02:26
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պայքար Ստրասբուրգում

2013-01-30 11:30

«Դե Ֆակտո» N33

Հարցազրույց Ստրասբուրգում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Ավետ Ադոնցի հետ

-Պարո՛ն Ադոնց, Դուք նույնպե՞ս կարծում եք, որ պարոնայք Կոլումբիեն և Պրեսկոտը բավականին հաջող և օբյեկտիվ զեկույցով հանդես եկան:

-Ես իմ ելույթներում ընդգծեցի, որ Կոլումբիեն և Պրեսկոտը դրական գնահատեցին 16/09 և 16/20 բանաձևերի հետ կապված աշխատանքները: Այդ գնահատականները համապատասխանում են այսօրվա մեր իրողությանը: Եթե նրանց գնահատականները չլինեին դրական, մեր պատվիրակության ձայնը կկասեցվեր:

-Կարելի՞ է ենթադրել, որ ձայնից չզրկվեցինք մեր պատվիրակության աշխատանքի շնորհիվ: Ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանքին, որ Երևանում շատ հաճախ քննադատում են Ձեր կատարած աշխատանքները: 

-Միանշանակ ձայնի կասեցումը բացառվեց միայն այն պատճառով, որ ՀՀ իշխանությունների, ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի կողմից կատարված աշխատանքները դրական են գնահատվել: Պատվիրակությունը խորհրդարանական վեհաժողովին, տարբեր հանձնաժողովներում, մասնավորապես մոնիտորինգի հանձնաժողովում միայն ներկայացնում է այդ աշխատանքները: Սակայն այդ աշխատանքները լավ կամ վատ ներկայացնելու խնդիր կա: Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ պատվիրակությունը լավ չի աշխատել, ես դա նորմալ եմ համարում, քանի որ նրանք սեփական կարծիք ունենալու իրավունք ունեն:

-Բացի Ադրբեջանի պատվիրակությունից բոլորը դրական են արտահայտվել Հայաստանի մասին:  Ի՞նչ կասեք այդ մասին:             

-Այո՛, անգամ բոլոր այն պատվիրակները, ովքեր նախորդ նստաշրջաններում բացասական ելույթներ են ունեցել, այսօր բավականին բարձր գնահատական տվեցին Հայաստանում կատարվող աշխատանքներին և դեմ արտահայտվեցին Հայաստանի ձայնի կասեցմանը:

-Ժամկետային սահմանափակում կա՞, մինչ ապրիլ ամիսը կրկի՞ն պետք է մոնիտորինգ անցկացվի:

-Որևէ ժամկետային սահմանափակում չկա, բայց զեկույցում նշված է, որ այս հարցը մնալու է մոնիտորինգի տակ, և աշխատանքներին հետևելու է մոնիտորինգի հանձնաժողովը: Այսօր հատկապես ուշադրության կենտրոնում է ԱԺ-ում նորաստեղծ աշխատանքային խմբի գործունեությունը, որի հիմնական նպատակը 225 և 300 հոդվածների համար լրացումների մշակումն է  և ԱԺ-ին ներկայացնելը:

-Հաշվի առնելով այսօրվա դատական գործընթացները` արդյո՞ք նման մոնիտորինգները ճնշում չեն գործադրում դատական համակարգի վրա:

-Դեկտեմբերի 17-ին Փարիզում կայացած մոնիտորինգի արդյունքում ընդունված փաստաթուղթը, որն ընդամենը նախագիծ էր, արդեն ճնշում էր դատական համակարգի գործընթացների առումով, որի արդյունքում մենք տեսանք, թե ինչ էր կատարվում դատարաններում: Դեկտեմբերի 19-ից սկսած մենք ականատես եղանք, թե 17-ի մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած փաստաթուղթը ինչպիսի վատ ազդեցություն ունեցավ ՙ7-ի դատական գործի՚ վրա:

-Ադրբեջանի պատվիրակությունը բավականին լուրջ քննադատության էր ենթարկում ՀՀ նախագահին և մեր երկրում կատարվող բոլոր գործընթացները, մասնավորապես մեղադրանքներ հնչեցին, թե իբր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակից է եղել ըստ իրենց ձևակերպման` Խոջալուի ցեղասպանությանը: Ինչո՞ւ մեր պատվիրակությունը նույն կերպ չի արձագանքում այդ քննադատություններին:

-Մենք, ի տարբերություն ադրբեջանցիների, հիստերիկ չենք: Մի քանի անգամ իմ ելույթներում ես հնչեցրել եմ այն մասին, որ վեհաժողովը ոչ մի գործիք չունի սուտը գնահատելու համար, սակայն մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ, և միգուցե կանոնադրության մեջ փոփոխություններ մտցվեն:

-Մեր հարևան Ադրբեջանն օգտագործում է բոլոր առիթները Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը քննարկելու համար: Վեհաժողովի ընթացքում խոսվեց նաև երկակի ստանդարտների մասին: Ձեր կարծիքն ու վերաբերմունքն այս հարցի շուրջ:

-Մասնավորապես մեր հարցով երկակի ստանդարտների մասին խոսելուն անգամ դեմ եմ, որովհետև դա կնշանակի` ես փորձում եմ համեմատել մեր երկիրը Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանը և Ադրբեջանը տարբեր հարթությունների վրա են գտնվում, զարգացման վեկտորը լրիվ տարբեր է:

-Իսկ ինչո՞ւ է Եվրախորհուրդը մեզ նույն հարթության վրա դիտարկում:

-Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ են, և նրանք պետք է հավասարություն պահպանեն անդամ պետությունների միջև, սակայն կուլուառներում Եվրախորհուրդի պատգամավորներից շատերը Ադրբեջանի պատվիրակության և պատվիրակության ղեկավարի մասին բացասաբար էին արտահայտվում, ինչը չեն արել վեհաժողովի ընթացքում: Ադրբեջանի պատվիրակության մասին վատ է արտահայտվել նաև պարոն Պրեսկոտը:

-Կարելի՞ է Եվրախորհրդի այս որոշումը մեր երկրի համար հաղթանակ համարել:

-Եվրախորհրդի այս գնահատականը ես կհամարեի օբյեկտիվ գնահատական մեր երկրում կատարվող աշխատանքներին:

-Եվրախորհրդի այս նստաշրջանում ներգրավված էին նաև Ռուսաստան-Վրաստան փոխհարաբերության և ֆինանսատնտեսական ճգնաժամի հարցերը: Ի՞նչ դիրքորոշումներ ունի ՀՀ պատվիրակությունն այս հարցերի շուրջ, և արդյո՞ք այս հարցերի շուրջ արտահայտվելու եք Դուք:

-Անձամբ ես այս հարցերի շուրջ չեմ արտահայտվելու հաջորդ նստաշրջանի ժամանակ, բայց մեր պատվիրակության անդամներից անպայման կարտահայտվեն թե՛ Ռուսաստան-Վրաստան հարցի շուրջ, թե՛ ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին: Մեր մոտեցումը հետևյալն է` ցանկացած նախաձեռնություն, որը դրական ազդեցություն կունենա Ռուսաստան-Վրաստան փոխհարաբերությունների վրա, ողջունելի է մեր երկրի կողմից, բայց մենք շարունակում ենք չեզոք դիրքորոշում պահպանել, քանի որ Վրաստանը մեր հարևան պետությունն է, մենք բարեկամ ժողովուրդներ ենք, իսկ Ռուսաստանը մեր ստրատեգիական գործընկերն է:

-Ի՞նչ նշանակություն կարող են ունենալ վեհաժողովի ընթացքում  ֆինանսատնտեսական ճգնաժամի վերաբերյալ տարվող քննարկումները:  

 -Ֆինանսատնտեսական ճգնաժամը պարզապես արդիական թեմա է, միջազգային օրակարգում թիվ մեկ խնդիրն է, և վեհաժողովը, կարելի է ասել, պարտադրված է քննարկել այն: Սակայն ես չեմ կարծում, որ այս քննարկումները կարող են որևէ ազդեցություն ունենալ այս խնդրի լուծման հարցում, քանի որ այս կառույցը ընդհանուր եզեր չունի այդ հարցի հետ:

-Երևանում շատ է խոսվում այն մասին, որ Դուք նշանակվելու եք ՀՀ դեսպան Բրյուսելում:  

-Դիվանագիտական աշխատանքով ես զբաղվել եմ 15 տարի, և վերջին երկու տարին է, ինչ ես քաղաքական դաշտում եմ գտնվում: Այս երկու ասպարեզներն էլ ինձ շատ հարազատ են, սակայն երբևէ այս հարցի շուրջ չեմ մտածել այն պարզ պատճառով, որ երբևէ այդպիսի առաջարկ չեմ ստացել: Շատ խոսակցություններ են եղել, որ ինձ նշանակում են ԱԺ փոխխոսնակ, հետո Սփյուռքի նախարար, իսկ հիմա արդեն դեսպան: Բայց դրանք լոկ խոսակցություններ են:

Հասմիկ Մարտիրոսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...