17:18
01/25/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՙԱյս տարվա մեր գլխավոր խնդիրը ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային ժամանակակից կոմպոզիտորների գործերով հանդես գալն է՚

2013-01-29 12:01

«Դե Ֆակտո» 69 

2011 թվականը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ամփոփեց  սպասվածի պես` լի դահլիճներով, աշխարհի լավագույն արտիստների, մենակատարների, դիրիժորների հետ համերգներով, որոնք դրական  լիցքեր և լավատեսություն հաղորդեցին` առաջիկայում նոր ծրագրերով հայ երաժշտասեր հանդիսատեսին ներկայանալու համար:

Ինչպես ամեն տարի, 2012 թվականը ևս հագեցած է լինելու հետաքրքիր ծրագրերով, աշխարհահռչակ հյուրերով: 

ՙԱյս տարվա մեր գլխավոր խնդիրը ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային ժամանակակից կոմպոզիտորների  գործերով հանդես գալն է՚

ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և

գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան

Իսկ թե ինչ ծրագրեր և հեռանկարներ ունի նվագախումբը 2012-ի համար, ՙԴե Ֆակտո՚ ամսագիրը պարզեց մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ զրույցում:

-Մաեստրո՛, ի՞նչ սկզբունքով եք կազմում համերգաշրջանի երգացանկը:

-Եթե Դուք նայեք որևէ այլ նվագախմբի երգացանկ, առաջին հայացքից տարբերություն գուցե չնկատեք, քանի որ բոլոր երգացանկերում էլ կան սիմֆոնիաներ, կոնցերտներ և այլն, տարբերությունները ուղղվածության նախապատվության մեջ կարող է լինել. մի համերգաշրջան, գուցե, շեշտադրում անենք ֆրանսիական իմպրեսիոնիստական ոճի ստեղծագործություններին, մյուսում` համաշխարհային դասականներին և այլն: ՀՊՖՆ-ը երգացանկը կազմելիս հիմնականում առաջնորդվում է հետևյալ սկզբունքով. կատարել դասական դարձած հայ կոմպոզիտորների գործեր, համաշխարհային դասականների ստեղծագործություններ, ունենալ հանդիսատեսի կողմից համընդհանուր ճանաչում և սեր վայելող կատարումներ և մի գլխավոր գիծ կա, որ ձգտում եմ պարտադիր պահել, դա յուրաքանչյուր համերգաշրջանում անպայմանորեն հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերին անդրադառնալն է: Մենք պետք է խրախուսենք կոմպոզիտորական արվեստը մեր երկրում, թեև տաղանդավոր, ստեղծագործող մարդու համար ամենևին էլ կարևոր չէ, կատարում են իր գործերը, թե ոչ: Հայաստանում չկար սիմֆոնիկ նվագախմբում օպերաներ կատարելու տրադիցիա, թեև ամբողջ աշխարհում սիմֆոնիկ նվագախմբերը օպերա կատարում են: Ես, կարծում եմ, կոտրեցի այս կարծրատիպը: Ճիշտ է, նախորդ տարի մեր համերգացանկում օպերային կատարում ներառված չէր, սակայն այս տարի նախատեսում ենք երկու օպերա ունենալ ցանկում:

 

-              Իսկ ի՞նչ կասեք հիմնադրամի մասին, որ նախատեսվում է ստեղծել նվագախմբին ֆինանսավորելու և աջակցելու նպատակով:

-              Հիմնադրամների աջակցությամբ գործելու ավանդույթը աշխարհում առկա է շատ վաղուց, այս գաղափարը  նորություն է թերևս միայն մեզ համար: Թեև մենք ունենք պետության, մասնավոր բարերարների աջակցությունը, սակայն այդ աջակցության կողքին նաև մեկ այլ ֆինանսական օգնությունը շատ օգտակար կլինի նվագախմբի առաջընթացի համար: Հովանավորչություն և բարեգործություն բառերը Հայաստանում, ըստ էության, այնքան էլ ճիշտ չեն ընկալվում և կիրառվում:  Այս հիմնադրամի էությունը հետևյալն է, անհատներ կամ կազմակերպություններ բանկում ունենում են դրամագլուխ, որի տարեկան տոկոսադրույքներն ուղղվում են այս կամ այն բարեգործական ծրագրի իրականացմանը:Այս հիմնադրամը անհրաժեշտ է թեկուզ հենց այն առումով, որ մենք չկորցնենք մեր լավագույն երաժիշտներին, որոնք ֆինանսական խնդիրների պատճառով հեռանում են նվագելու այլ երկրների նվագախմբերում, լրացուցիչ միջոցներով կկարողանանք թարմացնել երաժշտական գործիքները, մի խոսքով, քայլել համաշխարհային միտումներին համընթաց: Թեև մեր նվագախումբը արդեն աշխարհի լավագույն նվագախմբերից մեկն է` չնայած իր առջև ծառացող բոլոր խոչընդոտներին և խնդիրներին: Ինչևէ, արդեն շուրջ մեկ տարի է, ինչ սկսել ենք աշխատել հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, հուսով եմ` մոտ ապագայում կունենանք դրական տեղաշարժ:

-Խոսենք մի փոքր համերգաշրջան 2012-ի ծրագրերի մասին:

-ՀՊՖՆ համերգներ է տալիս յուրաքանչյուր ուրբաթ, իսկ տարվա ընթացքում սպասվում է մոտ 46 համերգ` չկրկնվող ծրագրով: Մարտի 27-ին սպասվում են Հովհաննես Չեքիջյանի հետ հյուրախաղեր՝ Դուբայում, սեպտեմբերից հոկտեմբերը կանցկացվի Երևանյան փառատոն և այլն: Սպասվում են հյուրախաղեր Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Իսպանիայում ՌԴ Վոլգոգրադ քաղաքում և

այլն:

-Համերգների ընթացքում մենք վայելում ենք հիանալի երաժտություն: Այդ երկուժամյա համերգի ետևում շաբաթների, ամիսների քրտնաջան աշխատանք է: Աշխատանքային ի՞նչ մթնոլորտում է աշխատում ֆիլհարմոնիկի կոլեկտիվը:

-Հիանալի համերաշխ մթնոլորտ, հարազատ, միմյանց նկատմամբ սրտացավ կոլեկտիվ. սա վստահորեն կարող եմ ասել նվագախմբի յուրաքանչյուր անդամի անունից: Իհարկե, լինում են և՛ հեշտ, և՛ դժվար գործեր, որոնք ավելի մեծ աշխատանք և կենտրոնացում են պահանջում, սակայն եթե գործը սիրով է արվում, կարծում եմ, ամեն ինչ հաղթահարելի է (ժպտում է):

-Իսկ ինչպե՞ս է իր ազատ ժամանակն անցկացնում դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

-Ես աշխատանքից դուրս առօրյաս կազմակերպում եմ ինչպես բոլոր նորմալ մարդիկ: Այո, սիմֆոնիկ նվագախումբը շատ աշխատանք, ջանք և ժամանակ պահանջող գործունեություն է: Բայց ես չեմ ասի, թե ազատ ժամանակ չեմ ունենում, ինչպես ասում են շատ մարդիկ, որոնք, իմիջիայլոց, հիմնականում պարապ են: Ազատ ժամանակ գիրք եմ կարդում, ֆուտբոլով եմ հետաքրքրվում, ֆիլմեր եմ դիտում` Ֆելինիի ֆիլմերը, որոնք համամարդկային նշանակություն, կշիռ ու բովանդակություն ունեցող ֆիլմեր են`  ֆիլմեր, որոնցում ամփոփված են արվեստի բոլոր բնագավառները բոլոր հոգեվիճակների և կյանքի բոլոր իրավիճակների համար:  

-Տեղյակ ենք նաև, որ Դուք համագործակցում եք իսպանական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Կպատմե±ք այս համագործակցության մասին:

-Ստացել եմ հրավիրյալ գլխավոր դիրիժորի կարգավիճակ: Ես տարվա ընթացքում  2.5 ամիս պետք է լինեմ Իսպանիայում` ըստ պայմանագրի, աշխատեմ այդ նվագախմբի հետ: Հիանալի նվագախումբ է, առաջին համերգը անցավ հիանալի, ես սիրեցի նվագախումբը, նրանք էլ` ինձ, կարող եմ ասել, որ համագործակցությունը հաջողվեց: Առաջիկայում նախատեսում ենք նույն սկզբունքով Հայաստան հրավիրել աշխարհահռչակ մի դիրիժորի ՀՊՖՆ-ում որպես հրավիրյալ գլխավոր դիրիժոր: Սակայն պետք է նշեմ, որ մեր նվագախումբն ինձ համար հարազատ է, իմ բոլոր քայլերն ուղղված են նրա զարգացմանն ու առաջխաղացմանը, աշխարհի որևէ հայտնի նվագախումբ ղեկավարելու գայթակղությունը չի կարող ստիպել ինձ թողնել հայրենիքը և ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ես շատ կուզեի, որ ինձնից հետո մարդիկ հիշեն ինձ իբրև դիրիժորի, որը ՀՊՖՆ-ը հասցրեց առավել բարձր` համաշխարհայինին մոտ ստանդարտի, որի բոլոր նախադրյալները մենք այսօր ունենք օբյեկտիվորեն:

P.S

Մաեստրո Թոփչյանը ծրագրում է սեպտեմբերին բացել երաժշտական ակադեմիա. ՙՆահանջելու տեղ չունենք, պետք է հիմքը դնենք, որ հետագայում ունենանք պատրաստի երաժիշտներ: Ակադեմիան վճարովի չի լինելու, և եթե Աստված օգնի մեզ հիմնադրամի ստեղծման գործում, ապա այս ակադեմիան ևս կֆինանսավորվի հիմնադրամի միջոցներով: Լավ երաժիշտներ դաստիարակելու համար հիմքերը պետք է դրվեն վաղ մանկությունից և հետևողական ու խստապահանջ աշխատանքի արդյունքում մենք կունենանք իրոք լավ երաժիշտներ՚:

Թեհմինա Արզումանյան



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18

ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի...

Ավելի


Պահոց