02:23
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
-ԳԱՅԼԻ ԺԱՆԻՔԸ, ԵՐԲ ԱՐՅՈՒՆՈՏՎՈՒՄ Է, ՆԱ ԳՆՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ…

2013-02-28 11:18

«Դե Ֆակտո» 20 (2008թ.)

Հարցազրույց  բանաստեղծ, արձակագիր, քսաներկու գրքի հեղինակ, հրապարակախոս, Հարթակ շաբաթաթերթի խնբագիր  Մերուժան Հովհաննիսյանի հետ:

-Համառոտ կներկայացնե՞ք Ձեր անցած ճանապարհը:

- Ես Խորհրդային պետության տարիներին քաղբանտարկյալ եմ եղել, բանտարկվել եմ Խորհրդային պետության բռնության օջախներում: Ազատազրկման վայրերում ճաշակել եմ դառնություններ, ցավեր, սակայն այդ ամենն ինձ բոլորովին էլ հնարավորություն չի տալիս նզովել իմ ճակատագիրը, ես շնորհակալ եմ բախտից, ես օրհնում եմ իմ տառապանքները, որովհետև դրանք դարձրել են ինձ իմաստուն, խորհրդավոր, ես մոտիկից եմ զգացել դառնությունը, բայց զգացել եմ նաև  ամենակարևորը` ինչպես են կրում ցավը…ներսում` սեփական ցավը, դրսում` ուրիշի ցավը…: Քաղաքագիտության դասագրքերից մեկում պատմվում է յոթ հայրենասերների մասին, որոնցից մեկը ես եմ: Այդ յոթ հայրենասերները իրենց հայրենասիրական պայքարը սկսեցին այն ժամանակ, երբ որևէ խումբ չէր դատվել: Գարեգին Նժդեհի վախճանից հետո 1962թ. առաջին խումբը մենք եղանք, որը  հետագայում, մեկուկես տարի գործելուց հետո, ձերբակալվեց, դատապատրվեց տարբեր տարիների ազատազրկման: Ես հինգ տարի ազատազրկում ստացա հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար` որակվելով որպես պետական հանցագործ:

-Ի՞նչը փոխվեց Ձեր մեջ հինգ տարի ազատազրկումից հետո նորից կյանք վերադառնալիս:

-Ես մնացել եմ նույնը, նույն գաղափարախոսության հպատակն եմ: Ես  եղել եմ այն ազատազրկման վայրում, որտեղ իր շունչը փչեց Գարեգին Նժդեհը: Ուստի լինելով այդ բանտում` չէի կարող խորհել այլ կերպ, քան Նժդեհը` չլինելով որևէ կուսակցության անդամ:  Ես չեմ կարող մասնատվել:

-Ուզում եք ասել, թե կուսակցությունը մասնատո՞ւմ է մարդու էությունը:

-Կուսակցությունն ինքը աղճատում է մարդու էությունը: Ինձ համար  միևնույնն են բոլոր այն կուսակցությունները, որոնց հիմքում դրված է հայրենասիրության գաղափարը:

-Այսօր քանի՞ կուսակցություն կարող եք նշել, որ իրականում հիմնված են հայրենասիրական գաղափարի վրա:

-Ես  չեմ ուզում մասնավորեցնել: Չկա Հայաստանում այնպիսի կուսակցություն, որի հիմքում չլինինեն հայրենասիրական գաղափարներ: Կարող են ազգայնական չլինել,  չքարոզել ազգայնականություն: Այսօր կա Հանրապետական կուսակցություն, որը իր մեջ կրում է նժդեհյան գաղափարներ, բայց թե որքանո՞վ է նա կրում ու կարողանում դրանով առաջնորդվել, այլ խնդիր է: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը չի կարող ազգայնական չլինել, բայց նա իր մեջ կրում է նացիոնալ սոցիալիզմ:

-Կուսակցություններին  ի՞նչն է պակասում:

-Նրանց  մեջ իրենց գաղափարախոսության նկատմամբ  նվիրվածության պակաս կա, որն էլ չի կարողանում նրանց կատարյալ դարձնել:

-Դա անձերի՞ խնդիրն է:

-Անպայման, առաջնորդից է կախված տվյալ գաղափարախոսության իրականացումը: Չկա գաղափարախոսությանը նվիրված առաջնորդ, կատարյալ չի կարող լինել կուսակցությունը:

-Լավ, այսօր նախանախագահական ընտրություններին պատրաստվելու պայքարի մթնոլորտը ինչպե՞ս կբնորոշեք:

-Մթնոլորտը մռայլ է, տխուր, արդեն սկսվել են ներքին ընդվզումների, միմյանց չարախոսելու հագեցած շրջանը:

-Հայրենասիրությո՞ւնն է փոխադարձ վիրավորանքներ հասցնելու խթանը:

-Հայրենասիրությունը աճուրդի առարկա չէ: Ոչ ոք չի կարող ասել, թե ինքն ավելի հայրենասեր է, քան իր դիմացինը: Հայրենասիրությունը ծառայության նպատակ է հետապնդում: Որքանով մարդը կկարողանա ծառայել հայրենիքին, այնքանով նա ցույց կտա իր հայրենասիրության չափը: Մենք չունենք որևէ գաղափարախոսություն, որին լիարժեք նվիրված լինի տվյալ կուսակցությունը, որի դրոշի տակ քայլում է ինքը: Ես հաճախ հիշում եմ Քրիստոսի խոսքը` Ո՛վ մարդկային առաքինություն, բոլորը խոսում են քո մասին, բայց ոչ ոք չի զոհվում ի սեր քեզ: Ո՞ւր է այդ մարդը, ո՞ւր է այդ կուսակցությունը, ո՞ւր է այդ ամբողջությունը: Չկա. ահա ամբողջ ցավը:

-Իսկ մեր թեկնածուների մեջ տեսնո՞ւմ եք այդպիսի հայրենասեր անհատականությունների:

-Առայժմ հայտնի չէ, թե ես ում եմ ընտրելու` ելնելով այն բանից, որ ցանկացած թեկնածու կարող է իր նախընտրական կամ իր ընտրության նախօրյակին կատարի մի քայլ, որն ինձ հիասթափեցնի: Ինձ չի գայթակղում որևէ թեկնածու, բայց չեմ կարող նսեմացնել թե՛ այսօրվա մեր վարչապետի արժանիքները, թե՛ առաջին նախագահի: Եթե նայենք ինտելեկտի, զարգացման աստիճանի առումով առաջին նախագահն ավելի բարձր է թե՛ որպես մտավորական, թե՛ որպես առաջնորդող անձ, թե՛ որպես հայրենի  հողի հարազատ մարդ: Սերժ Սարգսյանն անցել է պատերազմի բովով, մաքառման ճանապարհ է անցել, կրել է իր վրա զինվորի ուսադիրներ,  և  այժմ նրա նկատմամբ բացասական արտահայտություններ անելը պատվաբեր չէ: Ժողովուրդը պետք է որոշի, թե ում ընտրի: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը այսօր ներկայանալի չի կարող լինել իր թեկնածուով: Ինձ թվում է ուղղակի  մտել է առևտրի: 

-Ի՞նչ եք կարծում, ժողովրդին այսօր թույլ տալի՞ս են, որ կարողանա, հասցնի մտածել, թե ում ընտրել:

-Ժողովուրդը կստանա ժամանակ, թե ոչ` մտածելու իրավունք ունի: Ո՞վ կխափանի նրա մտածողությունը, ո՞վ դեպի իրեն կձգի, դա կախված է Ժողովրդի  գայթակղվելուց: Ես որևէ առարկություն չունեմ, որ կան այդպիսի երևույթներ` փողոցում են հարցում անցկացնում, բնակարաններ են այցելում,  բայց դժվար է խափանել մեկին, ով իր համոզմունքն ունի: Այսօր գոյություն ունի երեք տեսակ ընտրազանգված: Մեկն ասում է` վերցնեմ, թե չվերցնեմ, ընտրվելու է այս մարդը, արժի` ես վերցնեմ: Մյուսն ասում է` ես իմ պատվին դեմ եմ համարում վերցնելը, որովհետև դրանով վիրավորվում է իմ արժանապատվությունը, ես կընտրեմ իմ ուզածին: Երրորդն ասում է` ես ընտրում եմ նրան, ում ընտրում է իմ բարեկամը: Այս վերջինը ինքնուրույն մտածելակերպը կորցրած մարդ է, որը կարող է և՛ գայթակղվել և նույնիսկ դավել սեփական գաղափարներին, քանի  որ որևէ գաղափարի չի հավատարմագրվել: Ցանկալի է, որ մեր ընտրազանգվածները մտածել իմանային:

-Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայրենիքի նախագահին:

-Անձամբ ինձ համար միևնույնն է, թե ով կգա իշխանության, միայն թե իշխանության եկողը հրովարտակներով, հայտարարություններով չզբաղվի, այլ ծառայի իր հայրենիքին: Ես կցանկանայի, որ իմ հայրենիքի ապագա նախագահը լիներ մայր հայրենիքում ծնված, հայեցի դաստիարակություն ստացած, զտարյուն հայկական ընտանիք ունեցող մի անձնավորություն, որը կհասկանար մեր հողի մարդուն, մեր քաղաքացուն և մեր ազգային մտածողությանը հավատարիմ կլիներ:

-Լ. Տեր Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն ինչպե՞ս ազդեց տիրող քաղաքական  իրականության վրա:

-Մեծ չափով ազդեց: Նա պատահական մարդ չէ, նա ՀՀ-ի հիմնադիներից մեկն է` առաջին նախագահը, այն մարդը, որը երբեք չի ունեցել  կրավորական կեցվածք, մտավորական է, հայ մտածող: Եվ ինչպիսի գնահատական էլ տանք նրա անցյալին, այդ ժամանակահատվածը ընդգրկում է իր մեջ պատերազմական իրավիճակ, և նրանք, ովքեր հիմա Լ. Տեր-Պետրոսյանին վիրավորում են մութ ու ցուրտ տարիների համար, պետք է հասկանան, որ պատերազմող երկիրը լուսավոր կյանք չի կարող վայելել: Այսօր Լ. Տեր-Պետրոսյանի իշխանության գալը զարմանալի չի լինի, ընտրվելը` նույնպես: Ես նրա ընտրվելը նույնքան հավանական եմ համարում, որքան մեր վարչապետի ընտրվելը:

-Վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ  Լ. Տեր-Պետրոսյանը այսպիսի արտահայտւթյուն արեց` Եթե մենք ապրել ենք ստալինիզմի, հիտլերիզմի շրջան, ապա այսօր ապրում են ռոբերտասերժիզմի շրջան: Ինչպե՞ս եք վերաբերում նրա այս խոսքին և արդյո՞ք այդ դեպքում լևոնիզմի շրջան չենք ապրել:

-Չեմ կարող նրա փոխարեն պատասխանել, բայց գիտեմ մի բան: Երբ Լ. Տեր Պետրոսյանը հրաժարական տվեց, և եկան նոր ուժեր, Ռուսաստանի նախագահ Ելցինը ասաց` Հայաստանում իշխանության են եկել կոշտ ուժեր: Սա նշանակում է, որ Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականը պարտադրված էր, բնականաբար այդ վիրավորանքի արտահայտությունն է Լ.Տեր-Պետրոսյանի խոսքը:

-Ի՞նչ եք կարծում երկրորդ փուլ կլինի՞, թե մեկ փուլով կավարտվեն նախագահական ընտրությունները:

-Անպայման երկրորդ  փուլ կլինի: Այդ դեպքում առաջին նախագահը երկրորդ փուլ կանցնի  միանշանակ և երկրորդ փուլի ժամանակ այն մարդիկ, ովքեր չարախոսում են նրան, կարող է միանան նրան: Ընտրությունները կընթանան համեմատաբար տանելի, համեմատաբար արդար:

-Հետաքրքիր է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին է այսօր կանգնած Ստեփան Դեմիրճյանը: Մինչդեռ եթե հիշենք, 1998թ. Կարեն Դեմիրճյանը հայտարարում էր, որ գալով իշխանության` նա պետք է երկրիը հանի փոսից: Ըստ էության` դա այն փոսն էր, որը առաջացել էր Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում: Ստեփան Դեմիրճյանի համար նրա կողքին լինելը միջո՞ց է, արդյո՞ք նրանք գաղափարական համատեղելիություն ունեն:

-Բոլորովին համատեղելի չեն, նույնիսկ անհամատեղելի են,  թե՛ Արամ Սարգսյանի, թե՛ Ստեփան Դեմիրճյանի` Լ. Տեր-Պետրոսյանի թիկունքին կանգնելը: Միջոցների համատեղման խնդիր կա: Այս դեպքում ոչ թե նպատակը արդարացնում է միջոցը, այլ միջոցների համատեղումը կատարվում է բոլորովին այլ նկատառումներով: Այս երկուսի մեջ խոսում է արդարությունը վերականգնելը վրեժխնդրության ճանապարհով: Լ. Տեր-Պետրոսյանը վրեժխնդրություն չունի:

-Ընտրվելու դեպքում Լ. Տեր-Պետրոսյանն ինչպե՞ս է աշխատելու հանրապետական խորհրդարանի հետ:

-Համոզված եմ, որ նրան խորհրդարանում կսատարեն այն ուժերը, որոնք այսօր ընդդիմադիր ճակատ են համարվում, իսկ այն հանրապետականները, այն քստմնելի տիպերը, որոնք  լպրծուն լեզուներով լիզում են այսօրվա վարչապետի կոշիկները, վաղը նույնը կանեն Լ Տեր-Պետրոսյանի նկատմամբ:

-Ղարաբաղյան հարցի կարգավորումը քննարկում են և իրենց լուծումներն առաջարկում գրեթե բոլոր թեկնածուները, ո՞ր տարբերակն է Ձեզ  համար ընդունելի:

-Ես  և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Լ. Տեր-Պետրոսյանի տարբերակն էլ մերժում եմ: Բայց համոզված եմ մի բանում` շուտով կառաջարկվի մի հարց, դա կլինի փետրվարի 5-10-ն ընկած ժամանակահատվածում` գրավյալ տարածքներից ո՞վ է զիջում: Դա առաջարկվելու է մեր պետության ապագա նախագահին: Առաջարկելու են գերտերությունների ներկայացուցիչները: Մերժել առաջարկը` պատերազմի գնալ, հնարավոր չէ: Եթե չմերժել, որքանով տալ: Եթե տալու ենք մաս-մաս, դա Լ. Տեր-Պետրոսյանի փուլ առ փուլն է, եթե մենք փաթեթ առ փաթեթ տանք, ուրեմն զիջելու ենք ամեն ինչ: Թուրքիան, Ադրբեջանը ունեն գայլի բնավորություն: Գայլի ժանիքը, երբ արյունոտվում է, նա գնում է մինչև վերջ: Այս դեպքում ինչպե՞ս անել, որ խնդիրը լուծի դիվանագիտությունը…

                                                                                                       Հարցազրույցը` Ս.Թ.



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...