





2013-03-02 11:22
«Դե Ֆակտո» 52 (2010թ.)
ժամանակ առ ժամանակ ամենատարբեր զանգվածային լրատվամիջոցներով կարելի է լսել հետևյալ հարցադրումը. «Ի՞նչ տվեց մեզ անկախությունը կամ պե՞տք էր այն մեզ, թե՞ ոչե: Սա վտանգավոր հարցադրում է, բայց ինչ-որ տեղ նաև հասկանալի: Անկախությունից սպասելիքները բավականին մեծ էին, և շատերին թվում էր, թե անկախացման հաջորդ իսկ պահից իրենք ավելի լավ, բարեկեցիկ և ապահովագրված կյանքով են ապրելու: Իրականում ունենալ անկախություն՝ նշանակում է ամենօրյա քրտնաջան աշխատանք, դժվարություններ, փորձություններ, բայց, միևնույն ժամանակ, հավատ ապագայի նկատմամբ, ինչը ապրեցնում և բարեկեցություն է տալիս զարգացած պետություններին և նրանց քաղաքացիներին: Վստահ եմ՝ յուրաքանչյուրս էլ ունեցել ենք հիասթափության պահեր, իսկ մեզանից շատերն այդ պատճառով հեռացել են հայրենիքից: Բայց պետք է հիշել, որ սա ոչ միայն մեր, այլ նաև բազմաթիվ սերունդների պայքարի արդյունքն է, և մենք պետք է ամեն գնով պահպանենք և հաջորդ սերունդներին փոխանցենք թեկուզ և մեր ոչ բոլոր երազանքներն ու ցանկություններն իրականացրած անկախությունը: Նրանք, ովքեր կոտրվում են կյանքի հարվածներից, կարող են գնալ Եռաբլուր, տեսնել, թե որքան հայ տղաներ են իրենց կյանքը զոհել հանուն ՀՀ անկախության և սթափվել՝ շարունակելով աշխատել, արարել հանուն վաղվա ավելի բարեկեցիկ և ապահով կյանքի: Ոչ թե անկախությունը, այլ մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է իրականացնենք մեր երազանքներն ու ձգտումները:
Շնորհավորելով անկախության օրվա առիթով՝ հույս ենք հայտնում, որ իրականում մենք այն ազգերից ենք, ովքեր գիտեն անկախության գինն ու պատրաստ են այդ արժեքի համար կրել և պատասխանատվություն, և զրկանքներ:
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ