19:15
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Խոսրով Հարությունյան

2013-03-02 11:17

«Դե Ֆակտո» 52 (2010թ.)

Հայաստանի  ՙՔրիստոնեադեմոկրատական՚ միության առաջնորդ Խոսրով Հարությունյան

Այս համաձայնագրի պայմաններում ակնհայտ է, որ որևէ ողջամիտ քաղաքական մեկնաբան չի խոսի ռազմական ճանապարհով լուծումներ փնտրելու մասին:                                                                                                                                                                                    

-Պարո՛ն  Հարությունյան, վերջին շրջանում բավական հաճախ քննարկվում են հայ-ռուսական հարաբերությունների նոր մակարդակը, ինչպես նաև ռուսական բազաների տեղակայման ժամկետի երկարաձգումը` Հայաստանի տարածքում:  Ձեր կուսակցության գնահատականն ու պատկերացումներն ինչպիսի՞ն են . ընդհանրապես արժե՞ր, որ Հայաստանը նման երկարաժամկետ պայմանագիր կնքեր առհասարակ որևէ պետության հետ:                                                                                                                                                                  

-Նախ երևի թե պե՛տք է անդրադառնալ տարածաշրջանում վերջին տարիներին տեղի ունեցող լուրջ տեղաշարժերին կամ լուրջ քաղաքական զարգացումներին:  Նկատի ունեմ ռուս-վրացական պատերազմից հետո Հարավային Կովկասում ձևավորված` որակապես նոր աշխարհաքաղաքական իրավիճակը:  Այդ իրավիճակում Թուրքիայի` սկզբունքորեն նոր արտաքին աշխարհաքաղաքական նկրտումները:  Նկատի ունեմ այն պարզ հանգամանքը, որ վերջին տարիներին, հատկապես վերջին երկու տարիներին, մենք ականատես ենք լինում այն իրողությանը, երբ Թուրքիան գնահատելով ստեղծված իրավիճակը և վերաիմաստավորելով սեփական ռազմավարական երկարաժամկետ հետաքրքրությունները, սկսել է հավակնել ոչ միայն Հարավային Կովկասի և մեծ Մերձավոր Արևելքի իսլամական աշխարհի առաջնորդի դերակատարմանը այլ նա ուղղակիորեն փորձում է արտաքին քաղաքական մի նոր ուղեծիր դուրս գալ, այսինքն միջազգային գլոբալ քաղաքականության մեջ դառնալ ամենազդեցիկ խաղացողներից մեկը:                                                                                                                                                      

-Դա բնական չէ՞ Թուրքիայի նման հզոր պետության համար:                                                                                    

-Իհարկե բնական է: Հարց է , թե որքանո՞վ Թուրքիայի այդ գլոբալ քաղաքականության մեջ պատասխանատու և ազդեցիկ խաղացող դառնալու նկրտումները կարող են ընդունելի և ճանաչելի լինել աշխարհի ուժեղների` Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և այլոց կողմից: Խնդիրը կայանում  է սրանում: Թվում էր, թե նույնիսկ այդ հավակնությունների շրջանակներում Թուրքիան պետք է ամենաշահագրգռվածը լիներ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու խնդրում, որովհետև, եթե դու ուզում ես ճանաչվել իբրև աշխարհի ազդեցիկ պետություն, ապա դու նախևառաջ պետք է ունակ լինես փոքր Հայաստանի հետ հարցեր լուծելու: Եթե մի փոքրիկ պետության հետ դու չես կարողանում քո հարցերը կարգավորել, ապա ինչպե՞ս դու կարող ես հավակնել լուրջ դերակատարման: Հետևաբար հայ-թուրքական հարաբերությունների զարգացման բնականոն հուն տեղափոխելու խնդիրը բխում էր Թուրքիայի երկարաժամկետ հետաքրքրություններից: Այնուհանդերձ,  Թուրքիան գնաց այդ գործընթացի, եթե չասենք ձախողման, ապա սառեցման: Խնդիրը պետք է փնտրել նրանում, որ նա հավակնում է ունենալ աշխարհի ամնաազդեցիկ երկրներից մեկի դերակատարումը: Այդ դերակատարմանը հասնելու  ճանապարհին հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը պետք է կարգավորել ըստ թուրքական տրամաբանության` ոչ թե որևէ մի երկրի պարտադրանքի ազդեցության ներքո, այլ այն պահին, երբ ինքը` Թուրքիան, գտներ հարմար: Ահա, թե ինչու նրանք ներկա փուլում նպատակահարմար գտան  սառեցնել  այդ հարաբերությունները: Արդեն ակնհայտ նախապայմաններից մեկը ղարաբաղյան հարցում դրական տեղաշարժերի պահանջն էր: Սկզբում թուրքերը գտնում էին, որ հայկական զորքերն ընդհանրապես պետք է դուրս բերվեն Ղարաբաղի հարակից տարածքներից, (նրանք ասում էին` գոնե մի փոքրիկ տարածք, մի գյուղ հանձնեք, որ վավերացնենք), սակայն այսօր  Թուրքիան ամեն  կերպ փորձում է անմիջական մասնակցություն ունենալ Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացին: Պարզ է մի բան այդ կոնֆլիկտը տարածաշրջանի համար ունի բացառիկ կարևորություն, դրա կարգավորման ղեկը վստահված է երեք խոշոր խաղացողներին, և Թուքիան փորձում էր դառնալ չորրորդը: Մի կողմից` նոր աշխարհաքաղաքական ձգտումներով Թուրքիա և  դեռ պարզ չէ, թե նրա ախորժակը ինչքան կարող էր գրգռվել, մյուս կողմից` նույն Թուրքիայի կողմից հովանավորվող և ոգեշնչվող Ադրբեջանն իր` ակնհայտ ռազմատենչ քաղաքականությամբ: Հայաստանը, ըստ էության օբյեկտիվ զարգացումների արդյունքում, հայտնվեց նոր մարտահրավերների առջև. ուղղակի սպառնալիքներ  իր անվտանգությանը թե՛ Թուրքիայի` արդեն ակնհայտ, թե՛ Ադրբեջանի  կողմից: Այս պայմաններում, ցավոք, անվտանգության երաշխավորի որևէ դերակատարում չկարողացավ  դե ֆակտո ստանձնել կամ գոնե ազդեցություն ունենալ նույնիսկ Միացյալ Նահանգները: Պետք է փաստենք, որ ԱՄՆ-ին այդուհանդերձ չհաջողվեց հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը պահել տրամաբանական զարգացումներ ենթադրող հունի մեջ, նրանց չհաջողվեց ազդել Թուրքիայի վրա:                                                                                                                                                                                    

-Շատ վերլուծաբաններ ովքեր մոտիկից ծանոթ են Թուրքիայի ներքին կյանքին, կարծում են, որ Թուրքիան,  որքան էլ հզոր իրեն փորձի ցույց տալ, միևնույն է, այնքան հզոր չէ,  որ առանց ԱՄՆ-ի կարողանա իր կյանքը շարունակել:                                                                                                                           

-Սա քաղաքականություն է, իսկ քաղաքականության մեջ միակողմանի կախվածություններ գոյություն չունեն: Թուրքիան կախված է Միացյալ Նահանգներից, որովհետև ստանում է նրանից և՛ ռազմական և՛ քաղաքական աջակցություն, բայց և Միացյալ Նահանգները կախված է Թուրքիայից, որովհետև ստանում է Թուրքիայի կողմից բավականին մեծ ռազմական պատվերներ: Վերադառնալով մեր խնդրին շարունակեմ, որ այս նոր ձևավորված սպառնալիքների ֆոնի վրա Հայաստանը, միանգամայն տրամաբանական էր, որ պետք է դիմեր քայլերի, որոնք որ պետք է հավելյալ կայուն երաշխիքներ ձևավորեին մեր անվտանգությունը ապահովելու համար: Եվ  Սանկտ Պետերբուրգյան հանդիպումը այդ առումով կարծեք թե դարձավ վճռորոշ: Այնտեղ նախագահ Մեդվեդևը հակամարտող կողմերի նախագահներին առաջարկեց մի ծրագիր, որը համաձայնեցված էր համանախագահող երկրների ղեկավարների հետ, այսինքն սա ռուսական ծրագիր չէր: Այդ ծրագիրը շատ կոպիտ, նույնիսկ դիվանագիտական ոչ մի էթիկա չպահելով մերժվեց Ադրբեջանի կողմից: Իսկ ի՞նչ էր մնում անելու Հայաստանին և Ռուսաստանին:  Անկասկած նպատակները սեփական շահերին ծառայեցնելու:       

- Երբ ասում եք սեփական շահերը, Դուք նույնացնո՞ւմ էք Հայաստանի և Ռուսաստանի շահերը:                 

- Իհարկե, ինչ է , կարծում եք Ռուսաստանը մեզ լավությո՞ւն է անում: Քաղաքականության մեջ «լավություն  հասկացություն չկա: Հայաստանում և տարածաշրջանում Ռուսաստանը ունի իր հետաքրքրությունները: Այդ հետաքրքրություններին հասնելու ճանապարհներից մեկը Հայաստանում ռազմաբազաների ժամկետների երկարաձգումն է: Բայց միայն դա կնշանակեր, որ խնդիրը ծառայեցվում է բացարձակապես միայն ռուսական ռազմավարական հետաքրքրություններին, բայց նոր պայմանագրի մեջ խոսքը գնում է և՛ բազաների ժամկետների երկարացման և՛, ըստ  էության, նրանց ուղղակի պատասխանատվության մասին, թե՛ մեր ռազմական ուժերի ժամանակակից  ռազմատեխնիկական  հագեցվածությունը և նաև համատեղ անվտանգություն երաշխավորելու առումով: Սա որակապես նոր իրավիճակ է: Հայ-ռուսական այս համաձայնագիրը ակնհայտորեն մեր հարաբերությունները երկկողմ բարձրացրեց մի նոր մակարդակի վրա: Բայց որ ամենակարևորն է այս հարաբերությունները ուղղված չէին որևէ երրոդ կողմի դեմ: Սա շատ էական է: Այն ընդամենը երաշխավորում է տարածաշրջանում կայունության պահպանումը: Այսինքն այս համաձայնագրի պայմաններում ակնհայտ է, որ որևէ ողջամիտ քաղաքական մեկնաբան չի խոսի ռազմական ճանապարհով լուծումներ փնտրելու մասին:                                                                                                                                                                                     

 Այսինքն պատերազմի վտանգը պետք է մոռանա՞լ:                                                                                  

-Իհարկե:

-Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը դիվերսիաներ անում ադրբեջանաարցախյան սահմանին, ինչի արդյունքում մենք ամեն անգամ ունենում ենք զոհեր:                                                                                                     

- Նրանք էլ են զոհեր ունենում:  Սա իրավիճակի անմիջական արձագանքն է:  

  -Ինչո՞ւ ԱՄՆ-ը ողջունեց հայ-ռուսական համաձայնագիրը:                                                                    

 -Արևմուտքի համար բացառապես շատ կարևոր է անվտանգության մակարդակի բարձրացումը, երաշխիքներ, որ տարածաշրջանը երբեք չի հայտնվի 2008թ-ի օգոստոսյան իրավիճակում: Եվ ըստ էության էական չէ, թե ինչ միջոցներով է այդ անվտանգությունը ձեռք բերվում: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցչի արձագանքները այն հարցադրմանը, թե ինչպե՞ս է նա արձագանքում հայ-ռուսական նոր համաձայնագրին, խոսում է հենց դրա մասին: Նա պատասխանեց, որ առաջին հերթին դա երկու պետությունների խնդիրն է, երկրորդ` այն ուղղված  չէ որևէ երրորդ կողմին և երրորդ` Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկիր է և նրան վերապահված է տարածաշրջանի համար մեկ խաղաղության երաշխավոր լինելու պատասխանատվությունը: Այնպես, որ եթե Միացյալ Նահանգների ջանքերը հայ-թուրքական երկխոսությունը շարունակելու ապարդյուն անցան գոնե այս փուլում, բայց դրան զուգահեռ արդեն ձևավորվում են լուրջ սպառնալիքներ տարածաշրջանի անվտանգության համար, ապա Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական ղեկավարների այս նախաձեռնությունը անկասկած ուղղակիորեն միտված է տարածաշրջանում գոնե ստեղծված ստատուսքվոն  պահպանելու համար:                                                                                                                         

 -Պարո՛ն Հարությունյան , մյուս կողմից էլ Հայաստանը ձգտում է դեպի Եվրոմիություն, մենք արդեն Եվրոխորհրդի անդամ ենք և,  այսօր ստեղծվել է մի իրավիճակ երբ մեր քաղաքացիները օբյեկտիվորեն եվրոպական արժեքներն իրենց  հարազատ են համարում և ցանկություն ունեն իրենց ապագան տեսնել եվրոպական ընտանիքի սահմաններում: Հայ-Ռուսական նման համագործակցությունը չի՞ խոչընդոտում դեպի Եվրոպան գնացող մեր ապագային:                               

 -Իհարկե ոչ: Նույնիսկ ամերիկյան Պետդեպարտամենտի ներկայացուցիչը արձանագրեց, որ ԱՄն-ի, Հայաստանի և Ռուսաստանի ռազմական ոլորտում ձևավորված է շատ սերտ համագորցակցություն և մենք կարծում ենք, որ  այդ համագործակցությունը ապագա ունի: Ես համոզված եմ, որ նա արտահայտում էր ոչ միայն ամերիկյան կողմի այլ նաև հայաստանյան իշխանության վերաբերմունքը:

-Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր քաղաքական ուժերը արդեն երկու տարի առաջ պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին:  Ձեր կուսակցությունն ամբիցիաներ ունի՞ հաջորդ խորհրդարան մտնելու:                                                                                                           -Ժամանակը ցույց կտա: Ես կարծում եմ մի քիչ վաղ են սկսել պատրաստվել: Հարկավոր էր  քիչ ավելի խնամքով, հոգատարությամբ վերաբերվել սեփական պոտենցիալին, սա վերաբերում է բոլոր կուսակցություններին:          

                Լիլիթ Սաֆարյան

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...