03:01
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
-Ինքնաքննադատությունը մշտապես համարել եմ կյանքում ճիշտ կողմնորոշվելու իմաստուն ուղեցույց

2013-02-11 12:15

«Դե Ֆակտո» 32(2009թ.)

-Ամանորյա տոները  Ձեզ ոգևորո՞ւմ են:

-Այս տոները համարում եմ տարվա սպասված իրադարձություններից մեկը, և բնական է, որ նաև ոգեշնչվում եմ, մտովի վերլուծում եմ անցած տարվա ընթացքում տեղի ունեցած բոլոր իրադարձություններն ու նախանշում նոր տարում իրականացվելիք նախաձեռնություններն ու ծրագրերը: Ամանորի ու Սուրբ ծննդյան տոներն ինձ համար սիրված և ցանկալի են եղել բոլոր ժամանակներում. հատկապես հայերիս մոտ դրանք միշտ պահպանում են իրենց ողջ տոնականությունը:

-Ամանորն հիմնականում նշում եք ավանդաբա՞ր, թե՞ ՙնոր հայերի՚ ոճով`  նախնտրելով էկզոտիկ երկրները:

-Ես կողմնակից եմ Ամանորը սեփական հարկի տակ, հարազատների, մտերիմների ու ընկերների հետ նշելու տարբերակին: Ինչ խոսք, հաճախ այս տոնը նշելու տարբեր ձևաչափեր ևս նախընտրել ենք, բայց խոստովանեմ, որ ամենահետաքրքիրն ու հաճելին Ձեր իսկ նշած ՙավանդականն՚ է: Այդ օրը, ասես, մի յուրահատուկ իմաստ է հաղորդվում մտերմիկ բոլոր հարաբերություններին. կարծում եմ յուրաքանչյուրս էլ  հարմարավետություն ենք զգում հենց այդպիսի միջավայրում:

-Այս օրերին Ձեզ հաջողվո՞ւմ է ներշնչվել տոնական  լույսերով թեկուզ ակնթարթ վերապրել անհոգ մանկությունը: 

-Գիտեք, տոնական վառ ու անկրկնելի լույսերը, Ամանորի հրաշքն` իր ողջ խորհրդավորությամբ ու յուրօրինակ ներդաշնակությամբ մշտապես զուգահեռվում են մանկության հետ: Ճիշտ է, մեր մանկության տարիներին ամանորն այսչափ  գունագեղությամբ չէր նշվում, բայց և այնպես տոնի ցանկալի լինելն ինձ համար երբեք չի պակասել: Այս օրերին  երևի թե շատերս ակամայից վերապրում ենք մանուկ տարիների անհոգությունը, ընդհանրացնում գիտակցական կյանքի ամենատարբեր դրվագներն ու հերթական անգամ վերագնահատում անցած ճանապարհը: Հենց այդ պահին է, որ մարդկային հոգում հյուրընկալվում են բոլոր հաճելի հիշողությունները:

-Իսկ ինչպիսի՞ն են այդ տարիներից մնացած հիշողությունները:

-Այդ տարիներից մնացած հիշողություններն իսկապես անփոխարինելի են. մանկության ու պատանեկության շրջանը մարդկային կենսագրության այն հատվածն է, որտեղից եկող հուշերն իրենց մեջ պարունակում են միայն բարություն, անհոգություն և հաճելի զգացումներ:

-Առաջացող տարիներն ի՞նչ են ավելացրել Ձեր կյանքում:

-Աշխատանքային գործունեությունս արտադրության բնագավառում սկսելուց ու նույն ասպարեզում բավականաչափ փորձառություն ձեռք բերելուց հետո շնորհակալ պետք է լինեմ Ձեր նշած առաջացող տարիներին, որոնք ինձ բավարար հմտություն  հաղորդեցին աշխատելու նաև պետական կառավարման համակարգում, իսկ հետագայում արդեն այդ ամենի համադրման արդյունքում ինձ հաջողվեց նաև մասնակիցը լինել նաև հայրենի պետականության նորօրյա պատմության կերտման գործին:  Բնական է, որ հաջորդող տարիներն իրենց  հետ բերում են  նոր պահանջներ, նոր գաղափարներ, որոնց կիրառման արդյունքում առավել ընդգրկուն են դառնում  իրականության հանդեպ ունեցած պատկերացումներն ու մոտեցումները: Ի դեպ, նույն այդ տարիներին ընտանիքս դարձավ բազմանդամ. արդեն ունեմ վեց թոռնիկ, որոնց շատ եմ սիրում:

-Ի՞նչ դերակատարում ունի ընտանիքը Ձեր կյանքում:

-Մարդու կայացման համար բոլոր առավելագույն դերակատարումները, որոնք կյանքում ճիշտ կողմնորոշվելու, մարդկային բնականոն հարաբերություններ ձևավորելու հարցում բավարար հնարավորություններ են ընձեռում, ձևավորվում են ընտանիքում: Ընտանիքն առօրյա հոգսերից ու աշխատանքային խնդիրներից զատող և ցանկալի ջերմություն պարգևող մի վայր է, որտեղ գտնում ես այն ամենը, ինչը միայն կարելի է գտնել բացառապես ընտանեկան հարկի ներքո: Հատկապես առավել հաճելի է, երբ երջանկությամբ  վայելում ես զավակներիդ ու թոռնիկներիդ ժպտադեմ հայացքների բերկրանքը:

-Շատ պաշտոնյաներ այս տարիներին փոխեցին իրենց ապրելու վայրը`  հիմնականում տեղափոխվելով մայրաքաղաք, ինչը չենք կարող ասել Ձեր պարագայում. ինչո՞ւ:

-Ես այսօր էլ շարունակում եմ ապրել Չարենցավանի բարձրահարկ շենքերից մեկում, որտեղ և բնակվում եմ մեր ընտանիքի ձևավորման առաջին իսկ օրից: Այդ կացարանն ինձ համար թանկ է այնքանով, որքանով թանկ են ինձ համար նրա պատերի ներսում ամփոփվող բոլոր բարի հիշողությունները, իսկ դրանցից հրաժարվել չեմ պատրաստվում նաև այսօր:

-Ինքնաքննադատության հաճա՞խ եք Ձեզ արժանացնում:

-Այդ երևույթը մշտապես համարել եմ կյանքում ճիշտ կողմնորոշվելու իմաստուն ուղեցույց, սակայն չեմ ընդունում սեփական արարքներն  ինքնաքննադատության արժանացնելը: Պարզապես գտնում եմ, որ դա ըստ էության վերլուծական մի կարևոր աշխատանք է, որ նվազեցնում է սխալվելու հավանականությունը, մեծացնում` տարբեր իրավիճակներին համարժեք գնահատականներ տալու հնարավորությունը:

-Իսկ ինչ-որ բան փոխվո՞ւմ է դրանից հետո Ձեր կամ միջավայրի համար:

-Այդ ամենի արդյունքում, ինչ խոսք, անհրաժեշտ դիտարկումներ են անում միջավայրի, մարդկանց հետ ունեցած փոխհարաբերություններում ու ըստ այդմ նոր իմաստ են ստանում փոխհարաբերությունները:

-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր անձի հետ կապված ամենատարբեր քննադատություններին:

-Շատ դրական եմ ընդունում կառուցողական քննադատությունը, բայց երբ այն մտացածին վերածվում է անհիմն ու ստահոդ լուրերի շրջանառության` ուղղակի դրանց աշխատում եմ հումորով վերաբերվել, ավելին` հաճախ դասում եմ կյանքիս զավեշտալի դիպվածների շարքին:

-Դառնանք Ձեր գործչի կերպարին. Ձեր կարիերան ձևավորվել է Խորհրդային միության տարիներին և ապա շարունակություն գտել նորանկախ հանրապետության կայացման շրջանում. կրելով Խոհրդային կարգերի կարծրատիպերը` դժվա՞ր չէր հաղթահարել անցումային փուլի դժվարությունները:

-Մեր զրույցի սկզբում ես նշեցի, որ արտադրության ոլորտում կոփված անձնավորությունն իր տեսակով և մտածելակերպով հանդերձ մշտապես ունենում է տարբեր իրավիճակներում համապատասխան մոտեցումներ դրսևորելու հատկանիշներ, որոնք ձեռք են բերվել ամենատարբեր մարդկանց հետ աշխատանքային և անձնական շփումների արդյունքում: կարծում եմ` այդ է պատճառը, որ անցումը եղավ շատ սահուն և չուղեկցվեց որևէ խոչընդոտող գործոնով. հատկապես, որ խորհրդային տարիների իմ աշխարհընկալման մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում տնտեսության շուկայական հարաբերությունները:

-Ի վերջո նախկին կարգերի սերմանած հիմքերը նպաստավո՞ր էին ,թե՞ խանգարող անցումային շրջանում կայանալու համար:

-Բոլոր հասարակարգերն ու բոլոր ժամանակները ենթադրում են իրենց խաղի կանոններն ու մոտեցումները, որոնց կիրառման համար պահանջվում է բավարար փորձառություն և կայացման ճանապարհը բնականոն հարթելու համար փորձառություն կոչվածը դառնում է գերակա ուղղություն:

-Եթե կարողանայիք, հատկապես ի՞նչը կվերցնեիք անցյալից և կփոխեիք ներկայի ՙարժեքներից՚  ինչ որ բանի հետ:

-Միակուսակցականությունը և սոցիալիստական համակարգը, իրենց թերություններով հանդերձ, ունեին նաև առավելություններ. այնպես որ, ցանկացած խելացի մարդ այդ ժամանակաշրջանից կվերցներ ու դեպի ներկայիս իրականություն կտեղափոխեր այն ամենը, ինչը կտեղավորվեր շուկայական հարաբերությունների համատեքստում: Խոշոր հաշվով  հնարավորության դեպքում անցյալն ու ներկան արդյունավետ կերպով կհամադրեի միմյանց, որպեսզի հնարավոր լիներ դրական արժեքներից շատերը կիրառել նույն հարթության վրա ու այդ ամենը դարձնել մի ցանկալի ամբողջություն:

-Կարծում եք` Ձեր փորձառությունն ու գործնական մեծ ներուժը վկան են Ձեր անցած հատկապես հին ՙշկոլայի՚, թե՞ նոր կառուցողական քաղաքականության:

-Կենսագրությունը տարբեր ժամանակաշրջանների ընդհանրությունն է, որ մեկ միասնական միավոր է իր տարբեր դրվագներով ու թերևս այդ իմաստով է, որ ներկայանում է հանրությանը. Ձեր նշած երկու փուլերում էլ միախառնված են սեփական գործունեությանս հաջողություններն ու ներուժը:

-Հանրապետության նախագահն իր ուղերձում անրադառնալով երկրի զարգացման առանցքային խնդիրներին հայտարարեց, որ մեր երկրի կայացման գործում մարզերի զարգացումը պետք է համարվի գերակա ուղղություն:

-ՀՀ նախագահ պարոն Սարգսյանի կողմից հնչած ուղերձը յուրաքանչյուրս պետք է դարձնենք մեր առօրյա աշխատանքի կարևորագույն կողմնորոշիչ.այն իրենում ներառում էր ժամանակի հրամայականով ներկայիս աշխարհաքաղաքականությանն համահունչ գործելու անհրաժեշտ ուղեցույց:

-Որքանո՞վ է Ձեզ հաջողվում Ձեր ղեկավարած մարզում իրականացնել այդ ամենը: Արդյունքները նշել առարկայական:

-Բնականաբար, արդեն իսկ մենք մշակել ենք այդ ամենի կիրառման համար պահանջվող բոլոր մոտեցումները. մարզային գործընթացները կազմակերպելու հարցում առաջնորդվում ենք ՀՀ Նախագահի ու Կառավարության կողմից ներկայացված ծրագրային դրույթների գերակայություններով: Մեզ հաջողվում է բարեփոխումների ենթարկել հասարակական կյանքի տարբեր բնագավառները, լուրջ շտկումներ իրականացնել բնակչության արդարացի դժգոհությունն առաջացնող ոլորտներում: Առանցքային աշխատանք է կատարվում հասարակության մեջ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտն արմատապես դեպի դրական միտումներն ուղղորդելու հարցում: Նոր բաղադրիչներ են կիրառվում համայնքային ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ` միաժամանակ քաղաքային և գյուղական համայնքներում ընթացք տալով այնպիսի չարչրկված հիմնախնդիրների, որոնք լուծման կարոտ են մնացել նույնիսկ խորհրդային տարիներին` ջրամատակարարում, ոռոգման համակարգեր, գազամատակարարում, դպրոցաշինություն, մշակութային օջախների վերանորոգում ու վերակառուցում և այլն:

-Արդեն ութ տարի է, ինչ ղեկավարում եք Կոտայքի մարզը . ի՞նչ հիմնական գործընթացներ եք իրականացրել մարզի սոցիալ-տնտեսական բնականոն զարգացումն ապահովելու համար:

-Այս ութ տարիների ընթացքում հաջողվել է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք իրենց տեսակով ու կարևորությամբ հնարավորինս նպաստել են մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու դրական ազդեցություն ունեցել ազգաբնակչության կենսապայմանների բարելավման հարցում: Եթե առանձնացնելու լինեմ նրանցից մի քանիսը, ապա միանշանակ կարելի է մեջբերել այն հանգամանքը, որ ժողովրդավարական արժեքների շարունակական արմատացման արդյունքում մենք կարողացանք մարզի համայնքներում  ապահովել տեղական ինքնակառավարման համակարգի կայացումն ու համայնքային տարբեր ենթակառուցվածքների անընդհատ զարգացումը: Այս ժամանակահատվածում մենք լիարժեքորեն ապահովեցինք ՀՀ Կառավարության կողմից որդեգրված դպրոցաշինության քաղաքականության արդյունավետ իրականացումը Կոտայքի մարզում: Լուրջ ձեռքբերումներ ունեցանք առողջապահության համակարգի արդիականացման ասպարեզում. հարկ եմ համարում նշել, որ մոտ ապագայում մարզկենտրոն Հրազդանում կունենանք ժամանակակից հնարավորություններով հագեցած բժշկական կենտրոն` իր բոլոր հարմարություններով: Շարունակաբար զարգացում է ապրում մարզի տնտեսական միջավայրը, տեղական ընկերությունների արտադրատեսակները մրցունակ են ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Սակայն դեռևս շատ են նաև անելիքներն ու նորանոր ծրագրերը, որոնց իրագործման արդյունքում առաջիկայում կունենանք նշանակալի այլ ձեռքբերումներ ևս:

-Մարզի հոգևոր-մշակութային առօրյան հագեցնելու նպատակով ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

-Նախապես ծրագրված ու ներկայանալի կերպով իրականացվող ձեռնարկներին զուգահեռ, վերջին շրջանում մարզում նոր որակ է հաղորդվել հոգևոր-մշակութային մնայուն արժեքների կերտմանը.  լուրջ միտումներ են նկատվում ինչպես եկեղեցաշինության, այնպես էլ ճարտարապետական նորագույն լուծումներ ունեցող հուշարձանների և կոթողների շինարարությանը: Միայն մի քանի օրինակների տեսքով կարելի է նշել, որ մարզկենտրոն  Հրազդանի Սահմանադրության  հրապարակում արդեն իսկ վեր է խոյացել և  այս տարի լիարժեքորեն շահագործման կհանձնվի ՙԽաչե մատուռ իմ Հայաստան՚ հուշարձանը, որին հարող ողջ տարածքը բարեկարգվելուց հետո կունենա ՙԲարության պուրակ՚ անվանումն ու լիահույս եմ, որ կդառնա բոլոր այցելուների համար ամենասիրված ու ցանկալի վայրերից մեկը: Մարզի շուրջ 4-5 համայնքներում արդեն ունենք, իսկ Աբովյանում և Նոր Գեղիում առաջիկայում կունենանք նորակառույց եկեղեցիներ: Մարզն արդեն իսկ ունի մշակութային ձևավորված ավանդույթներ, որոնք սիրով են ընդունվում նաև հանրության շրջանում:

-Լինելով զբոսաշրջային գոտիներով հագեցած մարզ` ի՞նչ քայլեր են կատարվում այս ասպարեզի զարգացման ուղղությամբ:

-Համապատասխանաբար նորացվում և զբոսաշրջության դասական մոտեցումներին են համապատասխանեցվում ամենատարբեր ենթակառուցվածքները, դեպի հանգստյան գոտիներ տանող ճանապարհներն ու ապահովում են այն ողջ հարմարավետությունները, որոնք պարտադիր են բավարար հանգստի կազմակերպման համար: Կարևոր է ընդգծել, որ Ծաղկաձորում կառուցվեց 4 կմ երկարություն ունեցող ճոպանուղին, ինչպես այստեղ, այնպես էլ Աղվերանի ու Հանքավանի հանգստյան գոտիներում կառուցվեցին ժամանակի պահանջներին համապատասխանող հանգստյան տներ և հյուրանոցային համալիրներ: Գառնիում վերանորոգվեց տաճարի տարածքն ու պարիսպը, տեղում զբոսաշրջությունը խթանելու նպատակով տեղադրվեցին նաև եռալեզու ուղեցույցներ: Վստահաբար կարող ենք փաստել, որ այս ասպարեզում իրականացվում են համակողմանի գործընթացներ, որոնք հնարավորություն կընձեռեն մարզում մրցունակ զբոսաշրջություն ունենալու համար և յուրաքանչյուր զբոսաշրջիկ  կհեռանա միայն գոհունակության զգացումով և վերադարձի սպասումով:

-Մարդկանց հետ շփումներում ինչպիսի՞ փոխհարաբերություններ եք նախընտրում:

-Միայն բնականոն փոխհարաբերություններ, որոնք իրենց մեջ ներառում են բարություն, պարզություն և ազնվություն: Իմ կողմից այդպիսի սկզբունքներ են կիրառվում ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական շփումներում. և սովորաբար մարդկանց համար ստեղծում եմ ազատ արտահայտվելու և գործելու հնարավորություն:

-Ձեր որդին` Հակոբ Շահգալդյանը ,ղեկավարում է Կոտայքի մարզի  Չարենցավան քաղաքը: Այդ առումով`  իբրև հայր,  գո՞հ եք, որ Ձեր որդին քաղաքապետ է, թե՞ որպես մարզպետ`  ապահովության զգացում ունեք, որ հենց Ձեր որդու ձեռքերով է կերտվում քաղաքի ներկան:

-Այս հարցին իմ կողմից տրվող ցանկացած պատասխան կարող է ընկալվել որպես ինքնագովեստ, իհարկե անհերքելի է, որ/ այդ մասին կվկայեն բոլորը, ու ես դա հպարտությամբ եմ  նշում/. որդիս Չարենցավան համայնքի ազգաբնակչության կողմից իսկապես ընդունված քաղաքապետ է, և նրա կատարած աշխատանքներն արժանանում են տեղացիների գնահատանքին:

-Գործնականում որոշակի դերակատարում ունե՞ք Հակոբի ծրագրերի իրականացման գործում:

-Միայն այն մասով, որ Հակոբն իր ցանկությամբ որոշ ծրագրեր ներկայացնում է մեր համատեղ քննարկմանը. մնացած բոլոր դեպքերում Չարենցավանի քաղաքապետն ինքնուրույն է իր կայացրած որոշումներում և ձեռնարկվող բոլոր գործողություններում: Իմ տեսանկյունից դա չափազանց գովելի է, և ես այն կարծիքին եմ, որ անկաշկանդ գործելաոճը նվազեցնում է սխալվելու հավանականությունը:

-Իսկ Հակոբի համար հոր դիրքն իրականում պաշտոնական երաշխի՞ք է, թե՞ ավելորդ լարվածության ու զգոնության պատճառ:

-Դա միայն պարտավորեցնող է և ավելացնում է պատասխանատվության բաժինը:

-Ամիսներ առաջ որոշ գործարանների փակվելու արդյունքում Կոտայքի բնակչության մի զգալի մասն համալրեց գործազուրկների բանակը. ի՞նչ պլաններ կան 2009թ. մարզի սոցիալական բեռը թեթևացնելու ուղղությամբ:

-Լինելով երբեմնի արդյունաբերական հսկաներով հագեցած մարզ` Կոտայքում մշտապես առկա է այս հիմնախնդիրն ու պարբերաբար իրականացվել են համապատասխան ծրագրեր ստեղծված իրավիճակը մեղմելու ուղղությամբ: 2009 թվականը ևս բացառություն չի լինելու և այս առումով ՀՀ Կառավարության կողմից վարվող համապատասխան քաղաքականությունն իր արտահայտությունը կգտնի  նաև Կոտայքի մարզում,առաջիկայում  կմշակվեն անհրաժեշտ միջոցառումներ` հնարավոր ուղիների որոնման նպատակով:

-Համաշխարհային հանրության առջև ծառացած է տնտեսական ճգնաժամ, որն անընդհատ ընդլայնում է իր ծավալները. ի՞նչ դիտարկումներ ունեք այս երևույթի հետ կապված և ըստ Ձեզ` որքանո՞վ այն կազդի մեր երկրի տնտեսության վրա:

-Տնտեսական ճգնաժամն ինքնին բարդ  երևույթ է և լուրջ բացասական հետևանքներ է ունենում խոշոր բիզնեսի, հատկապես հումքային արդյունաբերության վրա, որն էլ անդրադառնում  է նաև բնակչության կենսապայմաններին: Վերլուծելով այս իրավիճակն  ու վերջինիս հնարավոր հետևանքները` առավել քան կարևորվում եմ մեր երկրի կառավարության կողմից մշակած քաղաքականությունը, որը միտված է հնարավորինս կանխելու մեր երկրում տնտեսական ճգնաժամի  դրսևորումները: Հաջորդ հուսադրող հանգամանքն էլ կարելի է համարել այն իրողությունը, որ մեր տնտեսությունն ու բանկային համակարգն իրենց տարբեր բաղադրիչներով հանդերձ ամբողջությամբ ինտեգրված չեն միջազգային տնտեսական շուկային, մեր երկրի բիզնեսում շրջանառվող կապիտալը մեծապես կախված չէ տարբեր վարկային ծրագրերից, այլ հիմնականում ձևավորվում է համապատասխան տնտեսվարողների սեփական միջոցների հաշվին: Եվ կարելի է ենթադրել, որ  մեր հանրապետությունը ուղղակիորեն չի կրի ճգնաժամի մեծածավալ ազդեցությունը:

-Ըստ Ձեզ, ո՞րն է տնտեսության զարգացման գլխավոր նախապայմանը:

-Քանի որ մեր երկրում ձևավորվել  է տնտեսության շուկայական հարաբերությունների մոդելը, ապա գլխավոր նախապայմանը ազատ մրցակցային դաշտ ապահովելն է: Իհարկե, կան այլ բաղադրիչներ ևս. միջին և խոշոր ներդրումների համար հարկային արտոնություններ սահմանելը, հայրենական արտադրողի համար նպաստավոր պայմաններ ստեղծելը: Ի դեպ, ռազմավարության այս ուղիով են  ընթացել զարգացած երկրներն ու նոր զարգացողներից շատերը, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Կորեան և այլն:  Այս ամենից զատ զարգացման գործում նշանակալի ազդեցություն կարող է ունենալ ,ինչու չէ,նաև հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի և ժողովրդի մտածողության արմատական վերափոխումը սկզբունքների: Հայերս կրթված ժողովուրդ ենք, բայց լավ ապրելու համար դեռևս բավարար գիտելիքներ չունենք:

-Վերլուծելով անցած տարվա իրադարձությունները` 2009 թ. ինչպիսի՞ն եք կանխատեսում մեր հանրապետության համար:

-Նախորդ տարին իր բոլոր իրադարձություններով հանդերձ հուշում է, որ այս տարում մեր հանրապետությունն ընթանալու է կայուն զարգացման բնականոն ճանապարհով և ձևավորված են բոլոր նախադրյալները ցանկալի առաջընթաց ունենալու համար:

-Ի՞նչ կմաղթեք մեր հայրենակիցներին տարեմուտի առթիվ:

-Կցանկանայի, որ  2009 թվականը լինի առաջընթացի, բոլոր նպատակների և ցանկությունների իրականացման արգասաբեր տարի` նպաստելով մեր հայրենիքի առավել զարգացմանն ու ժողովրդի բարօրությանը: Անհրաժեշտ է նոր տարվա մեկնարկին զուգահեռ հերթական անգամ վերահաստատենք հավատարմորեն ուժերը մեկտեղելու մեր պատրաստակամությունը` հանուն հայրենի պետականության զորացման. մաղթում եմ` եկող տարում հաջողությունների լույսով ողողվեն ազգանպաստ ու ազգանվեր  բոլոր ծրագրերն ու  նախաձեռնությունները: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ`   ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆԻ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...