մտերիմ ընկերներից մեկին: Սեղանին ՙԱրարատ՚ կոնյակ էր դրված, իսկ լուսամուտից երևում էր Արարատը: Այդ պահին խոսում էինք այն մասին, որ արտերկրի գործընկերների ապրանքատեսակները փաթեթավորելով` ևս մեկ անգամ կախված կլինենք նրանցից: Հենց այդ պահին ես և եղբայրս նայեցինք իրար, Արարատին, հետո սեղանին դրված կոնյակին, ու քանի որ 38 տարվա գործընկերներ ենք, հայացքներով հասկացանք իրար: Հաջորդ օրը ճշտեցինք, թե արդյոք գրանցված է ՙԱրարատ՚ հյութ ապրանքանիշը, պարզեցինք` ոչ ու գրանցեցինք:
-Ապրանքանիշի ձևավորումը շատ յուրօրինակ է, ինքնատիպ: Ինչպե՞ս առաջացավ այդ միտքը:
-Հյութերի ձևավորման աշխատանքները մենք վստահեցինք ռուսական ՙOpen dizajn՚ ընկերությանը, որն, ի դեպ, ուներ նմանատիպ աշխատանքի փորձ, արել էր աշխարհում առաջատարներից մեկի` ՙRich՚ բնական հյութի ձևավորումը: ՙOpen dizajn՚ ընկերությունը բավականին դժվարությամբ համաձայնվեց ընդունել մեր պատվերը, քանի որ շատ ընտրողական մոտեցում ունի: Ուսումնասիրելով մեր առաջարկը, ծանոթանալով մեր աշխատանքային սկզբունքներին` մեզ համար շատ անակնկալ և հաճելի առաջարկ արեց` հյութերի տուփերը ձևավորել մեր մեծ գեղանկարիչների` Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի կտավներով: Մենք ողջունեցինք այդ գաղափարը, ու սկսվեց երկար և մանրակրկիտ աշխատանքը: Մենք փորձեցինք ստանալ Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի ընտանիքի անդամների և ժառանգների համաձայնությունը: Մեր ջանքերը պսակվեցին հաջողությամբ: Այժմ մենք ունենք երկարաժամկետ պայմանագիր, համաձայն որի` իրավունք ունենք ՙԱրարատ՚ հյութերի տուփերի վրա պատկերել մեծ վարպետների գործերը: Ես շատ ուրախ եմ, որ վերջիններս էլ հայտնեցին իրենց ուրախությունը և գոհունակությունը` հատկապես հյութերի ձևավորումը տեսնելուց և դրանք համտեսելուց հետո:
ՙԱրարատ՚ հյութերը պատրաստվում են բացարձակապես բնական հումքից և շաքարավազ չեն պարունակում:
-Ինչպիսի՞ն է հյութերի բաղադրատոմսը:
-ՙԱրարատ՚ հյութերը, բացի իրենց գերբնական անունից, ճոխ ձևավորումից, ունեն դրախտային համ և մեծ տեսականի: ՙԱրարատ՚ հյութը միակ ապրանքատեսակն է, որի հումքը բացարձակապես բնական է, շաքարավազ չի պարունակում: Պարզապես կան մրգեր, որոնց թթվայնությունը շատ բարձր է, և մենք դրանք պատրաստելիս թթվայնությունը կոտրելու համար օգտագործում ենք խաղողի, տանձի կամ խնձորի քաղցր խտանյութն այնպես, որ չվնասենք տվյալ համի ինքնատիպությունը:
-Իրականացվեց նաև մարկետինգային լուրջ աշխատանք:
-Պետք է նշեմ, որ մենք հյութի անունից սկսած` ամեն ինչ մանրակրկիտ մտածել ենք, որպեսզի մեր աշխատանքը լինի պրոֆեսիոնալ, հյութերն ունենան յուրահատուկ փաթեթավորում, լինեն որակյալ, ինչպես նաև պատշաճ կերպով ներկայացվեն Հայաստանում և Հայաստանից դուրս:
ՙԱրարատ՚ հյութի գովազդային հոլովակը նկարահանելու համար մենք պայմանագիր կնքեցինք ՙՇարմ՚ հոլդինգի հետ: Շատ ուրախացանք, որ մեր ապրանքանիշի շուրջ հավաքվեցին աշխարհահռչակ մարդիկ, ու նրանց ի լրացում եկավ Արմեն Ջիգարխանյանը, ով համաձայնվեց նկարահանվել մեր գովազդային հոլովակում:
-Ինչպիսի՞ արձագանք գտան հյութերը հայաստանյան և դրսի շուկայում:
-Հայաստանում հյութերը արժանացան հավանության և բարձր գնահատականի: ՙԱրարատ՚ հյութերն արտահանվել են դեռևս միայն Ռուսաստանի Դաշնություն: Պետք է նշեմ, որ մինչ հյութերը համտեսելը, այնտեղ արդեն հիացած էին մեր հյութի գովազդային հոլովակով, ձևավորմամբ, բայց նրանց հիացմունքը հասավ գագաթնակետին համտեսման ժամանակ: 12 անձից կազմված հանձնաժողովի 12 անդամներից 11-ը տվեցին առավելագույն գնահատականը: Ինձ համար շատ ուրախալի էր, որ իրենք ՙԱրարատը՚ համեմատում էին ոչ թե տեղական արտադրության հյութերի, այլ աշխարհի ամենալավ բրենդների` ՙRich՚-ի, ՙTropicano՚-ի, ՙSantal՚-ի հետ: Ըստ հանձնաժողովի արտահայտած կարծիքիների` մեր բնական հյութերն իրենց որակով չեն զիջում վերջիններին, ինչ-որ տեղ էլ գերազանցում են որակապես: Այնպես որ, որակյալ ապրանք ստանալուն ուղղված մեր ոչ խնայողական մոտեցումը հաջողվեց:
-Ինչպիսի՞ դժվարություններ եք հաղթահարել գործունեության ընթացքում, ի՞նչ է դժվարությունը Ձեզ համար, և ինչպե՞ս եք հաղթահարում այն:
-Մենք մեծացել ենք բանվորի ընտանիքում և փոքրուց սովոր ենք եղել դժվարություններն ինքնուրույն հաղթահարել: Այն ամենն, ինչին հասել ենք, ձեռք ենք բերել երեքով` ես, եղբայրս և քույրս, իհարկե, ծնողներիս օգնությամբ: Մենք միասին հաղթահարել ենք բոլոր դժվարությունները և քայլ առ քայլ գնացել առաջ:
Քանի որ ես մասնագիտությամբ մաթեմատիկ եմ, դժվարությունն ինձ համար մի խնդիր է, որը պետք է բաժանել փոքր խնդիրների և հերթականությամբ լուծելով` ամբողջ դժվարությունը հաղթահարել: Ամենադժվար որոշումը ներմուծողից արտադրող դառնալն էր, դրան հոգեբանորեն պատրաստվելը, քանի որ մենք սովոր ենք ամեն ոլորտում ներկայացնել աշխարհի լավագույններին և արտադրող դառնալուց պետք է ստեղծեինք հայկական լավագույն բրենդը` դիմանալով նաև միջազգային շուկայում առկա մրցակցությանը:
-Որքա՞ն կազմեց Ձեր ներդրումը:
-Մեր ներդրումը կազմել է մոտավորապես 7.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ամբողջ գումարը չէինք կարող մեր միջոցներով ներդնել: Այդ հարցում մեզ օգնեց մեր գործընկեր ՙԱռէքսիմբանկը՚, որը շատ կարճ ժամանակահատվածում արտահայտեց իր պատրաստակամությունը` վարկ տրամադրել, առանց ձգձգումների և խոչընդոտներ առաջացնելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՙԱռէքսիմբանկին՚ լավ համագործակցության համար:
Շուտով շուկայում կհայտնվեն նաև հայկական համի ՙԱրարատ՚ թեյերը:
-Նպատակ ունեք նաև ընդլայնել Ձեր արտադրությունը, հիմնել թեյի արտադրություն: Պատմե՛ք, խնդրեմ, Ձեր ծրագրերի մասին:
-Արդեն գրանցվել են ՙԱրարատ բերք ու բարիք՚ ապրանքատեսակները պահածոների և մուրաբաների դասում, ՙԱրարատ՚ թեյը` թեյերի դասում ¥նաև սառը թեյ¤: Նպատակ ունենք հիմնականում արտադրել հայկական համի թեյեր` ուրցի, նանայի, ալոճի, մասուրի, դեղձի մեկանգամյա օգտագործման փաթեթներում: Կիրականացնենք նաև սև և կանաչ թեյերի փաթեթավորում` ՙԱրարատ՚ թեյ ապրանքանիշով: Լրացնելով հայկական շուկայի բացը` մենք այս դեպքում էլ նպատակ ունենք արտահանել մեր արտադրանքը: Մեկ-երկու տարի հետո մենք կփորձենք զբաղվել նաև այգեգործությամբ և հողագործությամբ:
Հույս ունենք, որ այս տարվա ընթացքում կհիմնենք մուրաբաների, պահածոների արտադրությունը: Արդեն հստակ պայմանավորվածություններ ունենք: Հոկտեմբեր ամսին պլանավորել ենք սկսել մրգերի և բանջարեղենի վերամշակման արտադրամասի սարքավորումների տեղադրման աշխատանքները:
Կնքել ենք պայմանագիր թեյերի փաթեթավորման համար նախատեսված աշխարհի լավագույն իտալական սարքավորումների ձեռք բերման համար, ըստ որի` սեպտեմբերին սարքավորումը կտեղադրվի, և թեյերի արտադրամասը ևս կգործարկվի:
-Որքա՞ն աշխատատեղ կբացվի բոլոր արտադրամասերի գործարկման դեպքում:
-Արդեն բացվել է 75 աշխատատեղ, իսկ բոլոր արտադրամասերի գործարկումից հետո աշխատատեղերի թիվը կհասնի 400-500-ի: Այգեգործության և հողագործության աշխատանքների սկսման գործընթացում հույս ունենք, որ աշխատատեղերի թիվը կավելանա` հասնելով 1000-ի:
Ինչպես Արարատ լեռն է լեռների արքան, այնպես էլ ՙԱրարատ՚ հյութերը պետք է դառնան հյութերի արքան: ՙԱրարատը՚ դառնալու է համաշխարհային բրենդ:
-Հնարավո՞ր է` մենք էլ ստեղծենք մի արտադրանք, որը համաշխարհային ճանաչում ունենա և ներկայացնի Հայաստանը, ինչպես, օրինակ, իտալացիների պարագայում պիցցան է: Կարո՞ղ ենք ասել, որ ՙԱրարատ՚ հյութը կդառնա Հայաստանը ներկայացնող բրենդ:
-Մեզ համար դա սկզբունքային հարց է, մենք այլ կերպ չենք էլ մտածում: Ինչպես Արարատ լեռն է լեռների արքան, այնպես էլ ՙԱրարատ՚ հյութերը պետք է դառնան հյութերի արքան: Մենք ամեն ինչ կանենք, որ ՙԱրարատ՚ հյութը աշխարհում իր ուրույն տեղն ունենա և բացարձակապես ոչ մի դրույթում չզիջի որևէ բրենդի: Ես վստահ եմ, որ եթե մեր ցանկություններին, նվիրվածությանը գումարենք մեր աշխատասիրությունն ու կամքի ուժը և դրան էլ ավելացնենք հայկական մրգերի անմահական համն ու այդ ամենը կնքենք ՙԱրարատ՚ անունով, ապա մեր հաջողությունն անխուսափելի է:
-ՀՀ-ն նոր կայացող, զարգացող պետություն է: Ինչպե՞ս կգնահատեք երկրի տնտեսության զարգացման տեմպերը:
-Տեսնելով Հայաստանի տնտեսության զարգացման միտումները` ես էլ իմ լուման ներդրեցի ՀՀ տնտեսության զարգացման մեջ` մեծ հավատ ունենալով, որ իրոք տնտեսությունը զարգանում է, թեկուզ ոչ արագ տեմպերով: Վստահ եմ, որ նման տրամադրվածություն ունեն նաև մյուս գործարարները: Կարծում եմ` մելանխոլիան բիզնեսում շատ վատ բան է: Հետճգնաժամային ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսական աճը արդեն իսկ շատ լավ արդյունք է: Մեզ շատ են խորհուրդ տվել դրսում բիզնես ստեղծել, բայց մենք այնքան ենք կապված մեր հողին, որ չենք պատկերացնում մեզ այլ երկրում բիզնես ծավալելիս:
Պետք է նշեմ նաև, որ նախագահը օգնում է այն գործարարներին, ովքեր տրամադրված են երկրի զարգացմանն ուղղված ճիշտ ներդրումներ անել: Երկարաժամկետ ներդրումների ծրագրերը խրախուսվում են և՛ նախագահի, և՛ վարչապետի կողմից: Մենք զգացել ենք այդ աջակցությունը, որից շատ տպավորված և ոգևորված ենք: Ես կարծում եմ` մեր գործարարները պետք է համարձակորեն կատարեն երկրի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր:
-Այսօր տեղական արտադրողները դժգոհում են հարկային քաղաքականությունից: Ինչպե՞ս կգնահատեք երկրում վարվող հարկային քաղաքականությունը, արդյո՞ք այն նպաստում է տեղական արտադրության զարգացմանը:
-Այդ հարցին շատերը խիստ ծայրահեղ են մոտենում: Յուրաքանչյուր մարդ, մինչ հարկային քաղաքականությունը քննադատելը, պետք է առաջին հերթին ինքն իրեն քննադատի, սխալն իր մեջ փնտրի:
Ես կարծում եմ` հարկային քաղաքականությունը շատ ավելի լավ է կազմակերպված Հանրապետությունում, քան հարկատուների քաղաքականությունը հարկեր վճարելու հարցում:
Մեր կազմակերպությունը խոշոր հարկատուների ցանկում 21-րդն է: Մենք դեռևս որևէ խոչընդոտի կամ խնդրի չենք հանդիպել հարկային մարմինների կողմից ստեղծված:
-Դուք, որպես այս ոլորտում կայացած մարդ, ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդին, ով ուզում է զբաղվել գործարարությամբ:
-Ես խորհուրդ կտամ, որ իրենց ծրագրերն անպայման իրականացնեն Հայաստանում, քանի որ ապրել, լինել հաջողակ գործարար Հայաստանում տասնապատիկ ավելի հաճելի է, քան ինչ-որ օտար երկրում` միլիոնատեր:
Ես սիրում եմ իմ աշխատանքը և միշտ աշխատում եմ ավելի շատ, քան պետք է:
-Ի՞նչ նշանակություն ունի աշխատանքը Ձեր անձի համար, ի՞նչ տեղ է այն զբաղեցնում Ձեր կյանքի բանաձևում:
-Տղամարդու կյանքում աշխատանքը ամենակարևոր տեղերից մեկն է զբաղեցնում: Երբ սիրում ես աշխատանքդ, չես հոգնում, իսկ արդյունքը տեսնելուց հետո մեծ բավարարվածություն ես զգում: Ես սիրում եմ իմ աշխատանքը և միշտ աշխատում եմ ավելի շատ, քան պետք է: Հաճախ ծնողներս քննադատում են ինձ, բայց ես որքան շատ եմ տեսնում իմ աշխատանքի արդյունքը, այնքան ավելի մեծ ոգևորությամբ եմ աշխատում ու ավելի քիչ եմ հոգնում: Ես կարող եմ աշխատել օրական 14 ժամ ու հոգնել ավելի քիչ, քան ինչ-որ մեկը` 4 ժամ, բայց չսիրելով իր աշխատանքը: Կարծում եմ` ՙՍարգիս-Կարոլինայի՚ աշխատանքը բոլոր ոլորտներում էլ գոհացնում է սպառողին, ինչը ոգևորում և էներգիայով է սնում մեզ:
-Պարո՛ն Թարվերդյան, ինչպե՞ս եք նախընտրում անցկացնել Ձեր ազատ ժամանակը:
-Ազատ ժամանակ ունենալու դեպքում այն անցկացնում եմ ընտանիքում, ծնողներիս և ընկերներիս հետ: Ես ունեմ 3 երեխա, որոնց շատ եմ սիրում և կարծում եմ` օրինակելի հայր եմ նրանց համար: Փոքր տղաս թե արտաքնապես, թե՛ բնավորության գծերով գնալով ինձ շատ է նմանվում: Երեխաներիս և մորս հետ ես իսկապես հանգստանում եմ և ուրախանում, ինչպիսի տրամադրություն էլ ունենամ:
Պաշտում եմ մորս, շատ եմ սիրում և հարգում հորս և խիստ կապված եմ քրոջս և եղբորս հետ: Իմ հաջողության գրավականը մորս ոգեշնչումն է:
-Կա՞ն արժեքներ, որոնք անփոխարինելի են Ձեզ համար:
-Այո՛, ծնողներս, հայրենիքս: Ես ապրում եմ ծնողներիս հետ: Պաշտում եմ մորս, շատ եմ սիրում և հարգում հորս և խիստ կապված եմ քրոջս և եղբորս հետ: Դրա վառ արտահայտությունն այն է, որ իմ աղջկա և տղայի անունները քրոջս և եղբորս անուններն են: Ես ինձ շատ լավ եմ զգում, երբ բարձրաձայնում եմ իմ կախվածությունն ու կապվածությունը իմ քրոջ, եղբոր, ծնողների հետ, քանի որ ամեն հայ ընտանիք ուժեղ է իր միասնությամբ և համերաշխությամբ:
Ես նաև մեծ կապվածություն ունեմ հայրենիքիս հետ և ինձ չեմ կարող պատկերացնել ինչ-որ երկրում` առանց իմ ծնողների: Ես կառչած եմ հայկական հողից:
-Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:
-Իմ հաջողության գրավականը մորս ոգեշնչումն է: Ինձ համար շատ կարևոր է, որ մայրս բացարձակապես վստահում է ինձ, ինչպես նաև եղբայրս և քույրս: Նրանք են իմ ամենամեծ հաջողությունը:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ