20:34
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Առանց մարզերի զարգացման հնարավոր չէ ունենալ զարգացած երկիր

2013-02-23 10:47

«Դե Ֆակտո» 36 (2009թ.)

1.  Մինչև մարզպետ լինելը որտեղի՞ց է  սկսվում Ձեր աշխատանքային կենսագրությունը:

Ես մասնագիտությամբ  ճարտարապետ եմ  և բուհն ավարտելուց անմիջապես հետո  հայրենի քաղաքում՝  Իջևանում, աշխատանքի եմ անցել իմ մասնագիտությամբ. նախ` շրջանային  խորհրդի գործկոմում` որպես ճարտարապետական խմբի ղեկավար, ապա` Իջևանի շրջանի գլխավոր ճարտարապետ: Այդ տարիներին իմ նախագծերով Իջևանում կառուցվել են մի շարք շինություններ: Երկու տարի աշխատել եմ  որպես ՀԿԿ Իջևանի կենտկոմի շինարարության և արդյունաբերության բաժնի վարիչ, իսկ 1990-1996 թվականներին  եղել եմ Իջևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ: 1996 թվականին ընտրվել եմ Իջևանի քաղաքապետ, որտեղ աշխատել եմ մինչև ՀՀ Տավուշի մարզպետ նշանակվելը:

2. Որքանո՞վ են փոխվել մարզի խնդիրներն այս ժամանակահատվածում, ինչպիսի՞ն էին դրանք տասը տարի առաջ և այսօր:

 - Երբ  ստանձնեցի  ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնը, կարծես թե նոր էր սկսվում մարզի տնտեսության կայացումը: Իհարկե, մինչ այդ լուծվել էին մի շարք խնդիրներ` կադրային քաղաքականության  և մարզային կառույցների ձևավորման գործում, իսկ ինչ վերաբերում էր տնտեսությանը, ապա հիմնականում  լուծված էին տեղային խնդիրներ, արվել էին հիմնախնդիրների ուսումնասիրություններ: Իմ աշխատանքի տարիները ես կուզեի բաժանել երեք ժամանակահատվածի: Առաջին խնդիրը, որ ես  էի դրել իմ առջև, տնտեսության տարբեր բնագավառների իրական պատկերի վեր հանումն էր, այսպես ասած, հիմնախնդիրների գույքագրումն իրենց ֆիզիկական ծավալներով և ֆինանսական  արտահայտություններով: Որպես ձեռքբերում կարևորում եմ այն փաստը, որ  առանցքային հիմնախնդիրները, որոնք գոյություն ունեին 10 տարի առաջ, այսօր  արդեն հիմնականում կարելի է լուծված համարել:

Ժամանակահատվածի երկրորդ փուլը  մարզային զարգացման ծրագրերի մշակման  ու  դրանց իրականացման ընթացքն  էր: Հիշում եմ 2000թ-ին ՀՀ կառավարության համապատասխան  որոշմամբ հաստատված մարզային զարգացման առաջին ծրագիրը, որը բաղկացած էր  70 միջոցառումներից և որոնց մեծ մասը իրագործվեցին 2000-2003թթ.:

2003թ-ից  Մեծ  Բրիտանիայի Միացյալ Թագավորության օժանդակությամբ  ձեռնամուխ եղանք  մարզային զարգացման նոր ծրագրի մշակման աշխատանքներին: Այն իրականացվեց  2005-2007թթ.: Այս  երկու ծրագրերն  էլ  նպատակ ունեին կառուցել և զարգացնել տնտեսության  ողնաշարը հանդիսացող մարզային ենթակառուցվածքները, որը պետք է  հիմք  հանդիսանար հաջորդ տարիներին տնտեսական աճի ապահովման, աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև հեռանկարային ծրագրերի մշակման և իրականացման համար: Եվ երրորդ փուլը  2008թ-ից հետո ընկած  ժամանակահատվածն է: Այս շրջանում սոցիալական խնդիրների լուծմանը զուգահեռ կարևորում ենք ՓՄՁ զարգացումը, տարբեր բիզնես-ծրագրերի քննարկումը և դրանք կյանքի կոչելը: Այստեղ մենք շատ ենք կարևորում պետություն-մասնավոր  հարաբերությունները, փորձում ենք անել քայլեր, որոնք կարող են ավելի գրավիչ դարձնել մարզի բիզնես միջավայրը: Կարծում եմ, որ մեր ապագա հաղթանակների  երաշխիքը  պետության, մասնավորի և քաղաքացիական ակտիվ խմբերի համագործակցության մեջ է:

       3. Մայրաքաղաքից դուրս կյանքն ակտիվացնոլու և մարզերից Երևան մարդկանց  հոսքը նվազեցնելու միտումով կառավարության ծրագրերում լուրջ տեղ է զբաղեցնում մարզերի դինամիկ զարգացումը: Որքանո՞վ եք ռեալ համարում այդ ուղղությամբ կառավարության կատարած քայլերը:

 - Իսկապես, ՀՀ կառավարության գործունեության անկյունաքարերից մեկը մարզերի համաչափ զարգացումն է, թեև բոլորովին այն կարծիքին չեմ, որ դրա նպատակը միայն մարզերից դեպի մայրաքաղաք մարդկանց հոսքը նվազեցնելու միտումն է: Առանց մարզերի զարգացման հնարավոր չէ ունենալ զարգացած երկիր, իսկ մարդկանց հոսքը նվազեցենելու խնդիրն արդեն կլինի դրա բնականոն շարունակությունը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզից դեպի մայրաքաղաք, կամ գյուղերից դեպի մարզկենտրոն մարդկանց հոսքն հիմնականում  պայմանավորված է աշխատանքի հանգամանքով:  Եվ հիմնական հոսքը  կրում է ժամանակավոր բնույթ: Քանի որ մեր ճանապարհային ցանցը բավականին բարելավվել է, այդ պատճառով էլ շատերը  չեն խուսափում նույնիսկ օրվա մեջ տեղից տեղ գնալ-գալուց: Սա շատ բնական է. ամբողջ աշխարհում մարդիկ 150-200 կմ ճանապարհ են հատում իրենց հարմարավետ  աշխատավայրն  ունենալու համար:

  Իսկ ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա շեշտեմ, որ ես  այդ  քայլերը ռեալ չհամարելու որևէ հիմք չունեմ: Ավելին, ես որպես տարածքային կառավարման մարմնի ղեկավար, որպես ՀՀ կառավարության մասը կազմող գերատեսչության ներկայացուցիչ, անմիջականորեն  մասնակցում եմ ձեռնարկվող բոլոր քայլերի ծրագրմանն ու իրականացմանը: Ի վերջո, ի՞նչ է նշանակում մարզերի համաչափ զարգացում, կարծում եմ համամիտ եք, որ դա  առաջին հերթին այդ տարածքներին բնորոշ տնտեսության որոշակի ուղղությունների, կառավարության ծրագրերում նախանշված որոշ քաղաքների նպատակային զարգացումն է, ինչը կբերի նաև հարակից բնակավայրերի  և վերջապես ամբողջ մարզի զարգացմանը: Այսօր Տավուշի մարզում արդեն իսկ կան կոնկրետ օրինակներ, որոնք հենց համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունք են: Ինչպես գիտեք, կառավարությունը Դիլիջանի նկատմամբ  առանձնահատուկ մոտեցում ունի. նպատակ կա այն դարձնել  ֆինանսական կենտրոն: ՀՀ նախագահը դեռևս հանրապետության վարչապետ եղած ժամանակ այդ խնդիրն առաջ քաշեց, և ես շատ ուրախ եմ, որ մեր կառավարությունը, հատկապես վարչապետն իր անմիջապական հսկողության տակ է առել ծրագրի իրագործումը: Ապագայում, առհասարակ, հանրապետությունը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարն է շրջանառության մեջ դրված, և  դա բավականին լուրջ ծրագիր է, իսկ ես գտնում եմ որ Դիլիջանը` որպես բանկային կենտրոն, այդ ծրագրի իրականացման պատասխանատվությունն իր վրա կվերցնի: Կենտրոնական բանկը լուրջ համալիր է կառուցում:  Համոզված եմ, որ այս գաղափարը խթան կհանդիսանա խոշոր ներդրողների նոր հետաքրքրությունների, ծրագրերի համար, կնպաստի մարզի այնպիսի  հեռանկարային ճյուղի զարգացմանը, ինչպիսին տուրիզմն է` մարզի համաչափ զարգացման  հենքը կազմող   կարևորագույն օղակը:

4.Իսկ որո՞նք են լինելու մարզպետի անելիքներն այդ ամենն իրականացնելու համար:

-  Ես արդեն նշեցի, որ մարզպետարանը` որպես տարածքային կառավարման օղակ, իր ուրույն դերն ունի մարզի համաչափ զարգացման ծրագրերն իրականացնելու գործում: Այստեղ ես կարևորում եմ նաև մի հանգամանք,  որ նույնպես մարզպետարանի, մարզպետի հիմնական գործառույթներից է: ՈՒսումնասիրել, վեր հանել  տեղում եղած խնդիրները,  թե մարզի որ շրջանում որ ոլորտը պետք է զարգացնել, որն ավելի հեռանկարային ու արդյունավետ կլինի:  Եվ, իհարկե,  այս ամենը Ճիշտ ու ժամանակին ներկայացնել ՀՀ կառավարություն: Շատ կարևոր է, որ ոչ միայն վերևից առաջադրվեն ինչ-ինչ խնդիրներ, այլև առաջարկները տեղում հնչեն, ներքևից հասունանան: Այստեղ է, որ մարզպետը և մարզպետարանը  մեծ անելիքներ ունեն: 

5.Դեռ Խորհրդային տարիներից Դիլիջան քաղաքն իր ողջ հմայքով, բնակլիմայական    պայմաններով առանձնանում  Է իբրև տուրիզմի գոտի: Ակնհայտ է, որ այսօր   կառավարությունը  լուրջ ջանքեր է ներդնում երբեմնի ակտիվությունը վերականգնելու, անգամ բազմապատկելու ուղղությամբ: Ի՞նչ ժամկետներ և ինչպիսի՞ քայլեր են նախանշվում այդ ամենն իրականություն դարձնելու համար:

  -Իսկապես, մարզն իր բնակլիմայական պայմաններով, բնության անձեռակերտ վայրերով ու պատմամշակութային հուշարձաններով  հրաշալի միջավայր է զբոսաշրջության զարգացման համար: Եվ ուրախությամբ ուզում եմ ասել, որ արդեն ունենք   ձևավորված մի շարք ավանդույթներ այդ առումով: Զբոսաշրջությունը մեզ համար նույնպես գերակա ուղղություն է և տարիներ շարունակ մենք աշխատում ենք ոլորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, ներդրողներին տարածաշրջան բերելու, տուրիզմով զբաղվող կազմակերպությունների աշխատանքը խթանող պայմանների ստեղծման ուղղությամբ: Արդյունքներն, իհարկե, ակնհայտ են: Մեզ մոտ հանգստացողների թիվը տարեցտարի ավելանում է: 2008-ին նույնպես նախորդ տարվա համեմտությամբ զբոսաշրջիկների թիվն ավելացել է 5000-ով:  Տավուշի մարզում զարգացում են ապրում զբոսաշրջության ոչ ավանդական ճյուղերը` ընտանեկան տուրիզմը, էկոտուրիզմը: Իջևանի և Դիլիջանի տարածաշրջաններում տասնյակ ընտանիքներ զբաղված են այս ոլորտում ինչ-ինչ անելիքներով: Նրանց կողքին, հատկապես Դիլիջանում իրենց գործունեությունն են ծավալում խոշոր հանգստյան տներն ու առողջարանները:  Ի դեպ տարեցտարի մարզում  ավելանում է  կառուցվող կամ նորովի վերակառուցվող  առողջարանների ու հյուրանոցների  թիվը, որոնք ունեն սպասարկման բարձր չափանիշներ: Ինձ ոգևորում է  այն, որ ներկայումս  Դիլիջանը արդեն կարող է  միանգամից ընդունել 1000-ից ավելի խստապահանջ զբոսաշրջիկների:

  Ոլորտում արված աշխատանքը մեծ է, բայց անելիքներն ավելի շատ են,  ակնկալիքներն`  էլ ավելի մեծ, որպեսզի Տավուշի մարզը կարողանա պատշաճ տեղ զբաղեցնել հանրապետության զբոսաշրջության ոլորտում:     

6. Մայրաքաղաքի բնակչությունը, չնայած իշխանության գոտեպնդող  հայտարարություններին, այդուհանդերձ իր մաշկի վրա արդեն իսկ զգում է տնտեսական ճգնաժամի հետևանքները, իսկ Ձեր մարզի բնակչությու՞նը, որն առանց այդ էլ ուներ զբաղվածության լուրջ խնդիր:

 - Տնտեսական ճգնաժամը, ուզենք թե չուզենք, ունենալու է իր ազդեցությունը մեր տնտեսության վրա: Հարցը  ես փոքր-ինչ այլ կերպ կձևակերպեի և կխոսեի հնարավոր ազդեցությունները կանխատեսելու և  հնարավորինս  դրանք կանխելու կամ մեղմելու   մասին:  Պարզ է, որ բոլոր ծրագրերում ճգնաժամն իր, այսպես ասած, ճշգրտումները կմտցնի: Ինչպես գիտեք ՀՀ կառավարությունում գործում է  ճգնաժամին  հակազդող կամ որոշակի միջոցառումների իրականացման շտաբ, որի գործունեության հիմնական նպատակը տնտեսությանը սատարելը, զբաղվածություն ապահովող ճյուղերին ու տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելն է, որպեսզի նրանք հնարավորինս անկորուստ անցնեն այս դժվարին ժամանակահատվածը: Այդ աջակցությունը լինելու է և որոշակի օրենսդրական փոփոխությունների տեսքով, և հնարավոր է լինի  նաև սուբսիդիայի տրամադրման ձևով: Ավելորդ չեմ համարում նշել, որ ՀՀ կառավարության աջակցությամբ այս ուղղությամբ մենք քայլեր ենք կատարում դեռևս անցած աշնանից: Հատկապես ուշադրություն ենք դարձնում բիզնես-ծրագրերի կազմմանը, քննարկմանն ու դրանց իրականացմանը: Այս նպատակով դեռևս 2008-ի դեկտեմբերին մենք ՓՄՁ ԶԱԿ-ի հետ մարզպետարանում ֆորում հրավիրեցինք, որին մասնակցում էին, պետական կառույցների, ամենատարբեր ոլորտների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ֆորումը քննարկեց բիզնես-ծրագրեր առանձին ոլորտներից, և այսօր արդեն այդ ուղղությամբ ունենք ձեռքբերումներ:

Հիշեցնեմ, որ վերջերս ՙԹամարա ֆրութ՚ ընկերությանը ՀՀ կառավարության տրամադրած սուբսիդիայից, փաստորեն, անուղղակի ձևով օգտվելու են նաև  Տավուշի մարզի գյուղացիական տնտեսությունները, քանի որ ՙԹամարա ֆրութը՚ պատրաստվում է այգիներ հիմնել, սառնարաններ  տեղադրել նաև մեր մարզի տարածքում և մթերելու  է մեծ քանակությամբ  հատապտուղներ, մրգեր: 

7.Ապագայի Ձեր ծրագրերը:

- Ծագրերը շատ են: Արդեն ասացի, որ մարզային զարգացման ծրագրերի շնորհիվ մենք ունենք  համակարգված մոտեցում, գիտենք` որոնք են գերակա ուղղությունները  և դրանց լուծման առաջնահերթությունները: Տնտեսության զարգացմանն ուղղված նախաձեռնություններով պիտի հանդես գանք: Փոքր և միջին ձեռներեցության զարգացումը Տավուշի մարզի լավագույն ապագայի ապահովման երաշխիքներից է: Այս ուղղությամբ, համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, տնտեսության տարբեր ոլորտներում ծրագրեր են կազմվել, և առաջիկայում դրանց իրականացման ընթացքը կսկսվի: Պիտի շարունակենք նաև աջակցել գյուղատնտեսությանը՝ աստիճանաբար ապահովելով գյուղացուն անհրաժեշտ ենթակառուցվածքներով, տեխնիկայով: Պետք է  աջակցենք  գյուղացիական  տնտեսվարողներին`  իրենց զբաղմունքը որպես սոցիալական խնդիր համարելու իրավիճակից անցում կատարեն դեպի  եկամտաբեր գործի:  Զարգացման նախագծերը շատ են նաև մյուս ոլորտներում, այնպես որ հիմա քրտնաջան աշխատելու և պետական, մասնավոր, հասարակական հատվածների համագործակցված  աշխատանքի  ժամանակն է:

8.Եվ վերջում, ո՞վ է Արմեն  Ղուլարյանը:

- Մեր իրականության մեջ ընդունված է չէ, որ անձն ինքն իր մասին խոսի, ինքն իրեն ներկայացնի: Սակայն ասեմ, որ սովորական հայ մարդ եմ, ապրում եմ հայկական ընտանիքում ընդուված ավանդույթներով՝ փորձելով  օգտակար լինել ժողովրդիս, հայրենիքիս: Ես մեծացել ու դաստիարակություն եմ ստացել մի ընտանիքում, որտեղ բնազդի  պես գործել է ընտանիքի, ազգի, հայրենիքի անունը բարձր պահելու պահանջը: Կարողանու՞մ ես շարունակել ու զարգացնել քո նախորդի, քեզ ստեղծողի գործը, կարողանու՞մ ես պահել նրա անունը. սրանք հարցեր են, որ ժամանակ առ ժամանակ,   երևի ամեն մարդ ինքն իրեն տալիս է: Եթե կարողացել ես պահել ծնողիդ  ստեղծած անունը և քո հերթին ապահովել այն մեկնարկը, որտեղից արդեն որդիներդ պետք է շարունակեն, նշանակում է հավատարիմ ես մնացել նախնիների ավանդույթին: Ի վերջո բոլորս  ենք այդ նպատակին կոչված:  Յուրաքանչյուր գործի հիմքում  դրված է Սուրբ Երրորդության  հզոր ու պարզ  աստվածային ճշմարտությունը, գնալ առաջ՝  պայքարելով վստահաբար և համոզմունքով:

  Պատրաստեց  Սյուզի Բադոյանը

 

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...