11:51
02/19/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գոշ Սարգսյան

2013-02-04 18:58

Հարկավոր է տեսնել գեղեցկությունը կյանքում և քեզ այդ գեղեցկության մեջ՚

Գոշ Սարգսյան

«Դե Ֆակտո» N80

Ծնվել է 1983թ. հունվարի 1-ին, ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը, ավարտել է նույն ֆակուլտետի պետական ասպիրանտուրան, ստացել է  մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան, շուրջ վեց տարի դասավանդում է նույն բուհի կուլտուրայի ֆակուլտետում:

Պատրաստվում է ընդունվել դոկտորանուրա:

Զուգահեռ` վեց տարի է, ինչ աշխատում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչությունում:

2012թ. հիմնել է ՙԱրտիստ՚ թատերական ստուդիան, որի գեղարվեստական ղեկավարն է:

64 քմ սեր

կամ ՙԱրտիստ՚ թատերական ստուդիա

- Պարո՛ն Սարգսյան, Դուք  Ձեր ուսանողության տարիներին հիմնել եք ՙԵրկիր՚ թատրոնը, իսկ արդեն դասախոսական գործունեության ժամանակ ՙԴուետ՚ թատերախումբը. երկու նախաձեռնություններն էլ աչքի են ընկել ստեղծագործական հետաքրքիր մոտեցմամբ և հաջողություն են ունեցել: Հետաքրքիր է` ինչպե՞ս  առաջացավ ՙԱրտիստ՚ թատերական ստուդիայի  ստեղծման գաղափարը: 

-Այո՛, ուսանողական տարիներից սկսած` ես եղել եմ ակտիվ ստեղծագործական, նախաձեռնողական գործունեության մեջ, ձգտել եմ իրականացնել տարբեր գաղափարներ և կյանքը ավելի գեղեցիկ ու բովանդակալից ապրել:

ՙԱրտիստ՚ թատերական ստուդիան Շենգավիթ վարչական շրջանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի` իմ շատ սիրելի ընկեր Անահիտ Գևորգյանի հետ համատեղ քննարկումների արդյունքն է: Նա շատ էր ցանկանում, որ երաժշտական դպրոցում գործի թատերական խմբակ և առաջարկում էր ինձ իրականացնել այդ գաղափարը, սակայն ժամանակի սղության, ծանրաբեռնվածության պատճառով երկար ժամանակ չէր հաջողվում: Բայց գաղափարն ինձ դուր էր եկել, և ես շուտով բոլոր ջանքերը գործադրեցի ստուդիան իրականություն դարձնելու համար: Այդ ժամանակ բավարար միջոցներ չկային ստուդիայի 64քմ տարածքը հիմնովին վերանորոգելու համար: Սկզբում ինձ շատ օգնեցին ընկերներս, ովքեր իմացան իմ նախաձեռնության մասին: Այնուհետև մեծ աջակցություն ցուցաբերեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանը: Շուրջ երկու ամիս տևած հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո հանդիսավոր կերպով բացվեց ՙԱրտիստ՚ թատերական ստուդիան, որը կահավորված է ժամանակակից կահույքով և ձայնային լավագույն սարքավորումներով:

Ստուդիան հիմնելիս մի գաղափար ծնվեց, որը հետագայում դարձավ մեր կարգախոսը` ՙՀարկավոր է տեսնել գեղեցկությունը կյանքում և քեզ այդ գեղեցկության մեջ՚: Այս գաղափարի շուրջ համախմբվեցինք և սկսեցինք մեր աշխատաքները: Իսկ ստուդիան մեր մեջ կոչում ենք ՙ64քմ սեր՚, որովհետև այստեղ ամեն ինչ սիրով և նվիրումով  է ստեղծված: Դասերն անցկացնում ենք ես և իմ ուսանողը՝ Արթուր Բաբայանը:

Թատրոնն իր մեջ ներառում է գրեթե բոլոր արվեստները, և ավելի հզոր ազդեցություն է ունենում երեխայի աշխարհայացքի ձևավորման և հուզական աշխարհի վրա:

-Ի՞նչ խնդիր և նպատակ եք դրել Ձեր առջև ՙԱրտիստ՚ թատերական ստուդիայի շրջանակներում:

-Թատրոնը գեղեցիկ և բազմաշերտ աշխարհ է, որտեղ երեխան ճանաչում է աշխարհը, սեփական ես-ը, բացահայտում իր հնարավորությունները և մոտենում բարձր արժեքներին` փորձելով ներկայացնել դրանք, ձևավորելով սուբյեկտիվ ընկալում դրանց նկատմամբ: Մենք ցուցաբերում ենք մանկավարժական այլ մոտեցում, որը երեխայի համար գրավիչ է դարձնում ուսումնական գործընթացը՝ հարստացնելով նրան հոգևոր-մշակութային բարձր արժեքներով:  

ՙԱրտիստ՚ թատերական ստուդիան սովորեցնում է երեխային տեսնել գեղեցկությունը կյանքում և իրեն այդ գեղեցկության մեջ, ինչպես նաև այն մարդկանց, որոնք ապրում են իր շրջապատում:

Մեր ուսումնական ծրագրի նպատակն է ամրացնել երեխայի մեջ նախնական հետաքրքրությունը դեպի թատերական արվեստը, բացահայտել և խորացնել երեխայի ստեղծագործական ներուժը, զարգացնել երեխաների գեղարվեստական հնարավորությունները, ստեղծել միջավայր երեխաների միջև ազատ շփման և արտահայտվելու, դրսևորվելու համար, զարգացնել նրանց հուզական վերաբերմունքը ամենատարբեր երևույթների նկատմամբ, սեփական ես-ը տեղափոխել ներկայացվող կերպարների մեջ: Այլ կերպ ասած` երեխային հեռացնել իրեն պատկանող սահմանափակ տարածությունից, հնարավորություն տալ տեղափոխվել մեկ այլ տարածություն: Եվ քանի որ թատրոնն իր մեջ ներառում է երաժշտություն, նկարչություն, պարարվեստ, գրականություն և արվեստի այլ ճյուղեր, այն շատ ավելի հզոր ազդեցություն է ունենում երեխայի հուզական աշխարհի, աշխարհայացքի ձևավորման վրա:

Ստեղծել նպաստավոր պայմաններ անհատի դրսևորման և ինքնաարժևորման համար:

Կարևորագույն խնդիր է նաև ստեղծել բարձրարժեք ներկայացումներ, որոնք այսօր անհարժեշտ են մարդկանց, թատրոնի դերի բարձրացման համար և այնպես անել, որ թատրոնը հանապազօրյա հացի պես պահանջ դառնա հասարակության համար:

ՙԱրտիստ՚ թատերական ստուդիան ունի լեփ լեցուն դահլիճներ ապահովելու իր բանաձևը՚:

-Տարիքային ո՞ր խմբերը կարող են դիմել ՙԱրտիստ՚ թատերական ստուդիա, ի՞նչ դասաժամեր են ընդգրկված ուսումնական ծրագրում և քանի՞ տարի պետք է սովորեն երեխաները:

-Տարիքային խմբերն են՝ 6-10, 10-15 տարեկան, 15-ից բարձր: ՙԱրտիստ՚ թատերական ստուդիայի կրթությունը 4-ամյա է, որից հետո նրանք ստանում են դերասանի որակավորում ապահովող վկայական: Դասերի ընթացքում երեխաները ծանոթանում են ոչ միայն գրական ստեղծագործություններին, դրանց բովանդակությանը, հերոսներին, այլ նաև սովորում են խորապես զգալ, ցուցադրել կերպարները և նրանց միջև եղած տարբերությունները: Սովորում են պարարվեստ, դերասանի վարպետություն, բեմական խոսք:

Մեր չորս տարիների համար նախատեսված կրթական ծրագիրը, որում ընդգրկված են նաև շատ լուրջ բեմադրություններ, կարող ենք համեմատել թատերական կրթություն տվող ուսումնական հաստատությունների ծրագրերի հետ: Մենք շատ խիստ ենք մոտենում և պահանջկոտ ենք մեր տված գիտելիքի նկատմամբ: Յուրաքանչյուր դասից հետո մենք ամփոփում ենք դասը, որպեսզի երեխաների մեջ ամրապնդվի ստացած գիտելիքը:

Յուրաքանչյուր ամսվա վերջում ունենում ենք բաց դաս, որն անցկացնում են արվեստի, մշակույթի տարբեր գործիչներ: Ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա երկրորդ կեսին մենք երեխաներին տանում ենք համերգասրահներ, թանգարաններ, պատկերասրահներ, գրադարաններ և թատրոններ:

Եթե ամբողջ տարվա կտրվածքով դիտարկենք, ապա մեկ ուսումնական տարվա ընթացքում երեխաները 80-ից ավելի հեքիաթ են լսում, մոտ 500 ժամ դասական երաժշտություն են լսում, մոտ 10 ներկայացում են դիտում և այցելում են մոտ 15 թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ:

- Մի փոքր էլ խոսենք ապագա ծրագրերից:

- Ծրագրերը շատ են: Մենք պետք է իրականացնենք այն բոլոր նպատակները, որոնք դրել ենք մեր առջև, ներկայանանք հետաքրքիր և աննախադեպ ներկայացումներով: Նման մի ներկայացում արդեն պատրաստում ենք: Իմ ուսանողը՝ Արթուր Բաբայանը, իր դիպլոմային աշխատանքն է պատրաստում, որի շրջանակներում պատրաստվում ենք բեմադրել մի աներևակայելի ներկայացում՝  Ֆյոդոր Դոստոևսկու ՙԳրառումներ ընդհատակից՚ ստեղծագործությունը, որի հայերեն թարգմանությունը չկա, մենք տվել ենք այն  թարգմանության և շուտով պատրաստվում ենք այն բեմադրության տեսքով հանձնել հանդիսատեսի դատին:

Այս տարի ևս կանդրադառնանք Մուշեղ Սարգսյանի պոեզիային, որի շրջանակներում կներկայացնենք ՙԱդաջիո՚ խորագրով  երաժշտական խորեոգրաֆիկ ներկայացումը, կցուցադրվեն նաև հեղինակի գեղանկարչական աշխատանքները:

Այժմ ստուդիայում բեմադրվում է Է. Հոֆմանի ՙՇելկունչիկը և մկների թագավորը՚ համանուն հեքիաթի և Պ. Չայկովսկու երաժշտության հիման վրա երաժշտաթատերական ներկայացումը, որի պրեմիերան կկայանա ս/թ հունիս ամսին. հատուկ այս ներկայացման համար Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում ստեղծվում է մանկական նվագախումբ:

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18

ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի...

Ավելի


Պահոց