2013-03-01 11:27
«Դե Ֆակտո» 22 (2008թ.)
ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
Հարցազրույց ՙՎերվարածներն ընտանիքում՚ հեռուստասերիալի ոեժիսոր Ռոման Մուշեղյանի հետ:
-Երբ հայկական սերիալ չկար, մենք շատ էինք դիտում բրազիլական, արգենտինական, ռուսական արտադրության սերիալներ: Հայկական սերիալն առաջնորդվում է նրանց փորձո՞վ, նմանակու՞մ է, թե՞ ստեղծում իրենը:
-Մեր սերիալի հաջողությունն այն է, որ հայկական է: Անդրադառնում է մերօրյա խնդիրներին, սուտ բան չկա այստեղ: Ամեն ինչ մեր կենցաղի վրա է հիմնված` մեր ընտանիքի, միջանձնյա փոխհարաբերությունների: Կերպարները նույնպես մերօրյա են: Անթառամը հայ կնոջ կերպարն է ներկայացնում, որը գրեթե բոլոր ընտանիքներում նույնն է: Կնյազի կերպարը հայ տղամարդու տեսակն է` մի քիչ անտարբեր, զգացմունքները չարտահայտող: Բոլորը մեր իրականության մասնիկներն են:
-Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ կան, որոնցով առաջնորդվում եք սերիալը նկարահանելիս:
-Բնականաբար, կան որոշակի սկզբունքներ, որոնք փոփոխման ենթակա չեն: Դա լուրջ մոտեցումն է աշխատանքին: Հեռուստասերիալը կենդանի ու արագ զարգացող բնույթ ունի, մենք ամեն օր ցուցադրելու համար նկարահանում ենք 30-40 րոպե նյութ, բայց դա չի խանգարում, որ յուրաքանչյուր տեսարան մանրակրկիտ նկարվի: Ես չեմ զլանում դուբլերը շատ անել: Եթե դերասանը տեքստին չի տիրապետում, մենք այնքան ենք փորձեր անում, մինչև ստացվի: Մենք ոչ մի միջոց չենք խնայում, որ տեսարանը իրական լինի: Եթե, օրինակ, շտապ օգնության տեսարան պետք է նկարվի, այնտեղ պետք է լավ մեքենա ընդգրկված լինի: Խորհրդակցում ենք բժիշկների հետ, թե ինչպես նկարահանել այդպիսի տեսարանները, որ բնականին չզիջի: Հատուկ պլանավորվում են ներսի և դրսի նկարահանումները: Մեր աշխատանքին, փորձերին ոչինչ չպետք է խանգարի:
-Մի՞շտ եք սցենարի հեղինակի հետ համաձայնվում:
-Սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է, ով շատ կիրթ անձնավորություն է, և որի նմանները շատ քիչ են այսօր Հայաստանում, որ կարողանում են այնպես սյուժեն զարգացնել, տեսարաններն այնպես գրել, որ արտացոլի մեր իրականությունը: Մեր կարծիքները գրեթե միշտ համընկնում են: Իհարկե, լինում են դեպքեր, երբ ես այլ կերպ եմ պատկերացնում, բայց դա մեր մեջ խնդիրներ չի առաջացնում: Մենք ամեն ինչ անում ենք, որ գործը շահի և անձնական հավակնությունները մի կողմ ենք դնում: Հարութն ինձ է վստահում, ես` իրեն:
-Դերասանների ընտրությունն ինչպե՞ս եք կատարում, նոր սերնդին ընդգրկո՞ւմ եք սերիալում:
-Սցենարիստի հետ նախօրոք խոսում ենք կերպարների մասին, ըստ որի էլ կատարում ենք ընտրությունը: Նոր սերնդին ընդգրկելը միշտ կա մեր պլաններում: Մենք փորձում ենք ներգրավել երիտասարդներին, քանի որ նրանց մեջ կան շատ տաղանդավոր դերասաններ:
-Իսկ նրանց կողմից նախաձեռնություն կա՞:
-Շատ մեծ: Ամեն օր 30-40 առաջարկություն ենք ստանում, որը շատ ողջունելի է:
-Իսկ նրանք ունե՞ն մասնագիտական այն որակները, որոնք անհրաժեշտ են դերասանին:
-Դա շատ հարաբերական է, բոլորը չեն կարող տաղանդավոր լինել, բայց տաղանդավոր ու շնորհալի երիտասարդներ շատ կան: Այնպիսի թյուր կարծիք կա, որ սերիալում նկարվելը արվեստ չէ: Չգիտեմ` դա դասախոսների կարծիքն է, թե հասարակության մեջ է այդպես տարածված, որ սերիալում նկարահանվելը հարիր չէ իսկական արվեստագետին: Մինչդեռ ամբողջ աշխարհում ապագա դերասանները փորձ են ձեռք բերում սերիալներում նկարահանվելով: Դա բնական է ու նորմալ: Ի վերջո` եթե դու լավ դերասան ես, դու կարող ես ամեն տեղ էլ լավը լինել:
-Ձեր կարծիքով` սերիալը արվե՞ստ է:
-Ո՛չ, բնականաբար, սերիալը հեռուստադիտողների որոշակի հատվածի համար է: Պարզապես հայկական իրականությունում, քանի որ նորություն է հայկական սերիալը, ներգրավված են տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդիկ: Սերիալը արվեստ չէ, արվեստը կինոն է: Ես ֆիլմեր նկարահանում եմ ու այդ տարանջատումն ինքս զգում եմ: Սերիալն ինձ համար մեծ փորձադաշտ է, որտեղ ես կարողանում եմ նորովի ինձ դրսևորել, աշխատել դերասանների հետ, ինչպես մարզիկներն են, միշտ լավ մարզավիճակում լինել:
-Ձեր սերիալը դիտում են նաև երեխաները: Նման ակնկալիքներ ունեցե՞լ եք, և ինչպե՞ս եք վերաբերում այդ երևույթին:
-Ի սկզբանե Վերվարածները եղել է ավելի մոտ երգիծական ժանրին, և քանի որ երգիծանքը սիրելի է երեխաներին, բնականաբար, հեռուստադիտողների այդ բանակն էլ պահպանվեց: Մենք ակնկալել ենք, որ ընհանրապես ժողովրդին է գրավելու սերիալը, հեռուստադիտողների հատուկ խումբ չենք նախատեսել: Մեր սերիալի հաջողությունը նրանում է, որ մեզ դիտում են բոլորը: Տղամարդկանց մաֆիայի մասն է գրավում, կանանց` ավելի առօրյա, կենցաղային իրականությունը ներկայացնող տեսարանները:
Իրոք, մեր հերոսները սիրված են երեխաների կողմից, շրջապատում շատ երեխաների գիտեմ, որ հաճույքով նայում են սերիալը: Հետաքրքիր է, որ բացասական կերպարներին էլ են սիրում, օրինակ, Ճպլին, բայց նրան սիրում են` քննադատաբար վերաբերելով նրա կերպարին: Այդ հաջողությունը, իհարկե, ուրախացնում է մեզ, բայց երեխաները պետք է այլ ծրագրեր էլ դիտեն, որոնք կլինեն դաստիարակչական, կառչել սերիալից սխալ է:
-Մաֆիան հայկակա՞ն իրականությունն է ներկայացնում, թե՞ ընդհանրապես մաֆիայի երևույթն ու նրա գործունեությունը: Ինչպե՞ս ծագեց այս միտքը:
-Ներկայացնում է հայկական իրականությունը` մաֆիայի կանոններով: Ամեն ինչ սկսվեց Հովիկի կերպարից: Պետք է ընտանիքում մեկը լիներ. որը փոխարիներ Գարսևանին, համախմբեր ընտանիքի անդամներին: Նա պետք է իր կոնֆլիկտներն ունենար: Հարություն Մովսիսյանը որոշեց, որ այդ կլանի մեջ է ուզում հանդես գալ:
-Ի՞նչ արձագանք գտավ հասարակության շրջանում մաֆիայի հայտնությունը սերիալում:
-Լավ արձագանք գտավ, հեռուստադիտողներին շատ հետաքրքեց:
-Կա՞ն որոշակի թեմաներ, որոնք սերիալում ժամանակ առ ժամանակ քննարկվում են:
-Սերիալում փորձում ենք անդրադառնալ բոլոր երևույթներին, որոնք կան մեր իրականության մեջ: Փորձում ենք ի հայտ բերել դրանց և° բացասական, և° դրական կողմերը: Կոնկրետ գաղափարախոսությամբ չենք շարժվում:
-Սցենարը կազմելիս ի՞նչ բառապաշար է օգտագործվում: Կա՞ն որոշակի սահմանափակումներ:
-Տարածված կարծիք կա, որ սերիալներում ոչ կիրթ խոսելաոճն է իշխում և կա երկրորդ, շատ կարևոր խնդիր` կինոլեզվի խնդիրը: Քանի որ հայոց լեզուն պաշտոնական լեզու է, սուտ կլինի, որ օգտագործվի պաշտոնական լեզվուն` այո, ներեցեք, ինչպես կարելի է, որովհետև մեր կենցաղում նման խոսակցություններ չկան, իսկ ժողովուրդը չի սիրում սուտը: Մարդիկ իրենց են ուզում տեսնել, ոչ թե իրենցից հեռու մի բան: Ես դեմ եմ բոլոր տեսակի սուտ արտահայտություններին և քանի որ ես նախընտրում եմ բնականությունը, ապա նախընտրելի է առօրյա- խոսակցական լեզուն: Իհարկե, բացառում եմ ցենզուրայի սահմաններից դուրս արտահայտությունները, չէ՞ որ մեր սերիալը նաև երեխաներն են նայում:
-Արբիի կերպարը չի ծայրահեղացվո՞ւմ:
-Վերվարածների գաղափարը մենք փորձում ենք պահպանել: Վերվարածներ` գլխիվայր շուռ եկածներ: Արբին պարսկահայ է, բայց մենք դրանով չենք ուզում պարսկահայերին վիրավորել, պարզապես Արբին վերվարած պարսկահայ է, այդ պատճառով էլ գուցե նրա կերպարի ծայրահեղացման տպավորությունն է ստեղծվում: Բնականաբար, պարսկահայերը այդքան միամիտ, ուշ գլխի ընկնող չեն, պարզապես գրոտեսկը համ ու հոտ է տալիս կերպարին: Քաղաքական նպատակներ չունենք:
-Ի՞նչ զարգացումներ են սպասվում:
-Սերիալը դեռ երկար ժամանակ եթերում կլինի, և զարգացումները առջևում են: Նոր կերպարներ են հայտնվելու:
-Սերիալի ուղղվածությունը հիմնականում երգիծակա՞ն է:
-Հիմա բազմաժանր է: Քանի որ հեռուստադիտողների շարքերում տարբեր խմբերի մարդիկ են ներգրավված: Այստեղ և° սարկազմ կա, և՛ դրամա, և° ողբերգություն, սերիալը գրեթե վերածվել է տրագիկոմեդիայի:
-Ձեր նախնական ծրագրերը սերիալի հետ կապված և հիմա նո՞ւյնն են:
-Ես ամեն գործ սկսելուց առաջ միշտ ակնկալել եմ, որ այն պետք է հաջողակ լինի ու դառնա ամենահաջողակը: Այդ սկզբունքով առաջնորդվել եմ նաև սերիալի աշխատանքները սկսելիս:
-Իսկ խմբի հետ աշխատանքի ընթացքում կոնֆլիկտներ շա՞տ են լինում:
-Ես պետք է ասեմ, որ ՙՇանթ՚ հետռուստաընկերությունը միակն է, որտեղ ես իրոք հաճույքով եմ աշխատում, որովհետև տնօրենից մինչև հասարակ աշխատող ունեն շատ նորմալ, մարդկային, կիրթ հարաբերություններ: Հաճախ կողքից նախանձով են նայում մեր համախմբվածությանն ու մեր ներսի ջերմ մթնոլորտին: Հազվադեպ են կոնֆլիկտներ լինում, և դրանք չեն ազդում գործի վրա, մենք ընկերներ ենք, բայց այդ հարաբերությունները կրկին չեն անդրադառնում գործի վրա: Մեզ համար հստակ գծված են այդ սահմանները: Դա բոլորի կողմից գործին լուրջ վերաբերվելուց է, որն էլ խոսում է խմբի պրոֆեսիոնալիզմի մասին:
-Կա՞ն որոշակի մոտեցումներ, որոնցով առաջնորդվում եք յուրաքանչյուրի հետ աշխատելիս:
-Ամեն մեկի հետ ունեմ աշխատելու մի ոճ, որն առավել արդյունավետ է լինում: Դերասաններ կան, որոնց հետ այնքան եմ աշխատել, որ իրար կես բառից կամ հայացքից հասկանում ենք: Ներքին կապ է ձևավորվել մեր միջև: Ես բոլորի հետ հաճույքով եմ աշխատում: Ամեն մեկն իր գույնն ունի, բոլորին սիրում եմ:
-Ի՞նչ խորհուրդ կտայիք սերիալ նկարահանող այն մարդկանց, ովքեր նոր են մտնում այս ոլորտ:
-Առաջինը, որ անկեղծ լինեն իրենց հետ, սուտ բան չփորձեն անել: Կարողանան խումբ ձևավորել ու համախմբել այն: Սա կոլեկտիվ աշխատանք է, պետք է կարողանալ ամեն ինչ համատեղել մեկում` դերասանական խաղը, օպերատորական արվեստը, գրիմը, մոնտաժը, երաժշտությունը: Բոլորը պետք է աշխատեն հանուն մի նպատակի:
Սուսաննա Թամազյան
Վերադառնալ