15:44
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նուբար Ջանոյան տեսակը. Մեծ բարեգործի եւ բժշկի անօրինակ կերպարը կապրի հավերժի օվկիանոսում

2020-08-04 11:27

Նուբար Ջանոյան տեսակը.
Մեծ բարեգործի եւ բժշկի անօրինակ կերպարը
կապրի հավերժի օվկիանոսում

«Դե Ֆակտո» ամսագրի ողջ խմբագրակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում ամերիկահայ մեծ բարեգործ և բժիշկ, ազգային գործիչ, գրող, հրապարակախոս Նուբար Ջանոյանի մահվան կապակցությամբ նրա սիրելի տիկնոջը` բանաստեղծուհի, էսսեիստ Սոնա Վանին, և բոլոր հարազատներին:

«Դե Ֆակտո» ամսագրի ողջ խմբագրակազմը հնարավորության դեպքում բժշկի բազմահազար այլ բարեկամների հետ կցանկանար անձամբ խոնարհվել նրա շիրիմին: Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառած սահմանափակումների հետևանքով այդ հնարավորությունը տրվեց միայն ընտանիքի անդամներին, իսկ մենք մյուս բոլորի հետ կարողացանք բերել միայն մեր վիրտուալ ներկայությունն ու աղոթքը` շնորհիվ ընտանիքի կողմից հանրությանը տրամադրված սգո և հրաժեշտի տեսագրության, որտեղ ընդամենը մի քանի րոպեների տևողության մեջ և չափազանց զուսպ միջոցներով ամբողջանում էր կյանքի և մահվան, սիրո և բաժանումի հին տիեզերական դրաման` իր նոր պաթոսով, գեղեցկությամբ ու ողբերգականությամբ, անսխալ` ինչպես որ կար: Հակիրճ, բայց ինտենսիվ ու իմաստալից, ինչպես կյանքը և մշտապես անակնկալ ու առեղծվածային, ինչպես մահը:
Առեղծվածային էր նաև այն, որ չնայած ծեսը կայանում էր օվկիանոսի ափին և զերծ էր կրոնական էլեմենտներից, ձեր երկխոսության, ալիքների, երաժշտության և հրեշտակաթև շարժումների արդյունքում առաջացած մթնոլորտը դիտողին տանում էր հոգևոր դողի տարածք, առաջացնում աղոթելու ցանկություն, ինչպես յուրօրինակ բանաստեղծություն-ռեքվիեմ, որը հավասարապես ուղղված էր անցավորին և նաև մնացողներին` մեզ բոլորիս:
Բարձր գնահատելով Նուբար Ջանոյանի բացառիկ մարդասեր տեսակը, բարեգործական երկարամյա գործունեությունը, ավանդը հայկական համայնքի առողջության և բարօրության պահպանման մեջ` ամսագրի խմբագրական խորհուրդը որոշել է հաջորդ համարը նվիրել Նուբար Ջանոյանի հիշատակին` ի նշան հարգանքի և երախտիքի նրա անձի ու կատարած աշխատանքի հանդեպ: Ներկայացնելով մեծանուն հայի կյանքը, գործունեությունը, հուշերը և մեծ սիրո առեղծվածը մեր էջերում` հնարավորություն կստեղծենք վերագնահատելու, արժևորելու և վայելելու Նուբար Ջանոյան բացառիկ տեսակը:


ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ
(մենավոր թզենու ստվերում մեռնելու ցանկություն)

Մի օր - երբ կարոտս դարձավ
աշխարհից մեծ
հարց տվեցի տիրոջը իմիջիայլոց
ասեցի Հայր
կյանք գոյություն ունի՞
մահվանից հետո … սիրեցյալի
Հայրը ոչինչ չասաց
բայց փոխարենը
սիրա՛ծս ինձ ձայն տվեց
երազիս մեջ
արթնացի՛ր
ծույլ իմ գեղեցկուհի
օրը ճաշ դարձավ - ձյուները հալվել գնացել են
անձրեւները չորացել են արդեն վաղուց
երգելու սեզոնն է - չե՞ս լսում
ղունղունը անտառի թռչունների
ու ես բացեցի աչքերս
հեքիաթի վախվորած աղջկա պես
նայեցի ու տեսա`
սիրածս էր
մնացած անպտուղ ծառերի մեջ
մենավոր թզենին այն հսկայական
մենք միմյանց ճանաչեցինք իսկույն
ես գրկեցի նրա բունը եւ հասկացա
որ երբեք չեմ տենչացել ոչինչ այսպես
այսչափ ուժգնորեն
ու
այսչափ հստակ
պառկել նրա ստվերի տակ ու զգալ
պտղի քաղցրությունը լեզվիս վրա

հ.գ. այս նոր չափի համար- իհարկե
շնորհակալ եմ քեզ Հայր
հազար մերսի

ՎԵՐՋ
(կամ իմ անհատական ջրհեղեղի պատմությունը)

Վե՛րջ - ասեցիր դու
լսո՞ւմ ես
Վ Ե Ր Ջ
հատուկ հստակելով տառերը
ինչպես վերջն այն
որ ֆիլմի ավարտն է ազդարարում

քո գնալուց հետո աննախադեպ
մառախուղ պատեց ներսս
որից հետո
ջրհեղեղ եղավ
աշխարհի վերջ
ճարահատ ես կուլ տվեցի հաբս
փրկության
թռիչքի
մոռացության
ու բարձրունքից տեսա առավոտյան
ջրերի հետ քաշվելը կամաց-կամաց
աղավնու վերադարձը ու տապանիդ
երեւակվելը լեռան վրա հետզհետե
այնուհետ տեսա աշխարհը նորից
արարումի իր պարարտ ցեխի մեջ
լի սերմերով
զույգերով արու ու էգ
ամեն մեկը
իր տեսակը պահպանելու խուճապի մեջ
ընդհուպ մինչեւ նահապետը
ՆՈՅՆ` ինքը
մարմինը կիսով չափ դեռ ցեխի մեջ
մորուքը տարածած տիղմի վրա
շարժվում է առ էգ
սեւեռումով
ինչպես սերմն է լողում դեպի ձուն
ցանկացած ձու

Լեհաստանում Սոնա Վանը արժանացել է Թադեուշ Միչինսկու անվան «Ֆենիքս» միջազգային մրցանակի «Լիբրետտո անապատի համար» գրքի պոետիզմի և յուրահատուկ արտահայտչաձևի համար:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...