22:02
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արցախի անկախության միջազգային ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է

2013-01-24 15:10

«Դե Ֆակտո» N44 (2010թ.)

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին Արցախյան կողմի չմասնակցելու համար որեւէ հիմք չկա

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյան

-Պարո´ն Սահակյան, 2009թ. ճգնաժամային տարի էր, որի ստեղծած դժվարությունները հաղթահարելու համար պետք էր մշակել ֆինանսատնտեսական քաղաքականություն վարելու առավել շահավետ տարբերակ: Արցախն ինչպե՞ս հաղթահարեց ճգնաժամը և ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ 2009թ. ընթացքում:

-Մենք ի վիճակի եղանք մասամբ չեզոքացնել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը պետության կողմից իրականացված տնտեսական քաղաքականության և մեր ժողովրդի դրսևորած խոհեմ վարքագծի շնորհիվ, որը չմատնվեց վիճակն անիմաստ բարդացնող խուճապի: Իսկ ԼՂՀ ֆինանսատնտեսական քաղաքականության հիմքում ընկած են շուկայական տնտեսության, սոցիալական պետության և տնտեսվարող սուբյեկտ-պետություն ազնիվ ու թափանցիկ հարաբերությունների գաղափարները: Վերոհիշյալ սկզբունքներին անվերապահորեն հետևելը ձևավորում է դիմացկուն տնտեսական ՙիմունային համակարգ՚, ինչն էլ հնարավորություն է տալիս դիմակայել անբարենպաստ զարգացումներին:

-ԼՂՀ-ում ստեղծվա՞ծ են հավասար պայմաններ գործարարության զարգացման համար:

-Արցախում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ բիզնեսը զարգացնելու ու ներդրումներ կատարելու համար, և այդ գործընթացը կկրի շարունակական բնույթ: Հատուկ ուշադրություն ենք դարձնում հարկային դաշտի բարեփոխումներին` նպատակ ունենալով գրավիչ պայմաններ ապահովել ներդրողների համար:

-Ներդրումային նախաձեռնություններ արվո՞ւմ են, եթե այո, ապա ի՞նչ չափով:

-Ինչպես արդեն նշեցի, Արցախում ստեղծված են բավականին գրավիչ ներդրումային պայմաններ, ինչն իր ազդեցությունն է թողնում ներդրումային նախաձեռնությունների դինամիկայի վրա: Եթե 2007 թվականին իրականացված ներդրումների ծավալը կազմում էր 11,8 մլրդ դրամ, ապա 2008 թվականին այն գերազանցել է 21 միլիարդը: Ընդ որում օտարերկրյա ներդրումների ծավալը նույն ժամանակահատվածում ավելացել է ավելի քան 4 անգամ:

Ակնկալում ենք ներդրումների ծավալների աճ նաև 2009 թվականին, որի արդյունքները դեռ ամփոփվում են:

-Պարո´ն Սահակյան, ըստ Ձեզ, Արցախի ժողովուրդը գո՞հ է իր կենսակերպից:

-Խոսելով կենսակերպի մասին` անհրաժեշտ է տարանջատել կենսակարգը և կենսապայմանները: Ինչ վերաբերում է կենսակարգին, ապա կարծում եմ, որ արցախցին հավատարիմ է իր ավանդույթներին, ընտանեկան արժեքներին եւ հայրենիքին: Այստեղ որևէ արմատական փոփոխության կարիք ես չեմ տեսնում:

Իսկ կենսապայմանները բավականին դինամիկ կատեգորիա են, որոնք անընդհատ պետք է բարելավել: Այս բնագավառում մենք դեռ շատ անելիքներ ունենք: Դեռևս ունենք սոցիալապես խոցելի խավեր` զոհված ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամներ, վետերաններ և այլն: Նրանց սոցիալական վիճակի բարելավումը մեր պետության զարգացման ռազմավարության հանգուցային կետերից մեկն է, և այստեղ արդեն նկատելի են շոշափելի տեղաշարժեր: Սակայն մենք չենք բավարարվում ձեռք բերածով և աշխատում ենք շարունակաբար բարձրացնել մեր քաղաքացիների կյանքի մակարդակը:           

-Երևանում շատ է խոսվում այն մասին, որ Ձեզ հաջողվել է ԼՂՀ-ում վերացնել կոռուպցիան և կաշառակերութունը: Ինչպե՞ս դա Ձեզ հաջողվեց:

-Կոռուպցիայի դեմ պայքարը բնորոշ է գրեթե բոլոր պետություններին: Սակայն Արցախի համար, որը շարունակում է ապրել ադրբեջանա-ղարաբաղյան դեռևս չկարգավորված հակամարտության իրողություններում, այն առանձնակի հնչեղություն է ստանում: Արդարադատության, սեփական ուժերի ու ապագայի հանդեպ մարդկանց վստահությունը խաթարող այս երևույթը մեր պարագայում լուրջ սպառնալիք է հասարակական համերաշխության և պետության անվտանգության համար: 

Իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում զգալիորեն բարելավվել է իրավիճակը հանրապետության իրավապահ և դատական համակարգերում, էական փոփոխություններ են տեղի ունեցել սոցիալական, կրթության եւ առողջապահության ոլորտներում: Մեր երկրում կոռուպցիան կրում էր և կրում է առանձին, այլ ոչ թե համակարգային բնույթ:

Ընդհանուր առմամբ, կոռուպցիայի դեմ պայքարը անընդհատ շարունակվող գործընթաց է, և հաջողության գրավականը այստեղ գտնվում է համակարգված մոտեցման մեջ. օրենսդրական համապատասխան բազայի մշակում, կադրային ճիշտ քաղաքականություն, կրթադաստիարակչական համապատասխան աշխատանք և ղեկավարի անձնական օրինակը:

-2010թ. ԼՂՀ բյուջետային քաղաքականությունն ի՞նչ սկզբունքներ և նպատակներ է որդեգրելու:

-2010 թվականի պետական բյուջեն պետք է ապահովի հետևյալ երկու հիմնական նպատակների օպտիմալ իրականացումը:

Առաջին` անհրաժեշտ է պետական միջոցները ծախսել արդյունավետ և խնայողաբար, որը առանձահատուկ կարևորություն է ներկայացնում մի կողմից` պետության սահմանափակ եկամուտների, մյուս կողմից` նախատեսված ծրագրերի ամբողջական ու ժամանակին կատարման անհրաժեշտության պայմանների առկայության դեպքում:

Երկրորդ` պետության ծախսերի կրճատումը չպիտի դառնա երկրում տնտեսական հարաբերությունները և աճը զսպող գործոն: Ընդհակառակը, պետական բյուջեի ծախսերը, որոնք հանդիսանում են նաև բնակչության եկամուտներ, պետական ներդրումներ, պիտի ընդլայնեն համախառն պահանջարկը` դրանով իսկ խթանելով տնտեսական աճը հանրապետությունում:

-2009թ. ոչ միայն ճգնաժամային էր, այլ նաև հարուստ էր քաղաքական իրադարձություններով: Վստահ ենք, որ հետևում եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ինչպե՞ս կգնահատեք այն:

-Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը համարում եմ կարևոր: Հարևան երկրները պետք է ունենան նորմալ հարաբերություններ: Սակայն մեր պարագայում հարաբերությունների բարելավումը չպետք է զուգակցվի նախապայմաններով, մասնավորապես, Մեծ եղեռնի եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխկապակցման համատեքստում: Հայաստանի Հանրապետության իշխանություններն այս խնդիրների շուրջ բավականին հստակ արտահայտվել են, և ավելորդ մենկաբանությունների կարիք չեմ տեսնում: 

-Ի՞նչ եք կարծում, Թուրքիան բաց խաղաքարտերո՞վ է խաղում և արդյո՞ք նպատակ չի փայփայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կապել ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ:

-Նման հնարավորությունը չի կարելի բացառել: Սակայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության միակողմանի զիջումների տարբերակով լուծումը` որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախապայման, անհեռանկարային է և ամենևին էլ չի նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

-Կա՞ն քաղաքական հիմքեր, որ ԼՂՀ-ն կմասնակցի հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացին:

-Ես կասեի հակառակը` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին արցախյան կողմի չմասնակցելու համար որևէ հիմք չկա: Այդ հակամարտության հիմնական կողմերը Ադրբեջանը և Արցախն են: ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին` կարգավորման փիլիսոփայության շուրջ կարծիքների փոխանակումից սկսած մինչև կոնկրետ քայլերի և պայմանավորվածությունների մշակումն ու իրագործումը: Առանց Արցախի` որպես բանակցային գործընթացի լիարժեք կողմի մասնակցության ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել չի լինի: Դա խոստովանում են նաև միջազգային միջնորդները, օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

-Հավանական համարո՞ւմ եք Ադրբեջանի` պատերազմական գործողություններ վերսկսելը:

-Պետք է միշտ պատրաստ լինել ամենատարբեր զարգացումների, այդ թվում նաև վատթարագույնին` պատերազմին: Սակայն մոտ ապագայում ես անհավանական եմ համարում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը: Տարածաշրջանում ձևավորվել է բավականին կայուն ռազմաքաղաքական հաշվեկշիռ, և այն փոխելը այդքան էլ հեշտ չէ: Ընդհանուր առմամբ, ինչքան հզոր լինեն մեր զինված ուժերը, այնքան կայուն կլինի իրավիճակը տարածաշրջանում: ԼՂՀ պաշտպանության բանակն ի վիճակի է ոչ միայն կասեցնել Արցախի պետականության և ժողովրդի անվտանգությանը սպառնացող ցանկացած փորձ, այլ նաև հարկ եղած դեպքում ռազմական գործողությունները տեղափոխել թշնամու տարածքի խորքերը` խաղաղություն պարտադրելով նրան:

-Ո՞րն է, ըստ Ձեզ, ԼՂՀ կարգավիճակի հարցի լուծման ամենաիրատեսական տարբերակը:

-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագայի հանդեպ մեր մոտեցումը մնացել է անփոփոխ. Արցախի անկախությունն ու անվտանգությունը այն բացառիկ արժեքներն են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության:

-Ինչպե՞ս պետք է  հասնել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթացին:

-Ճանապարհը մեկն է` համառ ու հետևողական աշխատանք: Այդ աշխատանքը չի սահմանափակվում միայն դիվանագիտական խողովակներով: Պետական շինարարություն, ժողովրդավարական համակարգի ամրապնդում, տնտեսության հզորացում, բանակաշինություն, Արցախը ճանաչելի դարձնել աշխարհին կրթության, մշակույթի, սպորտի և այլ բնագավառներում, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդում և այլն: Համոզված եմ, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է:

-Պարո´ն Սահակյան, Ձեզ համար անձնական ի՞նչ նշանակություն ունի ԼՂՀ նախագահ լինելը և ի՞նչ է պարտավորեցնում:

-Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է: Բնական է, որ այս առաքելությունը շատ պատասխանատու է և միաժամանակ պատվավոր:

Նախագահի պարտականություններն արդյունավետ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է խստորեն հետևել օրենքի տառին ու ոգուն, չկորցնել իրականության զգացողությունը և հնարավորինս զերծ մնալ սուբյեկտիվ մոտեցումներից ու գնահատականներից:

-Ազատ ժամանակ ունենո՞ւմ եք: Ինչպե՞ս եք նախընտրում հանգստանալ:

-Աշխատանքի բերումով ազատ ժամանակ քիչ եմ ունենում: Բայց երբ այդպիսի հնարավորություն է ընձեռվում, աշխատում եմ անցկացնել այն ընտանիքիս հետ: Երբեմն նաև հանդիպում եմ հին ընկերներիս հետ:

-Ընտանիքի դերը Ձեր կյանքում ինչպիսի՞ն է:

-Հայի համար ընտանիքը սրբություն է: Ընտանիքն է հանդիսանում հասարակության և պետության հիմքը: Ինչքան ամուր է ընտանիքը, այնքան մարդ իրեն երջանիկ և ապահով է զգում` անկախ նրա զբաղեցրած պաշտոնից:

-Կա՞ն ճշմարտություններ, որոնց անվերապահորեն հավատում եք: Որո՞նք են դրանք:

-Այո´, օրինակ, հավատում եմ Աստծուն, հավատում եմ մեր երկրի և ժողովրդի հուսալի ապագային:

Հարցազրույցը` Սուսաննա  Թամազյանի

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...