2013-03-04 11:03
«Դե Ֆակտո» 50 (2010թ.)
50 տարիների բարձունքից
Հարցազրույց մեծանուն կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ:
- Դուք բավականին մեծ հեղինակություն և համբավ ունեք ամբողջ աշխարհում և ինչ-որ տեղ կարելի է ասել, որ այսօրվա Հայաստանի, հայ մարդու կերպարը աշխարհում ներկայացնում եք Ձեր միջոցով: Արդյոք սա մեծ պատասխանատվություն չէ՞ Ձեզ համար, կարողանո՞ւմ եք այդ ամենը կրել:
_ Այդ պատասխանատվությունը հատկապես ծանր եղավ, երբ ՙԱրարատ՚ ֆիլմն էի նկարահանում, որովհետև դա մի ֆիլմ էր, որը շատ ուժեղ հաղորդագրություն ուներ, և դա մի ֆիլմ էր, որտեղ ես միայն արվեստագետ չէի, այլ նաև անհատականություն: Դա փաստորեն երկու աշխարհ էր, և այդ պատասխանատվությունը շատ ակնհայտ դարձավ: Միևնույն ժամանակ ինձ առաջարկեցին լինել ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնի նախագահ: Դա շատ լավ հնարավորություն էր: Առաջին անգամ ես Հայաստանում այդպիսի առաջարկ ստացա:
_ Որոնք էին այն հաղորդագրությունները, որոնք Դուք ՙԱրարատ՚ ֆիլմի միջոցով փորձեցիք ուղարկել աշխարհին:
_ Արարատը շատ հաղորդագրություններ ունի, բայց եթե հայոց ցեղասպանության խնդիրը լուծված չէ և այդ պատմությունը դեռ չի ավարտվել, այն կշարունակի բաց մնալ ապագա սերունդների համար:
_ Ի՞նչ եք կարծում, այդ հաղորդագրությունները տեղ հասե՞լ են արդյոք:
_ Ֆիլմը դիտել են երեսունհինգ երկրում: Եվ ամեն երկրում այն տարբեր արձագանքներ է ունեցել:
_ Իսկ այդ երկրի քաղաքացիները ընկալե՞լ են հաղորդագրությունները, որոնք դուք ուղարկել էիք ֆիլմի միջոցով:
_Առաջինը, որ կինոդիտողները ընկալում են, դա այն է, թե որքան ծանր է եղել պատմությունը երկու ազգերի` հայերի և թուրքերի համար: Ես վստահ եմ, որ ֆիլմը տարբեր մեկնաբանությունների հնարավորություն ունի, բայց գլխավոր գաղափարն այն է, որ և’ հայերի և’ թուրքերի համար ցավալի է այդ փաստը: Բայց անշուշտ վերջին տասը տարիների ընթացքում, ֆիլմի նկարահանումից ի վեր, իրավիճակը զգալիորեն բարելավվել է: ՙՈսկե ծիրան՚ը այն նախաձեռնություններից մեկն է, որը նպաստում է դրան:
_ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սկսեց գործընթաց հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու և բարելավելու նպատակով: Քանի որ ամեն դեպքում մենք հարևան պետություններ ենք և դատապարտված ենք ապրել կողք-կողքի: Ի՞նչ եք կարծում, կհաջողվի՞ արդյոք մեզ` որպես հայ ժողովուրդ, թուրքերի հետ կողք-կողքի, որպես հարևան ապրել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն ճանաչել հայոց ցեղասպանությունը:
_ Կարծում եմ` այս խնդիրը երկու շերտ ունի` քաղաքական և մշակութային: Մշակութային շերտում հենց միայն ՙՈսկե ծրիան՚ի շնորհիվ փորձի հսկայական փոխանակություն և շփում կա:
_ Այսինքն` մշակույթը նաև ճանապարհ է, որով մենք կարող ենք փորձել հարթե՞լ կնճիռները մեր երկու ազգերի միջև:
_ Ես կարծում եմ` մշակույթը հիանալի ճանապարհ է, այն կարող է կամուրջ հանդիսանալ երկու ազգերի միջև, մի բան, ինչին չեն կարողանում հասնել քաղաքականության միջոցով: Այն պատմությունները, որ մենք պատմում ենք միմյանց, հատկապես ձևը, որով մենք դա անում ենք, միջոց է միմյանց լավ ճանաչելու և զգալու համար:
_ Կա տեսակետ, որ մենք և թուրքերը անհամատեղելի ժողովուրդներ ենք: Մեր պատկերացումները, աշխարհընկալումներն ու ձգտումները այնքան տարբեր են, որ մենք ուղղակի չենք կարող կողք-կողքի ապրել: Կիսո՞ւմ եք այս տեսակետը, թե ոչ:
_ Հարցը նրանում է, որ մենք կամա թե ակամա հարևան պետություններ ենք, և մեր երկրների միջև սահմանը չի անհետանա: Ուստի մենք ստիպված ենք ապրել կողք-կողքի և գտնել առանց կոնֆլիկտների ապրելու և ճիշտ որոշումներ կայացնելու ճանապարհը:
_ Պարո՛ն Էգոյան, Դուք Ձեր ֆիլմերով նաև փորձում եք աշխարհին ներկայացնել այսօրվա Հայաստանը, հայ մարդուն: Իրականում ինչպիսի՞ն եք Դուք տեսնում այդ կերպարները: Ինչպե՞ս եք ընկալում այսօրվա Հայաստանն ու հային, որպեսզի հետո կարողանաք դա ներկայացնել Ձեր ֆիլմեի միջոցով:
_ Նախ և առաջ ես սփյուռքից եմ և ինձ իրավունք չեմ վերապահում խոսել Հայաստանում հայերի մասին: Բայց կան շատ հարցեր, որոնց մենք առնչվում ենք, հետևաբար մենք պետք է բանակցություններ վարենք այդ հարցերը լուծելու համար: Մինչև այսօր մենք գործ ունենք այդ չլուծված խնդիրների հետ: Իհարկե, դա մեզ համար շատ դժվար է: Հետաքրքիրն այն է, որ վերջին քսան տարվա ընթացքում գալով Հայաստան, ես մեծ առաջընթաց եմ նկատում: Երկրում վստահություն եմ զգում և փառատոնը իր ուրույն ձևով արտահայտում է դա մշակութային ոլորտում:
_ Կցանկանայի՞ք Ձեր երեխաների ապագան կապել Հայաստնի հետ:
_ Այս պահին մեր որդին գտնվում է Հայաստանի հարավում` սահմանամերձ Եղվարդ գյուղում: Արդեն մեկ ամիս է` նա աշխատում է այնտեղ: Օրերս մենք էլ յոթ ժամվա ճանապարհ կանցնենք նրան տեսակցելու համար:
_ Պարո՛ն Էգոյան, թեև այսօր մենք ունենք բավականին մեծ սփյուռք, այնուամենայնիվ անկեղծ ասած բոլորս մտահոգված ենք, քանի որ կա ուծացման խնդիր: Շատերը, ապրելով սփյուռքում, այսօր կորցնում են իրենց հայությունը, արմատները: Եվ միգուցե ապագայում մենք այլևս այդ սփյուռքը չունենանք: Ի՞նչ է պետք անել, որպեսզի սփյուռքը հայեցի մնա, լինի հայ և կարողանա աջակցել և նեցուկ կանգնել մեր պետականությանը:
_ Ես սփյուռքից եմ և պետք է ընդունեմ, որ այնտեղ և Հայաստանում ապրող մարդկանց կերպարներն ու բնավորությունները տարբեր են, և պետք չէ սպասել, որ միանգամից կկարողանանք հասկանալ միմյանց, բայց էությամբ մենք նույն ազգն ենք: Հայաստանն այն տեղն է, որտեղ հիմնված է մեր մշակույթը և ամեն տարի գալով Հայաստան` ես ավելի ու ավելի եմ հավատում այդ գաղափարին:
_ Բայց ինչո՞ւմն է մեր տարբերությունը:
_ Հարցը նրանում չէ, թե մենք մեզ հայ չենք զգում: Մենք լավ գիտենք, թե ով ենք մենք: Բայց ինքնության խնդիրը շարունակական գործընթաց է սփյուռքի համար: Այդ իմաստով ՙԱրարատ՚ ֆիլմը թեև հայ ազգի մասին է, բայց նկարահանված է սփյուռքի տեսանկյունից:
_ Կարելի՞ է ենթադրել, որ սփյուռքն այսօր ավելի շատ Հայաստանի կարիքն ունի, քան Հայաստանը սփյուռքի:
_ Այդպես չէի ասի: Ես կարծում եմ, որ ուղղակի կարիքներն ու պահանջմունքներն են տարբեր: Հայաստանը ստանում է ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլ նաև հաղորդակցման այն ձևերի աջակցությունը, որոնք բերում է սփյուռքը Հայաստանին: Սփյուռքը նույնպես կարիք ունի ունենալու վստահություն, որ գոյություն ունի Հայաստանը, որը իրենց ինքնության հետ է կապված: Քսան տարի առաջ այդ ուշադրությունը չկար: Դա շատ բարդ փոխանակություն է Հայաստանի և սփյուռքի միջև, և այն շարունակական բնույթ է կրում:
_ Ինչո՞ւ հայերեն չեք խոսում, պարոն Էգոյան:
_ Հայերեն գիտեմ, իհարկե, բայց դժբախտաբար հայկական կրթություն չունեմ: Հայոց լեզուն այնքան գեղեցիկ լեզու է, որ իմ կցկտուր իմացությամբ չեմ ցանկանում փչացնել նրա գեղեցիկ հնչողությունը:
_ Կան բազմաթիվ հայեր, որոնք շատ լավ հայերեն գիտեն, բայց ոչնչով պիտանի չեն ազգին: Մինչդեռ Դուք անսահման մեծ դեր և ներդրում ունեք մեր ազգի մշակութային զարգացման և աշխարհում նրա ճանաչման գործում:
_Պարոն Էգոյան, Դուք նշեցիք Ձեր հիսունամյա հոբելյանը, ինչի առթիվ ես շնորհավորում եմ Ձեզ: Դուք մեծ հայ եք, և ես հպարտ եմ, որ ճանաչում եմ Ձեզ և պատիվ ունեմ շնորհավորելու Ձեր պես տաղանդավոր և հայրենասեր անհատի:
Եվ վերջում ուզում եմ հարցնել Ձեր ապագա պլանների մասին: Շարունակելո՞ւ եք ապրել մշակույթով և ստեղծագործել:
_ Ես հպարտ եմ այն ամենի համար, ինչ արել եմ առաջ, բայց հիմա իհարկե մտածում եմ ապագա նախագծերի մասին: Եվ հպարտ եմ, որ գալիս եմ Հայաստան: Ես տարված եմ իմ գործունեությամբ, բայց այս պահին շատ ուրախ եմ լինել այստեղ:
Թեհմինա Արզումանյան
Վերադառնալ