18:16
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մշակույթը ռազմավարական կարևորության ոլորտ է

2013-01-22 11:27

«Դե Ֆակտո» N 53

-Պարո´ն Իգիթյան, ինչպե՞ս ստեղծվեց Հայ մշակույթի զարգացման հիմնադրամը, այնուհետև ՙԿարոտ՚ փառատոնը և ինչո՞ւ ՙԿարոտ՚:

-ՙԿարոտ՚ փառատոնն իրականացնում է Հայ մշակույթի զարգացման հիմնադրամը: Ի դեպ, այս տարի լրանում է հիմնադրամի գործունեության 5-րդ տարին:

Հայ մշակույթի զարգացման հիմնադրամը ստեղծվել է Մոսկվայում` իր առջև դնելով երկու հիմնական նպատակ: Առաջինը` կազմակերպել   միջոցառումներ` ուղղված սփյուռքում  մեր ազգային ինքնության  պահպանմանը և երկրորդ` միջազգային հանրությանը ծանոթացնել և փորձել ընկալելի դարձնել մեր ազգային արժեքները` մշակույթը,  արվեստը` կազմակերպելով մշակութային երեկոներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, այսինքն` Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի հիմնական նպատակը մեր մշակույթի ավանդույթների պահպանումն է սփյուռքահայության շրջանում և հայկական համայնքներ ունեցող երկրների բնակիչներին Հայաստանի մշակույթին և արվեստին ծանոթացնելը:

ՙԿարոտ՚, որովհետև դա ամենախորհրդանշական անվանումն էր, որ կարողացանք ընտրել փառատոնի համար: Միտքը ես հղացա: Մենք երկար ժամանակ  քննարկում էինք, թե ինչպես անվանենք փառատոնը, տարբերակներ շատ կային, բայց Հայաստանի հանդեպ կարոտն ինձ հուշեց ՙԿարոտ՚ անվանումը:

-ՙԿարոտ՚ փառատոնն  առաջին անգամ կազմակերպվեց 2008թ.: Ինչպիսի՞ն էր մեկնարկը և ինչպիսի՞ զարգացում ապրեց փառատոնը:  

-Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի ամենաառաջին  նախաձեռնությունը նվիրված էր հայ գրերի գյուտի 1600-ամյակին, որի առթիվ  Մոսկվայում կազմակերպեցինք գրական-ստեղծագործական երեկո: Հրավիրված էին մշակույթի գործիչներ Հայաստանից և Ռուսաստանից: Հայաստանից հրավիրված էին  Անահիտ Մխիթարյանը, Ազատ Գասպարյանը, Թովմաս Պողոսյանը և ուրիշներ:

2008թ. մայիսի 16-ին Մոսկվայում կազմակերպվեց ՙԿարոտ՚ առաջին  միջազգային փառատոնը Կրեմլի պետական պալատում: Այն բացեց  Ռուսաստանի մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևը: Միջոցառման շրջանակներում հուշատախտակ բացվեց կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի տանը: Միջոցառման շրջանակներում Ռուսական բանակի  թատրոնում ելույթ ունեցան Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական համույթը,  Գիտնականների Տանը` Սայաթ-Նովա աշուղական երգի պետական համույթը:  Կինոյի Տանը տեղի ունեցավ ՙՔրիստոնեական Հայաստան՚ ֆիլմի պրեմիերան, իսկ Գրականագետների կենտրոնական տանը գրական երեկո անցկացվեց, որի ընթացքում տեղի ունեցավ Ա.Սահրատյանի թարգմանությամբ Պարույր Սևակի ՙԱնլռելի զանգակատուն՚ պոեմի շնորհանդեսը, ինչպես նաև  բեմադրվեց  ըստ Պերճ Զեյթունցյանի պիեսի` ՙԴատարանն է գալիս՚ ներկայացումը Արմեն Ջիգարխանյանի թատրոնում:

2009 թվականի նոյեմբերի 23-27-ը անցկացվեց ՙԿարոտ՚ երկրորդ  հայկական միջազգային փառատոնը Մոսկվայում: Փառատոնի շրջանակներում բացվեց ՙXX դարի կուռքեր՚ ֆոտոցուցահանդեսը, հանդիպումներ կազմակերպվեցին մշակույթի գործիչների հետ, տեղի  ունեցավ ՙԿարոտ-Միասին՚ բելառուսական փառատոնի հաղթողների գալահամերգը, ՙԱշուղ Ջիվանիի ստեղծագործությունը՚ կոչվող երեկոն և այլ միջոցառումներ: Հատուկ փառատոնին մասնակցելու համար Մոսկվա էին ժամանել հյուրերն տարբեր երկրներից, այդ թվում` կոմպոզիտոր  Կոստանտին Օրբեյլանը` ԱՄՆ-ից, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը` Գերմանիայից:

Հիմնադրամի օգնությամբ Երևանում կազմակերպվեց Մինաս Ավետիսյանի նկարների ցուցահանդեսը: Դա մեծ աշխատանք էր, որն իրականացրեցինք ՀՀ մշակույթի նախարարության և նկարչի որդիների` Արմանի և Նարեկի հետ համատեղ: Ես Մոսկվայից հատուկ ժամանեցի Երևան ցուցահանդեսի բացմանը  ներկա լինելու համար և հաճելիորեն զարմացա, թե որքան մարդ էր եկել ցուցահանդեսին: Այն տևեց չորս օր, քանի որ այցելուները շատ-շատ էին:

-Փառատոնն ինչպիսի՞ արձագանք գտավ սփյուռքում:

-Առաջին քայլերը ցույց տվեցին  նմանատիպ փառատոնի անհրաժեշտությունը: Սա առաջադրանք է, որն անհրաժեշտ է իրականացնել ապագա սերնդի համար, որպեսզի նրանք ճանաչեն իրենց արմատները, չկորցնեն իրենց ազգային  ինքնությունը:

 -2009թ. ՙԿարոտ՚ փառատոնին մասնակցեց նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

-Այո´, փառատոնի պատվավոր հյուրն էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մեզ համար շատ հաճելի էր, որ նա դարձավ մեր պատվավոր հյուրը: Փառատոնի փակմանը նա ասաց` իսկ ինչո՞ւ ՙԿարոտը՚ չկազմակերպել Հայաստանում: Այդպես ՙԿարոտը՚ եկավ Հայաստան և, արդեն կարելի է ասել, ընթացավ մեծ  հաջողություններով:

-Ինչո՞ւ որոշեցիք ՙԿարոտ՚ փառատոնի բացումն անել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

-Այս տարի սեպտեմբերի 2-ին` Ղարաբաղի  անկախության օրը, տեղի ունեցավ ՙԿարոտ՚ հայկական միջազգային փառատոնի բացումը Ղարաբաղի մայրաքաղաքում: Մենք գիտակցաբար ենք ընտրել և՜ բացման օրը, և´ վայրը:   Սովորաբար, ՙԿարոտ՚ հայկական միջազգային փառատոնն անցկացվում է Մոսկվայում: Այս տարի, ինչպես հայտնի է, այն անցկացվեց Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 2-ից 7-ը` ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի բարձր հովանու ներքո:  Մեզ մեծ վստահության արժանացրեցին, որի համար շնորհակալ եմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

-Արցախի ժողովուրդն ինչպե՞ս ընդունեց Ձեր նախաձեռնությունը:

-Նրանք շատ ջերմ ընդունեցին մեզ: Դա իրոք տոնական օր էր:  Տասից ավելի երկրներից ժամանած հյուրերն ու մանսակիցները պարզապես հիացած էին Արցախ աշխարհով: Դրանք անմոռանալի  տպավորություններ են, որոնք կմնան յուրաքանչյուրի հիշողության մեջ իրենց ողջ կյանքում: 

-Ինչպե՞ս կգնահատեք այս տարվա ՙԿարոտ՚-ը, որն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում և Արցախում:

-Այս տարի ՙԿարոտ՚ փառատոնի մեկնարկը Հայաստանում և Արցախում շատ բարձր եմ գնահատում: Փառատոնի պատվավոր հյուրերը և մասնակիցներն էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած արվեստի և մշակույթի  հայտնի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Ռոնի Բարաքը, Պեդրո Յուստաշը, Դանիել Դեկերը, Պետրոս Կիրկորովը, Կոնստանտին Մոսկովիչը և ուրիշներ: Փառատոնին հատուկ մասնակցելու նպատակով ՙԴատարանն է գալիս՚ ներկայացմամբ Երևան ժամանեց Մոսկվայի հայկական թատրոնը` Սլավա Ստեփանյանի գլխավորությամբ: Ներկայացման մեջ հանդես եկան Ռուսաստանի ժողովրդական և վաստակավոր արտիստներ Ալեքսեյ Պետրենկոն, Էմանուիլ Վիտորգանը, Իգոր Կոստոլևսկին և այլոք:

Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում 15 հազար հանդիսատեսների ներկայությամբ սկսվեց ՙԿարոտ՚ փառատոնի հանդիսավոր բացումը և հանրաճանաչ հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի Love Each Other (Սիրիր մերձավորիդ) միջազգային նախագծի գալահամերգը, որին մասնակցեցին երաժիշտներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Ռուսաստանից, Մոլդովայից, ԱՄՆ-ից, Վենեսուելայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Հնդկաստանից, Սիրիայից, Լիբանանից և աշխարհի այլ երկրներից:

Միջոցառումների շարքում էր նաև աշխարհահռչակ քանդակագործ Գրիգորի Պոտոցկու բրոնզե խատուտիկի տեսք ունեցող ՙԲարության խորհրդանիշ՚ հուշարձանի բացումը: Նմանատիպ հուշարձաններ արդեն տեղադրվել են աշխարհի ինը երկրներում, մասնավորապես` Ավստրիայում, Ֆրանսիայում, Էստոնիայում, Չինաստանում: Թվով տասներորդ հուշարձանը տեղադրվեց Ստեփանակերտում: Հուշարձանի բացմամբ` Փառատոնային Վերնիսաժի  մեկնարկը  տրվեց բաց երկնքի տակ, որտեղ ցուցադրվեցին աշխարհի տարբեր  երկրներից,  Հայաստանից և Արցախից հավաքված նկարիչների աշխատանքները:

Սեպտեմբերի 3-ից ՙԿարոտ՚ փառատոնը շարունակվեց Հայաստանի տարածքում: Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հանրաճանաչ հայ դերասան Վարդան Պետրոսյանը ներկայացրեց իր ՙՃակատագրի կատակները՚ ներկայացումը, իսկ սեպտեմբերի 4-ին կայացավ ՙԿարոտ՚ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը և ՙԿարոտ՚ գալահամերգը:

Հատկապես կուզենայի նշել սեպտեմբերի 7-ին Ադրբեջանին  սահմանակից Մովսես գյուղում  եկեղեցու օծման արարողությունը: Գյուղում 70 տարի եկեղեցի չի եղել,  վանքն ավերվել է Հայաստանի խորհրդայնացման ժամանակաշրջանում, իսկ ներկայում ռուսաստանաբնակ հայ բարերարի` Վազգեն Վանեսյանի աջակցությամբ նոր եկեղեցի է կառուցվել:

-ՙԿարոտ՚ փառատոնի միջոցառումների շրջանակում հետաքրքրական էր ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեի այցը Հայաստան: Ինչպե՞ս  կմեկնաբանեք նրա հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ:

-Հոկտեմբերի 3-ի երեկոյան Ժերար Դեպարդիեն` իմ լավ ընկերը, ժամանեց Հայաստան: Նրան ես շատ եմ պատմել Հայաստանի մասին, բայց նա երբեք Հայաստանում չէր եղել: Նա նաև շատ հայ ընկերներ ունի, օրինակ,  Շառլ Ազնավուրը: Ժերարն ինձ խոստացել էր` երբ հարմար առիթ լինի, ես անպայման կգամ: Նրա ցանկությունն իրոք անկեղծ էր, քանի որ մինչ Հայաստան գալը, նրա ոտքը վիրահատել էին, և բժիշկները նրան արգելել էին ընդհանրապես շարժվել, բայց նա կամք դրսևորեց և ժամանեց Հայաստան: Նրա հետ միասին մենք գնացինք  Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերին:

Նրան շատ հետաքրքիր էր մեր ազգային արվեստը, մշակույթը: Նա ՙԿարոտ՚-ի մրցանակին արժանացավ միջազգային մշակույթում իր ներդրումն ունենալու համար, այդ մշակույթի բաղկացուցիչ մասն էլ կազմում է հայկական մշակույթը:

-Նրա քայլը` այցելել Ծիծեռնակաբերդ, համարձակ չէ՞ր:

-Այո´, համարձակ քայլ էր, դա նրա ցանկությունն էր, նա իր ցավող ոտքով քայլեց դեպի հուշահամալիր:

Պետք չէ մոռանալ, որ Ֆրանսիան առաջիններից մեկն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան մեր ընկերն է, կես միլիոն հայ ապրում է այնտեղ: Հայերը լավ համբավ ունեն և կարողանում են ինտեգրվել օտար հասարակություն և հարգանք վայելել այնտեղ: 

-Ամեն դեպքում, Ձեր դերը նույնպես կա նրա այցի հարցում:

-Փոքր-ինչ իմ դերն էլ կա, քանի որ մենք արդեն երկար տարիներ է, ինչ մտերիմ ընկերներ ենք: Նա հաճույքով արձագանքեց իմ հրավերին:

-Նա նշել է նաև, որ ուզում է ֆիլմ նկարահանել: Որքանո՞վ է իրատեսական այդ նախագիծը:

-Այո՜, մենք այդ հարցերը նրա հետ քննարկում ենք, կարծում եմ` մենք  ինչ-որ ժամանակ դա կիրականացնենք:

-Ովքե՞ր են արժանացել ՙԿարոտ՚ մրցանակին:

-ՙԿարոտ՚ մրցանակի են արժանացել Շառլ Ազնավուրը, Սոս Սարգսյանը, Իոսիֆ Կոբզոնը, Անդրեյ Բիտովը, Նիկիտա Սիմոնյանը, Արմեն Ջիգարխանյանը, Շավարշ Կարապետյանը, Վլադիմիր Սպիվակովը, Կոնստանտին Օրբելյանը, Արթուր Աբրահամը:

Նշեմ մի քանի անուններ, ում այս տարի տրվեց մրցանակ` կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյան և Էդվարդ Միրզոյան, Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Վանուշ Խանամիրյան, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյան, դերասան և ասմունքող Վլադիմիր Աբաջյան:

 -ՙԿարոտ՚ անվանումը օտարազգիների համար հասկանալի՞  է:

-Մենք միշտ նշում ենք ՍՈՐՏՑ-ֆՑՏ վоրՑՈսьչՌÿ: ՙԿարոտ՚ անունը նաև բավականին բարեհունչ է և բոլորի համար հասկանալի ու ճանաչելի: Մրցանակ ստացողներից յուրաքանչյուրը փորձում էր բնութագրել կարոտը, բայց ոչ ոքի չհաջողվեց ճշգրիտ թարգմանել այն, քանի որ կարոտն իր համարժեքը չունի: 

-Ձեզ համար կարոտն ի՞նչ է, բացի ՙԿարոտ՚ փառատոնի անվանումից:

-Ես ծնվել եմ Ջավախքի Ախալքալաք քաղաքում, կրթություն եմ ստացել  Ռուսաստանում, ավարտել եմ Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիան, տնտեսագիտական գիտությունների դոկտոր եմ: Որոշ ժամանակ ապրել և աշխատել եմ Փարիզում, սակայն այժմ ապրում եմ Մոսկվայում:

ՙԿարոտ՚ փառատոնը և նաև Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությունը ես իրականացնում եմ իմ հոգու համար` գուցե դրանով արտահայտելով նաև իմ հոգու կարոտները: Գուցե որպես նորաձև խոսք հնչի, եթե խոսեմ Արարատի մասին, բայց ես Հայաստանը հիշելիս կամ Հայաստանը կարոտելիս Արարատն եմ պատկերացնում: Արարատը Հայաստանի խորհրդանիշը չէ միայն, այլ այն մագնիսն է, որն իր շուրջ է հավաքում համայն հայությանը:

-Պարո´ն Իգիթյան, ըստ Ձեզ` որքանո՞վ կարող է մշակույթն ազդել քաղաքականության վրա:  

-Ես նախկինում կարծում էի, որ մշակույթը քաղաքականություն չէ, բայց այսօր համոզվում  եմ, որ մշակույթը շատ լուրջ քաղաքականություն է, հատկապես Հայաստանի համար, քանի որ մենք չունենք նավթ և գազ, մենք ունենք մշակույթ, արվեստ, ստեղծագործական մեծ պոտենցիալ, որը կարող է փառաբանել Հայաստանը ամբողջ աշխարհում և դառնալ յուրահատուկ բրենդ:

Կարծում եմ` հայ մշակույթի զարգացման և տարածման համար ամենակարևորը մշակութային  նպատակաուղղված քաղաքականությունն է:  Ես շատ կուզանայի, որ Հայաստանի ղեկավարությունը մշակույթին վերաբերվեր որպես հատուկ ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտի:  Ինչպես տնտեսության տարբեր ճյուղերն իրենց զարգացվածությամբ պետք է մրցունակ լինեն համաշխարհային շուկայում, այնպես էլ մշակույթի ոլորտը պետք է մրցունակ լինի համաշխարհային մշակույթի ասպարեզում: Մենք այդպիսի պոտենցիալ ունենք, այլապես ես այսպիսի վստահությամբ չէի խոսի այդ մասին:

Հայ մեկ տաղանդավոր, աշխարհահռչակ ջութակահարը կամ նկարիչը երբեմն կարող է ավելին անել երկրի վարկի և հեղինակության բարձրացման համար, քան  արտաքին  գործերի նախարարությունը:

Պետք է հովանավորել իսկապես ազգային ուղղվածություն ունեցող նախագծերը: Օրինակ, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Թովմաս Պողոսյանին, ով  հիմնեց Ջիվանու անվան դպրոցը: Ես գիտեմ, որ նրա համար շատ դժվար է եղել, բայց նա չի վախեցել դժվարություններից:  Ես շատ կուզենայի, որ հովանավորվեր նման մարդկանց գործունեությունը, որպեսզի Հայաստանի ողջ տարածքում բացվեին նման դպրոցներ և հայտնաբերվեին մեր ապագա մեծությունները: Փոխարենը,  երբ ես տեսնում եմ, թե ինչպիսի նախագծեր են հովանավորվում, խիստ մտահոգվում եմ:

Ես միշտ ասել եմ և կասեմ ևս մեկ անգամ, որ այսպես կոչված ՙռաբիս՚-ը հովանավորչության կարիք չունի: ՙՌաբիս՚ ասելով` ես նկատի չունեմ միայն երաժշտական ժանրը, դա վերաբերում է նաև նկարչությանը, ճարտարապետությանը, գրականությանը և այլն:

Ինչպես ասում էր դասականներից մեկը, պետք  է օգնել տաղանդավորներին, անտաղանդներն իրենց ճանապարհը կգտնեն:

Մինչ փառատոնը, ես մտածեցի ֆիլմ նկարահանել ՙԿարոտել ենք…՚ խորագրով` ներկայացնելով մեր մեծություններին, ովքեր այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն: Փառատոնի ընթացքում ես դիտում էի այդ ֆիլմը և մտածում, թե ովքեր են նրանց փոխարինելու: Մտածում էին նաև, որ գուցե մեր ապագա Սարյանը, Մինասը ապրում է Հայաստանի որևէ խուլ գյուղում, բայց  եթե մենք նրան չհայտնաբերենք, նա այդպես էլ կմնա աննկատ: Պետք է հայտնաբերել մեր ազգային հարստությունները, զարգացնել ու ներկայացնել  աշխարհին:

Ես կարծում եմ` շատ գործարարներ կցանկանան գումարներ ներդնել այդ գործում:

-Հնարավո՞ր է 2011թ.  ՙԿարոտ՚ փառատոնը կազմակերպվի Փարիզում:

-Այո՜, մենք դա լրջորեն քննարկում ենք, բայց դա չի խանգարում, որ ՙԿարոտն՚ անցկացվի նաև այլ երկրներում: Ես  շատ կուզենայի, որ մենք առաջիկա փառատոններից  մեկն այնցկացնենք Ջավախքում:

-Պարո´ն Իգիթյան, ո՞վքեր են այն մեծությունները, որոնց արվեստով Դուք հիանում եք:

-Այդպիսինները շատ են` Հեմինգուեյ, Մարկես, Պիկասո, Մատիս, Լեժե, Վան Գոգ. կարող եմ անվերջ թվել: Հայ մեծություններից ինձ շատ հոգեհարազատ է Վիլյամ Սարոյանը, Արամ Խաչատրյանը,  Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Պարույր Սևակը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը: Շատ եմ սիրում աշուղ Ջիվանու ստեղծագործությունները:

-Հետաքրքիր է, ինչի՞ մասին եք հաճախ երազում:

-Իմ երազանքներն ավելի շատ կապված են ընտանիքիս հետ` կնոջս, երեխաներիս: Ես երջանիկ եմ նրանցով: Ունեմ երկու երեխա` տղա և աղջիկ: Տղաս 11 տարեկան է, անունը` Սերգեյ, իսկ աղջկաս անունը Անի է, նա 9 տարեկան է: Նրանք ծնվել են Մոսկվայում, մի քանի տարի կրթություն են ստացել Ֆրանսիայում: Այժմ իրենց կրթությունը շարունակում են Ֆրանսիական դեսպանատան Ալեքսանդր Դյումայի անվան դպրոցում:  Ամենակարևորը` իմ ընտանիքում համաձայնություն, խաղաղություն և սեր կա:

-Ձեր երեխաները  հայերե՞ն են խոսում:

-Այո՜, նրանք խոսում են հայերեն, իսկ Ֆրանսիայի Սուրբ Մեսրոպի անվան դպրոցում ուսանելու տարիներին սովորել են նաև արևմտահայերեն: Նրանք նաև տիրապետում են  ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին: Ինչպես ասում է Ժերար Դեպարդիեն, նրանք ֆրանսերեն խոսում են փարիզյան շեշտադրությամբ: Օտար լեզուներ իմանալը շատ լավ է, բայց մենք տանը խոսում ենք հայերեն: 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...