





2020-12-08 00:46
«Դե Ֆակտո» N 05/156 (10/2020թ.)
«Բեսթ Լայֆ»-ի բուժանձնակազմը՝ Սպիտակ բանակի առաջամարտիկ
Արցախում ընթացող պատերազմական գործողություններով պայմանավորված՝ «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնն անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի՝ պատրաստ կանգնել բանակի կողքին և ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն:
Ամուր թիկունք, ամուր սահման. սա է օրվա հրամայականը, որին հավատարիմ՝ աշխատում են «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական ԲԿ-ի մասնագետները: Պատերազմի առաջին իսկ օրերից «Բեսթ Լայֆ»-ի բուժանձնակազմը համալրել է Սպիտակ բանակի շարքերը: Նրանք հայ զինվորի կողքին են թե՛ Արցախում, թե՛ Գորիսում, թե՛ Վարդենիսում և թե՛ Երևանում: Մինչ կենտրոնի անձնակազմի մի մասը շարունակում է իր անձնվեր աշխատանքն առաջնագծում, Երևանում մնացած մասնագետները չեն խնայում իրենց մեկ այլ շատ կարևոր գործի՝ թիկունքի բնակչության և վիրավոր զինվորների առողջությունն ապահովելու համար: Կենտրոնի կողմից զինվորներին մատուցվում է նաև հոգեբանական ծառայություն՝ փորձելով կայունացնել նաև նրանց հոգեկան առողջությունը:
Հատկանշական է, որ «Բեսթ Լայֆ»-ի ոչ միայն բժիշկները, այլ նաև վարորդն է անձնվիրաբար աշխատում: Նրան հաջողվել է Արցախի խրամատներից մեկից 19 վիրավոր զինվորի անվնաս տեղափոխել հիվանդանոց՝ արժանանալով ԱՀ ՊՆ պատվո շքանշանին:
Պատերազմական այս դժվարին օրերին կենտրոնը մասնագիտական օգնությունից բացի՝ պարբերաբար Արցախ է ուղարկում նաև բուժօգնության պարագաներ և դեղորայք:
Հաշվի առնելով պատերազմական վիճակը և շտապ օգնության գերծանրաբեռնվածությունը, «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը Երևանի շտապ օգնության կայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ պայմանավորվածության արդյունքում որոշում է կայացրել նաև տրամադրել ԲԿ-ի գերժամանակակից, նորագույն սարքավորումներով հագեցած ռեանիմոբիլները՝ շտապ օգնության կայանին: Այս ժամանակահատվածում 1-03 համարով սրտային և վերակենդանացման կանչերին կարձագանքեն նաև «Բեսթ Լայֆ»-ի մեքենաները՝ քաղաքացիներին ցուցաբերելով անհրաժեշտ բուժօգնություն:
Ինչպես նաև, հետևելով առողջապահության նախարարի կողմից տրված հրամանին՝ «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնին կից գործող պոլիկլինիկան հրավիրում է Արցախից ժամանած քաղաքացիներին հաշվառվել պոլիկլինիկայում և ստանալ անվճար բժշկական օգնություն և սպասարկում, իրականացնել առողջության առաջնային պահպանում: Հաշվառված և կցագրված քաղաքացիների համար կկազմակերպվեն նաև թերապևտի և մանկաբույժի տնային այցեր:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ սրտային կանչերը Երևան քաղաքում կենտրոնի կողմից կսպասարկվեն անվճար:
Այս մարտում հաջողության հասնելու համար պետք է մեկտեղվեն բոլոր ուժերը: Անսպառ ուժ ու անկոտրում կամք մեր զինվորներին, հաղթելու ենք...
Սուսաննա Թամազյան
Վերադառնալ