09:38
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՙՑանկացած գործում, այդ թվում և երկրի կառավարման մեջ, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է թիմային աշխատանք և փոխադարձ վստահություն՚

2013-02-02 14:48

Մաքսիմ Հակոբյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Հարցազրույց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, ՀՀ հանքարդյունաբերության հսկան` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 62 տարեկան է: Արդեն 15 տարի է, ինչ այն ղեկավարում եք Դուք, և այդ տարիների ընթացքում կոմբինատը մեծ վերելք  ու առաջընթաց է ապրում: Ո՞րն է Ձեր հաջողության բանալին:

-Իմ հաջողության բանալին առաջին հեթին հավատն է ձեռնարկած գործի նկատմամբ, պատասխանատվության բարձր զգացումն ու պրոֆեսիոնալիզմը, ապա ուշադրությունն և հարգանքը աշխատակիցների նկատմամբ, գործնականում խիստ, իսկ մարդկային շփման մեջ ջերմ հարաբերությունները: Ինչ վերաբերում է կոմբինատին, ապա պետք է նշեմ, որ վերջին 15 տարում ձեռնարկությունը կրկնակի ավելացրել է հզորության ծավալները, բուն ձեռնարկությունը ունի ավելի քան 3200 աշխատակից, իսկ հարակից ձեռնարկություններն ունեն մոտ 10500 աշխատատեղ ՀՀ ողջ տարածքում: Տարիների ընթացքում կուտակված հարուստ փորձը, միջազգային չափանիշերի ներդրումը, կայուն տնտեսական զարգացման ռազմավարությունը, բազմաթիվ սոցիալական և բնապահպանական ծրագրերը, ինչպես նաև համաշխարհային լավագույն փորձի կիրառումն ապահովել են մեր ընկերության անխափան և արդյունավետ գործունեությունն ու զարգացումը: Մեր կողմից իրականացվող աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի, բնապահպանական մոտեցումների կիրառումը, ինչպես նաև գործընկերների հետ հարաբերություններում փոխշահավետության և ազնվության սկզբունքների պահպանումը աշխարհում մեզ ճանաչելի են դարձրել որպես վստահելի գործընկեր և գործատու:

-Իսկ ինչպիսի՞ն է կոմբինատ-մարզպետարան հարաբերությունները, համատեղ ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում այս համատեքստում:

-Մարզում համատեղ իրականացվում են սոցիալական աջակցության և կորպորատիվ պատասխանատվության բազմաթիվ ծրագրեր: Կոմբինատը մշտապես ձգտում է իր աջակցությունն ու ներդրումն ունենալ մարզի` առաջնային լուծման կարիք ունեցող խնդիրներում` սկսած տարբեր շինարարական աշխատանքներից (դպրոցների, մանկապարտեզների շենքերի շինարարություն և վերանորոգում, շենքերի տանիքների վերանորոգում), մարզի տարբեր բնակավայրերի գազաֆիկացումից, քաղաքի արտաքին տեսքի բարեկարգումից, ասֆալտապատումից մինչև սոցիալական ապահովության և աջակցության ծրագրեր, առողջապահության, կրթության, մշակույթի, գիտության և սպորտի զարգացման ծրագրեր:  Ավելի, քան 4մլրդ 700մլն դրամ է ներդրվել այդ ծրագրերի իրականացման համար:

-Պարո՛ն Հակոբյան, ՙԴե Ֆակտո՚ ամսագրի կողմից ՀՀ Սյունիքի մարզպետը ճանաչվել է ՙ2012-ի Տարվա մարզպետ՚: Կխնդրեի Ձեր գնահատականը Սուրիկ Խաչատրյանի գործունեությանը` որպես մարզպետ:

-Ես շատ բարձր եմ գնահատում Սուրիկ Խաչատրյանի գործունեությունը որպես մարզպետ, նա իր հայրենիքին նվիրված անձնավորություն է, իր ժողովրդի նկատմամբ հոգատար ու պատասխանատու: Սուրիկ Խաչատրյանը ակտիվ նախաձեռնություն ցուցաբերող գործիչ է, նա մշտապես ձգտում է մեծ և մնայուն գործերի, ինչը նրան իրոք հաջողվում է: Նա լավ մարդ է, հիանալի  ընկեր և նվիրված մարզպետ:

-Առաջիկայում նախագահական ընտրություններն են: Դուք` որպես Սյունիքի մարզի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, կխնդրեի Ձեր կանխատեսումներն ու կարծիքը առաջիկա ընտրությունների վերաբերյալ:

-Որպես շտաբի պետ` ես գտնում եմ, որ մեր գործառույթն ու խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի առաջիկա ընտրություններն անցնեն ազատ, արդար և թափանցիկ կերպով, որպեսզի և՛ նախընտրական շրջանը, և՛ ընտրությունների օրը անցնեն խաղաղ, առանց միջադեպերի: Մենք չպետք է թույլ տանք, որ առանձին մարդիկ, արջի ծառայություն մատուցելով, խաթարեն այդ նորմալ ընթացքը: Իսկ որպես հանրապետական կուսակցության աջակից` ես գործող նախագահի շանսերը շատ բարձր եմ գնահատում և վստահ եմ, որ ՙԴեպի ապահով Հայաստան՚ ընտրած ուղին մենք հաջողությամբ ենք անցնելու:

-Նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ Սյունիքի մարզը ՀՀկ թեկնածուների օգտին մշտապես բավականին բարձր ցուցանիշեր է ապահովում: Ինչո՞վ է սա պայմանավորված:

-Սա գործունեության մեջ մեր որդեգրած քաղաքականության արդյունքն է, մենք չենք ակտիվանում զուտ ընտրությունների նախօրեին, մենք մշտապես աշխատում ենք ժողովրդի համար և ժողովրդի կողքին ենք նրա բոլոր խնդիրների դեպքում: Սա է պատճառը, որ մենք ոչ թե համոզում ենք ժողովրդին ընտրել այս կամ այն թեկնածուին, այլ մարդիկ իրենք են գնում քվեարկության` արդեն իսկ կատարած իրենց ընտրությունը, սյունեցուն հեշտ չէ համոզել կամ խոստումներով տանել ընտրության, դարերի փորձն է ցույց տալիս, որ սյունեցին շիտակ է, ունի ամուր կամք, պայքարի ոգի, ճիշտ է գնահատում իրականությունը և, ինչպես տեսնում եք, չի սխալվում:

-Ձեր կանխատեսմամբ ինչպիսի՞ն են լինելու առաջիկա տարիները ՀՀ-ի համար:

- Մենք առաջ ենք գնալու, մենք բռնել ենք առաջընթացի և զարգացման ճանապարհը: Ցանկացած գործում, այդ թվում և երկրի կառավարման մեջ, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է թիմային աշխատանք և փոխվստահություն, ուստի մենք բոլորս պետք է լինենք նախագահի կողքին մեր գործերով, մեր ներդրումներով, որպեսզի միասին զարգացնենք և շենացնենք մեր երկիրը: Մենք մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով պետք է հասնենք հաջողության:

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...