04:47
11/29/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Ռոք Բերի». հայկական նոր բրենդ հատապտուղների շուկայում

2020-11-07 14:29

ԱԼԵՔՍԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Ռոք Բերի» ՍՊԸ հիմնադիր


«Դե Ֆակտո» N 04/155 (09/2020թ.) 

Օրվա լավագույն սկիզբ եւ ընթացք են խոստանում կատարյալ համ եւ բույր ունեցող «Ռոք Բերի» հատապտուղները:


-Պարո՛ն Առաքելյան, նախ կխնդրեմ ներկայացնեք` ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ջերմատնային գործունեությամբ և ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանի հետ կապված:

-Ես նպատակ ունեի ներդրումային ծրագիր իրականացնել Հայաստանում ու քանի որ ծնվել և մեծացել եմ գյուղում, գիտեի, թե ինչ խնդիրներ են առկա գյուղական համայնքներում, հակված էի ներդրում կատարել գյուղատնտեսության ոլորտում: Իմ առջև մի քանի խնդիր էի դրել` Հայաստանում զարգացնել ջերմատնային տնտեսությունը` ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ, ստեղծել հայկական անուշահամ և բարձրորակ արտադրանք` որպես զարգացող, աշխարհում ներկայանալի հայկական բրենդ, բացել նոր աշխատատեղեր:
Մինչև որոշում կայացնելը, իրականացրել եմ բազմակողմանի ուսումնասիրություններ, քննարկումներ եմ ունեցել տարբեր մասնագետների, փորձագետներիի հետ, թե որ ոլորտում ներդրում կատարել, որն է առավել զարգացող և պահանջված, ինչ պոտենցիալ շուկաներ կան, որտեղ կարելի է սպառել արտադրանքը, և, իհարկե, ինչ հնարավորություններ են տալիս Հայաստանի բնակլիմայական պայմանները: Այդ ամենից հետո եկել եմ այն համոզման, որ առաջնահերթությունը պետք է տրվի ջերմոցաշինությանը, առավել ևս, որ մեր երկիրն ունի դրա համար անհրաժեշտ բնակլիմայական բոլոր պայմանները` տարեկան երեք հարյուր օրը գերազանցող արևային օրեր, աղբյուրի քաղցրահամ ջուր, նախալեռնային և լեռնային գոտիներ, ռադիացիա, որոնք բույսին հաղորդում են համային և որակական բարձր հատկանիշեր: Այդ ամենը թույլ է տալիս արտադրության կազմակերպման ու որակյալ արտադրանքի ստացման գործընթացներն առավել արդյունավետ իրականացնել:
Արդյունքում` կատարելով 5.5մլն. եվրո ներդրում` ստեղծեցինք 5 հա ջերմատուն, մոտ 150 աշխատատեղ` 210 հազար դրամ ամսական միջին աշխատավարձով:
Ջերմատան շահագործումից հետո կառուցեցինք նաև Հայաստանում նախադեպը չունեցող 1 հա ինտենսիվ այգի, որտեղ մշակվում են ազնվամորու և մոշի եվրոպական լավագույն սորտերը:


-Ի՞նչ նախապատմություն ունի Ռոք Բերի անվանումը:
-Ե՛վ անունը, և՛ տարածքի ընտրությունը նախապատմություն ունեն: Մենք հողատարածք ունեինք Սևաբերդ համայնքում և մտածում էինք այնտեղ հիմնել արտադրություն: Այդ ժամանակահատվածում ծնվեց Ռոք Բերի անունը. rock` սև քարեր(ժայռ) և berry` հատապտուղ, ինչպես նաև կապել ենք երաժշտական ռոքընռոլ ժանրի հետ: Սակայն Սևաբերդում ենթակառուցվածքների առումով բավականին մեծ ներդրումներ էին պահանջվում, այդ պատճառով մենք սկսեցինք այլ տարբերակներ քննարկել:

-Ինչպե՞ս որոշեցիք Կամարիս համայնքում հիմնել ջերմատունը:
-Տարածքի ընտրության հետ կապված քննարկումների փուլում պատահաբար հանդիպեցի Կամարիս համայնքի ղեկավար Գոռ Հակոբյանին: Նրա հետ զրույցի ընթացքում պատմեցի մտադրություններիս մասին, ասացի, որ մեծ սիրով ներդրում կկատարեմ Կամարիս համայնքում, եթե համապատասխան հողատարածք տրամադրվի: Ես գիտեի, որ բնակլիմայական առումով այդ համայնքը հարմար էր, սակայն գիտեի նաև, որ տարածքներն այնտեղ բաժանված են փոքր հողակտորների, որոնք հանդիսանում են բնակիչների սեփականությունը ու դժվար թե գտնվեր մեծ տարածք ջերմատուն կառուցելու համար: Համայնքի ղեկավարը հանձն առավ լուծել այդ դժվարին, գրեթե անիրականանալի թվացող խնդիրը: Նրան հաջողվեց հանդիպել սեփականատեր հանդիսացող բնակիչների հետ, քննարկել այդ հարցը և իրականացնել բոլոր անհրաժեշտ գործընթացները, այդ թվում` իրավական: Արդյունքում` մենք ձեռք բերեցինք 11 հա ջերմատուն և 1 հա ինտենսիվ հատապտղի այգի կառուցելու համար տարածք, որն իրենից ներկայացնում էր 170 հողատարածքների միավորում:

-Ո՞րն է «Ռոք Բերի»-ի կարգախոսը:
-Մեր կարգախոսն է` «Taste it, rock it»: «Ռոք Բերի» ընկերության բիոլոգիապես մաքուր պայմաններում աճեցված, անկրկնելի համ և բույր ունեցող հատապտուղները թարմություն և լավ տրամադրություն կհաղորդեն յուրաքանչյուրին:

-Ո՞րն է բիոլոգիապես մաքուր արտադրանքի ստացման գրավականը:
-«Ռոք Բերի» ընկերությունը հիմնել է միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրություն, որտեղ բույսերի սնուցման համար օգտագործվում են եվրոպական արտադրության բարձրորակ պարարտանյութեր, իսկ բույսերի պաշտպանությունը կազմակերպվում է բիոլոգիական պաշտպանության միջոցներով` էնտեմոֆագերով, որոնք հնարավորություն են տալիս ստանալ 100 տոկոս բիոլոգիապես մաքուր արտադրանք:

-Մասնագիտական ինչպիսի՞ թիմ է աշխատում «Ռոք Բերի» ՍՊԸ-ում:
-Ունենք մասնագիտական հզոր թիմ: Նախ ես ինքս ութ տարվա աշխատանքային փորձ ունեմ այս ոլորտում, հետո` ներգրավել ենք երիտասարդ պրոֆեսիոնալ մասնագետների, ովքեր վերապատրաստում են անցել Եվրոպայում, ունենք նաև խորհրդատուներ Եվրոպայից, որոնք պարբերաբար այցելում են ջերմատուն և օգնում իրենց խորհուրդներով, որպեսզի արտադրական գործունեությունն ավելի ճիշտ և արդյունավետ կազմակերպվի:

-Արդյոք համավարակը խանգարե՞ց արտադրության բնականոն աշխատանքին և ունեցա՞ք կորուստներ:
-Բնականաբար, համավարակը չէր կարող շրջանցել մեր ընկերությունը: Նախ` մեր խորհրդատու մասնագետները չկարողացան ժամանել Հայաստան, նրանց հետ աշխատեցինք առցանց ռեժիմով, թեև պետք է նշեմ, որ դրանից վնասներ չկրեցինք, քանի որ մեր երիտասարդ մասնագետները լիարժեք կարողացան ապահովել արտադրության բնականոն աշխատանքը` միաժամանակ խորհրդատվություն տրամադրելով նաև այլ ջերմատների: Վնասներ կրեցինք նոր կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակի և եղանակային պայմաններով պայմանավորված սահմանների հատման ընթացակարգերի բարդացման հետևանքով. ընկերության արտադրանքի մի մասը հետ վերադարձվեց հայ-վրացական սահմանից, իսկ մյուս մասը, երկար մնալով Լարսի անցակետում, դարձել էր հետագա օգտագործման համար ոչ պիտանի: Վնասներ կրեցինք նաև Ռուսաստանում ռուբլու արժեզրկման և գների անկման պատճառով, քանի որ մեր արտադրանքի հիմնական մասը սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում: Սակայն մեկ-երկու ամսվա ընթացքում խնդիրները հիմնականում կարգավորվեցին, և մենք սկսեցինք մեր բնականոն գործունեությունը: Պետք է նշեմ նաև, որ այդ ժամանակահատվածում օգտվեցինք պետական աջակցության ծրագրից, ստացանք 250 մլն. դրամ վարկ` մատչելի տոկոսադրույքով, 2 տարի ժամկետով:
Բացի այդ, 2020թ. գարնանից պետք է սկսեինք մեր ծրագրի երկրորդ փուլի իրականացումը, այն է` երկու փուլով
3-ական հա նոր ջերմատնային համալիրի կառուցումը: Սակայն համավարակի պատճառով աշխատանքները հետաձգվեցին. ծրագիրը կիրականացվի 2021թ.: Նշեմ, որ հողային աշխատանքներն արդեն ավարտել ենք: Կառուցվելու է տեխնիկապես և տեխնոլոգիապես նոր որակի համալիր:

-Արդյոք ծրագրեր ունե՞ք նոր մշակաբույսեր աճեցնելու և նոր արտադրություններ հիմնելու ուղղութամբ:
-Բազմաթիվ գործընկերներ ունենք Եվրոպայում, որոնց հետ սերտորեն համագործակցում ենք և չի բացառվում, որ սորտերի և մշակաբույսերի փոփոխություններ լինեն:
Նպատակ ունենք զարգացնել հատապտուղների արտադրությունը:
Աշխատանքներ ենք տանում նաև ոչ շուկայական որակի արտադրանքի հիման վրա հարակից փոքր արտադրություններ հիմնելու ուղղությամբ: Առաջին քայլն արդեն արել ենք` ելակի ու ազնվամորու հումքից կազմակերպել ենք գինու և օղու արտադրություն գործընկեր ընկերության հետ: Այժմ դրանք շշալցման փուլում են և առաջիկայում կներկայացվեն սպառողին:
Նշեմ նաև, որ ինտենսիվ այգու փոշոտումն ապահովվել է մեղվաընտանիքների միջոցով, ինչի արդյունքում մենք ստացել ենք նաև փոքր քանակությամբ ազնվամորու և մոշու անարատ մեղր, որը շուտով կներկայացվի սպառողներին:

-Որքա՞ն է ընկերության տարեկան արտադրանքի ծավալը և դրա ո՞ր մասն է արտահանվում, ո՞ր մասը սպառվում ներքին շուկայում:
-Մեր ընկերության տարեկան արտադրական ծավալը 700-750 տոննա է, որի 95 տոկոսն արտահանվում է ՌԴ: Մնացած 5 տոկոսը սպառվում է Հայաստանում, ներկայացված է «ՍԱՍ», «Երևան Սիթի», «Պարմա», «Քարֆուր» և մի քանի այլ սուպերմարկետներում:
Այժմ սերտեֆիկացման գործընթացի մեջ ենք, որպեսզի մեր արտադրանքն արտահանենք նաև եվրոպական երկրներ: Ցավոք, համավարակը խոչընդոտեց այդ գործընթացը, քանի որ պետք է փորձագետներ ժամանեին Հայաստան և աուդիտ անցկացնեին մեր ընկերությունում: Մենք լիովին պատրաստ ենք դրան թե՛ տեխնիկական հագեցվածությամբ, թե՛ արտադրական գործընթացներով, թե՛ մասնագիտական ներուժով:

-Որո՞նք են աշխատանքում հաջողության հասնելու կարևոր գրավականները:
-Կամային որակներ, աշխատասիրություն, պրոֆեսիոնալիզմ, սեր աշխատանքի հանդեպ, առողջ, ընտանեկան մթնոլորտ կոլեկտիվում:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-10-24 12:34

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...