15:09
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԿՈՉՈՒՄՈՎ ԲԺԻՇԿԸ` իմաստության եվ ինքնաբավության սահմանին

2020-12-08 00:48

 «Դե Ֆակտո» N 05/156 (10/2020թ.) 

Մեծագույն հաջողություն է հանդիպել բժշկի, ով հետաքրքրվում է ոչ միայն քո հիվանդությամբ, այլ նաեւ անձով, առաջարկում դեղատոմսեր ոչ միայն մարմինը, այլ հոգին բուժելու համար: Այդպիսին է մանկաբարձ-գինեկոլոգ, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, Մխ. Հերացու անվ. ԵՊԲՀ ամբիոնի դոցենտ Արմեն Բլբուլյանը, ում փորձեցինք բացահայտել մեր հարցազրույցի ընթացքում:

 

-Եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչը կավելացնեիք աշխարհում, մարդկանց մեջ և ի՞նչը կոչնչացնեիք:
-Աշխարհում կավելացնեի սերը և իսպառ կոչնչացնեի չարությունը: Ամենավատն առաջանում է չարությունից:

-Պարո՛ն Բլբուլյան, Դուք` որպես պրոֆեսիոնալ մասնագետ, մեծ ճանաչում ունեք թե՛ Հայաստանում և թե՛ նրա սահմաններից դուրս, հետաքրքիր է, Ձեզ գնահատված զգո՞ւմ եք և ո՞րն է Ձեզ համար լավագույն գնահատականը:
-Անկեղծ ասած` մեր օրերում իրական և արհեստածին արժեքներն ու գնահատականներն այնպես են խառնվել իրար, մրցանակներ, գնահատականներ, ճանաչում ու բարի համբավ ձեռք բերելը դարձել հեշտ ու մատչելի` հիմնականում «PR» կոչվածի շնորհիվ, որ ես այնքան էլ կարևորություն չեմ տալիս դրանց: Բացի այդ, ես հասել եմ իմաստության այնպիսի մի տարիքի, որ ինձ համար պատահական, անբովանդակ, ցուցադրական իմաստ ունեցող գնահատականներից առավել կարևոր է ինքնաբավ, ինքս ինձանից լիարժեք գոհ լինելը: Ճիշտ է բարձր գնահատականների արժանացել եմ թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս, բայց դրանց նայում եմ ժամանակի և տարածության մեջ, փլիսոփայորեն եմ վերաբերվում այդ ամենին:
Անկեղծ ասած` այժմ ինքս ինձնից լիարժեք գոհ լինել չեմ կարող, քանի որ շատ անելիքներ ունեմ, ծրագրեր, գաղափարներ, որ դեռ պետք է իրականացնեմ, նոր սերնդին փոխանցելու շատ բան ունեմ: Օրինակ` վերջերս գաղափարներս, մտքերս միաձուլեցի, ինչի արդյունքում ծնվեց մի էսսե` ուղղված ապագա բժիշկներին, որը բովանդակում է նոր մոտեցումներ, մասնագիտական տեսանկյուններ, ինչը շատ կարևոր է ապագա սերնդի համար:
-Այսօր բժշկագիտությունը օր օրի զարգանում է, և պետք է վազել, որպեսզի հասցնել սերտել և կիրառել դրա նորագույն ձեռբերումները: Ո՞րն է որակով և նորագույն մեթոդներով առաջնորդվող մասնագետ լինելու գրավականը, ինչպե՞ս պետք է հասնել դրան:
-Պետք է մի պարադոքսալ բան ասեմ` բժշկագիտության մեջ գլխավոր, հիմնական հասկացողությունները վաղուց արդեն ներդրվել են, ժամանակն է, որ մենք դրանք դարձնենք մեզ համար տեսանկյուն և բժշկագիտության ասպարեզում շարժվենք առաջ` առաջնորդվելով դրանցով:
Ինչ վերաբերում է նորագույն բժշկություն հասկացողությանը, ապա ես Ձեզ պետք է մի քիչ հիասթափեցնեմ, քանի որ նման հասկացողություն չկա, կան նոր տեխնոլոգիաներ, գործողությունների և միջամտությունների նոր հնարավորություններ, որոնց պետք է տիրապետել ավելի լավ արդյունքի հասնելու համար: Դրանցից է, օրինակ, լապարասկոպիան, որին այսօր բոլոր վիրաբույժները պետք է տիրապետեն, քանի որ այն լավ մեթոդ է առանց մեծ կտրվածքների վիրահատություններ կատարելու: Սակայն այստեղ պարադոքս կա. եթե նախկինում կարևորվում էր վիրաբույժի ձեռքի շնորհքը` «վիրաբույժի ձեռքեր» ասվածը, ապա այսօր նույն լապարասկոպիան հնարավորություն է տվել շատ-շատերին զբաղվել վիրաբուժությամբ` չունենալով ի վերուստ տրված այդ շնորհը: Ճիշտ չէ նաև, երբ նորավարտ օրդինատորը սովորում է բժշկական ժամանակակից մի քանի մեթոդ և իրեն համարում կայացած բժիշկ: Իմ խորին համոզմամբ` այդպես բժիշկ չեն դառնում, բժիշկը պետք է երկար ճանապարհ անցնի, խորանա ընդհանուր պաթոլոգիայի լաբիրինթներում, գնահատի տարբեր օրգան-համակարգերի փոխազդեցությունները, որն ապահովում է կենսունակությունը` որպես կենսաբանական կատեգորիա: Միայն այս ճանապարհով կարելի է հասնել բժշկագիտության իմաստին և փիլիսոփայությանը:
Ուզում եմ շեշտել և նշել ևս մեկ պարադոքս` մարդու կյանքի որակը բարձրացնելու համար ներկայիս բժշկությունը շատ քիչ ուշադրություն է դարձնում նրա հոգեբանությանը:
-Այսօր անպտղությունը բավականին լայն տարածում ունի, ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը և ինչպիսի՞ն է վիճակագրությունը վերջին մի քանի տարիների ընթացքում:
-Սա նույնպես շատ խորը փիլիսոփայական հարց է, որը կարելի է վերլուծել տարբեր տեսանկյուններից: Նախ պետք է նկատի ունենալ, որ կան կենսաբանական օրինաչափություններ, որոնց խախտումը ընկած է անպտղության խնդրի հիմքում: Ֆունդամենտալ գիտության կողմից ապացուցված օրինաչափություն է, որ պոպուլյացիայի թվից և խտությունից կախված են նաև վերարտադրողական ֆունկցիայի նորմալ իրականացման տոկոսները: Օրինակ, երբ կենդանական աշխարհում պոպուլյացիան իր քանակով գերազանցում է արեալի` բնական միջավայրի նրան կերակրելու հնարավորությունները, անկում է ապրում վերարտադրողականությունը, այսինքն` բարձրանում է անպտղության, ինչպես նաև խրոնիկական, օնկոլոգիական հիվանդությունների տոկոսը: Ընդհանրապես, անպտղությանը պետք է մոտենալ` որպես ինտեգրալ հասկացողություն, որը կարող է պայմանավորված լինել ոչ միայն վերարտադրողական համակարգի, այլ նաև միանգամայն անսպասելի, առաջին հայացքից կապ չունեցող, այլ համակարգի ախտահարման հետ: Այդ իսկ պատճառով, անպտղությամբ պետք է զբաղվի լայն մտահորիզոնի տեր և բժշկագիտության իմաստն ընկալած մասնագետ: Շատ եմ կարևորում հարցի հոգեբանական կողմը: Ընդհանրապես, բժշկին այցելելիս պացիենտը պետք է հեռանա միայն «պոզիտիվով»: Որպեսզի ապահովվի ազգի վերարտադրողունակությունը` առողջ և ուժեղ սերնդով, պետք է խրախուսվեն արդեն իսկ կայացած առողջ և պտղաբեր զույգերը: Տվյալ ասպեկտը դուրս է մնացել պետական տեսաշահերից, քանի որ, սովորաբար, մեծ ֆինանսական ներդրումներ են պահանջում խնդրահարույց զույգերը: Եվ այստեղ պետության ներդրումները, ինչ խոսք, առաջնային են և մարդասիրական:
Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա պետք է նշեմ, որ մենք չունենք այսօր օբյեկտիվ վիճակագրություն, քանի որ այն կազմվում է երբեմն ոչ ճշգրիտ, սուբյեկտիվ տվյալների հիման վրա: Բացատրեմ` եթե նախկինում անպտուղ էր համարվում այն զույգը, որը երկու տարի բնականոն ամուսնական կյանքից հետո չուներ սերունդ, ապա այսօր այդ ժամկետը դարձել է մեկ տարի: Ավելին` կան զույգեր, որոնք անգամ մեկ տարի չեն սպասում, ամուսնությունից մի քանի ամիս անց որոշում են, որ ունեն անպտղության խնդիր և դիմում են բժշկի, հետազոտություններ անցնում տարբեր լաբորատորիաներում, անցնում բոլոր տեսակի հետազոտությունները և այլն: Անպտղության նման օրինակները դառնում են վիճակագրության մաս, որը չի կարող օբյեկտիվ լինել:
Իսկ իրական, օբյեկտիվ վիճակագրությունը, իհարկե, հզոր երևույթ է, որը հնարավորություն է տալիս աշխատանքն առավել ուղղորդված կատարել` լուծելով առկա խնդիրները:
-Պարո՛ն Բլբուլյան, Դուք կնամեծար տղամարդ եք, ով կարծում է, որ մարդկության գլուխգործոցը կինն է, դա՞ էր պատճառը, որ ընտրեցինք գինեկոլոգիան, թե՞…
-Տարիների ընթացքում համոզվեցի, որ մարդկությունը սխալ ուղղությամբ է դաստիարակում անհատին: Համաշխարհային քաղաքակրթության զարգացման հիմքում ընկած է ճշգրիտ ինտելեկտը միայն, այնինչ շատ կարևոր է նաև զգացմունքային աշխարհը, որն ունի այնպիսի հատկանիշեր, որ ինտելեկտը չունի, օրինակ, կանխազգացում, ներդաշնակության զգացողություն:
Ես կնոջը համարում եմ մարդկության գլուխգործոցը, քանի որ նրա մոտ ավելի զարգացած է զգացմունքային աշխարհը, կանխազգացումը, որը հիմնականում չի խաբում նրան: Կնոջ զգացմունքայնությունը գեղեցիկ կտավ է` հարուստ տարբեր գույներով ու երանգներով, ինչը տղամարդու մոտիվացիայի հիմնական աղբյուրն է: Եթե կինը չլինի, տղամարդը շատ ցածր մոտիվացիա կունենա և ունակ չի լինի մեծ գործեր կատարելու:
Իսկ թե ինչու ես ընտրեցի գինեկոլոգիան, ապա դրա պատճառը ամենևին կնամեծարությունը չէ, այլ վերարտադրողականություն հասկացողությունը, որն ինձ միանգամից գերեց, երբ երկրորդ կուրսում առաջին անգամ ներկա գտնվեցի և տեսա կեսարյան հատումը: Ինձ գերեց կին-երեխա փոխհարաբերության գեղեցկության էությունը, հարմոնիան ու փլիսոփայությունը: Դա հրաշք գործընթաց է, որին որքան էլ գիտական բացատրություններ տրվեն, միևնույնն է, այն մնում է առեղծված:
-Ըստ Ձեզ` մա՞րդն է կերտում բժշկին, թե՞ բժիշկը` մարդուն:
-Իհարկե, մարդն է կերտում բժշկին, բժիշկը չի կարող կերտել մարդուն, բայց պարտավոր է դաստիարակել և կրթել: Նա պետք է իր կերպարով ու աշխատանքով օրինակելի անձնավորություն լինի, ում ամեն անգամ այցելելիս պացիենտը չոր բժշկությունից բացի, ստանա նաև հոգեբանական և ինտելեկտուալ որոշակի գիտելիքներ, զինվի լավատեսությամբ ու դրական մտքերով: Ինչպես ամերիկացիներն են ասում` եթե դու ունես պոզիտիվ կյանք, ապա դու չես կարող ունենալ նեգատիվ մտածողություն: Մտածողությունդ էլ պետք է լինի պոզիտիվ` դրական: Միայն պոզիտիվ մտածողությունն է հանգեցնում պոզիտիվ իրականության:
Պետք է նշեմ նաև, որ բժշկի աշխատանքը նման է գեղանկարչի աշխատանքին. կան հղիություններ, որոնք բժշկի ստեղծագործություններն են` կտավները, որ նա կերտում է հղիության ձևավորումից մինչև ծննդաբերություն: Բայց նույնիսկ այդ դեպքում պետք է հասկանալ, որ բժիշկն ուղղակի համահունչ գնացել է բնական գործընթացներին:
-Դուք տեսակով պերֆեկցիոնիստ եք, արդյո՞ք հաջողվում է հաճախակի գոհ լինել ինքներդ Ձեզանից, հասնել ներդաշնակության թե՛ որպես մարդ և թե՛ որպես մասնագետ:
-Ինքնաբավությունը, ինքդ քեզանից գոհ լինելը կայուն, հաստատուն զգացողություն չէ, այն ժամանակի ընթացքում տարբեր ձևափոխությունների է ենթարկվում` կապված մարդու ստացած տեղեկատվության, սեփական փորձի հետ: Հասնում ես ինքնաբավության ու ներդաշնակության ամենաբարձր կետին, մշակում կյանքի փլիսոփայություն և հանկարծ մի դիպվածի կամ այլ պատճառով սկսում վերանայել ճշմարտություններդ ու ստեղծել նորերը: Այսպիսին է ներդաշնակության ճանապահը, դժվար ես հասնում, բայց երբ հասնում ես, բոլորովին այլ զգացողություններ ես ունենում:
-Դուք մեծացել եք բժիշկների ընտանիքում, շարունակել նրանց ճանապարհը, Ձեր երեխաներից երկուսը ևս հետևել են Ձեր օրինակին: Ինչպե՞ս եք դաստիարակել նրանց, ի՞նչ արժեհամակարգ եք փոխանցել:
-Երեխաներիս փոխանցված արժեհամակարգը բոլորովին կապ չունի բժշկագիտության հետ: Ես փորձել եմ նրանց մեջ սերմանել բարձր, վեհ արժեքներ, որոնք արտացոլված են դասական արվեստի և գրականության մեջ:
Կարծում եմ` երեխան նախադպրոցական տարիքից առաջին հերթին պետք է ուսումնասիրի դիցաբանությունը, որը մարդկության մանկությունն է: Երկրորդը` դասական երաժշտությունն է: Ինչ վերաբերում է ազգայինին, ապա երեխայի երաժշտական կրթությունը պետք է հիմնվի Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Մակար Եկմալյանի և այլոց ստեղծագործությունների վրա: Կարևոր եմ համարում երեխայի այս կամ այն երաժշտական գործիքին տիրապետելը: Մեր ընտանիքում դա, իհարկե, դաշնամուրն է:
Երրորդը գեղանկարչությունն է: Լինելով այս կամ այն երկրում` մեզ համար առաջնայինը պատկերասրահ այցելելն է: Դա արդեն ավանդույթ է դարձել:
Ոչ պակաս կարևոր է նաև շրջապատի ազդեցությունը երեխաների դաստիարակության վրա` այն մարդկանց, ում հետ նրանք շփվում են:
Երեխաներիս սովորեցրել եմ սիրել, հարգել և ամենակարևորը` չխաբել, խաբելը մեր ընտանիքում «տաբու» է, ես ատում եմ սուտը: Միշտ ասել եմ երեխաներիս` այնպես ապրեք, որ երբեք չչարանաք, չնախանձեք, արեք առավելագույնը ձեր նպատակներին հասնելու համար, մի ընկճվեք դժվարություններից, այդ դեպքում կվայելեք ձեր քրտինքով վաստակած հաջողությունները, իսկ նախանձն ու չարությունը հեռու կմնան ձեզանից:
-Ո՞րն եք համարում Աստծո ստեղծած աշխարհի ամենաառեղծվածային երևույթը:
-Կինը, միայն կինը:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Երազում եմ ներդաշնակության և գեղեցկության մասին` իմ մեջ, իմ շուրջը և ամբողջ աշխարհում:

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...