04:20
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Վիգեն Չալդրանյան կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Նուբար Ջանոյանի և Սոնա Վանի ընկեր

2020-10-27 00:11

Մաս VII
Վիգեն Չալդրանյան
կինոռեժիսոր, ՀՀ արվեստի
վաստակավոր գործիչ, Նուբար
Ջանոյանի և Սոնա Վանի ընկեր

Շուրջ երեսուն տարի է, ինչ ես և Նուբար Ջանոյանն ընկերներ ենք: Ծանոթացել ենք 1990-ականների սկզբին, երբ հանձին նրա՝ իմ ընկերական շրջապատում մի յուրահատուկ մարդ հայտնվեց: Նա լույս աշխարհ էր եկել Աստծո և իր ծնողների կամքով՝ իր շուրջը սփռելու բարություն, մարդասիրություն. նրա համար մարդկանց օգնության հասնելը կենսակերպ էր դարձել: Նա այդպիսին էր ոչ միայն որպես բժիշկ, որը կոչված է առողջություն պարգևել մարդուն, այլ նաև որպես մարդ: Մարդն ու մասնագիտությունը մեկտեղվել էին Նուբար Ջանոյանի մեջ և պատահական չէ, որ կյանքի վերջին 10-ամյակում նա ստեղծեց բացառիկ բարեգործական հաստատություն, որ կոչվում է «Health For All, All For Health», որտեղ անվճար բուժում են ստանում մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն վճարել դրա համար: Տարեց տարի Նուբար Ջանոյանն ավելացրեց կլինիկաների թիվը Կալիֆոռնիայում՝ օգնության ձեռք մեկնելով անապահով մարդկանց:
Նուբար Ջանոյանը բացառիկ անձնավորություն էր. նա բարի էր, անկեղծ, հետաքրքիր զրուցակից էր ու ճանապարհի ընկեր, բայց ամենաբացառիկ բանը, որը շատերից նրան տարբերում էր, նրա՝ սիրելու ֆանտաստիկ կարողությունն էր: Ես չգիտեմ որևէ պոետի, ով այդքան սեր ունենար իր մեջ, որքան Նուբարն ուներ իր պոետ տիկնոջ հանդեպ: Ւ դեպ, ես ծանոթացել եմ դոկտոր Ջանոյանի հետ այն ժամանակահատվածում, երբ նոր էր սկսվում, սաղմնային վճակում էր նրանց սիրավեպը, ապագա միությունը:
Շատ ենք ճանապարհորդել երեքով՝ ես, Սոնան, Նուբարը, և տարեց տարի ինչպես հայկական կոնյակի աստղերն են ավելանում, չէր պակասում և ավել ուժգին էր դառնում Նուբարի սերը՝ հասնելով բարձրագույն աստիճանի: Ես միշտ զարմանում էի, թե ինչպես կարող է մի մարդու մեջ այդքան սեր տեղավորվել: Հիշում եմ՝ վերջին տարիներին, երբ նա արդեն հիվանդ էր, մեքենայով սարեր բարձրացանք, ես էի վարում մեքենան, հարցրեցի. «Նուբա՚ր, ո՞րն է կյանքի իմաստը, երջանկությունն ինչի՞ մեջ է», շատ երկար չմտածեց, ասաց. «Սոնայի պես սիրած կին ունենալն է կյանքի իմաստը»: Ինձ համար դա բացառիկ երևույթ էր, որ մարդը, հասնելով իր կյանքի ութերորդ տասնամյակին, կարծում է, որ կյանքի իմաստը և երջանկությունն իր տիկնոջ հետ լինելն է:
Շատ էի ցանկանում ֆիլմ նկարահանել Նուբար Ջանոյանի մասին, Սոնայի հետ ջանացինք այդ նախագիծը իրականություն դարձնել, բայց այդպես էլ չստացվեց Նուբարի հիվանդության պատճառով: Անգամ վերնագիրն էր որոշված՝ «Լինում է, չի լինում»: Կարծում եմ՝ Նուբար Ջանոյանի նման մարդիկ և՚ լինում են, և՚ չեն լինում, նա հեքիաթային մարդ էր:
Վերջին մեկ տարվա ընթացքում նա հաճախ էր հիվանդանոց պառկում, բայց պատվով դուրս էր գալիս, և մենք լիահույս էինք, որ նա կհաղթահարի հիվանդությունը: Վերջին անգամ, երբ դուրս գրվեց հիվանդանոցից և հանդիպեցինք, ասաց՝ գիտես չէ՞, մտքովս մի վավերագրական ֆիլմ է անցել հայերի մասին, պետք է գնանք Թուրքիա, Քուրդիստան, տարբեր երկրներ, որտեղ հայ կա, նրանց մասին մեծ ֆիլմ նկարահանենք: Ասացի՝ Նուբար ջան, դու հիմա դիմացի փողոց անգամ չես կարող գնալ, ուր մնաց աշխարհի տարբեր ծայրերը, ասաց՝ չէ, չէ, հեսա լավ եմ լինելու ու ես ուխտ ունեմ, պետք է այդպիսի ֆիլմ նկարահանենք: Զարմանալի բան էր, նույնիսկ այդ վիճակում, նա հաղթահարում էր իր ցավերն ու հույս ուներ, որ այնուամենայնիվ, շատ-շատ բաներ է անելու: Հիվանդ վիճակում էլի մի շատ կարևոր բան զարմացնում էր ինձ նրա մեջ՝ այդ տարիքում նա երբեք չէր հանձնվում և բիզնեսի նոր ծրագրեր էր կազմում, ասում էր՝ շենք պետք է կառուցենք, ևս մեկ բիզնես բացենք: Սովորաբար, մարդիկ այդ տարիքում արդեն հետհաշվարկ են անում և սկսում են ի մի բերել իրենց ապրածը, իսկ նա անընդհատ ուզում էր առաջ գնալ, դա ուղղակի ծափահարության և հիացմունքի արժանի մարդու տեսակ է:
Ես շատ եմ ափսոսում, որ նա չկա: Ես և Նուբարի մտերիմները մի հետաքրքիր մտքի հանգեցինք, որ չենք հավատում նրա՝ ֆիզիկապես մեզ հետ չլինելու իրողությանը: Այնպիսի տպավորություն է, որ նա ինչ-որ տեղ հիվանդանոցում է, ու համավարակի ժամանակ չի կարելի իրեն այցելել, որ շուտով կվերադառնա՝ չնայած մասնակցել ենք նրա հուղարկավորությանը և մնացած քրիստոնեական ծեսերին:
Շատ նվիրական ծրագրեր ուներ Նուբարը, ուզում էր քաղաք կառուցել Բյուրականում, մեր հեթանոս աստվածների արձանները կանգնեցնել այնտեղ: Նա հետաքրքրված էր մեր հեթանոսական շրջանի պատմությամբ, հին աստվածներով, հեթանոսական բազմաստվածությամբ: Ես նրա տանը տեսել եմ Արամազդի, Վահագնի արձանների մոդելները, որոնք երազում էր վերածել մեծ քանդակների: Սակայն ամեն բան չէ, որ մարդը հասցնում է անել իր կյանքի ընթացքում, բայց կարծում եմ, որ նա շատ բան հասցրեց անել իր կյանքի ութսուն տարիների ընթացքում:
Նուբար Ջանոյանը սիրված և հարգված անձնավորություն էր Կալիֆոռնիայում: Հիշում եմ՝ մի անգամ գնացել էի հիվանդանոց՝ նրան այցելության, դրսում կանգնած մի խումբ հայեր կային, ճանաչեցին ինձ, մոտեցան, խոսեցինք, ասացի, որ ընկերոջս՝ Նուբար Ջանոյանի մոտ եմ եկել, և նրանք միանգամից հիշեցին, որ Նուբարը փրկել է իրենց հարազատների կյանքը և խնդրեցին հնարավորություն՝ նրա ձեռքը համբուրելու: Երբ մտա Նուբարի հիվանդասենյակ, նա տկար վիճակում պառկած էր, ասացի՝ Նուբա՚ր, այնտեղ՝ դրսում, մի խումբ շնորհակալ հայ մարդիկ են կանգնած, որոնք քեզ ճանաչում են, դու նրանց հարազատների կյանքն ես փրկել, ցանկանում են ձեռքդ համբուրել: Երևի մարդու կյանքի արժեքը հենց դրանում է, երբ մեծ թվով մարդիկ խոնարհվում են նրա առջև և շնորհակալություն հայտնում նրանից: Նուբարը եկավ հաստատելու, որ մարդ լույս աշխարհ է գալիս առաքելությամբ, որը բարություն և ջերմություն սփռելն է քո շուրջը: Նուբարը հենց այդ առաքելության մարմնավորումն էր:
Ես վստահ եմ, որ Սոնան կիրականացնի նրա ծրագրերը, քանի որ Նուբարի սերն ու կապվածությունը միշտ փոխադարձ է եղել, և այսօր այն, ինչ փորձում է անել Սոնան, միտված է նրա անունը, հիշատակը հավերժացնելուն: Լոս Անջելեսում մի շենք կա, որը Նուբարը երազում էր վերածել շատ գեղեցիկ ճարտարապետական կոթողի, Սոնան դա անպայման կանի և կկոչի Նուբարի անունով:
Գիտեմ՝ հիմա շատ դժվար ժամանակներ է ապրում Սոնան, նա իմ ընկերն է, հարազատը: Ես միշտ Նուբար ասելով՝ Սոնա եմ պատկերացրել, Սոնա ասելով՝ Նուբար: Եվ շատ դժվար է այսօր ասել Սոնա և պատկերացնել, որ Նուբարը ֆիզիկապես նրա կողքին չէ: Երբ այցելում եմ նրանց տուն, տեսնում Սոնային, ինձ թվում է Նուբարը ննջասենյակում է և ցանկանում եմ նրա մոտ գնալ: Գուցե նոր է, դեռ չենք հավատում, գուցե ժամանակը ստիպի հարմարվել այդ իրողությանը, չգիտեմ…
Ուզում եմ Սոնային մաղթել, որ նրա ստեղծագործական ավյունը երբեք չպակասի, ապրի իր ստեղծագործական կյանքով և նրա բոլոր ծրագրերը՝ ուղղված Նուբար Ջանոյանի անունը հավերժացնելուն, անմահացնելուն, պսակվեն հաջողությամբ:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...