10:58
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սամվել Ֆարմանյան

2013-02-28 11:22

«Դե Ֆակտո» 20 (2008թ.)

-ՄԻԱԿ-ը, գալով քաղաքական դաշտ, հայտարարել է, որ հավերժ լինելու է քաղաքականության մեջ:

Հարցազրույց ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղար

Սամվել Ֆարմանյանի հետ

-Պարո՛ն Ֆարմանյան, կա՞ր արդյոք քաղաքական դաշտում Ձեր կուսակցության անհրաժեշտությունը` հաշվի առնելով այսօրյա բազմաթիվ կուսակցությունների առկայությունը:

- Քաղաքական դաշտում սերնդափոխության հստակ խնդիր կա և ցանկալի է, որ սերնդափոխությունը չլինի ինքնանպատակ, այլ` նպաստի քաղաքական համակարգի կայացմանը, քաղաքական դաշտի կարողությունների մեծացմանը: Քաղաքական դաշտն այսօր աղակալած վիճակում է գտնվում և հայտնվել է ինքնանպատակ տեղապտույտի մեջ, բոլորիս աչքի առջև քաղաքական կյանքը դառնում է հանրային կյանքի ամենաանմրցունակ ոլորտներից մեկը` որոշ մարդիկ իրենց ավելի ազատ և վստահ են զգում քաղաքականության մեջ, քան այլ ոլորտներում, ներառյալ մասնագիտական աշխատանքում: Տարիներով Հայաստանի քաղաքական դաշտը գաղափարական սնուցում չի ստանում, հազարամյակների հարուստ կենսագրություն ունեցող հայ ժողովրդի քաղաքական հատվածին այսօր գրոհել է մտքերի, գաղափարների ու ինովացիոն նախաձեռնությունների ճգնաժամը, մեր ժողովուրդը արժանի չէ քաղաքական այն անորակությանն ու ճաշակին, որն անխնայորեն պարտադրվում է: ՄԻԱԿ-ը նորաստեղծ քաղաքական ուժ է: Մենք դեռ չենք բոլորել մեր հիմնադրման և գործունեության մեկ տարին, բայց մեր ակտիվ գործունեության շնորհիվ հասարակության մեծամասնությունը մեզ ճանաչում է, ծանոթ է մեր մոտեցումներին և հիշում է մեր կարգախոսները: ՄԻԱԿ-ը, գալով քաղաքական դաշտ, հայտարարել է, որ հավերժ լինելու է քաղաքականության մեջ: ՄԻԱԿ-ը գալով քաղաքական դաշտ, հայտարարել է, որ միևնույնն է, առանց մեր, առանց մեր սերնդի որակյալ մասնակցության Հայաստանը շատ առաջ գնալ չի կարող:

-Ինչո՞վ է Ձեր կուսակցությունը տարբերվում մյուս քաղաքական կուսակցություններից, որը կստիպի քաղաքացիներին համալրել Ձեր շարքերը կամ ընտրությունների ժամանակ ձայն տալ Ձեզ:

- Հայաստանյան քաղաքական համակարգը հիվանդ է, տիրապետում են անձնավորված քաղաքական գործընթացներն ու կուսակցական համակարգն իր վրա կրում է դրա ազդեցությունը: Հայաստանում բաց է քաղաքական դաշտի ազատական թևը, ինչքան էլ մենք ականատես լինենք փսևդոլիբերալիզմի անառողջ երևույթների: ՄԻԱԿ-ը տնտեսական ու հասարակական հարաբերություններում զուտ ազատական արժեքներ դավանող, արտաքին խնդիրներում` ազգային մոտեցումների կրող, իսկ իր ներքին կառավարման համակարգով` բազմակարծության ու ներկուսակցական ժողովրդավարության վրա խարսխած քաղաքական ուժ է: ՄԻԱԿ-ը հավասարների կուսակցություն է. հավասարապես կարևոր և լսելի է ցանկացած կուսակցականի ձայնն ու տեսակետը: Մեզ համար անընդունելի է, որ որևէ կուսակցությունում կարող են լինել հազարավոր անդամներ, բայց` մեկ կարծիք: ՄԻԱԿ-ում համախմբված են մարդիկ, ովքեր դեռևս երիտասարդ տարիքում իրենց սեփական գիտելիքների շնորհիվ, իրենց կրթական ձեռքբերումների ու աշխատանքային նշանակալի նվաճումների շնորհիվ մրցունակ են տեղական ու գլոբալ աշխատաշուկայում ու, բնականաբար, խնդիր չունեն պարտադիր որևէ տեղից կառչելու: Եթե շատերի համար քաղաքականությունն ինչ-որ բան ցանկանալն է, ապա մեզ համար քաղաքականությունը դա մեր կյանքում դրական փոփոխություններ ցանկանալն է, ինչի համար մենք պատրաստ ենք զոհաբերել շատ բաներ:

-Ո՞րն է Ձեր կուսակցության հիմնական սկզբունքը, որի շուրջ ծավալվում է կուսակցության գործունեությունը: Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք քաղաքական դաշտում:

-Մեր գլխավոր խնդիրը երկրում փոփոխությունների իրականացումն է, մեր հայացքն ուղղված է ապագային, մենք անպտուղ ենք համարում անցյալի շուրջ անվերջ բանավեճերը` պատմությունը շատ լավ ուսուցիչ է, բայց ոչ այնքան լավ հրամանատար: Կարճաժամկետ առումով մեր նպատակն է քաղաքական դաշտում նվաճել մեր ուրույն տեղը, ունենալ այս ասպարեզում մեր որակյալ մասնակցությունը, մեր մոտեցումները, սկզբունքները, տեսակետները և  մեր քաղաքական թիմը ճանաչելի դարձնել մեր համերկրացիներին, հասարակությանը, ակտիվ և նպատակասլաց աշխատանքի արդյունքում հնարավորություն ստեղծել հաջորդ խորհրդարանական ընտրություններում լուրջ հաջողություններ արձանագրելու համար: Մենք ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի ՄԻԱԿ-ը լինի հաջորդ խորհրդարանում ներկայացված ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը, իսկ մեր հեռահար նպատակը նպաստելն է որպեսզի Հայաստանը դառնա ժամանակակից մրցունակ պետություն` բարեկեցիկ հասարակությամբ ու դասվի ժողովուրդների ոսկե միլիարդի շարքում, և մենք որևէ խանգարող հանգամանք չենք տեսնում այդ նպատակին հասնելու համար:

-Պարո՛ն Ֆարմանյան, ինչպիսի՞ աշխատաոճ է որդեգրել ՄԻԱԿ-ը:

- Մենք միշտ ձեռնպահ ենք մնում մեր գործընկերների` այլ քաղաքական կուսակցությունների նկատմամբ քննադատական գործելաոճից: Նման գործելաոճը ապագայի Հայաստանում տեղ չունի: Արդյունում, մենք շատ լավ հարաբերություններ ունենք քաղաքական դաշտի գրեթե ողջ խճանկարի հետ և այդպես լինելու է նաև ապագայում: Մենք չենք ուզում համեմատվել անձնակենտրոնության սկզբունքով ձևավորված քաղաքական կուսակցությունների հետ, որոնք սպասարկում են մեկ անձի կամ նրա շուրջը համախմբված ևս մի տասնյակ մարդկանց շահերն ու հետաքրքրությունները: ՄԻԱԿ-ի կարևոր անանձնահատկություններից է նաև այն, որ միայն մեկ մարդու կուսակցություն չէ: Մենք կողմ ենք մրցունակ քաղաքական համակարգի ձևավորմանը: Բայց դա ունենալու համար պահանջվում է, որ քաղաքական դերակատարները առաջին հերթին իրենք կիսեն այն արժեքները և ապրեն այն արժեքներով, ինչի համար իրենք պայքարում են և չստացվի մի իրավիճակ, երբ խոսում կամ պայքարում են ժողովրդավարության հաղթանակի համար, սակայն անհանդուրժողական են այլակարծության նկատմամբ և այլն: Բերեմ մեկ ակնառու օրինակ. մեր քաղաքական կյանքում դուք հազիվ թե հիշեք մեկ նշանակալի դեպք, երբ որևէ կուսակցություն, անհաջողություն կրելով այս կամ այն ընտրություններում, վերընտրի ղեկավար նոր կազմ, տվյալ կուսակցության ղեկավարն իր տեղը զիջի կուսակցության մեկ այլ անդամի: Սրանք քաղաքական մշակույթի տարրական էլեմենտներ են, որոնք հայտնի են աշխարհին ու ապահովում են քաղաքական-կուսակցական համակարգի կայունությունը, բայց որոնք, դժբախտաբար, անհաղորդ են մեր քաղաքական կյանքին: Քաղաքացին մեր կուսակցության համար բարձրագույն արժեք է, իսկ ՄԻԱԿ-ը ապագայի քաղաքական ուժն է:

-Ձեր բուկլետներում գրված է հետևյալը` Մեր քվեն Սերժ Սարգսյանին: Սա է ՄԻԱԿ ճիշտ որոշումը: Ձեր դիրքորոշումն ինչպե՞ս կհիմնավորեք:

- ՄԻԱԿ-ի և ընդհանրապես մեր սերնդի գերխնդիրը փոփոխություններն են մեր կյանքում` ձերբազատվելու առկա այն բոլոր բացասական իրողություններից, որոնք խոչընդոտում են մեր պետության զարգացումը: Ու մենք այս ամենի մասին մտածում ենք ոչ տիրապետող քաղաքական կատեգորիաներով ու գործիքներով: Պատմականորեն փոփոխությունների հասնելու երկու ճանապարհ կա. փոփոխություններ ներքևից, երբ հասարակության և իշխանության միջև առաջանում է այնպիսի անհաղթահարելի անջրպետ, որը բերում է երկրի քաղաքական կյանքում նոր քաղաքական առաջնորդի և քաղաքական նոր թիմի հայտնվելուն, որն իր անցած ճանապարհով, ապագայի իր տեսլականով հանրային գիտակցության մեջ ընկալվում է որպես հստակ այլընտրանք ներկա պայմաններին, այդ դեպքում հասարակությունը ընտրությունների կամ այլ միջոցներով քաղաքական գործիչների այս խմբին բերում է իշխանության և հասարակությունը փոփոխությունների օբյեկտիվ հնարավորություն է ստանում (այլ խնդիր է, որ այդ ակնկալիքները երբեմն իրականություն չեն դառնում): Փոփոխությունների երկրորդ ճանապարհը դա փոփոխություններն են վերևից, երբ տարբեր օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, իշխանությունն ինքն ընդառաջ է գնում փոփոխությունների հանրային պահանջին և արագացնում բարեփոխումների ժամանակացույցը:

Չունենալով իր սեփական նախագահական թեկնածուն և անկողմնակալ վերլուծելով քաղաքական ներկայիս իրավիճակը, դատելով ոչ ավանդական իշխանություն-ընդդիմություն, փոփոխություններ-կայունություն Հայաստանյան կյանքին ոչ համարժեք կատեգորիալ ապարատով` եկել ենք այն եզրակացությանը, որ մեր քաղաքական թիմի տեսանկյունից առաջնային փոփոխությունները լավագույնս կարող է երաշխավորել նախագահի թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, ում հետ մենք քննարկել ենք այդ փոփոխություններին հասնելու համար անհրաժեշտ քայլերը: ՄԻԱԿ-ը, որպես քաղաքականության հրապարակայնացմանը կողմ քաղաքական ուժ, հչակել է այն տասը պատճառները, թե ինչու ենք սատարում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ու այն տասը փոփոխությունները, որոնք ակնկալում ենք ՀՀ նախագահ Սարգսյանից.

1.Երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացում և լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներ:

2.Եվրամիությանն անդամակցության չափանիշների բավարարումը որպես Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթության հռչակում:

3.Պետության դերի նվազեցում, տնտեսական ազատ մրցակցության ապահովում և մենաշնորհների վերացում:

4.Կոշտ պայքար կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ:

5.Իրավապահ մարմինների հրաժարում պետության սպասարկումից` հօգուտ հասարակության և անհատի սպասարկման:

6.Հավասարություն օրենքի առաջ և պատժի անխուսափելիություն բոլոր իրավախախտների համար:

7.Կադրային համարձակ փոփոխություններ, միջին և բարձր օղակներում երիտասարդ կադրերի ներգրավում:

8.Հարկային համակարգի ֆիսկալ դերի փոխարինում գործընկերոջ և ծառայություն մատուցողի դերով:

9.Արցախյան հակամարտության խաղաղ և արժանապատիվ կարգավորում, առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում:

10.Գործազրկության կրճատման, Նորաստեղծ ընտանիքներին բնակարանային աջակցության և Ներգաղթի խթանման Ազգային ծրագրերի իրականացում:

Մենք այսօր ակտիվորեն ներգրավված ենք երկրի քաղաքական բոլոր հիմնական զարգացումներում, տեղեկատվական այս նյութերը ակտիվորեն բաժանում ենք մեր համաքաղաքացիներին, լսում նրանց կարծիքները: Մեր ակտիվ գործունեությունը պայմանավորված չէ նախընտրական շրջանով, և դրա ականատեսը կլինեն բոլորը ընտրությունների հենց հաջորդ օրվանից սկսած:

-Պարո՛ն Ֆարմանյան,Ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն է այսօր ընդդիմադիր դաշտը:

Շատ հաճախ մեզ հարցնում են, թե ինչու չսատարել որևէ ընդդիմադիր թեկնածուի, եթե կարևորում ենք փոփոխությունները: Արդեն ասացի, որ փոփոխությունների երկու ճանապարհ կա ու մերօրյա Հայաստանում ավելի հեռանկարային ու իրատեսական է երկրորդ ճանապարհը` փոփոխություններ վերևից, սա նաև այն պատճառով, որ, դժբախտաբար, Հայաստանում չկա իր անցած ճանապարհով, ապագա Հայաստանի իր տեսլականով, իր քաղաքական թիմով ռեալ այլընտրանք, եթե այդպիսին երբևէ լինի, համոզված եղեք, որ հասարակությունը կգնա այդ քաղաքական ուժի հետևից, դա պատմության տրամաբանությունն է: Մյուս կողմից, ես այն կարծիքին եմ, որ մեր քաղաքական համակարգը ձևավորված չէ, հետևաբար շատ պայմանական է կուսակցություններին և քաղաքական գործիչներին իշխանական կամ ընդդիմադիր թևերի դասակարգելը: Ավելի հիմնավորված է հետևյալ դասակարգումը` իշխանության համար քաղաքական պատասխանատվություն կրող և իշխանության համար քաղաքական պատասխանատվություն չկրող ուժեր: ՄԻԱԿ-ն այսօր իշխանության համար պատասխանատվություն չի կրում, ինչպես մնացած բոլոր կուսակցությունները, որոնք ներկայացված չեն կառավարությունում: Երբ խոսում ենք ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների մասին ես հասկանում եմ կուսակցություն, որը քննադատում է իշխանություններին այն հարցերում, երբ տարբեր մոտեցումներ ունեն և ոչ միայն քննադատում է, այլև լուրջ ծրագրերի ու առաջարկությունների տեսքով ներկայացնում է այլընտրանքային լուծումներ այս կամ այն խնդրի վերաբերյալ և որ ավելի առանցքային է, արդյունավետորեն վերահսկում է իշխանության գործունեությունը: Ապագա Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական որևէ ուժ պետք է լինի այդպիսին:

Ժասմեն Մարտիրոսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...