12:36
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՔԱՂԱՔԱՑՈՒ ԽՆԴԻՐՆ ԻՄՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԱՅՆ ՊԱՀԻՑ, ԵՐԲ ԼՍՈՒՄ ԵՄ ՆՐԱՆ…

2013-03-12 11:58

   «Դե Ֆակտո»  58 (2011թ.)

Հանդուրժողականություն և մեծահոգություն.

եթե դրանք կան, աշխատանքն առավել արդյունավետ կլինի…

- Պարոն Գիզիրյան, բավական բարդ և պատասխանատու գործ է ղեկավարել այն մարզը, որն ավելի բազմաբնույթ և լուրջ խնդիրներ ունի, քան ՀՀ որևէ այլ մարզ:

- Ինձ համար հեշտ աշխատանք հասկացություն երբևէ չի եղել: Եթե պատասխանատվության զգացումն առաջնային է մարդու համար, ապա ցանկացած աշխատանք իրականացնելիս նա մտածում է դրական արդյունքների մասին, իսկ դրական տեղաշարժեր լինում են միմիայն լարված և հետևողական աշխատանքի շնորհիվ: Շիրակի մարզում որպես մարզպետ աշխատելն առավել պարտավորեցնող է, քանզի բավական երկար ժամանակ աշխատել եմ այստեղ, որոշակիորեն ծանոթ էի մարզի հիմնախնդիրներին, ինչու չէ նաև մարդկանց մտածելակերպին:

Հասկանալի է` ղեկավարել մի մարզ, որտեղ աղետից 22 տարի անց դեռևս անօթևաններ կան, գործազրկության մակարդակն էլ բավական բարձր է, արդեն իսկ դժվար է: Սակայն ուրախությամբ պետք է նշեմ, որ 2010 թվականը մարզի համար ձեռքբերումների տարի եղավ: Քաղաքաշինության ոլորտոմ միայն  շուրջ 35մլրդ 700մլն դրամի աշխատանք իրականացվեց: Անցած տարին հատկապես նշանակալից էր բնակարանաշինական առումով: 1056 ընտանիքներ տոնեցին երկար սպասված բնակարանամուտ: Պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին կառուցվեցին ու շահագործման հանձնվեցին  22 բնակելիներ:

 Երկրի նախագահի անմիջական նախաձեռնությամբ նորակառույցներում անցկացվեցին լոկալ ջեռուցման համակարգեր, տեղադրվեցին գազօջախներ, սալիկապատվեցին սանհանգույցները, տեղադրվեցին եվրոդուռ և պատուհաններ: Բնակարանաշինական ծրագիրը շարունակական է և ոգևորողն այն է, որ 2011-ին ավելի մեծ թափով է ընթանում, Գյումրիում կկառուցվեն 37 բնակելիներ:

 Շուտով կմեկնարկի նաև գյուղական բնակավայրերում անօթևաններին բնակարաններով ապահովելու ծրագիրը: Գյումրիից հետո ամենաշատ անօթևան ունեցող Ախուրյան համայնքում կկառուցվեն 180-ից ավելի բնակարաններ, ինչի արդյունքում գյուղում խնդիրն ամբողջապես լուծում կստանա:

 Ուրախությամբ կառանձնացնեմ նաև պետության ծրագրերից մեկը: Պահուստային ֆոնդից մարզերին հատկացվելիք 10մլրդից ավելի գումարից մեկ միլիարդ 320միլիոն դրամն ուղղվելու է Շիրակի մարզ, որով կլուծվեն մարզի առջև ծառացած մի շարք խնդիրներ: Մասնավորապես, 486մլն դրամ կհատկացվի Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Աշոցք, Ամասիա և մի քանի այլ համայնքների բազմաբնակարան բնակելիների տանիքների հիմնանորոգմանը: Մենք բազմաթիվ նամակ-խնդրագրեր ենք ստացել տանիքների վերանորոգման խնդրով: Պակաս կարևոր չեմ համարում այս գումարի շրջանակներում առողջապահական մի շարք հիմնարկների վերանորոգումն, ինչպես նաև մշակութային որոշ օջախների հիմնանորոգումն ու նորոգումը: Օրինակի համար ասեմ, որ 54մլն դրամ կհատկացվի Մայիսյան գյուղի մշակույթի տան շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով: Բավական լայնածավալ աշխատանքներ կիրականացվեն նաև կրթական օբյեկտներում. նորոգում, տանիքների և հատակների հիմնանորոգում, կաթսայատների կառուցում և այլն: Այսպիսով, կյանքի կկոչվի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից մեկը ևս:

Ընդհանրապես, 2011-ը  Շիրակի մարզի համար  կարելի է որակել շինարարական տարի: Աղետ տեսած Շիրակում եթե անընդմեջ լսվի շինարարի մուրճի ձայնը, ապա կկարողանանք ավելի մեծ արդյունքների հասնել: Ես միշտ խուսափում եմ ձեռքբերումների և արդյունքների մասին խոսել, և դա ոչ այն պատճառով, որ ասելիք չկա, պարզապես միշտ էլ քիչ եմ համարում արվածն ու ավելիին եմ ձգտում:

Լավ է սխալվեմ մարդկանց նկատմամբ ներողամտություն դրսևորելիս, քան` պատժելիս…

- Որքան հասկացա գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանը մարզպետի պաշտոնում աշխատում  է ամենայն պատասխանատվությամբ: Ամեն դեպքում  նախկին մասնագիտական առանձնահատկությունները օգնում, թե՞ խանգարում են նոր աշխատանքում:

- Աշխատանքային յուրաքանչյուր տարին մարդու գործունեության մեջ  փորձառությունն   է ավելացնում: Նախկին փորձը միմիայն օգնում է: Ոստիկանությունում իմ երկար տարիների աշխատանքը սովորեցրել է մարդկանց ավելի շուտ  ճանաչել, իսկ եթե կարող ես մարդուն որոշակիորեն ճանաչել, հասկանալ, ապա նրա հետ աշխատանքն էլ արդյունավետ կլինի:

Աշխատանքի արդյունավետության այլ գրավական մեծահոգությունն ու հանդուրժողականությունն են: Դրանում վստահ եմ…

Մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ կկրկնեմ` ավելի լավ է սխալվեմ մարդկանց նկատմամբ ներողամտություն դրսևորելիս, քան` պատժելիս:

Շատերին է թվում, որ նախկինում, եթե ոստիկանության համակարգում եմ աշխատել, ուրեմն ավելի  սառնասիրտ պետք է լինեմ: Սառնասրտորեն որոշումներ կարող եմ ընդունել, եթե խոսքը մեր հայրենիքի անվտանգությանն է վերաբերում: Պատրաստ եմ բոլոր զոհողություններին հանուն դրա: Սակայն, երբ խոսքը բնակչին, նրա տարաբնույթ խնդիրների լուծմանն է վերաբերում, այս առումով  ճիշտ հակառակը` առավել մեղմ ու հոգատար եմ:

Մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակից արդեն գիտի` մեր պարտականությունը քաղաքացիներին լսելն ու նրանց հնարավորինս աջակցելն է: Ամեն շաբաթ ես կամ փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանն ընդունում ենք այն բոլոր քաղաքացիներին, ովքեր որևէ խնդրով դիմել են մեզ:

Ունենք թեժ գիծ, որն արձագանքում է յուրաքանչյուր ահազանգի, չի անտեսվում ոչ մի տեսակի խնդիր, մեզ համար մեծ ու փոքր խնդիրներ չկան: Եթե դժգոհություն կա, ուրեմն դրա հետքերով գնացողներ և այն վերացնելուն ուղղված քայլերը չեն ուշանում:

Փորձում ենք հնարավոր ամեն բան անել, որպեսզի քաղաքացին իրեն անտեսված չզգա:

Հանրապետության նախագահի հետ մարզպետների վերջին հանդիպման ընթացքում արված յուրաքանչյուր նկատառում հաշվի է առնվում: Մարզերում չլուծված բազմաթիվ խնդիրներ կան, մարդիկ պետք է զգան, որ այդ խնդիրների լուծման ուղիների որոնմամբ մենք իսկապես զբաղված ենք:

 Անտարբերությունն այն հիվանդությունն է, որի բուժման համար, ավելի շուտ, որի դեմ պայքարը ամենայն խստությամբ է տարվում Շիրակի մարզում:

Այս իմաստով  կարևորում եմ նաև արտագնա հանդիպումները մարզի բնակչության հետ: Պարբերաբար լինում եմ մարզի բոլոր տարածաշրջաններում: Անմիջական հանդիպումներն ու քաղաքացիների հոգսերի մասին լսելն օգնում է ծրագրերն արդյունավետ իրականացնելուն:

 Սխալվում են այն մարդիկ, ովքեր կարծում են, որ մարզպետին անձամբ հանդիպելը մեծ դժվարություն է: Իրականում ինձ հետ աշխատող մասնագետները գիտեն, որ հետևողական եմ ցանկացած հարցում: Խնդիրներին մատների արանքով երբեք չեմ նայել: Դրանք կան, և դրանց լուծմանն է միտված մեր աշխատանքային յուրաքանչյուր օրը:

Պետական պաշտոնյան պետք է պետական մտածելակերպ ունենա, կարողանա բարդ աշխատանքում անգամ բարի և համբերատար լինել:

Սրանք լոկ խոսքեր չեն: Ինքս իմ աշխատանքով և յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ վերաբերմունքով եմ փորձում ցույց տալ, որ չպետք է անտեսել քաղաքացիների հոգսերը: Այսինքն` մեր բոլորի տեսադաշտում մարդն է իր հոգսերով: Գլուխն ավազի մեջ թաքցնելով դեռ ոչ ոք որևէ խնդիր չի լուծել: Ցանկացած մեծ ճանապարհորդություն սկսվում է փոքր քայլից: Ասել կուզեմ` ցանկացած մեծ խնդրի լուծում կտրվի, եթե փոքրերից սկսենք:

Քաղաքացու խնդիրն իմն է դառնում այն պահից, երբ լսում եմ նրան

- Մեծ պատասխանատվությամբ և հետևողականությամբ հետամուտ եք եղել` բարելավելու մարզի խնդիրները: Ի՞նչ  կոնկրետ  քայլեր  եք ձեռնարկում այս ուղղությամբ:

- Կոնկրետ քայլերից մեկի մասին արդեն նշեցի, փորձում ենք լսել յուրաքանչյուր մարդու, ընթերցում և ընթացք ենք տալիս յուրաքանչյուր դիմումի և նամակի: Սա պարտադիր պայման է:

Եթե գոնե մի փոքր հնարավորություն կա լուծել նրանց խնդիրներն ուրեմն ամենակարճ ժամկետներում քայլեր ենք ձեռնարկում: Նման բազմաթիվ օրինակներ արդեն կան:

Ցանկացած քաղաքացի, եթե ինձ մոտ ընդունելության է գալիս, միշտ փորձում եմ նրա խնդիրն ընկալել որպես իմ անձնականը: Քաղաքացու խնդիրն իմն է դառնում այն պահից, երբ լսում եմ նրան:

Մարզի բնակչությանը հուզող առաջին խնդիրը աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունն է, ընդ որում, այս պահանջը, որ ներկայացնում են և՛ գյումրեցիները, և՛ մարզի բնակիչները, մի քանի անգամ գերազանցում է մնացած այլ պահանջները: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Շիրակի մարզը տարիներ շարունակ գործազրկության մակարդակով առաջին հորիզոնականում է գտնվել: Այսինքն` գործազրկության և աշխատատեղերով ապահովման խնդիրը թիվ մեկ առաջնահերթությունն է մարզում: Բոլորիս համար հասկանալի է, որ միանգամից հազարավոր աշխատատեղերի ստեղծումը գործնականում անհնար է, սակայն  վերջին շրջանում նկատելիորեն աճել է որոշ մասնագիտությունների նկատմամբ պահանջարկը: Հատկապես առաջարկը մեծացել է սպասարկման ոլորտում, զբաղվածության կենտրոններում էլ պետական աջակցությամբ մի շարք մասնագիտությունների գծով իրականացվում են վերապատրաստման դասընթացներ:  Աշխատատեղերի ստեղծումը, փոքր ու միջին բիզնեսի խթանումը մեր ամենօրյա աշխատանքի նախապայմաններից է: Այստեղ արդյունքների, այն էլ շոշափելի արդյունքների հասնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Սակայն անգործ մնալն էլ ճիշտ չի լինի: Օգտագործվում է յուրաքանչյուր հնարավորություն գործարար աշխարհին ներկայացնելու մարզի ներուժն ու այն ոլորտները, որտեղ ներդրումներ են անհրաժեշտ:

Կարևոր ծրագրերից մեկը համարում եմ Գյումրին տեխնոքաղաքի վերածելու մասին կառավարության ընդունած հայեցակարգը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ստեղծումն ու զարգացումը կնպաստի այսօրինակ մասնագիտությունների նկատմամբ ուսանողների հետաքրքրության բարձրացմանն, ինչպես նաև կխթանի ձեռներեցությունը:

Անօթևանություն, գործազրկություն, սոցիալական ծանր պայմաններ, սրանք այն բարդ խնդիրներն են, որոնք փաստորեն ծառացած են շիրակցու առջև, դժվար չէ նրանց հասկանալ:

 

Շիրակցուն ոչ միայն պետք է հասկանալ, այլ նաև հավատալ: Ես հավատում եմ մարդկանց, նրանց մեջ միշտ փորձում եմ լավը տեսնել, վստահ եմ ցանկացած մարդու մեջ կա լավն ու լուսավորը, պետք է ուղղակի այն փնտրել և գտնել: Չպետք է հրաժարվել նրանց օգնելուց:

Մարզում հիմնադրվել է  ՙԱջակցություն Շիրակի մարզի համայնքներին՚ բարեգործական հիմնադրամը, որի  գործունեությունը միտված է մարզի բնակչության, համայնքների և հաստատությունների հոգսերի թեթևացմանը:

Մեր մշտական ուշադրության կենտրոնում են հայրենիքի պաշտպանության համար և ծառայողական պարտականություններն իրականացնելիս  զոհվածների և հաշմանդամների ընտանիքները:

Արդեն հասցրել ենք մի քանի դպրոցների և սպորտային հաստատությունների տանիքների, հատակների և սանհանգույցների նորոգում իրականացնել: Աջակցություն է տրամադրվել մի շարք գյուղերի ոռոգման, խմելու ջրի ներքին ցանցերի նորոգման համար: Գույք և անհրաժեշտ պարագաներ են հատկացվել մանկատներին և ծերերի տուն-ինտերնատին:

- Խոսեցիք առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, զավակների հոգածությունից զուրկ ծերերին օգնելու մասին, սրանք ևս խնդիրներ են, որոնք փաստորեն չեն անտեսվում:

- Ինչպես կարելի է անտեսել փոքրիկին, որն առանց այն էլ կյանքում մեծ դառնություն է տեսել կամ ինչպես կարելի է մոռանալ այն ծերունազարդ պապիկին ու տատիկին, որոնց ուրախացնում են անգամ ՙինչպե՞ս եք, ինչպե՞ս է Ձեր առողջությունը՚  հարցերը: Նրանց անտեսելու իրավունք չունի ոչ ոք, առավել ևս մարզպետը: Խոստացել եմ մշտական ուշադրությանս կենտրոնում պահել նրանց, խոստմանս տերն եմ լինելու միշտ:

Աշխատանքում չդանդաղելն այլևս անհրաժեշտություն է, քանի որ

ձախողված ծրագրերի համար արդարացումներ չեն ընդունվելու

- 2011-ին մարզի հատկապես  ո՞ր ոլորտներն ուշադրության և փոփոխության կարիք ունեն:

- Ուշադրության անհրաժեշտություն կա բոլոր ոլորտներում. Սա միանշանակ:

Սակայն անելիքները հատկապես շատ են գյուղատնտեսության ոլորտում: Որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ Հանրապետության նախագահն անձամբ է կարևորում գյուղատնտեսությունում 2011-ը բեկումնային դարձնելուն միտված բոլոր քայլերը:  

Գյուղատնտեսությունը  մարզի բնակիչների հիմնական զբաղմունքն է, և մեր գերխնդիրն այդ զբաղմունքը շահավետ դարձնելն է, մարդիկ պետք է չխուսափեն հող մշակելուց: Մեր մարզի վարելահողերի 57տոկոսն է օգտագործվում միայն, շուրջ 28հազար հա մնում է անմշակ, սա արդեն լուրջ անհանգստանալու տեղիք է տալիս: Աշոցքի և Ամասիայի շրջաններում հատկապես գյուղացիական տնտեսությունները բազմաթիվ հոգսեր ունեն: Դրանք պետք է թեթևացնել,  բազմաթիվ ծրագրեր արդեն մեկնարկել են: Այդ ծրագրերին այս տարի ավելացել են և դեռևս կավելանան  նորերը: Քայլեր են ձեռնարկվում գյուղտեխնիկայի թարմացման, հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև պարարտանյութերի արժեքի սուբսիդավորման և ոլորտն առողջացնելուն միտված այլ միջոցառումներ իրականացնելուն:

  Մեր աշխատանքը միտված է նրան, որ շահավետ բոլոր պայմաններից և ծրագրերից օգտվեն կարիքավոր տնտեսությունները, աջակցենք թե° անհատին, թե° ֆերմերային տնտեսություններին:

Չնայած մարզի մի շարք համայնքներում` Այգաբաց, Արևիկ, Հոռոմ, Անուշավան, Փանիկ, Ձիթհանքով, Մեղրաշեն, Պեմզաշեն և այլն, պետական և տեղական բյուջեների, այլ կազմակերպությունների միջոցների հաշվին ջրագծերի անցկացման ծրագրեր են իրականացվել, սակայն մի շարք համայնքներում դեռևս ոռոգման և խմելու ջրի ցանցերի նորոգման կարիք կա:

Պետության ներդրած հսկայական միջոցները կրթության բնագավառում

պետք է իրապես արդյունավետություն ունենան

Այն կարծիքին եմ, որ կրթության բնագավառում ևս անելիքները շատ են թե° կազմակերպչական աշխատանքների, թե° գիտելիքների մատուցման որակի բարձրացման առումով: Լիարժեք ու հիմնավոր գիտելիք պետք է ստանա յուրաքանչյուր աշակերտ: Լավ վարձատրվող ուսուցիչը պարտավոր է լավ պարապել, որպեսզի աշակերտը կրկնուսույցի մոտ սովորելու կարիք չունենա: Պետության ներդրած հսկայական միջոցները կրթության բնագավառում պետք է իրապես արդյունավետություն ունենան:

Շիրակի մարզում գերակշռում են հարմարավետ և նորակառույց դպրոցական մասնաշենքերը, դպրոցների մեծ մասն ապահովված են ժամանակակից ջեռուցման համակարգերով, մարզադահլիճներով, իսկ այն դպրոցներում որտեղ խնդիրներ կան այս առումով, արդեն ծրագրեր են մշակվել վերանորոգման և ջեռուցման հարցերը լուծելու համար: Պետք է կարողանանք արագ լուծել այն դպրոցների խնդիրը, որոնք դեռևս վառարաններով են ջեռուցվում, մարզում նմանատիպ 38դպրոցներ կան, 68դպրոցներ էլ մարզադահլիճներ չունեն:

Շատ դժվարություններ տեսած շիրակցին հատկապես առողջապահական առումով պետք է հնարավորինս զերծ մնա դժվարություններից

Կարևորում եմ նաև առողջապահական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազումն ու բուժօգնության հասանելիությունը: Յուրաքանչյուր ահազանգ և դժգոհություն ուսումնասիրվում է մանրակրկտորեն, որևէ շիրակցի չպետք է ուշադրությունից դուրս մնա: Պետության` այս ոլորտին հատկացված միջոցների նպատակային օգտագործումը առաջնային խնդիրներից մեկն է: Բոլորովին վերջերս Հանրապետությունում ներդրվեց բժշկական օգնության  համավճարի ծրագիրը, որը պետք է իրականացվի առանց խնդիրների, մեր առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ջանքերը հենց դրան են ուղղված: Շատ դժվարություններ տեսած շիրակցին հատկապես առողջապահական առումով պետք է  հնարավորինս զերծ մնա քաշքշուկներից ու դժվարություններից:

Կարևոր մեկ հանգամանք. Գյումրիում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 2010-ին մեկնարկել է նոր բժշկական համալիրի կառուցման աշխատանքները: Այն հագեցած է լինելու նոր և ժամանակակից բժշկական սարքավորումներով և այստեղ կմիավորվեն քաղաքի երեք մեծ հիվանդանոցները: Եվս մեկ տարի և մարզի բնակիչները հնարավորություն կունենան առավել լիարժեք և արդյունավետ բժշկական օգնություն ստանալ:

Ի դեպ, 2010թ-ից KFW  բանկի վարկային միջոցներով մարզում մեկնարկել են Գյումրի և Մարալիկ քաղաքների, Ախուրյան և Ազատան համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման աշխատանքները:

Գյումրին կարող է տարածաշրջանում դառնալ կրթամշակութային կենտրոն

-Շիրակի մարզն ու հատկապես Գյումրին ունեն մշակութային ավանդույթներ: Գյումրեցիների  մոտ  ձգտումը  դեպի  կրթություն և գիտելիք ավելի բարձր է,  ի՞նչ անելիքներ կան այս առումով:

-Ես հասցրել եմ հանդիպել գիտության, կրթության ոլորտներում ձեռքբերումներ ունեցած շատ շիրակցիների:  Տպավորված եմ հատկապես մեր դպրոցականների հաջողություններով:

Մարզի դպրոցականները գիտելիքներով Հանրապետությունում առաջատարներից են, մի շարք մրցույթներում բացահայտ առաջատարներ, նրանցից մի քանիսը հասցրել են արժանանալ Հանրապետության նախագահի և մի շարք այլ մրցանակների:

Եթե մենք խրախուսենք մշակույթի և կրթական ծրագրերի իրականացումը մարզում, հանգեցնելու է նրան, որ  Գյումրին դառնա մշակութային և կրթական կենտրոն տարածաշրջանում: Իսկ մարզերի և տարածքների համաչափ զարգացումը ինչպես գիտեք, կարևոր խնդիր է:

ՙՄրցաշրջան 2010-ը՚ շիրակցի մարզիկների համար

ձեռքբերումների և մեդալների տարի էր

- Կրթությունից  զատ  Շիրակի մարզը տարիներ շարունակ աչքի է ընկել մարզական լուրջ հաջողություններով,  ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանց շարունակականությունն ապահովելու համար:

- Անելիքներ միշտ կան, մարզական լուրջ անցյալ և ներկա ունեցող Շիրակի մարզը պետք է սպորտային կենտրոն դառնա: Հիանալի մարզիկներ ունենք Շիրակում, ում հետ հանդիպելն ու զրուցելն իսկապես մեծ բավականություն է պատճառում: Մեր ծանրորդների մրցումներին հետևում եմ մեծ ոգևորությամբ  և ուրախանում ու հպարտանում նրաց հաջողություններով: ՙՄրցաշրջան 2010-ը՚ շիրակցի մարզիկների համար ձեռքբերումների կամ մարզական լեզվով ասած մեդալների տարի էր: Մենք փորձում ենք հնարավորությունների սահմաններում օգնել մարզական հաստատություններին և մեր մարզիկներին: Նրանց շնորհիվ է, որ հայկական եռագույնը բարձրանում է տարբեր երկրների մրցահարթակներում, և լսվում է մեր օրհներգը:

Իհարկե բավարար համարել աշխատանքը չեմ ուզում, որովհետև յուրաքանչյուր խնդրի լուծումից հետո իմ առջև նորն եմ դնում, որ պետք է հաղթահարեմ: Հաղթահարելու բարձունքներ դեռ շատ կան:

- Հայաստանի ներպետական զարգացման ռազմավարության թիվ մեկ նպատակը ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի կայունացումն ու դինամիկ զարգացումն է այս առումով Շիրակի մարզը կարելի՞ է համարել կայացած:

- Տեղական ինքնակառավարման համակարգն արդեն 15տարիների պատմություն ունի: Սա ճանապարհ է, որն անցել է դժվարություններով և հիմա կայունացման և կայացման փուլում է: Զարգացած երկրներում անգամ այս ոլորտում անելիքներ կան, առավել ևս մեզ մոտ:

Ամուր ընտանիք`ամուր պետություն…

Ջերմ ու համերաշխ ընտանիք` զարգացող և ծաղկող պետություն

- Աշխատանքային ծանրաբեռնվածությունը որքանով է թույլ տալիս ժամանակ տրամադրել ընտանիքին:

- Ես այն մտքին եմ, որ ընտանիքից է սկսվում պետությունը, ամուր ընտանիք`ամուր պետություն, ջերմ ու համերաշխ ընտանիք` զարգացող և ծաղկող պետություն:

Անցած-գնացած երկար ու դժվար տարիների ընթացքում անգամ ամենադժվար պահերին մշտապես ժամանակ գտել եմ ընտանիքիս հետ կիսելու բոլորիս ձեռքբերումները, իհարկե նաև կորուստները:

Ընտանիքն այն  հենարանն է, որտեղ յուրաքանչյուր տղամարդ պետք է գտնի ջերմություն, սեր և երջանկություն: Այս առումով ես ինձ բախտավոր եմ համարում: Միշտ ասել եմ, եթե տղամարդու թիկունքն ապահով է` ինքն էլ ամուր կկանգնի ոտքերի վրա: Թիկունքս ապահով է. դեռ  ուսանողական տարիներից կինս միշտ կողքիս է եղել, մինչ օրս նրա շնորհիվ ընտանեկան ջերմության պակաս երբևէ չեմ զգացել: Երեխաներիս դաստիարակությամբ հիմնականում նա է զբաղվել, ասեմ նաև  դա  նրան հաջողվել է:

Զավակներս արդեն իրենց ընտանիքներն ունեն, իսկ իմ ուրախությունը թոռնիկներս են, նրանց անմեղ ժպիտն ու անհոգ ծիծաղը օգնում է ինձ լավատես մնալ, հավատալ վաղվա երջանիկ օրվան:

Գիտեք, մեծ թոռնիկս` Աշոտիկը, այն վառ անհատականությունն է, որ դեռ չորս տարեկանը չի բոլորել, սակայն կարողանում է փայլուն մտքեր արտահայտել տարբեր իրավիճակներում: Նրան ժամանակ չտրամադրել անկարող եմ: Չէ որ իմ ընտանիքի, իմ սերունդների շարունակականության ապահովողներն են թոռնիկներս: Այնպես որ, ընտանիքս կյանքում իմ յուրաքանչյուր քայլի սատարողն է:

Պատասխանատվությունը  կարևորագույն սկզբունքս է,

սկզբունքներով ապրելը` անհրաժեշտություն,

 ճշմարտախոսությունը` առաջին պահանջ,

լավատեսությունը` գլխավոր ձեռքբերում

 

- Պարոն Գիզիրյան աշխատանքային գործունեության բերումով շփվում եք տարբեր խառնվածքի մարդկանց հետ. մարդու մեջ բնավորության ո՞ր գծերն եք գնահատում  և  որո՞նք  են  Ձեզ  համար  անընդունելի:

- Չեմ կարող հարգել անպատասխանատու մարդկանց և չարակամներին: Գնահատում եմ կարգապահ, սեփական անձի հանդեպ պահանջկոտ, ճշմարտախոս և պարկեշտ մարդկանց:

-Կյանքում և աշխատանքում որն է գործունեության Ձեր սկզբունքը:

- Թե° կյանքում, թե° աշխատանքում պատասխանատվությունը  կարևորագույն սկզբունքս է, սկզբունքներով ապրելը` անհրաժեշտություն, ճշմարտախոսությունը` առաջին պահանջ, լավատեսությունը` գլխավոր ձեռքբերում:

 Ցանկացած քայլ պետք է կարողանալ հիմնավորել, եթե հիմնավորում ես անելիքդ  ու որոշմանդ անհրաժեշտությունը և իրավացիորեն հիմնավորում այդ ամենը, ուրեմն կյանքում` կայացած, գործունեության մեջ էլ` հաջողված անհատականություն կլինես:

-Գարնանային տոների կապակցությամբ ի՞նչ կմախթեք հայ կնոջը:

- Թող հայ կանայք միշտ նույնքան իմաստուն մնան, որքան եղել են դարեր շարունակ: Իմաստուն կինն  ավելի կարող ուժ է... Կնոջ առավելությունները երբեք չպետք է թերագնահատել...Նրանցից է սկսվում տղամարդկանց երջանկությունը: Հայ կնոջը կցանկանամ երջանկություն, սեր  և  համերաշխություն իրենց ընտանիքներում: 

 Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...