2020-08-15 10:00
ԻՆԵՍՍԱ ՆԱԶԱՐՅԱՆ
«Էկոսենս» ախտորոշիչ կենտրոնների ցանցի հիմնադիր տնօրեն, համաճարակաբան, բ.գ.թ.
«Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.)
-Տիկի՛ն Նազարյան, նախ ուզում ենք շնորհավորել Ձեզ «ԻՍՕ 9001:2015» սերտիֆիկատ ստանալու առթիվ: Մի փոքր կպատմե՞ք Ձեր անցած հաղթական ուղու մասին, արդյո՞ք այն հեշտ էր:
-Պետք է խոստովանեմ, որ մեր անցած ուղին` «ԻՍՕ 9001:2015» սերտիֆիկատ ստանալու գործընթացում, բավականին բարդ էր, երկար, աշխատատար, ծախսատար, պարտավորեցնող, բայց, միևնույն ժամանակ, ձգտումներով և դրական էներգիայով լի, քանի որ դա մեր բաղձալի նպատակին հասնելու միակ ճանապարհն էր, որը պահանջում էր քրտնաջան աշխատանք:
Արդյունքում` մենք ստացանք միջազգային սերտիֆիկատ, և «Էկոսենս» ախտորոշիչ կենտրոնների ցանցը դարձավ միակը Հայաստանի մասնավոր լաբորատորիաներից, որը համալրեց միջազգային լաբորատոր ցանցի շարքերը` իրականացնելով եվրոպական ստանդարտներին համապատասխան հետազոտություններ և սպասարկում:
Գործընթացը պահանջում էր բազմակողմանի աշխատանք և փոփոխությունների իրականացում, սկսած մարդկային ռեսուրսների` մասնագետների, սպասարկման ոլորտի աշխատակիցների, կրթական ծրագրեր անցնելուց, տեխնիկական հագեցվածությունից` վերջացրած տարածքային փոփոխություններից: Դա իրոք շատ ծավալուն աշխատանք էր, մյուս կողմից` մեծ փորձ, գիտելիքների և հմտությունների կատարելագործում, որի վերջնական արդյունքում կենտրոնում իրականացվող բոլոր գործընթացները հասցվեցին պահանջվող ստանդարտներին:
«ԻՍՕ 9001-2015»-ը նաև որոշակի պարտավորությունների ստանձնում է, մենք պետք է անընդհատ, ամենօրյա հետևողական աշխատանք իրականացնենք մեր ձեռքբերումները պահպանելու, զարգացնելու ուղղությամբ, քանի որ մեր աշխատանքը մշտապես ենթարկվելու է պարբերական ստուգումների, թե արդյոք մենք մեր պարտավորությունները կատարում ենք, թե ոչ: Այսինքն` այս սերտիֆկատ ստանալը չի ենթադրում այն պատին փակցնել և մոռանալ դրա մասին, ամենևին, ամեն ինչ սկսվում է և ոչ թե ավարտվում: Այլ կերպ հնարավոր էլ չէ, քանի որ մեր այցելուները ևս շատ պահանջկոտ են, և նրանց ակնկալիքները մեզանից շատ մեծ են:
-Նոր տեսակի կորոնավիրուսը միանգամից փոխեց աշխարհը` բոլոր երկրներին համախմբելով միևնույն պայքարի մեջ: Բժիշկները, բժշկական կենտրոնները, լաբորատորիաները հայտնվեցին առաջնագծում, հետաքրքիր է, ի՞նչ զինանոցով մտավ պայքարի մեջ «Էկոսենսը»:
-«Էկոսենսը» նախկինում էլ միշտ բարձր է պահել հակահամաճարակային ռեժիմի պահպանման կանոնները, որովհետև մենք չգիտենք, թե ում հետ ենք աշխատում և միշտ մեր այցելուին դիտարկում ենք որպես վարակի պոտեցիալ աղբյուր: Կարծում եմ` յուրաքանչյուր ղեկավար պարտավոր է ապահովել թե՛ իր աշխատակիցների, թե՛ այցելուների անվտանգությունը, դրա համար մենք միշտ աշխատել ենք` հակահամաճարակային ռեժիմը պահպանելով: Այս դեպքում, երբ մենք գործ ունենք օդակաթիլային վարակի հետ, շատ ավելի զգոն ենք, ուշադիր, և ձեռք ենք բերել այն բոլոր պաշտպանիչ միջոցները, որոնք առաջարկվում է ԱՀԿ-ի կողմից, որպեսզի մեր աշխատողները և այցելուները ոչ մի դեպքում չտուժեն լաբորատոր գործընթացների ընթացքում:
-Վիրուսների, մասնավորապես` նոր կորոնավիրուսի հայտնաբերման ի՞նչ թեսթեր են ներդրվել «Էկոսենս»-ում:
-«Էկոսենս»-ն այսօր ապահովված է բոլոր թեսթերով, որոնք առաջակվում են միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից: Մասնավորապես` խոսքը ՊՇՌ հետազոտման մասին է, որը վիրուսի լաբորատոր ախտորոշման գործընթացում համարվում է «ոսկե» ստանդարտ: Մենք կատարում ենք նաև հակամարմինների հետազոտություններ, որոնք ևս շատ կարևոր են:
Քանի որ թեսթավորվողների թիվը բավականին մեծ է, որոշ լաբորատորիաներ փորձում են նաև օգնել ՀՀ ԱՆ-ին հետազոտություններն արագ ապահովելու և վարակվածների իրական թվեր արձանագրելու գործում: Մեր կենտրոնը միացած է «ԱրՄեդ» համակարգին, և մեր բոլոր թեսթավորվողների արդյունքները ներմուծվում են այդ համակարգ:
-Արդյո՞ք մեծացել է Ձեր «Տնային կանչ» ծառայության պահանջարկը և արդյոք դրա մեջ մտնող ծառայությունների ցանկն ընդլայնվե՞լ է:
-Հակահամաճարակային ռեժիմի տեսանկյունից` հատկապես վարակված ընտանիքների, մեկուսացվածների համար մեր այս ծառայությունը շատ կարևոր է և արդյունավետ, քանի որ վարակված անձը կարիք չունի տանից դուրս գալու, հասնելու կենտրոն և այդ ընթացքում որոշ մարդկանց ակամա վարակելու, այսինքն` այն նաև կանխում է վարակի տարածումը: Իսկ մեր աշխատանքային թիմն ապահովված է միանգամյա օգտագործման պաշտպանիչ բոլոր պահանջվող միջոցներով, որոնք կիրառվելուց հետո ոչնչացվում են:
«Տնային կանչ» ծառայության հետազոտությունների ցանկը ընդլայնվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման թեսթերով, և, բնականաբար, այս օրերին դրանք առավել պահանջված են:
-Արդյո՞ք «Էկոսենս»-ի «Գեղեցկության պրոֆիլ»-ները նոր կորոնավրուսով պայմանավորված սահմանափակումների, մեկուսացման պայմանների արդյունք են:
-«Գեղեցկության պրոֆիլ»-ների գաղափարը ծնվեց մեկուսացման ընթացքում` փորձելով մարդկանց ուշադրությունը սևեռել իրենց առողջության վրա: Անվանումը կարդալիս կթվա, թե խոսքն առավել էսթետիկ ծառայություններ մասին է, բայց մեր դիտարկմամբ` գեղեցիկ է առողջ մարդը, և մեր ծառայություններն ուղղված են առողջական խնդիրների բացահայտմանը, շտկմանը և բուժմանը, օրինակ, մազաթափության խնդրի դեպքում փորձում ենք գտնել պատճառը, բուժման ուղիները և հասնել ոչ միայն էսթետիկ արդյունքի, այլև առողջության լիարժեք վերականգնմանը: Նաև փորձում ենք զարկ տալ կանխարգելիչ հետազոտությունների իրականացման կարևորության գիտակցմանը, ինչը հանգեցնում է հիվանության վաղ բացահայտմանը և արդյունավետ բուժմանը:
-Կենտրոնը նաև ակտիվորեն ներկայացված է առցանց հարթակում, մասնավորապես` «Ինսթագրամ»-ում, ուղիղ եթերներ են կազմակերպվում տարբեր մասնագետների մասնակցությամբ, ի՞նչ արձագանք է գտել Ձեր այս նախաձեռնությունը, արդյո՞ք շատ հետևորդներ ունեք:
-Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ, առցանց աշխատանքն այս երկու ամսվա ընթացքում բավականին լայն արձագանք գտավ, ցույց տվեց, որ մարդիկ շատ մեծ հետաքրքրությամբ են հետևում մեր ուղիղ միացումներին, որոնց ընթացքում մասնագետները խոսում են առողջական տարբեր խնդիրների, դրանց բարդությունների և բուժման ուղիների մասին: Սա նաև լավ հնարավորություն է հետևորդների համար ուղղելու իրենց հարցերը մասնագետներին և անմիջապես ստանալու դրանց պատասխանները` առանց տանից դուրս գալու, հերթ կանգնելու, ժամանակ ծախսելու և վճարելու: Ինչպես նաև, առցանց աշխատանքը թույլ է տալիս մասնագետներին ներկայանալու բազմաշերտ հետևորդներին, ցույց տալու իրենց մասնագիտական գիտելիքները, որոնց հիման վրա հետևորդներն առավել հեշտությամբ կարող են գտնել իրենց բժշկին, ում կհավատան և կվստահեն իրենց առողջությունը:
-Ինչպե՞ս եք կազմակերպում մասնագետների վերապատրաստման գործընթացը համավարակի պայմաններում:
-Պետք է նշեմ, որ համավարակի պայմաններում կյանքի տարբեր ոլորտներ միանգամից տեղափոխվեցին առցանց հարթակ և սկսեցին գործունեություն ծավալել այդտեղ` ստեղծելով անվտանգ և արդյունավետ աշխատանքի հնարավորություն: Գիտեք, այսօր բազմաթիվ մասնագիտական վեբինարներ են կազմակերպվում, որոնցից օգտվում ենք նաև մենք` մեր մասնագետները: Վերջիններս հիմնականում մասնակցում են միջազգային մեծ կազմակերպությունների կողմից կազմակերպված նեղ մասնագիտական վեբինարներին, և իրենց գրասենյակում նստած ստանում գիտելիքների նոր պաշար: Դրանք մեկ կարևոր լավ հատկանիշ էլ ունեն` կարելի է ձայնագրել և պահպանել, ու ժամանակ առ ժամանակ դիտել:
-Նորից վերադառնալով մեր իրականություն` հետաքրքիր է Ձեր տեսակետը, ե՞րբ հնարավոր կլինի հաղթահարել համավարակը և վերադառնալ լիարժեք կյանք:
-Ես` որպես համաճարակաբան, բժիշկ, քաղաքացի, անշուշտ, ունեմ իմ կարծիքը, բայց այս դեպքում միայն կարծիքը բավական չէ համավարակը հնարավորինս շուտ հաղթահարելու համար: Պարզապես պետք է բոլորս միահամուռ պայքարենք դրա դեմ` ամեն մեկս մեր ջանքը ներդնելով հաղթանակի հասնելու ճանապարհին, հաշվի առնելով մեր կատարած սխալները, քաղած դասերը: Այսինքն` եթե մենք ոչինչ չանենք, բնական է, համավարակը չի լքելու մեզ, պետք է զինվենք նոր գիտելիքներով, պահպանենք անվտանգության կանոնները, որոնցում ոչ մի արտասովոր բան չկա, և գնանք առաջ պատրաստ` հաջողությամբ դիմագրավելու ապագայում մեզ սպասվող նոր մարտահրավերները:
-Տիկի՛ն Նազարյան, «Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք հայ անվանի սրտաբան Հրայր Հովակիմյանին, ում հետ Դուք աշխատել եք «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում: Կխնդրեմ` մի փոքր պատմեք Ձեր աշխատանքային կենսագրության այդ փուլի մասին:
-«Նորք-Մարաշ»-ում անցկացրած աշխատանքային տարիները, փորձը անգին են ինձ համար (2001-2017թթ.), քանի որ աշխատել եմ մի շարք մեծատառով մասնագետների հետ, ինչպիսիք են` Հրայր Հովակիմյանը, հիվանդանոցի տնօրեն Լիդա Մուրադյանը և այլոք: Նրանց ղեկավարած կոլեկտիվը համերաշխ ընտանիք էր` մի կղզի, որտեղ պացիենտի շահերը և գիտելիքի գաղափարը շատ ավելի բարձր էր, վեր մնացած բոլոր հարցերից` և՛ ֆինանսական, և՛ անձնական: Երբեք ոչ մի կողմնակի հարց, իրադարձություն չի խանգարել մեր աշխատանքի բարձր մակարդակով կատարմանը: «Նորք-Մարաշ»-ում մենք զբաղվում էինք մեծատառով բժշկությամբ, որի հիմքում պացիենտի բուժման և անձնակազմի կրթության գերակա գաղափարն էր: Վստահ եմ` այդպես է նաև այսօր և այդպես կլինի վաղը` Հրայր Հովակիմյանի գլխավորությամբ: Նա ֆենոմենալ հատկություն ուներ նեղ մասնագետի հետ խոսելու իր մասնագիտական լեզվով, ինչը մեզ համար մեծ «չելենջ» էր, փորձություն, և մենք փորձում էինք մեր գիտելիքները հասցնել այն մակարդակին, որպեսզի ոչ մի հարց անպատասխան չմնար: Դրա բացահայտմանը կարող էինք նվիրել մի ողջ գիշեր, հանգստյան օրեր, բայց պացիենտի հետ կապված յուրաքանչյուր հարց պետք է հիմնավոր պատասխան ունենար:
Ես զբաղվում էի և՛ համաճարակային, և՛ հակաբիոտիկների նշանակման, և՛ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման հարցերով: Հետաքրքիրն այն էր, որ բոլորիս աշխատանքը մեկ շղթայի տարբեր օղակների տեսքով փոխկապակցված էր, և մեզանից յուրաքանչյուրն իր աշխատանքային մասնաբաժինը պետք է իրականացներ ամեն պացիենտի բուժման ընթացքում:
«Էկոսենսը» կար, բայց ես դեռ շարունակում էի աշխատել այնտեղ, և մեծ դժվարությամբ թողեցի աշխատանքս, որովհետև այնտեղի մթնոլորտը թույլ չէր տալիս հեռանալ, և ես վստահ ասում եմ` բոլոր այն մասնագետները, ովքեր դուրս են եկել «Նորք-Մարաշ»-ից և այժմ աշխատում են այլ կենտրոններում, նույնպես մեծ դժվարությամբ են բաժանվել մեր «alma mater»-ից:
Հրայր Հովակիմյանին և Լիդա Մուրադյանին, միաձուլելով ամբողջ թիմը, հաջողվեց կենտրոնը զարգացնել և հասցնել այնպիսի բարձր մակարդակի, որպեսզի այն մեծ համբավ ունենա ոչ միայն Հայաստանում, այլ ողջ տարածաշրջում և դրա սահմաններից դուրս: Տարիների ընթացքում որակի ավելի բարձր նշաձող էր սահմանվում նրանց կողմից, ինչը ընկած է կենտրոնի կայուն զարգացման, մասնագիտական հզոր թիմի հիմքում, որն իր առաքելությունը կատարում է մեծ սիրով ու նվիրվածությամբ:
-Եվ վերջում` ի՞նչ կմաղթեք համավարակի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բժիշկներին:
-Մեր բժիշկներին, միանշանակ, մաղթում եմ առողջություն, սիրելինե՛րս, հոգ տարեք նաև ձեր մասին, պահպանեք ձեզ, ձեր առողջությունը, կյանքը, որը մեծ թվով կյանքեր է փրկում: Խոնարհումս ձեր և ձեր աշխատանքի հանդեպ:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ