16:20
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Մարսողության բջիջները չեն կարող աշխատել գլխուղեղի բջիջների փոխարեն»: Նուբար Ջանոյան

2020-10-26 23:54

Մաս V


2014թ.
«Մարսողության բջիջները չեն կարող աշխատել գլխուղեղի բջիջների փոխարեն»:
Նուբար Ջանոյան

 


Երեկ, հերթական հարցազրույցն ավարտելուց հետո, մոռացել էի անջատել ձայնագրիչս և ամբողջ գիշեր լսեցի շուրջ 8 ժամ տևողությամբ ձայնագրությունը, որն անողոքաբար արձանագրել էր իմ մեկ օրվա ողջ «բառն ու բանը»։ Տխուր էր... մենք կորցնում ենք մեր հոգևոր բովանդակությունը, մարդկային կողմնորոշիչները։
Այսօր, այստեղ և հիմա. մեր ժամանակը սուրում է այս երեք ոտքերի վրա՝ հիմայի վազքը մինչև այստեղի մարագը ու վաղը կրկին... մեկ քայլ առաջ, երկուսը՝ հետ. պարիր նույն տրնգին, այս անգամ ավելի հավեսով, ավելի ու ավելի թեթև, ավելի խելակորույս։ Մարդուց իսկական մայմուն ստանալու այս կուրսով է բռնված ամբողջ աշխարհը. ինչը հնարավոր չէ ուտել կամ խմել, ինչը կոմֆորտային չէ այս պահին, ուրեմն ծակ փիլիսոփայություն է ընդամենը. սպառողական ներուժ չունեցող բոլոր արժեքները ժամ-ժամ փսորվում են՝ իրենց ետևից քարշ տալով գիտելիքի ամբողջական ինստիտուտներ, հավատալիք, գաղափարներ ու սկզբունքներ։ Կներեք, բայց եթե մենք խելքներս ավելի վաղ տայինք այս չորգլուխ պրագմատիկներին, հիմա աշխարհը մտքից, գրից ու գրքից հեռու մի անապատ կլիներ և զամենայն ինչ ծամված ու սպառված։ Ինչ կարող ես անել. մարդը դեռևս ունի մտածելու իրավունք և անհամար զգացմունքների ազատություններ, իսկ կյանքը համառորեն պնդում է, որ հարկ է հենց սա ամրագրել «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», որովհետև հենց մարդու միտքը և հատկապես զգացմունքներն են մնացել անպաշտպան։
«Եթե մարսողական տրակտի բջիջները սկսեն կատարել ուղեղի կեղևի նյարդային բջիջների դերը. նրանք կուտեն ինչ պատահի և ցանկացած մարմին, այդ թվում և երկիրը շարքից դուրս կգա. ելքը՝ սիրել մարդուն»,- ասում է ամերիկաբնակ մեր հայրենակից, հայտնի բժիշկ Նուբար Ջանոյանը։
Սիրել մարդուն, որովհետև մեկը քեզ սիրեց անպայման. երբ քո ծննդավայր Մոսուլ քաղաքը արյան և արցունքի մեջ էր, և սովը տարավ մեծ հորդ ու մորդ, այնուամենայնիվ, մի քանի ուժեղ տղամարդիկ գտնվեցին, սրանք գետինը պատռեցին ու ցեխաջրի շատրվան ցայտեց հողի տակից. ցամաքած ժողովուրդը օրհնեց այդ ջուրը ու նրա ակնը զուլալվեց. հայրդ ողջ մնաց։
ՎԱՐԴ Սիմոնյան - Եվ ուրեմն...«Սիրել մարդուն» այսպես էլ կոչել եք փաստագրական պատմվածքների Ձեր շարքը։ Գիրն ի՞նչ է՝ հենց ամենալավ զրույցն է, հենց ամենամոտ ընկերությունն է, որ կա: Այնպես որ, չնայած մենք երբեք չենք հանդիպել, բայց արդեն լավ ընկերներ ենք, հանաք բան չի՝ ճամփորդեցինք ահագին՝ Աֆրիկայից մինչև Անգլիա անցանք, հասանք Ամերիկա... Ինչից սկսել զրույցը. Դուք այժմ Ձեր կլինիկայում հազարավորների հոգեբանական աջակցություն եք ցույց տալիս, իսկ հոգեբանական հետազոտության լավագույն մեթոդը եղել և մնում է կարծեմ հենց զրույցը,նրա համար այդ զրույցը մարդու դիմախաղի, վարքագծի յուրօրինակ ախտորոշում է։ Դուք ինչպե՞ս եք սկսում զրույցը, ո՞ր հարցերն եք հաճախ տալիս։
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Ես մշակել եմ որոշ զրույցներ, որ կրկնվում են պարբերաբար ծանր հոգեվիճակով տառապող այցելուներիս հետ հանդիպելիս։ Այդ զրույցները, թեկուզ ժամանակավոր, բարեփոխում են նրանց հոգեվիճակը։ Օրինակ, հարցերից մեկը. քո մտքով երբևիցե անցե՞լ է, որ դու հրաշք ես։ Զարմացած երեսիս են նայում։ Հետո այսպես եմ շարունակում. քո ծննդից 9 ամիս առաջ մի տղամարդ, որ քո հայրն է, մոտեցավ մի կնոջ, որ քո մայրն է,և փոխանցեց մի բջիջ։ Այդ բջիջը գիտակցորեն ուղղություն վերցրեց և փնտրեց մի ուրիշ բջիջի՝ միանալ-ամբողջանալու համար։ Եվ կնոջ ձվաբջիջը հյուրընկալեց նրան։ Միանալով իրար՝ այդ քրոմոսոմների համար սկսվեց կոդավորված մի ամբողջ կյանք: Դրա համար էլ դու հրաշք ես։
ՎԱՐԴ Սիմոնյան - Բժիշկ, հրաշք տեսնելու համար մեծ հավատ է պետք. Քրիստոսը հրաշք գործելուց առաջ հարցնում էր, հավատո՞ւմ ես, թե՝ ոչ։ Նա բուժում էր նախ մարդու հավատալու կարողությունը և ապա միայն՝ մարդու մյուս տկարությունները։ Իսկ մեր այս անհոգի ժամանակներում մարդը հոգնել է, մարդը տխուր է, մի բանով հիանալու, մի բանին հավատալու էլ ուժ չունի կարծես...
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Հավատքն ամենակարևորն է. անպայման պիտի հավատաս, թեկուզ մի քարի։ «Հավատա քարին, և քարը քեզ ուժ կտա»։ Պերուում բարձր լեռների վրա ապրող մի ժողովուրդ կա, ապրում է իր պլանտացիաները մշակելով՝ ավելի քան 1000 տարի, իր ծեսերով։ Ծնված օրից մորը և երեխային պահում են քարայրի մեջ՝ մի լուսավոր քարայրի, որպեսզի երեխայի աչքի լույսը զարգանա։ Սակայն պահում են առանց դրսի աշխարհի հետ որևէ շփում ունենալու։ Մայրը դուրսուներս է անում, մյուս պահողներն են գնում-գալիս, մինչև երեխան դառնա 14 տարեկան։ Եվ մի բարի օր պատանուն դուրս են հանում՝ տեսնելու երկինքը, արևը, լեռները, ծառերը, կենդանիները... Երեխան տեսնում է այդ բոլորը՝ որպես հրաշք։ Նրա համար չի լինում սովորական, անարժեք որևէ բան։ Ամեն ինչ հրաշք է` շրջապատող աշխարհում նա սիրահարվում է աշխարհին... Եվ կապրի նա այդ աշխարհում՝ առանց որևէ բան այնտեղ աղավաղելու, կդառնա իմաստուն։ Իրականում ամեն ինչ հրաշք է այս աշխարհում։ Երջանիկ և ուրախ չլինելու ոչ մի պատճառ չունենք։ Նեղություններ կան ու պիտի լինեն, դրանք հրա՜շք աշխարհի խաղերն են միայն։
ՎԱՐԴ Սիմոնյան - Եթե ես կարդացած չլինեի Ձեր ինքնակենսագրական գիրքը, կարող էի հիմա եզրակացնել, որ Դուք մեծ տառապանքներից հեռու մեկն եք, չգիտեք, որ մեր հայաստանցի ընթերցողը մեր այս զրույցը կարդալու պահին կարող է բարկանալ, թե մեր երեխաները սոված, երկիրը երերուն, այս երկու հայը նստել հրաշքներից են խոսում։ Բայց Հալեպի որբանոցում մեծացած մայր, հետո Մոսուլի պես դաժան հաշվեհարդարների պատմությամբ նշանավորված քաղաքում անցկացրած մանկություն, հետո տարբեր համաճարակներով բռնված գյուղերում աշխատանք...ծանր է։ Բայց այսպիսի մի հարց. գրքում բերել եք Անգլիայի օրինակը, թե ինչպես այդ երկիրն ազատագրվեց հանցագործ տարրից և հակադրեց Խորհրդային Միությանը, ուր այդ տարրը փթթեց, սողոսկեց իշխանական համակարգեր և երկրից դուրս քշեց մտավորական ընտրախավին, իսկ գուցե հենց այստեղից էլ սկսվեց մեզ պատուհասած ողջ դժբախտությունը։
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Անշուշտ։ 1850 թվականներից սկսած՝ Անգլիան ցանկանում էր Ավստրալիայում հիմնել անգլիական գաղութ, որպեսզի աշխարհի հարավային ծայրամասում՝ երկրագնդի մյուս կողմում, տիրապետություն ունենա։ Կայացվեց համապատասխան որոշում։ Բայց մարդիկ չէին ցանկանում գնալ անմշակ, ամայի մի երկիր և ամեն բան նորից սկսել։ Կայացվեց հաջորդ որոշումը՝ ուղարկել հանցավորներին։ Եվ երկիրը մաքրվեց հանցագործներից։ Իսկ ի՞նչ կատարվեց Խորհրդային Միությունում։ Հավանաբար, Անգլիայի օրինակով (իհարկե, այլ «պատճառների» հետ նաև) ցանկացան զարգացնել Սիբիրը՝ կրկին ինչ-որ ռազմական նպատակների համար։ Ժողովուրդ էր պետք՝ քշելու Սիբիր։ Հոժար կամքով ոչ ոք չէր գնա, և սկսվեցին 30-ականների աքսորները։ Սակայն կոմունիստների համար պոռնիկները, ավազակներն ու գողերը վտանգ չէին ներկայացնում. նրանք իրենց եղբայրներն ու քույրերն էին։ Վտանգ էին ներկայացնում մտավորականները, «իրենք իրենց երևակայող» ուսյալները, որ դժվարություն ունեին՝ հաշտվելու անհոգի ավազակների օրինականացրած կարգերի հետ։ Եվ այդ հսկա երկիրը գլխատեց ինքն իրեն, գլխատեց ամենապայծառ մտքերն ու մարդկային ազնվական շերտը։ Նրանց ուղարկեցին Սիբիր, որ ոչ թե այնտեղ բարգավաճեն, այլ՝ վերանան։ Այսինքն՝ ի տարբերություն անգլիացիների, Խորհրդային Միությունը գողերին ու ավազակներին պահեց, որ բարգավաճեն։
ՎԱՐԴ Սիմոնյան - Մտավոր ընտրախավն է ցեղի սիրտը, նրա հավաքականությունը, նրան գլխատում կամ մանրում ես, տակը զանգված է մնում ընդամենը, որին կարելի է քշել, ուր կամենաս..Բայց այդպիսի երկիր էլ չկա աշխարհի քարտեզին, ինքն իրեն կերավ, վերջացավ։ Բա հայերիս ի՞նչն է խանգարում հիմա պետական ինքնություն լինել. ամեն օր Ձեր աչքով եք տեսնում, իրենց հոգեկան հավասարակշռությունը կորցրած այն տարեցներին, որոնց որդիները օր ծերության ստիպեցին օվկիանոսը կտրել մի կտոր հացի համար...
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Ես միշտ մտածել եմ, թե պատմականորեն ինչպե՞ս եղավ, որ նման բևեռացում առաջացավ փոքր ազգի մեջ։ Մեր ամենալուսավոր դեմքերից մեկը՝ Կոստան Զարյանը, գրում է, որ անցյալ դարի 20-ականներին Երևանի փողոցներում վխտում էին անտեր մնացած հազարավոր երեխաներ։ Նրանց ծնողները կա՛մ մորթվել էին, կա՛մ մահացել սովից ու համաճարակներից։ Երևանի փողոցները դարձել էին վտանգավոր։ Մութն ընկնելուց հետո 20-30 երեխա՝ խումբ կազմած, հարձակվում էին անցորդների վրա ու թալանում։ Կարդում էի Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպը, որտեղ նկարագրված էր խավար ու դաժան փողոցներում անտեր մնացած երեխաների վիճակը, որոնք ծնողական գուրգուրանք չտեսած, տոհմական գերդաստանից զրկված, մահու աստիճանի քաղցած ու գազազած կենդանիների նման «ոհմակներ» էին կազմում և գիշերով հարձակվում միայնակ անցորդների վրա։ Ի՞նչ եղան նրանք։ Եթե իրենք էլ երեխաներ ունեցան, ի՞նչ փոխանցեցին իրենց երեխաներին... Արդյոք այսօր այդ վտանգը չկա՞...
ՎԱՐԴ Սիմոնյան - Իմիջիայլոց, շատ տիպական կերպար է այդ նավապետ Հերյանը, դրանից մի քանի տարի առաջ էլ անգլիական նավերը մեր դժվար լեռները չհասան, ու մենք ցեղասպանվեցինք, իսկը մեզ նման է՝ նավն ուզում է եզով քաշի, համ էլ չմնա կեսճամփին։ Իմիջիայլոց, որ սա գեղարվեստ լիներ ընդամենը՝ դեռ ոչինչ, բայց պարզվում է մաքուր իրական բան է. Արաքսի ափին եղել է այդպիսի լքված շոգենավ, որը Վանա լիճ հասնելու փոխարեն հետագայում հանգրվանել է Սևանա լճում։ Սա կարող է շատ էլ ծիծաղելի լինել, եթե խորքում այդքան ողբերգական չլինի։ Իսկ ողբերգությունն այն էր, որ եկավ 30-թիվը, հետո 37-ը, հիմա էլ 2014-ն է, բայց մեր հոգեբանությունը կարծես նույնն է չէ՞, որ նայում եք հոգեբանի հայացքով, փոխվե՞լ է։
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Նրանք, ովքեր անտերության մատնվեցին և մեծացան փողոցներում, զրկվեցին վսեմ հատկանիշներից։ Եվ հետո վրա հասավ 20 թվականը ու բոլշևիկները մուտք գործեցին Հայաստան։ Նրանք հավաքեցին այդ անտեր երեխաներին, կերակրեցին, ուսուցանեցին իրենց «ուսմունքը» և բոլորին ,տեղավորեցինե վստահելի աշխատանքների։ Նրանց մեջ խորը նստած էր սովածի հոգեբանությունը, որի հիմքում կար վախ և անգթություն։
Նրանք կոմունիստների օգնությամբ տեղավորվեցին նաև բարձր պաշտոնների։ Այս «սովածները», որ հետագայում տառապում էին ոգու սովից, «կոմունիզմ էին կառուցում»։ Եվ ազգը նահանջեց։ Երկրի մեջ թաքուն բախվում էին «սովածն» ու «կուշտը», ավազակն ու ազնիվը, վախն ու սերը, տգիտությունն ու խելքը։ Եվ ի՞նչ եղավ վերջում։ Փառք Աստծո, փլուզվեց նրանց միապետականությունը։ Իսկ հոգեբանությո՞ւնը։
Եվ հիմա չեմ զարմանում, որ 30-ականներին Հայաստանից Սիբիր աքսորվեցին նրանք, ովքեր մեծացել էին գերդաստանում՝ ընտանիքներում, ստացել սեր և գուրգուրանք։ Այսօր էլ Հայաստանի կացության դեպքում հարց է ծագում, թե ովքե՞ր են ստիպված լքում երկիրը և ովքե՞ր են բարգավաճում։ Օրենքն է, որ երկիրը պտտեցնում է։ Վերցրու որևէ մեքենա. անիվները պտտվում են հատուկ հաշվարկով. դա օրենքն է։ Եթե մի պտուտակ խախտի արագությունը, մեքենան չի աշխատի։ Հասարակությունը, ազգը բաղկացած է անհատներից, ինչպես մարմինը՝ բջիջներից։ Մարմնի ամեն մի բջիջ ինչ-որ դեր է կատարում մարմնի ընդհանուր կառույցի մեջ։
ՎԱՐԴ Սիմոնյան - Ամբողջ հարցն էլ այն է, որ մեր այդ հանրային օրգանիզմը տանը չէ...
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Կան նաև շարժման համար բջիջներ։ Յուրաքանչյուր բջիջն «աշխատում» է ըստ իր մասնագիտության, կատարում իր աշխատանքը՝ հեշտ ու անսխալ, քանի որ ստեղծված է հենց այդ գործի համար։ Նույնպես ազգի անհատներից յուրաքանչյուրը ծնվել է մի գործ կատարելու համար, և նա այդ գործը կկատարի հեշտ ու անսխալ, եթե իր տեղում լինի։ Բայց կարծես բոլոր դերերը խախտվել են, լյարդի գործը կատարում է երիկամը, նյարդային համակարգը ղեկավարող բջիջների գործը կատարում են աղիքների բջիջները։ Մարմնի անոթները ճանապարհներ են, խոշոր անոթները մայրուղիներ են, կարմիր գնդիկները բեռնատար մեքենաներ են, որ վառելանյութ են տանում՝ թթվածին ու շաքար։ Պատկերացրու՝ մարմնի բջիջներից ամեն մեկն իրեն մեկուսի զգա և ապրի ուրիշ բջիջների հաշվին։ Այդ հասարակությունը առողջ չի լինի, ինչպես իմ մարմինը։
-Բժիշկ, բայց պարզվում է, ստամոքսը լավ էլ կարող է կատարել գլխուղեղի հասանելիք աշխատանքը, և դրանից տուժում է, ոչ թե սույն անձը, այլ նրանք, ովքեր չէին հավատում, որ այդպիսի հրաշքներ էլ կարող են պատահել մեր հայոց լեռներում, դժար լեռներում...
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Եթե, Աստված ոչ անի, մարսողական տրակտի աղիքային բջիջները սկսեն կատարել ուղեղի կեղևի նյարդային բջիջների դերը, ապա նրանք կմարսեն ինչ-որ պատահի, և մարդը կմահանա։ Այդպես էլ երկիրը. իմունային համակարգը բանակն է, սպիտակ գնդիկները՝ պաշտպանող զինվորները։ Լյարդը, աղեստամոքսային տրակտը գործարաններ են, երիկամները զտիչներ են, և մարմնի ամեն բջիջ իր գործն ունի։ Մարդը ծնվում է 5-6 տրիլիոն բջիջներով, և տե՛ս, թե ինչ հրաշք է տեղի ունենում։ Այդ բջիջները այնքան գեղեցիկ են իրար հետ գործակցում, եթե չգործակցեն, մարդը կդադարի ապրել։
ՎԱՐԴ Սիմոնյան - Ձեր հիմնադրած բժշկական համայնքային կենտրոնն այսօր ամենամեծն է Լոս Անջելեսում: Այնտեղ ամեն օր անվճար ավելի քան երեք հարյուր հիվանդ է սպասարկվում, անգամ անեկդոտ է շրջում Ձեր մասին, որ Ամերիկայում միակ ձրի բանը Ջանոյանի կլինիկան է։ Սա հաջողության մի պատմություն է, որ կարող է հետաքրքրել շատերին. ինչպե՞ս հասաք այստեղ...
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Աստծուց մեզ տրված ամենամեծ նվերը կյանքն է, և բժշկի մասնագիտությունը օգնում է այդ կյանքը հնարավորինս առանց ցավի անցկացնել: Ես այդ նպատակով եմ ընտրել բժշկի մասնագիտությունը, իսկ իմ համոզմամբ բժշկական ծառայությունը պետք է հասանելի լինի ոչ միայն հարուստին, այլ նաև աղքատին: Կյանքի նվերը հավասարաչափ տրված է բոլորին: Հասարակության ստեղծած աստիճանները միշտ անարդար են թվացել ինձ և միշտ փորձել եմ օգնել առավել կարիքավորներին:
Հիշում եմ, 10-11 տարեկան էի, ամեն առավոտ ես էի գնում հաց բերելու մոտակա խանութից։ Մի օր հացը բերեցի, և մայրս հարցրեց. «Քանի՞ հատ ես բերել»։ Ասացի՝ 5 հատ։ «Այստեղ 6 հատ է,-ասաց մայրս,- դու քանիսի՞ համար ես վճարել»։ Ասացի՝ 5 հատի։ «Դե հիմա գնա և մի հատը ետ դարձրու»,- ասաց մայրս։ Ես ծուլացա, նաև իմ դպրոց գնալու ժամն էր մոտեցել, չուզեցի գնալ, և մայրս շատ հանգիստ ասաց. «Տղաս, այս մի հատ հացը հարամ է, գնա ետ տուր»։ Սա եմ հիշում միշտ։ Հետո այն, որ 1955-56 թթ. Բաղդադում էի։ Դեռ նոր-նոր էին բացվում մեր աչքերն աշխարհընկալման համար, կարդում էինք պատահականորեն ձեռքներս ընկած բոլոր գրքերը։ Ուսման ծարավ էինք։ Մեր հասակակիցների հետ զրուցում էինք, իրարից ինչ-որ բաներ քաղում։ Համաշխարհային գրականությունն այնքան վատ էր թարգմանված, որ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը մանկական էր թվում, բայց մենք անհագ կարդում էինք ամեն ինչ։
ՎԱՐԴ Սիմոնյան - Իսկ ինչո՞ւ Անգլիայից տեղափոխվեցիք Նահանգներ, Ձեր գիրքն ասում է, որ այնտեղ ահագին լավ դիրքի էիք հասել...
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Ամեն ինչ ճնշում էր։ Ես ճնշված էի, որ բժշկություն սովորելիս խոսում էինք աղքատներին, կարիքավորներին ծառայելու մասին, բայց ավարտելուց հետո չէինք ցանկանում ծառայել այդ մարդկանց, որ միջոց չունեն բժշկին հասնելու։ Հոգեկան փլուզման առաջ կանգնեցի։ Արդյո՞ք մեր համոզմունքները տարբեր էին, և իմն ավելի փխրուն և ոչ իրական էր։ Ու մեջս հարցեր արթնացան, որոնք պատասխանի կարիք ունեին։ Մեջս խռովք էր սկսվել, որ տանջալից էր։ Տեղափոխվեցի Աֆրիկա, հասա հեռավոր Ալժիր քաղաքը, որպեսզի կատարեմ խոստումս:
Երբ ես Անգլիայում էի, 8 տարի աշխատեցի։ Հետո հասել էի մի դիրքի և լավ գիտակցում էի, որ սա է լինելու իմ կյանքը և վերջ։ Չկարողացա դիմանալ։ Ամեն ինչ թողեցի և հեռացա։ Չկարողացա հանդուրժել ինձ սահմանների մեջ դրած կյանքը։ Ամերիկա եկա ու շատ դժվարություններ ունեցա։ Բայց կարողացա սահմանները լայնացնել։ Այժմ ասում եմ բոլորին, որ իմ կենտրոնի շեմը անցած ոչ մի հիվանդ չպետք է մերժվի և նրան պետք է օգնություն ցուցաբերվի: Հիվանդն ի վերջո գիտի իր ցավն ու գիտի, որ կստանա անհրաժեշտ դեղը: Հաճախ մեծահասակաների համար միակ խոսելու առիթ ընձեռնում է բժիշկը, միակ մարդը ով հարցնում է` ինչո՞վ կարող եմ օգնել, ում հետ կարելի է բողոքել տանջող ցավերից: Որոշ այցելուների հիվանդ կոչելը ճիշտ չէ. նրանք, ըստ էության, առողջ են, բայց՝ տխուր ու հուսահատ։ Նման հոգեվիճակի մեջ ընկնող մարդիկ դիմում են հոգեբանի, ապա՝ հոգեբույժի օգնության, սկսում դեղահաբեր կուլ տալ։ Այդ սպիտակ հաբերը, որ «խոստանում» են փոխել հիվանդի տրամադրությունը, պայծառացնել միտքը, թեթևություն բերել, վախը, երկյուղները վերացնել, հաճախ չեն արդարացնում հիվանդների ակնկալիքները։
ՎԱՐԴ Սիմոնյան - Ձեր այցելուները հիմնականում Հայաստանից եկած տարեցներ են, նրանց, իհարկե, ոչ մի դեղահաբ էլ չի փրկի, որովհետև տառապում են հին հայկական հիվանդությամբ՝ կարոտախտով։ Կարոտ բառը կարի արմատից է, կարիք ունենալ. նրանք իրենց տան, իրենց հողուջրի կարիքն ունեն...
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Արտագաղթը մի երևույթ է, որ հարյուրավոր ծալքեր ունի և յուրաքանչյուր ծալքում՝ մի պատճառ։ Թող ոչ ոքի ոչ ոք չմեղադրի։
Երևույթն ունի իր պատճառը, որը թողնում է իր հետևանքը և այդպես շղթայաբար։ Գործոնները բազմազան են, և հետևանքներն են բազմազան։ Եվ այդպես է, երբ թողնվում է ամեն ինչ ինքնահոսի։ Ցավալին այն է,որ մենք գտնվում ենք ինքնահոսի վիճակում։
Մենք կոմպլեքսավորված մեծացանք սովետի ժամանակ։ Արտասահմանը հնչում էր որպես դրախտ, հարստություն, արդարություն, այն, ինչ որ չկար այնտեղ, արտասահմանում կա։ Այն, ինչ որ չունես, եթե արտասահմանում լինեիր, իհարկե, կունենայիր։ Այսպիսի մանկամտություն տիրում էր և՛ անգրագետ, և՛ զարգացած խավերում։ Այն ժամանակ էլ, արտասահմանից եկողները միայն լավն էին պատմում, եթե վատի մասին էլ խոսեին, ոչ ոք չէր հավատում, կասեին «սովետական քարոզչություն» է։
ՎԱՐԴ Սիմոնյան - Այսպիսին ենք մենք. մեր էպոսում փոքր առուն ճեղքում է և կտրում լայնահուն գետը. աշխարհում, երևի թե, չես գտնի մեկ ուրիշ էպոս, որտեղ հերոսը զորք, բանակ չունի. մի խենթ տղա չոր գլուխն առած վեր է կենում ամբողջ բանակի վրա ու մեն մենակ էլ հաղթում։ Էս ի՞նչ ցեղ ենք, լավ։
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Մենք՝ Միջին արևելքի ժողովուրդներս, որևէ հարցի առաջ կանգնելու պարագայում իսկույն դիրքավորվում ենք, հապճեպ որոշումներ ընդունում՝ առանց հարցը համակողմանիորեն քննարկելու։ Գուցե տգիտությունն ու անհանդուրժողականությունն է պատճառը։ Ֆրանսիացիները տապալեցին թագավորական ընտանիքները, նաև ազնվականությանը, ռուսները՝ նույնպես։ Անգլիացիներն ավելի խոհեմ գտնվեցին։ Երբ Ֆրանսիան արյան հեղեղի մեջ էր թավալվում, անգլիացիները կայսրություն էին ստեղծում, որը տարածվեց այնքան, որ կայսրության մեջ արևը մայր չէր մտնում։ Երբ աշխատում էի Անգլիայի Լեսթր քաղաքում, մի հիվանդ ունեի՝ պարոն Գրեհեմը. շատ էիք զրուցում, հրաշալի մարդ էր, մի օր ինձ ասաց. ,Դուք հնություններ եք միայն պահպանում, իսկ մենք պահում ենք թագավորին և իշխանական տոհմը՝ որպես պատմության շարունակություն։ Թագավորական ընտանիքը մեզ համար ապրող թանգարանային մասունք է, մի բան, որ դուք չեք հասկանա։ Այս կղզում թագավորություն է եղել հռոմեացիների հեռանալուց հետո, և այս թագավորական ընտանիքը գահին նստել է 1000 տարուց ավելի։ Անգլիայի հողերի մեծ մասը նրանց է պատկանում, հարուստ են, թող մնան, մեզ չեն խանգարում։
Մի պահ մտքով ետ գնացի, եթե մեզ վիճակվեր, որ Արշակունյաց հարստությունը մնար իշխող մինչև մեր օրերը, և նրանք իրենց բարեկեցության հետ մեկտեղ բարելավեին ժողովրդի կյանքը։ Վատ չէր լինի, չէ՞։
ՎԱՐԴ Սիմոնյան - Մարդը տարբեր տարիքում և տարբեր սոցիալական դիրքերում այս հարցին տարբեր պատասխան է տալիս. ո՞րն է ի վերջո մարդու կյանքի իմաստը՝ հարստությունը, վայելքները, մասնագիտական հաղթանակները, ստեղծագործությունը, բարեգործությունը...կյանքն ախր հավիտենական չէ, բայց այսօրվա «այստեղ, հիման» դիրքավորումն էլ շատ է անհոգի, կարծես էլի ունայնություն է ստացվում, ունայնությունների ունայնությունը։
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Կյանքի իմաստը հենց ինքը կյանքն է։ Կրոններն ու փիլիսոփաներն են մարդուն շփոթեցրել և իր բնական հունից դուրս բերել։ Մզկիթներ են սարքում, եկեղեցիներ, տաճարներ։ Ի՞նչ են քարոզում, բացի մտքի շփոթությունից, ուրիշ բան չեն տալիս։ Պե՞տք է։ Ծովի խորքում ձկանն ի՞նչ քարոզես։ Մարդիկ վազքի մեջ ուզում են կյանքի իմաստի վրա մի նոր իմաստ ավելացնել, քանի որ մոռացել են, որ կյանքն ապրելն է միայն, զգալն է, վայելելը... Միշտ ետ գնա բնություն, որովհետև մարդու միտքն այսօր լցվել է աղբով։ Նայիր բնության մեջ թռչուններին, փորձիր նրանցից քաղել կյանքի իմաստը։ Մարդը ծնվում է, սկսվում է կյանքը՝ մի բջիջը կիսվում է, առնում երկուս, 2-ը՝ 4, 4-ը՝ 8, 8-ը՝ 16 և այդպես շարունակ... Հետո բջիջները դառնում են աչք, ականջ, թոք, սիրտ և մյուս բոլոր օրգանները։ Բջիջների թիվը հասնում է տրիլիոնների։ Յուրաքանչյուր բջջի մեջ ամեն երկվայրկյան կատարվում է 5 տրիլիոն քիմիական ռեակցիա։
Սա կատարվում է պահի մեջ՝ այնքա՜ն համաչափ, իրար լրացնելով, օգնելով, սնելով, մաքրելով. այնպիսի՜ ներդաշնակություն, որ հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել։ Եվ խոսքս բերում-հանգեցնում եմ սրան. «Եվ այս ամենը դո՛ւ ես, բա սա հրաշք չէ, ի՞նչ է...»։
Հրա՜շք աշխարհի մեջ ենք ապրում և չենք գիտակցում։ Հուզվելը հրաշք է, մտածելը, հիշելը, քայլելը, խորհելը, սիրելը...
Հրաշք են քամին, անձրևը ,ամպրոպը, արեգակի լույսը։ Եվ այս ամենը գիտակցելն է հրաշք։ Այսքանից հետո նեղանում ենք և մելամաղձի մեջ ենք ընկնում, երբ ինչ-որ մեկը՝ անգիտակից հրաշք, մեզ հավանություն չի տվել, չի սիրել, չի օգնել։ Այ քեզ անհեթեթ, անիմաստ մտահոգություն...

ՎԱՐԴ Սիմոնյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...