15:35
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իմ անցած ուղին բովանդակում է ճշգրիտ քահանայության էությունը, ինչն ինձ համար կարեւոր արժեք է

2020-12-08 00:51

 «Դե Ֆակտո» N 05/156 (10/2020թ.) 

«Դե Ֆակտո» ամսագիրը ներկայացնում է իր բացառիկ խորքային հարցազրույցի մի հատվածը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Արհի. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի հետ, ում հետ զրուցել ենք նրա արմատների, անցած հոգևոր ուղու, կաթողիկե և առաքելական եկեղեցիների տարբերությունների և այլ հետաքրքիր հարցերի շուրջ:
Հարցազրույցի շարունակությունը կարող եք ընթերցել մեր հաջորդ համարում:

-Սրբազա՛ն Հայր, շնորհակալ ենք մեզ ժամանակ հատկացելու և Ձեզ հետ զրուցելու պատվին արժանացնելու համար: Նախ ուզում եմ հարցնել, թե որտեղից են Ձեր արմատները, ինչպիսի միջավայրում եք մեծացել և ինչպես որոշեցիք ընտրել հոգևոր ուղին և ինչու կաթողիկե եկեղեցին:
-Ես Հայոց ցեղասպանությունից հետո ծնված առաջին սերնդի ներկայացուցիչներից եմ: Հայրս ցեղասպանության ժամանակ Վանից փախել և հայտնվել է տարբեր որբանոցներում` իր մանկությունն անցկացնելով դրանցում: Բախտի բերմամբ` Սալեզյան միաբանության վարդապետերը նրան վերցրել են որբանոցից և տարել Իտալիա: Կաթողիկե արմատը գալիս է այդ ճյուղից:
Նրա կողքին ոչ մի հարազատ չի եղել` ոչ մայր, ոչ եղբայր, ոչ քույր. նա ականատես է եղել, թե ինչպես էին ցեղասպանության ժամանակ սպանել իր հորն ու մորը: Նա այդ ժամանակ փոքր եղբոր հետ է եղել, սակայն մի միսիոներ` քրիստոնյա քարոզիչ, իրեն վերցնում է, տանում, իսկ եղբորը` ոչ: Հայրս պատմում էր, որ ինքը լաց է եղել, թե ինչու եղբայրը մնաց այնտեղ, սակայն նրան խաբում են և ասում, թե եղբայրը քնած է, այնինչ նա երևի սովամահ էր եղել: Այսպիսով` հայրս հասնում է Լիբանանի և Իսրայելի սահմանը, հայտնվում մի քանի որբանոցներում, այդ թվում` Պողոս Արիս վարդապետի որբանոցում, որից հետո` Իտալիայում: Հոգևորականները ցանկանում են նրան վարդապետ դարձնել, սակայն 1942-43թթ.-ին մի քարոզիչ է գալիս Սիրիայից և ասում նրան, որ իր ազգանունով մի մարդ կա Ջըրջըս իսլամա-արաբական անունով, որ նշանակում է Գևորգ, եթե ցանկանում է, թող գնա և հանդիպի նրան: Հայրս գնում է տվյալ վայրը և այնտեղ գտնում իր մյուս եղբորը` Գևորգին, ով իրեն արգելում է վարդապետ դառնալ: Նա ասում է, որ հայրս պետք է ամուսնանա, ընտանիք կազմի և մեր ընտանիքը վերակազմավորի: Հորս ծանոթացնում են տարիքով բավականին մեծ, տունը մնացած 17 տարեկան մի աղջկա հետ. այն ժամանակ աղջիկներին 13-14 տարեկանում ամուսնացնում էին: Այդ աղջիկը ևս որբացել էր ցեղասպանությունից հետո, նրա հայրը Մարտունու քաղաքապետն էր եղել: Հայրս պայման է դնում այդ աղջկա առջև, թե առաջին ծնվող երեխան` տղա, թե աղջիկ, պետք է Աստծուն նվիրվի: Մայրս ընդունում է հորս պայմանը` այնքան էլ լավ չպատկերացնելով դրա լրջությունը, քանի որ 17 տարեկան էր ընդամենը, և նրանք ամուսնանում են ու ծնվում եմ ես Երուսաղեմում, առաջինը` ծնողներիս ութ զավակներից: Նրանք ունենում են չորս տղա և չորս աղջիկ: Եվ հորս պատգամը փաստորեն ես պետք է իրականացնեի:
Հայրս գտնում է նաև իր երրորդ, ամենամեծ եղբորը` Համբարձումին, ով թուրքական ազգանուն էր կրում` Օքսուն: Հետաքրքիր պատմություն կա այդ մասին, որ կցանկանայի պատմել Ձեզ:


-Խնդրեմ, սիրով կլսենք այն:
-1958թ. հայրս և հորեղբայրս` իրենց զավակներով, շոգեկառքով գնում էին Սիրիայի մի քաղաքից մյուսը, որի ընթացքում ես, որ այդ ժամանակ 7-8 տարեկան երեխա էի, դուրս եմ գալիս շոգեկառքի մեր խցիկից` երևի խաղալու նպատակով և դիմացս կանգնած շատ մարդկանց տեսնելով, որ սևեռուն հայացքով ինձ էին նայում, լացելով ներս եմ մտնում հորս և հորեղբորս մոտ: Նրանց թվում է, թե ինչ-որ մեկը նեղացրել է ինձ, ես ոչինչ չեմ ասում, միայն ձեռքով նշան եմ անում և իրենք անմիջապես դուրս են գալիս մեր խցիկից` հասկանալու լացիս պատճառը ու մի պահ սառում` իրենց առջև կանգնած էր իրենց երրորդ եղբայրը` Համբարձումը, միմյանց անունները տալով` նրանք գրկախառնվում են, ուրախանում, որ գտան իրար: Թեև փոքր էի, բայց իմ մեջ տպավովել է այս հուզիչ դիպվածը:


-Ինչպիսի՞ շարունակություն ունեցավ Ձեր կյանքը դրանից հետո:
-1948թ. Պաղեստինում պատերազմ էր, մենք փախանք Լիբանան: Ես մինչև 11 տարեկանը, կարելի է ասել, անանուն երեխա էի, գրանցում չունեի որևէ բնակավայրում, քանի որ անընդհատ տեղից տեղ էինք տեղափոխվում ու չէինք հասցրել այդ հարցը լուծել: Այդ ժամանակ ինձ տարան լիբանանյան դատարան, որտեղ դատավորն ինձ հարցրեց` փոքրի՛կ վարդապետ, նրանք քո մայրն ու հա՞յրն են, ասացի` այո, և ես լիբանանյան գրանցում ստացա:
1958թ. մտա Զմմառի Պատրիարքական Միաբանության ընծայարան, որտեղ ստացա դպրոցական բարձրագույն կրթություն: Նախնական ուսումս ստացել էի գյուղում, որտեղ ո՛չ հայկական դպրոց կար, ո՛չ եկեղեցի, սովորում էի ասորի օրթոդոքսների դպրոցում: Անշուշտ, գիտեի հայերեն, խոսում էի նաև ասորերեն և արաբերեն, սակայն դա շատ քիչ էր: Մի ամբողջ տարի ես դասընթացներ անցա, սովորեցի տարբեր լեզուներ: Այստեղ կրթությունս շարունակեցի մինչև 1966թ.: Նույն թվականին ինձ ուղարկեցին Հռոմի քահանայապետական Լևոնյան հայ վարժարան` աշակերտելու քահանայապետական Գրիգորյան համալսարանում, որտեղ ստացա փիլիսոփայության և աստվածաբանության վկայականներ: Ուսումս շարունակեցի Հռոմի Սալեզյան համալսարանում` մասնագիտանալով գործնական հոգեբանության մեջ:


-1973թ. հունիսի 24-ին` 26 տարեկան հասակում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ձեռնադրվեցիք կուսակրոն քահանա: Ի՞նչ զգացումներ, մտքեր պատեցին Ձեզ, ինչպիսի՞ պատասխանատվություն էր դա Ձեզ համար:
-Բավականին բարդ էր նման որոշում կայացնելը, և ես այդքան էլ համաձայն չէի շարունակել քահանայի պատրաստությունը, բայց այդ ժամանակ իմ կյանքում մի անձնավորություն հայտնվեց, ով ազդեց իմ որոշման վրա: Նա այսօր արդեն սրբադասման թագ կրող երջանկահիշատակ Ծիրանավոր Գրիգոր Պետրոս Աղաջանյանն է, ով իմ հանդեպ շատ ուշադիր էր, հոգատար, և դարձավ իմ հոգևոր ուղու հովանավորը: Ես ընդունեցի քահանայությունն ու մինչև այսօր սիրով ու մեծ նվիրվածությամբ ծառայում եմ Աստծուն, կատարում հորս պատգամը: Հետաքրքիր դրվագ կա այս ժամանակահատվածի հետ կապված: Ես ապրում էի սիրիական անապատում, որտեղ ջուր չկար, դպրոցում ասորի աշակերտներ կային, որոնք Բեյրութ էին գնում` ծովափ, և գալիս պատմություններ պատմում այդ մասին, ու ինձ պատել էր ծովափ գնալու ցանկությունը: Մի անգամ մեզ այցելության էր եկել հայ կաթողիկե Բարձր Ջազիրեի թեմի առաջնորդ Հովսեփ եպս. Ջանանջյանը: Այդ օրը ես ցանկանում էի գնալ հնդկական ֆիլմ դիտելու, բայց ինձ թույլ չտվեցին, առաջարկեցին գնալ Բերյութ` վանք, հարցրեցի` ծով կա՞, ասացին` այո, և ես համաձայնեցի: Քանի որ տարիքով փոքր էի, իմ մուտքը հոգևոր աշխարհ սկզբում գիտակցաբար չեղավ, չէի հասկանում, թե ինչ ուղի եմ ընտրել:
1973թ. ձեռնադրվեցի վարդապետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Սուրբ Եղիա Աթոռանիստ եկեղեցում և մնացի նույն եկեղեցում` ծառայության: Որպես նոր վարդապետ` շատ ընդունված չէի, որովհետև տարեց վարդապետները, որոնց վերահսկողության ներքո էի գտնվում, շատ խիստ էին, առաջնորդվում էին հին սովորույթներով և հետևում էին իմ ամեն մի քայլին: Պատկերացրեք, եթե ինձ իրենց հետ այցելության էին տանում ընտանիքներ (այդպես էր այն ժամանակ. այցելում էին ընտանիքներին, հետաքրքրվում նրանց խնդիրներով, զավակներով), և երբ ինձ հարցնում էին` անունդ ի՞նչ է, ես իրավունք չունեի պատասխանելու, վարդապետը, ով ինձ տարել էր, նա պետք է պատասխաներ իմ փոխարեն:
Որոշ ժամանակ անց ինձ հանձնարարեցին այցելել մի փողոցի 12 ընտանիքների, ու երբ երեկոյան վերադառնում էի վանք, մանրամասն հարցնում էին, թե ինչ հարցեր տվեցին ինձ, ես ինչ պատասխանեցի և այդպես շարունակ: Դրվածքն այնպիսին էր, որ պետք է ենթարկվեի նրանց: Այդպես շարունակվեց հինգ տարի, որից հետո ստացա առաջին պաշտոնը` կառավարել մեկ ժողովրդապետություն: Այդ ժամանակ պատերազմն արդեն սկսված էր Լիբանանում, և ես մնացի այնտեղ 17 տարի: 1974-75թթ. բռնկվեց ներքին պատերազմը, և իմ կյանքը, գործունեությունը մի փոքր այլ ընթացք ստացավ, զբաղվում էի կարիքավորների, աղքատների, որբ երեխաների խնդիրներով, դա էր այդ ժամանակահատվածում իմ գլխավոր առաքելությունը: Ուրախ եմ, որ կարողացա ծառայել ժողովրդին, կարծում եմ` իմ անցած ուղին բովանդակում է ճշգրիտ քահանայության էությունը, ինչն ինձ համար կարևոր արժեք է:


-Դուք նաև հոգեբան եք, հետաքրքիր է, երբեևէ Ձեր ներսում հակասություններ չեն առաջացրե՞լ հոգեբանության և աստվածաբանության որոշակի պնդումներ:
-Ընդհակառակը` հոգեբանությունն ինձ մեծապես օգնել է մարդկանց լավ հասկանալու և ճիշտ խորհուրդներ տալու հարցում:
1978թ. նշանակվել եմ Լիբանանի Հայ Կաթողիկե եկեղեցական ատյանի քարտուղար, ապա` եկեղեցական դատավոր` մինչև 1989 թվականը: Շնորհիվ իմ ունեցած հոգեբանական գիտելիքների` հաջողվեց հաշտեցնել մեծ թվով ամուսնական զույգերի, ովքեր պատրաստվում էին ամուսնալուծվել, քանդել իրենց ընտանիքը, բայց ես, լսելով նրանց խնդիրները, միմյանցից հեռանալու պատճառները, կարողանում էի ճիշտ ուղղություն ցույց տալ, և պետք է նշեմ, որ բազում ընտանիքներ փրկվեցին, շարունակեցին իրենց ամուսնական կյանքը: Դա մեծ հաջողություն էր հայ համայնքի համար այն պարագայում, երբ ամբողջ աշխարհում խախտվել է ընտանիքի ինստիտուտի հիմնական սկզբունքները, զույգի միասնության սուրբ խորհուրդը: Ես նրանց բացատրում էի, որ ընտանիքը կարծես շոգեքարշ լինի, որն առաջ տանողը զույգերն են, ովքեր պահպանելով իրենց սուրբ երդումը` պետք է առաջնորդեն իրենց երեխաներին` պահպանելով ընտանիքի հիմքում ընկած սուրբ կանոնները:
Աստվածաբանությունը կարծես այնքան էլ մոտ չէ մեր ժողովրդին, սակայն այն շատ խորը գիտություն է, որը ազդում է մարդու անձնական համոզմունքների վրա, և եթե ընտրել ես հոգևոր ուղին, ապա կոչված ես Աստծո խոսքը հաղորդել մյուսներին, քանի որ նրա ներկայացուցիչն ես երկրի վրա, և դա մեծ պատասխանատվություն է յուրաքանչյուր հոգևորականի համար:
Իսկ եպիսկոպոսությունը հոգևոր ծառայության այլ մակարդակ է, այն ավելի կտրված է ժողովրդից ու կապված հոգևորականների հետ: Եպիսկոպոսն իր փորձը, գիտելիքներն է փոխանցում հոգևորականներին, թե ինչպես ճիշտ շփվել ժողովրդի հետ, կատարել Աստծո պատգամը:


Ամբողջական հարցազրույցը կարդացեք
«Դե Ֆակտո» ամսագրի հաջորդ համարում:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...