15:41
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Նորք-Մարաշ» ԲԿ-ն` միջազգային ճանաչում ունեցող սրտաբանական կենտրոն

2020-08-04 10:37

 «Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.)

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն այն բուժհաստատություններից է, որը տարիների ընթացքում անընդհատ զարգացել է և մեծ բարձունքների հասել` իր համար տարեց տարի սահմանելով զարգացման ավելի ու ավելի բարձր նշաձող: Պատահական չէ, որ այն բարձր վարկանիշ ունի և վստահություն է վայելում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս:
Շուրջ երկու տարի է, ինչ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը ղեկավարում է սրտաբան Միքայել Ադամյանը, ում հաջողվել է և՛ պահպանել կենտրոնի հաջողությունները, և՛ ավելացնել դրանք` կառավարման նորագույն մեթոդների և մասնագիտական արդի մոտեցումների կիրառման շնորհիվ:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի կայուն զարգացման, հաջողությունների, նորագույն հնարավորությունների, կառավարման սկզբունքների մասին առավել մանրամասն զրուցեցինք ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆԻ հետ` փորձելով բացահայտել նաև նրա մասնագիտական և մարդկային որակները:

 

-Պարո՛ն Ադամյան, շուրջ երկու տարի է, ինչ զբաղեցնում եք «Նորք-Մարաշ» ԲԿ-ի ղեկավարի պաշտոնը, նախ ինչպիսի՞ պատասխանատվություն է այն Ձեզ համար և ի՞նչ հաջողություններ են արձանագրվել կենտրոնում:

-Նախ ուզում եմ նշել, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն ինձ համար ուղղակի աշխատավայր չէ, այն յուրահատուկ նշանակության վայր է իմ կյանքում, որտեղից սկիզբ է առել իմ մասնագիտական գործունեությունը Հայաստանում և որտեղ ես վերածնվել եմ` ենթարկվելով վիրահատության Հրայր Հովակիմյանի կողմից: Նա ինձ նոր կյանք է պարգևել, իսկ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը դարձել է իմ երկրորդ ծննդավայրը: Այնպես որ, ես հոգով, սրտով, մտքով, իմ ողջ էությամբ կապված եմ այս կենտրոնի հետ և ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի այն միշտ մնա բարձունքում:
Վերջին երկու տարիները եղել են հաջողությունների և ձեռքբերումների ժամանակահատված, որոնցով ոգևորված և հպարտ է մեր ամբողջ անձնակազմը: Մենք բավականին լուրջ առաջընթաց ենք գրանցել, որը պայմանավորված է նորամուծություններով, աշխարհի լավագույն փորձը մեր կենտրոնում ներդնելու հաջող փորձով: Իհարկե, դա արդյունք է կենտրոնի ընդհանուր մենեջմենթի` կառավարման, սկզբունքների փոփոխություններով, որոնց հիմքում ընկած է աշխարհի հետ համաչափ քայլելու գերակա նպատակը:
«Նորք-Մարաշ» ԲԿ-ն հատկապես վերջին 1,5 տարվա ընթացքում հանդիսացել է համաշխարհային երկու բժշկական մոտեցումների ներդրող Հայաստանում: Դրանցից առաջինն արհեստական ձախ փորոքի վիրահատությունն է, երկրորդը` աորտալ փականի ներանոթային պրոթեզավորումը էնդովասկուլյար ճանապարհով` առանց բաց կրծքավանդակի, որը 6 ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է իրականցվում: Դա ամբողջ աշխարհում բավականին մեծ տարածում ունեցող, բայց թանկարժեք վիրահատություն է: Հայաստանում այն դեռևս մեծ տարածում չունի, այժմ նախարարության հետ քննարկում ենք տարբերակ, որպեսզի պետությունը որոշ չափով փոխհատուցի այս վիրահատության ծախսերը:
Մեծագույն հաջողություն եմ համարում այն, որ մենք ունենք մեծ թվով բուժված պացիենտներ և նրանց շնորհակալ ու գոհունակ վերաբերմունքը մեր աշխատանքի նկատմամբ, որը նույնպես ավելանում է, ինչը յուրաքանչյուր բժշկի համար լավագույն մրցանակն է, որ նա կարող է ստանալ իր կատարած աշխատանքի դիմաց:

-Արդյո՞ք հաջողվում է բարձր պահել կենտրոնի երբեմնի համբավը և տարածաշրջանային սրտաբանական առաջատար կենտրոնի կոչումը, և ի՞նչ դերակատարում ունի դրանցում անվանի հայ սրտային վիրաբույժ, կլինիկայի հիմնադիր Հրայր Հովակիմյանը:

-Մեր հիմնական առաքելությունը մանկական սրտաբանական ծառայության մշտական կատարելագործումն է, ինչը, թող անհամեստ չհնչի, մենք փառքով իրականացնում ենք: Դրանում, միանշանակ, մեծ դերակատարում ունի Հրայր Հովակիմյանը, ում վերջին այցի ընթացքում իրականացվել են այնպիսի վիրահատություններ, որոնք ոչ միայն Հայաստանում, այլ նաև հետխոհրդային երկրների շրջանում եզակի իրականացվող վիրահատություններ են: Ցավոք, ունենք բարդ արատներով երեխաներ, որոնց բուժումը պահանջում է բավականին մեծ պրոֆեսիոնալիզմ: Նման վիրահատություններն իրականացնում է Հրայր Հովակիմյանը, որոնց անպայման մասնակցում է նաև մեր ողջ անձնակազմը, կրթվում և փորձ է ձեռք բերում, որպեսզի կարողանա հետագայում նմանատիպ վիրահատություններ կատարել:


-Ի՞նչ նոր ծառայություններ են գործում կենտրոնում:

-Պետք է հպարտորեն նշեմ, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում ստեղծվել են նոր ծառայություններ, որոնք եզակի են Հայաստանում և ժամանակակից սրտաբանական ծառայության կարևոր մաս են կազմում:
Դրանց առաջին խումբը ներդրվել է անոթային վիրաբուժության բաժանմունքում, որտեղ այժմ իրականացվում է անոթային վիրաբուժական ծառայությունների ողջ շրջանակը և դրանց թվում կան եզակի վիրահատություններ, որոնք Հայաստանում իրականացվում են միայն մեր կենտրոնում: Դրանցից է, օրինակ, վայրէջ աորտայի ստենտավորումը: Այդ վիրահատությունն այլ կենտրոնում իրականացնելու մեկ նախադեպ ենք ունեցել, երբ ելնելով հիվանդի վիճակի ծանրությունից` մեր և տվյալ հիվանդանոցի թիմը համագործակցել է և միասնաբար ու հաջողությամբ պայքարել հիվանդի առողջացման համար:
Մյուսը` ինվազիվ առիթմոլոգիական ծառայությունն է, որը նույնպես նոր է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, ունի երկու տարվա պատմություն և արդեն իսկ բավականին լավ արդյունքներ: Այն իրականացնում է առիթմոլոգիական ախտորոշիչ և բուժական տարատեսակ ծառայություններ, այստեղ ներդրված է «3 d navigator» կոչվող սարքը, որն ապահովում է բարձր արդյունավետություն առիթմոլոգիական աբլացիաների վիրահատությունների ժամանակ, հատկապես` երեխաների առիթմիաների տարբեր տեսակների դեպքում: Առանց այդ սարքի` տվյալ վիրահատություններն ավելի ցածր արդյունավետություն կունենան:
«Նորք-Մարաշ» ԲԿ-ն 2018թ ձեռք է բերել ևս մեկ նոր սարքավորում, որը նույնպես եզակի է: Այն կատարում է զարկերակների միջև արյան հոսքի ճշգրիտ չափում: Սարքը բավականին թանկարժեք է, ինչպես նաև դրա կիրառումը, ինչի պատճառով, ցավոք, ավելի քիչ է կիրառվում, սակայն այն շատ անհրաժեշտ է և տարբեր կլինիկաներից մեզ հաճախակի են դիմում այդ հետազոտությունն անցնելու համար:

-Արդյո՞ք կենտրոնն ունի նոր, արդի այլ սարքավորումներով հագեցման կարիք:

-ՆՄԲԿ-ն բավականին հագեցած է վերջին սերնդի սարքավորումներով վիրահատությունների այն շրջանակի համար, որոնք իրականացվում են այստեղ: Սակայն, գիտեք, այսօր գիտությունն ու տեխնիկան շատ արագ են զարգանում, և նոր սարքավորումներ ձեռք բերելու կարիք միշտ լինում է: Այս տարվա համար նախատեսված նման ծրագրեր ունենք, որոնք հուսով եմ կհաջողվի իրականացնել: Դեռևս չեմ ցանկանում փակագծերը բացել, ժամանակը ցույց կտա:


-Կենտրոնում գործում է բուժքույրերի շարունակական կրթություն. ինչո՞ւ նման ծրագիր իրականացնելու կարիք առաջացավ և ի՞նչ արդյունքներ ունեք:


-Դա, թերևս, շատ կարևոր քայլ է, որ կատարվել է մեր կենտրոնում, քանի որ յուրաքանչյուր ծառայություն (սրտաբանություն, սրտային վիրաբուժություն, սրտային վիրաբուժության վերակենդանացման բաժանմունք և այլն) ունի իր յուրահատկությունները, և դրանց պետք է ավելի մանրամասն ծանոթանալ և սերտել, որպեսզի աշխատանքն առավել արդյունավետ լինի: Այդ պատճառով ճիշտ է ունենալ սեփական կրթահամալիրը, ինչը ցույց տվեց նաև տարիների փորձը: Բուժքույրերը մեզ մոտ անցնում են չորսշաբաթյա բժշկական կուրսեր, որոնց ընթացքում մենք կարողանում ենք ծանոթանալ նրանց հետ, իսկ նրանք մեզ հետ և կատարել առավել հիմնավոր և ճիշտ ընտրություն:

-Որպես հմուտ սրտաբան, ով աշխատել է ՀՀ տարբեր բժշկական կենտրոնների սրտաբանական ծառայություններում, ինչպես նաև ղեկավարել դրանք, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ-ում սրտաբանական ծառայության որակը, զարգացման միտումները և մասնագիտական կազմը` համեմատած զարգացած երկրների նույն ծառայությունների հետ:

-Եթե Հայաստանի սրտաբանական ծառայության որակն ու արդյունքները համեմատենք եվրոպականի կամ ամերիկյանի հետ, ապա պետք է փաստենք, որ գուցե մեր ծառայությունը հագեցած չէ այն սարքավորումներով, որոնք այսօր ներդրված են այդ երկրներում, սակայն որակի և արդյունքների առումով մեր վիճակագրական տվյալները չեն զիջում վերոնշյալ երկրների ցուցանիշերին, ավելին` որոշ դեպքերում ավելի բարձր են շատ եվրոպական երկրներից: Դրան նպաստել է վերջին 5-6 տարիների ընթացքում իրականացված պետական քաղաքականությունը. փոխվել են մոտեցումները, սրտաբանությունը պատշաճ ուշադրության է արժանանում, ինչն, անշուշտ, նպաստում է արդյունվետության բարձրացմանը:
Կուզենայի նշել նաև, որ Հայաստանում սրտաբանական ծառայության զարգացմանը մեծապես նպաստել է հետխոհրդային շրջանում Հրայր Հովակիմյանի կողմից ներդրված բժշկական դպրոցի հիմքում ամերիկյան բժշկության մոտեցումներն ու ձեռքբերումները ներառելը, դրանց հետևելն ու դրանցով առաջնորդվելը: Արդյունքում` մենք ունենք մասնագիտական լավ արդյունքներ և հմուտ կազմ:

-Դուք կարևորում եք վերապատրաստումները բժշկի, առավել ևս` սրտաբանի աշխատանքում: Վերապատրաստման ի՞նչ դասընթացների են պարբերաբար մասնակցում կենտրոնի մասնագետները:

-Ինչպես մյուս մասնագիտություններում, այնպես էլ բժշկությունում, որն օրեցօր զարգացող գիտություն է, հնարավոր չէ առանց վերապատրաստումների, ամենօրյա ինֆորմացիա ստանալու, վեբինարների և կոնֆերանսների մասնակցության: Հատկապես համացանցի գոյության պայմաններում ինֆորմացիա ստանալը շատ ավելի հեշտ է դարձել, իսկ վեբինարները հնարավորություն են տալիս անցնել մասնագիտական դասընթաց` առանց մեկնելու արտերկիր:
Մեր կոլեգաները վերջին տասնամյակում, կարելի է ասել, կանոնավոր կերպով անցնում են որոշակի կրթական գործընթացներ, առանց դրա, կարծում եմ, չի կարող և չպետք է աշխատի իր մասնագիտությունն ու կոչումը հարգող որևէ մասնագետ: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն էլ իր հերթին է պարբերաբար կազմակերպում դասընթացներ, կոլեգաների հետ փորձի փոխանակման հանդիպումներ, կոնֆերանսներ, որոնք այլ բուժկենտրոնների մեր կոլեգաների հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև օգտակար ինֆորմացիայով փոխանակվելու և այն ամենօրյա աշխատանքում կիրառելու լավ հնարավորություն են ստեղծում:
Մեր կենտրոնի մասնագետները մասնակցում են հիմնականում եվրոպական կոնֆերանսներին, որոնց շրջանակներում վերապատրաստվում են: Ունենք նաև բժիշկներ, որոնք կանոնավոր կերպով այցելում են եվրոպական, ամերիկյան կլինիկաներ և այնտեղ զարգացնում իրենց մասնագիտական հմտությունները: Օրինակ` ներկայումս մեր մանկական սրտաբաններից մեկն ԱՄՆ-ում անցնում է եռամսյա վերապատրաստման դասընթաց: Հավատացեք, առանց դրա` հնարավոր չէ արդյունավետ բժշկություն ունենալ:

-Սրտաբանական ծառայությունը ՀՀ ազգաբնակչության համար գնային առումով այնքան էլ մատչելի չէ, սակայն եվրոպական և այլ զարգացած երկրների հետ համեմատած` այն մի քանի անգամ ավելի մատչելի է: Հնարավո՞ր է ծառայությունների արժեքները փոփոխություն կրեն:

-Դա, ընդհանուր առմամբ, քաղաքական հարց է, քանի որ առանց պետական աջակցության, հնարավոր չէ սրտաբանական ծառայություններն առավել մատչելի դարձնել մեր ազգաբնակչության համար:
Ուրախ եմ, որ արդեն առաջին ծիծեռնակները կան` մինչև 18 տարեկան երեխաների բուժումը լիովին անվճար է: Իհարկե, նախկինում «Նորք-Մարաշ» ԲԿ-ն նման ծրագիր մշտապես իրականացրել է` մինչև 18 տարեկան սրտի արատով երեխաների վիրահատությունները եղել են անվճար, իսկ մեծահասակների առումով` հուսով եմ, որ մոտ ապագայում պարտադիր բժշկական ապահովագրությունը կներդրվի Հայաստանում, և նրանց համար ևս ծառայությունը մատչելի կդառնա: Բանն այն է, որ սրտաբանական ծառայությունների արժեքի բարձր լինելը պայմանավորված չէ կենտրոնի մեծ շահույթ հետապնդելով, պարզապես օգտագործվող դեղորայքն ու սարքավորումներն են բավականին թանկարժեք: Դրանք ներկրվում են եվրոպական և ամերիկյան երկրներից և, բնական է, բավականին բարձր արժեքներ ունեն:

-Արդյո՞ք սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդացել են, եթե այո, ո՞րն է պատճառը, և ի՞նչ անել, որպեսզի երիտասարդ տարիքում նման խնդիրներ չունենալ:

-Կարծում եմ` բոլոր հիվանդություններն են երիտասարդացել, իսկ պատճառները բազմազան են, սկսած ժառանգականությունից` վերջացրած մեր ապրելակերպով, սթրեսներով, էկոլոգիայով և այլ նպաստող գործոններով:
Իսկ թե ինչ անել երիտասարդ տարիքում նման խնդիրներ չունենալու համար, ապա կարծում եմ` կանխարգելիչ բժշկությունն այդ հարցում կարող է բավականին արդյունավետ լինել: Եվ այսօր ՀՀ առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականությունը` առաջնային օղակի միջոցով այն քարոզելը և տարածելը, կարող է որոշակիորեն նպաստել հիվանդությունների երիտասարդացման գործընթացի կանխմանը:

-Պարո՛ն Ադամյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները:

-Որպես կլինիկայի տնօրեն ու որպես բժիշկ` կարող եմ արձանագրել, որ վերջին 1,5 տարվա ընթացքում բավականին առաջընթաց է ապրել առողջապահության ոլորտը, ինչը որոշակի ծրագրերի իրականացման արդյունք է, սկսած տարբեր սոցիալական խմբերի համար անվճար բուժօգնություն ստանալու հնարավորության ստեղծումից, ինչը նախկինում չի եղել, և մարդիկ չեն կարողացել օգտվել բավականին թանկարժեք ծառայություններից (օրինակ, սրտաբանական)` վերջացրած դեպի ապահովագրական բժշկություն որդեգրած ռազմավարությամբ:
Հատկանշական է նաև 2015թ. մեկնարկած «Ստենտ ֆոր լայֆ» ծրագիրը, որը հեղափոխական քայլ էր մեր սրտաբանության մեջ և թույլ տվեց, որ ստենտավորման միջոցով բազմահազար կյանքեր փրկվեն սուր ինֆարկտից:
Վերը նշված և շատ այլ հարցերում պետությունը կանգնած է մեր կողքին, ինչի համար շատ ուրախ ենք:

-Պարո՛ն Ադամյան, Դուք Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ երբ նոր էիք ընտրել բժշկի մասնագիտությունը, այն Ձեզ համար միայն մասնագիտություն էր, իսկ որոշ ժամանակ անց` դարձավ կոչում: Ինչպե՞ս կբնութագրեք կոչումով բժշկին:

-Իմ խորին համոզմամբ` կոչումով բժիշկը գիշեր-ցերեկ նվիրված է իր աշխատանքին, ապրում է իր հիվանդների խնդիրներով և այն, ինչ անում է, անում է ի սրտե և Աստծո պատվիրանների համաձայն:

-Ղեկավար պաշտոնին զուգահեռ` շարունակո՞ւմ եք աշխատել որպես բժիշկ. դա Ձեզ համար կենսական պահա՞նջ է, թե՞ կարող եք ժամանակավորապես դադարեցնել այն:

-Ղեկավար պաշտոնը ստանձնելու առաջին մի քանի ամիսներին չէի կարողանում ֆիզիկապես հասցնել համատեղել այն բժիշկի աշխատանքի հետ, քանի որ կազմակերպչական աշխատանքները բավականին շատ էին, բայց պետք է նշեմ, որ արդեն վերսկսել եմ իմ մասնագիտական գործունեությունը, առանց որի ինձ թերի էի զգում: Այդպես է, երբ որոշակի ժամանակահատված չես զբաղվում բժշկությամբ, մանավանդ` վիրաբուժությամբ, միանշանակ կենսական պահանջ է առաջանում վերադառնալու վիրահատարան. վիրաբույժը չի կարող ապրել` առանց վիրահատարանի:
Սակայն գիտեք, որ բժշկական հաստատության տնօրենն իրավունք չունի բուժական գործով զբաղվելու, դա օրենք է, որի հետ այդքան էլ համաձայն չեմ, քանի որ տնօրենը մինչև բժիշկ չլինի, բժշկի արժեքը չիմանա և չշարունակի աշխատել որպես բժիշկ, չի կարողանա արդյունավետ կատարել իր աշխատանքը և կվերածվի դասական չինովնիկի, որը չի գնահատում այն, ինչ ամեն օր կատարվում է հիվանդանոցում: Կարծում եմ` այդ օրենքը պետք է վերանայել:
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես իրավունք ունեմ բժշկությամբ զբաղվելու, քանի որ միաժամանակ հանդիսանում եմ Երևանի պետական բժշկական համալսարանի հրավիրյալ դասախոս և իրականացնում եմ մանկավարժական և կրթական աշխատանք:

-Այս տարի կենտրոնը նշելու է իր հիմնադրման 27-ամյակը, հետաքրքիր է, ո՞րն եք համարում կենտրոնի կայացման և հաջողության ամենակարևոր գրավականը:

-Կարծում եմ` կենտրոնի կայացման և զարգացման, ինչպես նաև հաջողությունների ամենակարևոր գրավականը Հրայր Հովակիմյանն է` իր մարդկային և մասնագիտական կերպարով: Նա կենտրոնի հիմնադիրն ու ոգին է, մեծատառով մարդ, ով Հայաստանի համար ամենածանր տարիներին, երբ մեր ազգաբնակչության մի ստվար զանգված արտագաղթում էր Հայաստանից, խիզախություն ունեցավ գալու Հայաստան և ներդնելու մանկական սրտային վիրաբուժության ծառայությունը: Հիշում եմ, թե ինչպես էր պատմում, որ մի ամբողջ հարկաբաժին լի էր գունատ երեխաներով, ովքեր սպասում էին վիրահատվելու իրենց հերթին, սակայն չկար այդ ծառայությունը Հայաստանում: Եվ առնվազն հերոսություն էր նրա կողմից թողնել ԱՄՆ-ում ամեն բան ու գալ Հայաստան:
Մինչև այսօր մեր կապը նրա հետ 24-ժամյա է. եթե անգամ նա Հայաստանում չէ, մեր բոլոր մասնագետները կապի մեջ են նրա հետ: Հրայր Հովակիմյանի մասնագիտական խորհուրդները, առաձին դեպքերի քննարկումները, հատկապես` դրանց բուժման վիրահատական և տեխնիկական միջոցների առավել ճշգրիտ ընտրության վերաբերյալ, մեր առօրյա աշխատանքի կարևոր մասն է կազմում: Իսկ երբ նա Հայաստանում է, մենք կրկնակի շահում ենք, քանի որ նա ոչ միայն վիրահատություններ է իրականացնում այստեղ, այլ նաև կոնֆերանսներ է կազմակերպում մեր բժիշկների համար, որոնք նպաստում են վերջիններիս մասնագիտական աճին, հմտությունների զարգացմանը, և «Նորք-Մարաշ» ԲԿ-ն դառնում է յուրահատուկ ուսումնական և վիրաբուժական կենտրոն:

-Դուք աշխատանքային երկարամյա փորձ ունեք` աշխատել եք «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում`(2003-2005թ.), 2005-2008 թթ. «Քանկոր» կլինիկայում, 2008-ից մինչև 2012 թվականը ղեկավարել եք «Արամյանց» ԲԿ սրտաբանական կլինիկան, իսկ 2012- 2018 թթ. ղեկավարել եք «Աստղիկ» ԲԿ-ի սրտաբանական ստացիոնարը: Աշխատանքային ի՞նչ ոսկե կանոններով եք առաջնորդվում:

-Ես առաջնորդվում եմ հետևյալ կանոններով` «Վերաբերվի՛ր դիմացինիդ այնպես, ինչպես կցանկանաս, որ քեզ վերաբերվեն» և «Մի՛ վնասիր»:

-Ունեք ընտանիք, երեխաներ, կարծում եմ` յուրաքանչյուր երեխայի համար հպարտություն է բժիշկ, այն էլ` սրտաբան հայր ունենալը, արդյո՞ք նրանք ցանկանում են շարունակել Ձեր ուղին:

-Շնորհակալություն: Ունեմ հրաշալի ընտանիք, որով հպարտանում եմ: Իմ մասնագիտական ուղին ընտրել է տղաս, նա սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ավագ դպրոցում: Պետք է շեշտեմ, որ դա նրա որոշումն է, նա է ընտրել այդ ուղին և ցանկանում է իմ մասնագիտությամբ շարունակել: Նա պարբերաբար այցելում է մեր կենտրոն և ներկա է գտնվում այստեղ տեղի ունեցող գործընթացներին, որպեսզի իր մաշկի վրա զգա, թե ինչ է բժշկությունը:
Հուսով եմ, որ կզարգացնի իր ունակությունները և մի օր կդառնա ավելի լավ մասնագետ, քան ես եմ:

-Եվ վերջում` ի՞նչ ցանկություններ, գուցե երազանքներ ունեք ՀՀ առողջապահության ոլորտի, մասնավորապես` սրտաբանական ծառայության հետ կապված:

-Առաջին հերթին ցանկանում եմ, որ Հայաստանի առողջապահության ոլորտում համերաշխություն լինի, երկրորդ` մեր բոլոր մասնագետները, որոնք ներգրավվածություն ունեն առողջապահական տարբեր օղակներում, սկսած ամբուլատոր ծառայություններից` վերջացրած մարզային բուժհաստատություններով, պարբերաբար անցնեն վերապատրաստումներ, ինքնակրթվեն, հետևեն բժշկագիտության նորագույն նվաճումներին: Միայն այդ դեպքում մենք կունենանք բարձր արդյունավետություն առողջապահության ոլորտում: Իսկ սրտաբանական ծառայության հետ կապված մեծ ցանկություն ունեմ, որ վերջապես անցնենք ապահովագրական բժշկության: Ինչպես ՀՀ առողջապահության նախարարի հետ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, դրա իրականացումը կհանգեցնի Հայաստանում սրտաբանական ծառայության ավելի մեծ նվաճումների արձանագրմանը, և այն ծառայությունները, որոնք մատուցվում են մեր կոլեգաների կողմից Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, մի օր հասանելի կդառնան նաև Հայաստանում:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...